Մայիս 17, 2020 19:55 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան բարեկամներ այսօր խոսելու ենք երեխաների նկատմամբ գործադրվող բռնության մասին: Ընկերակցեք մեզ:

Յուրաքանչյուր տարիքում երեխան կարող է ենթարկվել բռնության իր կատարած վատ արարքի համար: Գրեթե չկա մի երեխա, ով մեծացած լինի առանց չարությունների և առանց ծնողի կողմից պատիժների: Իհարկե պատիժները տարբեր են` երեխայի վրա բարկանալուց մինչև նրան ծեծելը, ապտակելը, քաշքշելը և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելը:

Երեխայի նկատմամբ բռնությունը համընդհանուր խնդիր է, և միջազգային նորմերով այն գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում:

Շատ ծնողներ շարունակում են երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, համարելով, որ երեխային ծեծելը կապված է նրան լավ դաստիարակելու հետ:

«Բռնությունը, որն այսօր կապում ենք դաստիարակության հետ, ոչ մի ակտուալ իմաստ չունի: Թերևս ոչ մի երեխա բռնության միջոցով չի դաստիարակվել, այլ ընդհակառակը, խեղվել է»,- ասում են հոգեբանները: Նրա կարծիքով երեխան ծեծելով չէ, որ պետք է դաստիարակվի և չի կարելի նրան վախով հետ պահել ինչ-որ բաներից:

Ծնված օրվանից ծնողները երեխայի հետ պետք է վարվեն որպես անձի հետ, նրան ուղղորդեն, բացատրեն և փորձեն երեխայի հետ միասին ելքեր փնտրել, այլ ոչ թե անբացատրելի արգելքներ դնեն նրա առաջ:

Հասարակական վայրերում հաճախ կարող ենք հանդիպել ծնողների, որոնք հաշվի չառնելով շրջապատի մարդկանց, բոլորի աչքի առաջ բղավում են երեխայի վրա կամ ապտակում, ինչն ավելի է նսեմացնում ծնողին երեխայի աչքում, բացի այդ երեխայի ինքնագնահատականը հավասարեցնում զրոյի:

Բռնության ենթարկաված երեխաները  հետագայում կարող են բախվել բազմաթիվ խնդիրների: Շատ են այն դեպքերը, երբ  բռնության ենթարկված երեխաները փախչում են տանից կամ ինքնասպանություն են գործում: Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքում տեղի է ունենում բռնություն: Ինչն էլ հանգեցնում է ընտանիքի քայքայմանը:

Երեխայի նկատմամբ բռնությունը վերաբերմունք է, երբ երեխան դիտավորյալ ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Փաստ է, որ երեխայի պահվածքը կարող է ցույց տալ՝ նա ենթարկվում է բռնության, թե ոչ օրինակ՝ վախը, երբ ծնողը մոտենում է երեխային,պասիվ ներփակված պահվածքը, ցանկացած մեծահասակի հետ ֆիզիկական շփումից խուսափելը, վախեցած հայացքը, անբացատրելի փոփոխությունները վարքում, փախուստը տանից, և միտումնավոր ինքն իրեն վնասելու ցանկությունը հստակ վկայում են բռնության ենթարկվելու մասին:

Երեխայի նկատմամբ բռնություն կարող է կիրառվել ոչ միայն անբարենպաստ, այլև համերաշխ ու հաջող ընտանիքներում: Այստեղ կարևորը ծնողի գործոնն է, երբ ծնողը երեխային վերաբերվում է ատելությամբ, կիրառում է դաժանություն՝ կարգ ու կանոն  հաստատելու համար:

Հոգեբանական տեսանկյունից՝  բռնության կիրառումը պայմանավորված է բռնություն կիրառողի   ինքնակառավարման բացակայությամբ, մարդկանց չվստահելու, կյանքից դժգոհ լինելու հակումներով:
Կարծիք կար, որ բռնությունը պայմանավորված է ծնողի հոգեբանական վիճակով, սակայն ամեն ինչ թաքնված է սոցիալական դաշտում, և ծնող-երեխա փոխհարաբերության խաթարման արդյունքում  առաջանում է ագրեսիվ, բացասական վերաբերմունքի դրսևորում երեխայի նկատմամբ:
Ենթարկվելով ֆիզիկական բռնության՝ երեխան ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես է ընկճվում: Այդ ամենն ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա:


Յուրաքանչյուր վեճ, կոնֆլիկտ, ծնողի բացասական վերաբերմունք բացասական է ազդում երեխայի մտավոր, ինտելեկտուալ զարգացման վրա, բարդույթավորում՝ դարձնելով նրան չափազանց զգայուն, խոցելի,ձևավորելով  ցածր ինքնագնահատական:
Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա՝ ինչպես դաստիարակել երեխային, որպեսզի երեխայի մոտ «հոգու մաh»  տեղի չունենա:  
Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր, որ ի հայտ է  գալիս հասուն տարիքում, ծագում է մանկությունից:

 

Ահա՛, թե բռնությունն ինչ հետքեր է թողնում երեխայի վրա

Բռնության ենթարկված նորածիններն ու փոքրիկ երեխաները հուզական սթրես են ապրում, ինչը կարող է վնասել նրանց ուղեղի բնականոն զարգացումը և դանդաղեցնել ճանաչողական ու զգայական զարգացումը:

Վարքային փոփոխությունները դրսևորվում են նաև ջղագրգիռությամբ, քնի խանգարումներով, հուզական վշտով, միայնակ մնալու վախով, տարիքին ոչ համապատասխան վարքով, զուգարանին վարժվելու դժվարություններով և լեզվական խնդիրներով: Հենց ամենափոքր տարիքում է, որ ուղեղում ձևավորում են հետագա ֆիզիկական ու հուզական զարգացման համար պատասխանատու բջիջները:

Բռնության զոհ դարձած երեխաները, մեծանալով, շարունակում են խնդիրներ ունենալ: Տարրական դպրոցական տարիքի երեխաները հիմնականում ավելի շատ խնդիրներ են ունենում տնային աշխատանքներ կատարելիս, ավելի վատ են կենտրոնանում: Նրանք, որպես կանոն, այդքան էլ լավ չեն սովորում դպրոցում:

Բռնության զոհ դարձած երեխաները, հետագա կյանքում ավելի են հակված լինում ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործելուն, անչափահաս տարիքում հղիանալուն և հանցագործություն իրականացնելուն, քան բռնությունից զերծ միջավայրում մեծացած երեխաները:

Հետազոտությունները փաստում են, որ երեխաների սոցիալական զարգացումը նույնպես տուժում է: Որոշ երեխաներ կորցնում են մյուսներին կարեկցելու կարողությունն ու զգացմունքայնությունը: Մյուսները մեկուսանում են՝ շփվելու դժվարությունների և թույլատրելին-անթույլատրելիից զատելու անկարողության պատճառով՝ չկարողանալով ընկերներ ձեռք բերել: Շատ հետազոտություններ են փաստում, որ ընտանեկան բռնության զոհ դարձած երեխաներն ավելի ագրեսիվ վարք են ցուցաբերում և երեք անգամ ավելի հավանական է՝ կռիվների մեջ ներգրավվեն:

Ընտանիքում բռնության առկայությունն է հիմնականում կանխատեսում, թե ապագայում այդ երեխան կշարունակի բռնության ենթարկվել կամ ինքը բռնարար կդառնա: Երեխաները, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության, շուտ են սովորում, թե ինչպես բռնության միջոցով անձնական հարաբերություններում իշխանություն ձեռք բերել:

Ոչ բոլոր երեխաներն են, իհարկե, զոհ կամ բռնարար դառնալու թակարդն ընկնում: Բռնության զոհ դարձած շատ մեծահասակներ ակտիվ պայքարում են բռնության բոլոր ձևերի դեմ:

Բռնությունը խաթարում է երեխայի ուղեղի բնականոն զարգացումը, կարող է առաջացնել ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ: Շատ ու շատ երեխաներ, փոքր տարիքում ենթարկվելով բռնության, ավելի հավանական է, որ մեծ տարիքում կշարունակեն ենթարկվել բռնության կամ հենց իրենք բռնություն կգործադրեն: Այստեղից էլ սկսվում է բռնության փակ շրջանը: Բայց մենք կարող ենք դուրս գալ այդ շրջանից: Պետք է դաստիարակության այլ մեթոդներ կիրառել, օրինակ՝ բղավելու և վիրավորելու փոխարեն պիտի կարողանանք բացատրել, զրուցել: Ամեն ինչ փոխադարձ է: Եթե մենք երեխաներին դրական վերաբերվենք, ապա նրանք կմեծանան դրական միջավայրում և լավատես կլինեն կյանքում: Սա է այն մոտեցումը, որ հնարավորություն կտա դուրս գալ անվերջանալի թվացող բռնության այդ շրջանից: