Մի գավաթ անդորր(207.Ընտանիքում երկրորդ երեխայի ծնունդը)
Մի գավաթ անդորր հաղորդարի հարգարժան ունկնդիրներ,այսօր խոսելու ենք երկրորդ երեխայի ծնունդի և այն մասին թե ինչ բարդություններ կարող են ի հայտ գալ առաջնեկի մոտ:Ընկերակցեք մեզ:
Երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում կարևոր իրադարձություն է, բայց հիշեք, որ նրան սպասում եք ոչ միայն դուք` ծնողներդ, այլ նաև ձեր առաջնեկը: Ընտանիքում երկրորդ երեխայի ի հայտ գալը հաճախ հոգեբանորեն դժվար է լինում ավագ երեխայի համար:
Երեխան, որ դեռ երեկ միակն էր ընտանիքում, բոլորի ուշադրության, սիրո, հիացմունքի ու զարմանքի առարկան, հիմա ստիպված է կիսել իր ունեցածը: Երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում լուրջ փորձություն է` հատկապես առաջնեկի համար: Որքան էլ սպասած լինի քույրիկ-ապերիկին, միևնույնն է, նրան կարող է թվալ, թե հայտնվել է մեկը, որ եկել է «գողանալու» իր բաժին սերն ու ուշադրությունը:
Շատ կարևոր է ծնողների համար դեռ հղիության ընթացքում փոքրիկին ասել, որ իրենց ընտանիքում նոր անդամ է ավելանալու: Հաճախակի զրուցել, թե ինչպես են կազմակերպելու իրենց առօրյան նորածնի ծնվելուց հետո:Եթե առաջնեկն ու մայրիկը միշտ միասին են եղել, պետք է երեխային նախօրոք պատարաստել մայրկից մի քանի օրով բաժանմանը: Լավ կլինի` ծննդատնից վերադառնալիս մայրիկը «նորածնի կողմից» նվեր բերի ավագին:
Տան մեծ երեխան ծնողների ուշադրությունը «հետ նվաճելու» համար կարող է իրեն պահել իր տարիքից ավելի փոքրի նման, թնկթնկան դառնալ, խոսքը դարձնել մանկական, եթե տակդիրներ չէր հագնում, դարձյալ ուզենա հագնել, ծծակ խնդրի և այսպես շարունակ:
Այս դեպքում ուղղակի պետք է պատմել, որ նա ևս փոքրիկ է եղել, նրան էլ նույն կերպ խնամել են, հոգ տարել, իսկ նորածինն իր ապագա խաղընկերն է:
Երբ առաջնեկը ներգրավվում է քույրիկի կամ ապերիկի խնամքի գործում, ստանձնում մայրիկի օգնականի դերը, սկսում է զգալ իր կարևորությունը, փոքրիկի հանդեպ ուշադրությունն էլ մտերմացնում է նրան: Բայց չպետք է նրանից ավելին պահանջել. պատահում է՝ շատ մայրիկներ երկրոդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո 3 կամ 5 տարեկան փոքրիկին վերաբերվում ենՙ ինչպես մեծահասակի: Նրանց թվում է՝ մի քանի օրում երեխան մեծացել է մի քանի տարով: Ավելորդ խստապահանջությունը դեռ մի քանի օր առաջ ուշադրությամբ շրջապատված երեխային կարող է ծնողներից օտարացնել:
Ամեն անգամ նորածնի հասցեին հիացական բառեր ասելիս պետք է հիշել, որ առաջնեկը ևս սպասում է նույն վերաբերմունքին:
Առաջնեկի մանկությունն ավարտվում է այն ժամանակ, երբ լույս աշխարհ է գալիս երկրորդ երեխան: Այդ պատճառով ծնողները, որոնք պատրաստվում են երկրորդ երեխայի պլանավորմանը, պետք է հիշեն, որ առաջնեկի համար այդ իրավիճակն ավելի շատ դրամատիկ է, քան ուրախալի, քանի որ ավագի դերը նման իրավիճակում կտրուկ փոխվում է, իսկ պահանջներն ու պարտականությունները՝ ավելանում: Կրտսերը, ընդհակառակը, զերծ է նման դրամատիկ կարգավիճակից, նա գտնվում է ուշադրության կենտրոնում, նրանով հիանում են, շատ իրավիճակներում ներողամիտ են, քան առաջնեկի դեպքում:
Հիմնական խնդիրները, որ առաջանում են երեխաների փոխհարաբերություններում, խանդն է ավագ-կրտսեր կամ կրտսեր-ավագ կարգավիճակում, վեճերը՝ տարբեր իրերի պատկանելության հաստատման շուրջ, սեռադերային կոնֆլիկտները: Առհասարակ, ինչպիսի խնդիր էլ որ առաջ գա, այդ ամենն արվում է ծնողների կողմից ուշադրություն կորզելու, հուզական աջակցություն ստանալու և հակառակորդ համարվող քրոջ կամ եղբոր հանդեպ գերակայություն հաստատելու համար:
Որպես կանոն, երկրորդ երեխայի ներկայությունն առաջնեկի կողմից կարող է ընկալվել շատ դրական և սիրառատ, եթե ծնողը բաշխի իր ուշադրությունն ու սերը ոչ թե հավասար, այլ ճիշտ: Առաջնեկը կրկնակի սթրես է տանում, մեծանում են պահանջները նրա հանդեպ, նա հիմա մեծ է, պետք է ուշադիր լինի: Արվում են այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «Դու մեծ ես, պետք է զիջես: Տուր նրան քո խաղալիքը, մի եղիր այդքան եսասեր»:
Յուրաքանչյուր գիտակից և բանիմաց ծնող, նման իրավիճակներից խուսափելու և ուղղելու համար սեփական վերաբերմունքը տարբեր տարիքի երեխաների հետ, պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.
- Իր աղջկա կամ տղայի կյանքում ի՞նչն է ամենակարևորը,
- Ամենաշատն ինչի՞ կարիք ունի նրանցից յուրաքանչյուրը:
Հոգեբաններն այս հարցին կպատասխանեն, որ ամենակարևոր բանը դա ծնողական սերն է, հուզական ջերմությունն ու ապահովությունը: Սակայն ծնողների մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս արտահայտել այդ սերը այնպես, որ երեխան զգա դա, սակայն չչարաշահի և չդառնա ինքնասիրահարված եսասեր:
Հոգեբանները խորհուրդ են տալիս արտահայտել սերը հետևյալ կերպ.
- Որքան հնարավոր է՝ ջերմ խոսքեր ասեք երեխային. որ իր հետ լավ եք զգում, ուրախ եք իրեն տեսնել, լավ է, որ նա եկավ, որ ձեզ դուր է գալիս, թե ինչպես է նա…, ինչ լավ է, որ նա կա:
- Անպայման գրկեք նրան: Մարմնական կոնտակտը հանգստություն, ապահովություն և հուզականություն է հաղորդում երեխային, ինչը չես փոխարինի խոսքերով:
Հոգեբանները նաև կարևորում են հետևյալ քայլերն ու մոտեցումները.
- Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն պես առաջնեկին ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացրեք:
- Երեխաների հետ շփումը կազմակերպեք անհատական: Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ առանձին երեխաներից մեկի հետ գնացեք զբոսնելու, խոսեք միայն իր մասին, իր զգացողությունների, դպրոցի կամ մանկապարտեզի մասին, ինչ ուրախ պահեր է ապրել, ինչ տխուր զգացողություններ է ունեցել: Ինչ է ցանկանում առհասարակ, ինչի կարիք ունի, նստեք այգում, գրկեք ձեր երեխային: Միգուցե դա տևի կես ժամ, սակայն, հավատացեք, այն երեխային կպարգևի երանության, սեփական անձի կարևորման և ինքնագնահատականի կայուն ձևավորման մեծ հիմք: Նա արդեն տուն կվերադառնա հասուն և պատրաստ կլինի օգնել իր կրտսեր եղբորը կամ քրոջն ամեն հարցում:
- Որպեսզի երեխան սովորի որոշակի կենցաղային գործերում օգնել և հոգ տանել կրտսերին, ապա դա պետք է անել աստիճանաբար, խաղի միջոցով, որպեսզի դա հաճույք պատճառի և հետաքրքրություն հաղորդի: Երկու երեխաներն էլ կշահեն նման գրագետ մոտեցումից, քանի որ փոքրիկի մոտ կձևավորվի պաշտպանվածության և վստահության զգացողություն, իսկ ավագը կզգա հպարտություն: Ավագ երեխան կզգա, որ կա իր կարիքը, ինչն իրեն կտա հավատ սեփական ուժերի նկատմամբ, իսկ ծնողների վստահությունը կխթանի պատասխանատվության ձևավորումը:
- Ավագ երեխային թույլ չտաք ժամանակից շուտ հոգեբանորեն մեծանալ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի անցնել մանկությանը հատուկ բոլոր փուլերը՝ խաղային և անհոգ մտքերի ուղեկցությամբ: Մի ծանրաբեռնեք առաջնեկին ավելորդ պատասխանատվությամբ և պահանջներով, որը դուք ինքներդ չեք հասցնում անել:
- Ամենակարևորը, յուրաքանչյուր գործողություն իրականացրեք երկու երեխաների համագործակցության սկզբունքով: Դարձրեք նրանց մի ամբողջություն՝ կարևորելով յուրաքանչյուրի անհատականությունը: