Հունիս 06, 2020 09:56 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, պատերազմ սկսելու կապակցությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքի և Հնդկաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցության համաձայնագրին:

----------------------------

Հայաստանի եւ Իրանի պետական մարմինների ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանս է անցկացվել։ Այս մասին հայտնել է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

«ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Բանակցությունների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրն էր (մասնավորապես՝ ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության:

Քննարկվեցին «գազ-ապրանք» և «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, և կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ուղղությամբ միմյանց ներկայացնել հստակ առաջարկություններ:

Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնության եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը և առաջարկություններ ներկայացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում առաջիկա անելիքների ուղղությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

----------------------------

2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, եւ 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչեւ 2020թ․ հունիսի 13-ը, հետեւաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի եւ ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

------------------------------

ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը ԵԱՏՄ-ի հետ Իրանի արտաքին առևտրի վերաբերյալ հայտարարել է. «ԵԱՏՄ-ի հետ Իրանի արտաքին առևտուրը վերջին ութ ամիսների ընթացքում հասել է ավելի քան երկու միլիարդ 112 միլիոն դոլարի»:

Իրանի մաքսատների գործակալության հաղորդման համաձայն, Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ընդհանուր առևտրից ավելի քան մեկ միլիարդ 528 միլիոն դոլարը վերաբերում է ներմուծմանն, իսկ մոտ 584 միլիոն դոլարն արտահանումներին»

Նա հավելել է, որ Իրանի արտահանման ամենամեծ ծավալները գրանցվել են դեպի  Ռուսաստան՝ ավելի քան 53 տոկոս, Հայաստան՝ 23 տոկոս, Ղազախստան՝ 16 տոկոս և Ղրղզստան՝ 1,5 տոկոսից պակաս:  Նրա խոսքերով, Իրանի արտահանման հիմնական ուղղությունը եղել է ԵԱՏՄ-ն:

Իրանի ներմուծումը նույնպես հիմնականում իրականացվել է ԵԱՏՄ երկրներից, Ռուսաստանից՝ ավելի քան 78,5, Ղազախստանից՝ ավելի քան 18, Բելառուսից՝ 2 տոկոս և Հայաստանից ու Ղրղզստանից՝ մեկ տոկոսից պակաս:

--------------------------------

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում առկա ներքաղաքական իրողություններին ու այդ համատեքստում հնարավոր քաղաքական զարգացումներին։

---------------------------------

Հայկական աղբյուրներ տեղեկացրել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական նոր համաձայնագրի ստորագրման մասին:

Համաձայն Հայաստանի հետ Հնդկաստանի ռազմական համագործակցության 40 միլիոն դոլար արժողությամբ այս համաձայնագրի Հնդկաստանը Հայաստանին է հանձնելու ռադարային չորս համակարգեր: Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցություններն ընդլայնվել են:

Մինչ այս պահը Ռուսաստանը որևէ հակազդեցություն չի ցուցաբերել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետությունների հետ Հնդկաստանի ու Չինաստանի ռազմական համագործակցության մասին համաձայնագրերին: Իրականության մեջ Հայաստանը խոշոր  չափերով կապված է իր անվտանգային վաղեմի դաշնակից Ռուսաստանից, որը տարեկան խոշոր չափերով ռազմական օժանդակություններ է տրամադրում Երևանին: Այդուհանդերձ ռազմական գնումների բնագավառում դիվերսիֆիկացման նպատակով Հայաստանը փորձում է գտնել անվտանգային այլընտրանքային գործընկերներ: Թեև Հնդկաստանը շահում է Հայաստանի հետ  ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունից, այդուհանդերձ հնդկական սպառազինություն գնելու կապակցությամբ ընդունված որոշումը կարող է խաթարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Որոշ դիտորդներ հավատացած են, որ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական կապվածությունը վնասել է միջազգային ասպարեզում Երևանի զբաղեցրած դիրքերին ու թուլացրել է Երևանի ինքնիշխանությունը: Այդուհանդերձ տնտեսական աճող ուժ  հանդիսացող Հնդկաստանի հետ առավել սերտ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ջանքը թվում է, որ կարող է տրամաբանական ընտրություն լինել Հայաստանի համար, նույնիսկ եթե դրա գինը լինի Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը: Միևնույն ժամանակ ռազմական ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև նոր պայմանավորվածությունը կարող է մասամբ թուլացնել Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի հետ Նոր Դեհլիի հարաբերությունները:

---------------------------

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ Ադրբեջանի գրավված տարածքներն ազատելու համար  այդ երկրի բանակն անկասկած օգտվելու է իր բռնի ուժ կիրառելու իրավունքից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի դեպ խոստացել է, որ Հայաստանի դեմ ռազմական նոր քայլերը շատ ավելի խիստ ու կործանիչ են լինելու:

«Հակառակորդի հետ միայն զենքի  լեզվով կարելի է խոսել և մենք դա օգտագործելով Հայաստանի «զավթիչ» ուժերին կպարտադրենք հեռանալ մեր տարածքներից»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը հրապարակվեց նրանից հետո, երբ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները կոշտ քննադատության ենթարկեցին  ԼՂ-ում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման նկատմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կրավորական մոտեցումը:

Այդ կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանում ղեկավարող կուսակցության պատգամավորներից Սիավոշ Նովրուզովը հայտարարել է. «Եթե հարկ նկատվի պաշտպանության նախարարը խորհրդարան կկանչվի և նա կփոխանցի իր առաջարկները: Ես լրջորեն հետապնդելու եմ այս  հարցը: Արտասահմանում գտնվող որոշ ուժեր  հայտարարեցին, որ Ադրբեջանը պիտի հրթիռներ արձակի ու մեկն էլ ասաց, թե պիտի Շուշին ռմբակոծել: Սա պատերազմ սկսելու իմաստով կլինի: Խորհրդարանը պիտի որոշի առաջնահերթության տեսակետից երկրորդ պլան ուղարկել տարածքային ամբողջականության վերականգնման համար խաղաղության բանակցությունները»:

Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Վահեդ Ահմեդովն էլ քննադատելով Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովին և  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Նաջմեդդին Սադեղովին ասել է. «Շուշիում երդմնակալության արարողության ժամանակ պիտի քայլեր ձեռնարկեինք: Զաքիր Հասանովոն ու Նաջմեդդին Սադեղովն ադրբեջաներեն չգիտեն ու պետական բարձրաստիճան պաշտոնատարների ադրբեջաներենին չտիրապետելը մեծ աղետի է վերածվել երկրի համար»:

Նկատի առնելով Ադրբեջանի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարներին ուղղված Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների քննադատությունները թվում է, որ այդ երկրի նախագահն իրականացվող բարեփոխումների շրջագծում կարող է որոշ փոփոխությունների դիմել նաև  այդ երկրի զինվորական ղեկավարության կազմում: Այդուհանդերձ ներկա պայմաններում ԼՂ-ում պատերազմի վերսկսումը գրեթե անհավանական է թվում: