Մի գավաթ անդորր(211.Պրոկրաստինացիա կամ գործերը հետաձգելու հակվածություն)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, այսօր մենք խոսելու ենք այնպիսի հոգեբանական խնդրի մասին, որը հոգեբանության մեջ հայտնի է պրոկրաստինացիա անվանմամբ ։ Պրոկրաստինացիա նշանակում է գործերը հետաձգելու ցանկություն, հակվածություն։ Սա շատ մարդկանց անհանգստացող խնդիրներից է։ Ընկերակցեք մեզ:
Պրոկրաստինացիա. երբ այսօրվա գործը վաղվան ես թողնում։
Ձեզ հետ երբևէ պատահել է այնպիսի իրավիճակ, երբ իմանալով, որ այս կամ այն գործը պետք է շտապ ավարտին հասցնեք կամ գոնե սկսեք միևնույն է ոչ մի կերպ չեք կարողանում դա անել: Կամ եղել է արդյոք այնպես, որ ինքներդ ձեզ խոստացել եք, որ դա վերջին անգամն էր, երբ հետաձգում եք այս կամ այն գործը, որոշումը, սակայն ամեն ինչ կրկնվում է նորից ու նորից:
Այլ կերպ ասած, եթե կարող եք ինքներդ ձեզ խոստովանել, որ մշտապես ամեն ինչ հետաձգելն ու հնարավորինս ձգձգելը ձեր էության անխափան մասնիկն է ուրեմն այս հաղորդումը կօգնի ձեզ հասկանալ խնդրի էությունը և որ ամենակարևորն է գտնել լուծում:
Պրոկրաստինացիա հոգեբանության մեջ` անգամ կարևոր ու հրատապ գործերը հետաձգելու հակվածությունն է, որը հանգեցնում է կենսական խնդիրների ու ցավալի հոգեբանական ազդեցության։ (Պրոկրաստինացիա անգլերեն procrastination նշանակում է ուշացում, հետաձգում, լատ.՝ procrastinatio նույնիմաստ բառից, ծագում է լատ.՝ cras վաղը կամ լատ.՝ crastinus վաղվա և լատ.՝ pro համար, բառերից):
Պրոկրաստինացիան այն է, երբ մարդը, գիտակցելով որոշակի կարևոր գործեր կատարելու անհրաժեշտությունը (օրինակ, իր ծառայողական պարտավորությունները), արհամարհում է այդ անհրաժեշտությունն ու իր ուշադրությունը կենտրոնացնում է կենցաղային մանրուքների վրա: Պրոկրաստինացիան տարբերվում է ծուլությունից նրանով, որ ծուլության դեպքում սուբյեկտը չի ցանկանում որևէ բան անել և չի անհանգստանում այդ առթիվ, իսկ պրոկրաստինացիայի դեպքում նա գիտակցում է աշխատանքի կարևորությունն ու հրատապությունը, սակայն չի անում դա` գտնելով տարբեր ինքնաարդարացումներ: Պրոկրաստինացիան հանգստից տարբերվում է նրանով, որ հանգստի ժամանակ մարդն էներգիա է ստանում, իսկ այս դեպքում կորցնում է այն: Այս իրավիճակն այս կամ այն չափով ծանոթ է մարդկանց մեծամասնությանը և որոշակի մակարդակում նորմալ է համարվում: Պրոկրաստինացիան խնդիր է համարվում, երբ վերածվում է սովորական «աշխատանքային» դրության, որում մարդն անց է կացնում իր ժամանակի մեծ մասը: Այդպիսի մարդն ամենակարևոր գործերն անընդհատ հետաձգում է, իսկ երբ պարզվում է, որ բոլոր ժամկետներն արդեն անցել են, կամ ուղղակի հրաժարվում է պլանավորածից, կամ էլ փորձում է ամբողջ աշխատանքը կատարել միանգամից, անհնարին կարճ ժամկետում: Արդյունքում գործերը չեն կատարվում կամ կատարվում են անորակ, ուշացումով կամ ոչ լիարժեք, ինչը հանգեցնում է համապատասխան բացասական հետևանքների, որոնք կարող են լինել տհաճ իրավիճակներ աշխատավայրում, կորցրած հնարավորություններ, շրջապատի դժգոհություն` չիրականացրած պարտավորությունների պատճառով և այլն: Սրա արդյունքը կարող է լինել սթրեսը, մեղքի զգացումը, արդյունավետության կորուստը: Այս զգացմունքների համադրումն ու ուժերի գերլարումը կարող են հետագայում ևս հանգեցնել պրոկրաստինացիայի:
Իհարկե պրոկրաստինացիա կամ ամեն ինչ հետաձգելու այդ անհաղթահարելի ցանկությունը բոլորրիս ծանոթ երևույթ է, երբ մի տոննա գործ կամ դաս ունես անելու, բայց ֆեյսբուքից դուրս չես գալիս, յություբի մի վիդեոն մյուսի հետևից ես նայում, հանկարծ որոշում ես, որ սենյակդ հավաքելու կարիք ունի, հոգնածություն ես զգում, պառկում քնելու: Մի խոսքով, անում ես ամեն ինչ, միայն թե գործդ կամ դասդ չսկսես: Ու էդպես ժամանակն անցնում է, գալիս է սարսափելի վերջնաժամկետը կամ քննության օրը, ու դու մի գիշերում մի կերպ հասցնում ես ինչ-որ բան անել ու հանձնել:
Այն, ինչին մեր պապերը ժամանակին ասել են՝ այսօրվա գործը վաղվան թողնել, ժամանակակից գիտությանը հայտնի է որպես պրոկրաստինացիա: Պրոկրաստինացիան ախտահարում է աշխարհի բոլոր ժողովրդներին:
***
Ցածր ինքնագնահատական
Գործերը հետաձգելու ակնհայտ պատճառ է ցածր ինքնագնահատականը, անինքնավստահությունը, անվստահությունն առ այն, որ գործը կստացվի, որ այն կընդունվի այլ մարդկանց կողմից, կասկածը` արդյո՞ք իմաստ ունի դրա վրա էներգիա, ժամանակ ու գումար ծախսել: Եթե մարդը բարձրացնի իր ինքնագնահատականը, նա կսկսի ավելի արագ ու առանց հետաձգումների աշխատել:
Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան
Պրոկրաստինացիայից ազատվելու որոշակի երաշխավորված դեղատոմս գոյություն չունի: Սակայն ժամանակի կառավարման շրջանակներում գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս այս կամ այն չափով նվազեցնել պրոկրաստինացիայի աստիճանը` այդպիսով բարձրացնել աշխատանքից ստացվող իրական արդյունքը, ինչն իր հերթին բարձրացնում է կյանքից բավարարվածության աստիճանն ու ազատում է սթրեսից:
Ժամանակի կառավարում
Սովորաբար այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց համար հստակ առանձնացնել կարևոր ու հետաձգելի գործերը, պրոկրաստինացիայի լուրջ խնդիրներ չեն ունենում:
Կարևոր և հրատապ գործերի կատեգորիայի մեջ են մտնում իսկապես անհետաձգելի գործերը, օրինակ, վթարային իրավիճակները, հիվանդությունները, չափազանց կարճ ժամկետները, ընտանեկան ճգնաժամը, կյանքին սպառնացող վտանգը:
Անկարևոր և հրատապ գործերը տարբեր են լինում։Դրանք իբրև թե կարևոր, սակայն իրականում կյանքի վրա ազդեցություն չունեցող մանրուքներ են: Դրանցից կարող են լինել, օրինակ, հարևանի հրավերը, մորաքրոջ ծննդյան տարեդարձը, ամենօրյա զրույցները ճաշի ընթացքում և այլն : Այս գործերի անկարևորությունը չի նշանակում, թե դրանք կարելի է առհասարակ չանել, բայց մարդը պետք է նաև գիտակցի, որ դրանք խիստ էական չեն և կարելի է բնականորեն ու հանգիստ հրաժարվել դրանցից` հօգուտ 1-ին և 2-րդ կատեգորիայի գործերի:
Անկարևոր և ոչ հրատապ գործեր։Սրանք ամենօրյա բազմաթիվ գործերն են, որոնք շատ փոքր ներդրում են ունենում կյանքի որակի բարելավման վրա, սակայն շատ ժամանակ են խլում: Այսպիսի գործերին ժամանակ է հատկացվում այն դեպքում, երբ մարդ չգիտի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել. նա պատասխանում է բոլոր զանգերին, աշխատանքային ժամին զրուցում է հարազատների հետ, երկար թեյախմություններ է կազմակերպում և այլն:
Աշխատասիրության դաստիարակում
Հաջողությունը հաջողություն է ծնում: Սրանից ելնելով` մարդը պետք է պահպանի դրական տրամադրվածությունը` նախորդ յուրաքանչյուր գործողության մեջ դրական հետևանքներ գտնելով, ինչն էլ իր հերթին ակտիվ գործունեության խթան է դառնում: Անհրաժեշտ է ինքն իրեն պարգևատրել հաջողությունների համար, բարձր պահել սեփական լիարժեքության զգացողությունը: Նոր գործ սկսելիս պետք է վստահ լինել, որ նախկինում եղել են հաջողություններ, տոնել փոքրիկ ամենօրյա հաղթանակները, միևնույն ժամանակ` շատ չկենտրոնանալ դրանց վրա և հետևել հաղթանակների ու խնդիրների հարաբերակցությանը:
Ջանքերի ճիշտ բաշխում
Այս մեթոդը հայտնի է բոլոր սպորտսմեններին, անհրաժեշտ է սովորել սեփական ուժերը բաշխել, ծրագրել գործունեությունն այնպես, որ ամբողջ գործն արվի առանց ուժերի չափազանց լարման: Պլանավորված, սակայն չիրականացված գործը մեծ ուժ է խլում: Էներգիան իզուր է ծախսվում, երբ մենք չենք իրականացնում այն, ինչ պլանավորել ենք, և պլանավորում ենք այն, ինչը երբևէ չենք իրականացնելու: Մեղքի զգացումը քայքայում է մեր ներքին էներգետիկ պաշարները: Որքան շատ են չավարտված գործերը, այնքան քիչ ուժ է մնում դրանք իրագործելու համար: Այս մեթոդը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. նախօրոք նոր գործեր մի՛ պլանավորիր, եթե դեռ ունես չավարտած գործեր:
Ինչպես ժամանակին մեր պապերն ասել՝ այսօրվա գործը վաղվան չթողնել։
Եղեք առողջ․․․