Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանը ԼՂ-ին կապող նոր մայրուղու կառուցմանը և Վրաստան-Ադրբեջան հարաբերություններին:
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 10-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության Կովկասի վարչության պետ Մոհսեն Ֆաղանի հետ։
Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ում տարածած հաղորդագրության համաձայն, դեսպան Թումանյանը Մոհսեն Ֆաղանիին տեղեկություններ է ներկայացրել Իրանում ՀՀ դեսպանության առջև հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին:
Մոհսեն Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն է հայտնել, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները:
ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:
Կապված Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշել է, որ երբևե Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:
ՀՀ դեսպանը ընդգծել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Ֆաղանին իր համաձայնությունը հայտնել է ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:
Ֆաղանին հստակ կերպով ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշել է, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշեց, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը:
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական (այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում), մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներին:
2019 թվականի սեպտեմբերի 19-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Իսրայելի Պետությունում՝ Թել Ավիվում, ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին:
-----------------------------
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հավատացած է, որ եթե Երևանին ընտրության առջև կանգնեցնեն, ապա Հայաստանը պետք է կատարի ընտրություն ի օգուտ Իրանի:
------------------------------
Խոսելով հարևան երկրների շուկաների մասին, Իրանի ԱԳՆ տնտեսական հարցերով տեղակալն ընդգծել է Հայաստանի շուկան օգտագործելու անհրաժեշտությունը: «Հաշվի առնելով Հայաստանի հետ հարևանությունը, Արաս Ազատ տնտեսական գոտին հատուկ նշանակություն ունի մեզ համար»,- ասել է նա:
Հինգշաբթի օրը Ղոլամռեզա Անսարին այցելել է Արաս ազատ գոտի, մոտիկից ծանոթացել տարածաշրջանի արտադրական և տնտեսական միավորների պոտենցիալներին ու հնարավորություններին:
Այցի շրջանակում լրագրողներին հետ ճեպազրույցում, Անսարին ասել է. «Այս տարածքն ունի գյուղատնտեսական ու արդյունբերության մեծ պոտենցիալ, որից պետք է օգտվել»:
Նշելով, որ Արաս ազատ տնտեսական գոտին դեպի Եվրասիա Իրանի արտահանումների մայրուղին է, Անսարին հավելել է. «Արասի ազատ գոտին լավ հնարավորություն ունի Եվրասիական երկրների հետ առևտրի ծավալները մեծացնելու համար: Բարեբախտաբար, ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը ոսկե հնարավորություն է ստեղծվել Արասի համար:
Նշելով, որ կառավարությունը պետք է Արասի ազատ գոտու հնարավորություններն օգտագործի աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական բարգավաճման համար, Անսարին հավելել է.«Արտահանումներն ու արտարժույթ ներգրավելը ազատ գոտիների կարևոր հնարավորություններից են, և Արաս ազատ գոտին էական առանձնահատկություն ունի արտահանման ոլորտում»:
-------------------------
Իրանի Արաս ազատ գոտու կազմակերպության կովկասյան հարցերով տնօրենը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահի հետ:
Տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Ալիռեզա Նազիֆը և Իրանի Արաս ազատ գոտու կազմակերպության կովկասյան հարցերով տնօրեն Ահմադ Հասան Նեժադը կարևորել են փոխգործակցության ծավալները մեծացնելու և առկա պոտենցիալներն օգտագործելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստի, անդամ երկրների մասնակցությամբ ցուցահանդեսներ և ոչ նավթային արտահանումների ոլորտում ներդրումների համար ենթահող ստեղծելու, Մեղրի ազատ տնտեսական գոտում Արասին հատկացված վայրի ակտիվացման և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության հետ Արաս ազատ գոտու համագործակցության հետ կապված հարցեր:
Հարկ է նշել, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտին» գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, երկու երկրի սահմանին գտնվող Արաքս գետի մոտ:
---------------------------
Շուտով մեկնարկելու է Հայաստանը ԼՂ-ին կապող մայրուղու կառուցումը:
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Քաշաթաղում հայտարարել են մոտ ապագայում մայրուղու կառուցման աշխատանքների մեկնարկի մասին:
Հայաստանի և ԼՂ-ի միջև նոր մայրուղու կառուցման արձագանքել է նաև Եվրոխորհրդարանը:
Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։
Նրանք անցանկալի են համարում Հայաստանի և Արցախի այդ նախաձեռնությունը, ազատագրված տարածքները բնորոշելով «օկուպացված»:
Ավելի վաղ այնպիսի տպավորություն գոյություն ուներ, որ ԼՂ-ի տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կողմերին դեպի պատերազմ չի առաջնորդելու և միայն թեժացնելու է բանավեճերը: Սակայն իրավիճակը փոխվել է և ազերի որոշ փորձագետներ Հայաստանի հետ պատերազմն անխուսափելի են համարում: Օրինակ Իլդար Նամազովը «Այնա» կայքի հետ զրույցում ասել է. «ԼՂ-ի շուրջ բանակցություններն այլևս ապարդյուն են և հասել է Հայաստանի դեմ լուրջ ու կտրուկ քայլեր ձեռնարկելու ժամանակը»:
Փոխադարձաբար Հայաստանի իշխանություններն այս մայրուղու կառուցումը ռազմավարական են համարում և հավատացած են, որ այդ նոր ճանապարհի շահագործումով իրենք ավելի հզորանալու են: Օրինակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ նոր մայրուղու կառուցումը ռազմավարական նշանակություն ունի և խթանելու է ԼՂ-ի ու Հայաստանի տնտեսական ու հասարակական զարգացմանը:
------------------------
Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ նախազգուշացրել է իր հյուսիսային հարևանին ՝ ընդհանուր սահմանին տեղաշարժերի կապակցությամբ:
Ադրբեջանի կողմից այս կապակցությամբ ազդարարություն տրվեց Վրաստանին նրանից հետո, երբ Վրաստանի անվտանգության ծառայությունները որոշ բացատրությունների համար բերման ենթարկեցին այդ երկրի կուսակցություններից մեկի առաջնորդ Դավիթ Քաթսարավային: 2019 թվականին Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանը փակվելուց հետո այդ խումբը բողոքի մի քանի ակցիաներ է կազմակերպել հարավային հարևանի դեմ: Այս կապակցությամբ Վրաստանի անվտանգության ծառայությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծված է, որ այդ երկրի որոշ քաղաքացիներ Վրաստանի որոշ տարածքներում ազգամիջյան լարվածություններ հրահրելով վրացիների ու ազերի միջև փորձում եմ խաթարել այդ երկրում անդորրն ու պառակտում առաջացնել այդ երկրի ազգաբնակչության միջև:
Երկու հարևան երկրների իշխանություններին մտահոգում է ազգամիջյան և միջկրոնական բախումների հնարավորությունը: Այս մտահոգությունների շրջագծում Թբիլիսիի ԶԼՄ-ները վերջերս տեղեկացրեցին Վրաստանի հետ վիճելի տարածքներում Ադրբեջանի սահմանապահ ուժերի քանակային անսովոր աճի մասին: