Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,որոնց խորագրերը Ձեր ուշադրությանը ներկայացրեցի։Ընկերակցեք մեզ։
Հայաստանում ԻԻՀ դեսպանն ասել է. «Հայաստանը դիտարկվում է որպես միջանցք Իրանի հարաբերությունների համար այլ երկրների՝ հատկապես Եվրոպայի հետ և այս երկրում կա եզակի կարողություն, որը պետք է գիտականորեն բացատրվի և գործնականորեն պլանավորվի»:
Աբաս Զոհուրին Իրան-Հայաստան առևտրային տեսակոնֆերանսի ընթացքում ընդգծել է. «Դեսպանատան գործունեության առանցքը տնտեսական է, իսկ երկրի արտաքին գործերի նախարարության հիմնական քաղաքականության մեջ առաջնահերթությունը տրվում է հարևան երկրներին»:
Իրանի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային հարցերի տեղակալ Մոհամմեդ Ռեզա Քարբասին ասել է.«Չնայած կորոնավիրուսի բացասական հետևանքները առևտրի վրա, Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները 2020 թվականի առաջին եռամսյակում դրական էին և սահմանին կարճատև դադարից հետո, Երևանում Իրանի դեսպանատան ջանքերով ապրանքների մուտքը Հայաստան շարունակվում է»:
Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը ասելով, որ իրանցի և հայ գործարարների համար ամենամեծ խնդիրը բանկային խնդիրներն են, ավելացրեց, որ դրամափոխանակողները չեն կարող լավ ֆինանսական օղակ լինել երկու երկրների միջև:
---------------------------
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ, Իրանի առևտրի փոխնախարար և Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումը հույս է հայտնել, որ կողմերի հետևողական ջանքերով կընդլայնվեն երկու երկրի առևտրային և տարածաշրջանային համագործակցությունները:
Համիդ Զադբումը հավելել է. «Այս տարեվերջին կսկսենք ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին բանակցությունները: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահման Իրանի հետ, հանդիսանալով դարպաս դեպի ԵԱՏՄ: Հետևաբար, Իրանն ու Հայաստանը կարող են լիարժեք օգտվել այս հնարավորությունից»: Այս մասին հաղորդել է ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի առևտրի զարգացման կազմակերպության հասարակայնության հետ կապերի վարչությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն առաջարկել է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել երկու երկրի սահմանին առկա տրանսպորտային խնդիրների վերաբերյալ:
Թեհրանում ՀՀ դեսպանը կոչ է արել կիրառել «ապրանք ապրանքի դիմաց» մեխանիզմը և առաջիկայում Հայաստանի գազի պարտքը փակել Իրանին տրամադրվելիք անհրաժեշտ ապրանքներով:
--------------------------------
Կորոնավիրուսի հետևանքով կիրառված սահմանափակումների թուլացման արդյունքում, Իրանի և Հայաստանի միջև վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը:
ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն, Միջազգային մաքսային համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Հոսեյն Քախքին ասել է.«Իրանի և Հայաստանի մաքսատների ղեկավարների միջև վերջերս կայացած բանակցություններից հետո, Հայաստանի պաշտոնյաները, կատարելով իրենց խոստումը, իրանական բեռնատարներին թույլ են տվել մուտք գործել այդ երկիր: Արդյունքում, առևտրի հետ կապված խնդիրներն ամբողջությամբ լուծվել են»:
Հոսեյն Քախքին ասել է, որ Մեղրիի մաքսային տարածքը, որը փոքր է Իրանում գտնվող Նորդուզ մաքսակետից, օգտագործվում է որպես տարանցիկ սահման:
----------------------------------
Իրանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի համար ունի բացառիկ նշանակություն:
Երկու երկրները հատկապես փոխշահավետ համագործակցություն են ծավալում էներգետիկայի ոլորտում: ԵԱՏՄ-ի շրջանակում ևս համագործակցության մեծ հնարավորություններ կան: Իրանի հետ առևտրային կապերը խորացնելու, ինչպես նաև Հայաստանի տարանցման հնարավորությունները մեծացնելու նպատակով ՀՀ կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ է կատարել: Մասնավորապես 2019 թ. վերանորոգվել են Իրանին և Վրաստանին կապող միջպետական ճանապարհները, ներկայումս այդ գործընթացը շարունակվում է: Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել Մեղրիի անցակետը, ինչպես նաև շահագործել էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, ինչի արդյունքում կավելանան Իրանից ներկրվող գազի ծավալները:
Մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև իրականացվող խոշոր նախագծերից մեկին՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Ծրագրով նախատեսվում է 2020 թ. վերջին աշխատանքներն ավարտել: Քանի որ վերջին ամիսներին շինարարությունը դադարեցվել էր, հնարավոր է՝ ժամկետների հետ կապված որոշ խնդիրներ առաջանան, սակայն լիահույս ենք, որ կկարողանանք սահմանված ժամկետներում ավարտել նախագծի շինարարությունը»:
----------------------------------
Հայաստանի հետ հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, տեսակոնֆերանսի ձևաչփով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եվ սա վերաբերում է հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակներում և մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ, շատ սերտ է», - ասել է Լավրովը:
«Դուք գիտեք, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ մենք նույնպես հաստատել ենք սերտ և կառուցողական աշխատանք: Այս աշխատանքը մշտական, ամենօրյա և մասնագիտական է: Այնպես որ, այստեղ ոչ մի խնդիր չի ծագում», - ասել է նա:
-----------------------------
Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որն առնչվում է ՀԱՊԿ կազմի հնարավոր ընդլայնմանը` ընդգրկելով նոր երկրներ ու միջազգային կազմակերպություններ։
--------------------------
Մի խումբ հասարակական ակտիվիստներ հանրահավաք են անցկացրել Ադրբեջանի Ազգային Ժողովի շենքի դիմաց:
Մայիսի 26-ին մի խումբ ազերի ակտիվիստներ համախմբվելով Ադրբեջանի Ազգային Ժողովի դիմաց վանկարկեցին «Մենք ցանկանում ենք կռվել ԼՂ-ում» կարգախոսը:
Ոստիկանության հակախռովարար ուժերը հարձակվելով ցուցարարների վրա նրանց հեռացրեցին տարածքից:
Սա առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի քաղաքացիներն ու մասնավորապես ԼՂ-ի պատերազմի պատճառով տարհանվածները հակապետական հանրահավաք են անցկացնում Բաքվի իշխանությանը կից կառույցների դիմաց:
Անցած տարիների ընթացքում նման բողոքները պատճառ են դարձել, որպեսզի ազերի պաշտոնատարները ժամանակավոր վերահասություն տալով տարհանվածների խնդիրներին իրավիճակը հանդարտեցնելու փորձ կատարեն:
Նման բողոքի հանրահավաքներ կազմակերպվում են այն պայմաններում, երբ Բաքվի իշխանությունները տարբեր զորավարժություններ անցկացնելով շարունակ մարտահրավեր են նետում հակառակ կողմին: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակ իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են համարում ԼՂ-ի հարցի խաղաղ կարգավորումը: Այս մոտեցումը համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը:
--------------------------
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք վերջին օրերին բոյկոտել էին ՀՀ ԱԺ նիստերը, որոշեցին խորհրդարան վերադառնալ:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հրաժարվեց վարույթ ընդունել մայիսի 8-ին ԱԺ-ի նիստի ժամանակ պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործը պատճառաբանելով, որ այդ իրադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ի նիստերը բոյկոտի էր ենթարկել մայիսի 8-ի նիստի ժամանակ այդ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև ֆիզիկական բախումից հետո:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ վարչապետի ներկայությամբ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հետաքննություն չանցկացվելու փաստը մտահոգություն է պատճառել Հայաստանի ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորներին: Միևնույն ժամանակ ԱԺ-ի նիստերը բոյկոտելով ընդդիմությունը գործնականում զրկվում է խորհրդարանի կարևոր որոշումների ընդունմանը մասնակից լինելուց: Բնակաբար դա խոհեմ քայլ չի կարող համարվել և չի բխում ընդդիմության շահերից: Դրա պատճառով էլ ՀՀ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները որոշում են ընդունել հավատարիմ մնալով իրենց պատգամավորության առաքելությանը մասնակից դառնալ խորհրդարանի ընդունած որոշումներին: