Գեղարվեստական հաղորդում (223)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:
Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության «Գրանտ» նախագծի գործադիր տնօրեն Ալի Ֆերեյդունին տեղեկացնելով երկու գրքերի հրատարակման համար 1500 եվրո արժողությամբ գրանտի հաստատման մասին ասաց. «Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության «Գրանտ» ծրագրի աջակցությամբ հրատարակվելու են իրանցի գրող Ֆարիբա Վաֆիի «Իմ թռչուն» և «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» գրքերը»:
Հիշյալ գրքերը հայերեն լեզվով հրատարակվելու են Հայաստանի «Էդիտ Փրինթ» հրատարակչության միջոցով:
«Իմ թռչունը» պատմում է երկու անչափահաս երեխաներ ունեցող կնոջ մասին ով երկար սպասումից հետո 50քմ տարածությամբ տան տեր է դառնում, սակայն այդ կապակցությամբ նրա ուրախությունը երկար չի տևում: Ամուսինը ցանկանում է վաճառել տունն ու գաղթել Կանադա: Կինը չի ցանկանում այլ տեղ մեկնել:
Երկրորդ գիրքը՝ «Նույնիսկ երբ ծիծաղում ենք»-ն, իրանցի ժամանակակից արձակագիր Ֆարիբա Վաֆիի 22 պատմվածքների հավաքածուն է:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին` Բուժաշխատողի օրը, ներկայացրեց առցանց համերգ:
Հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԵԱԿ բոլոր երաժշտախմբերը՝ փոքր կազմերով, երաժշտության լեզվով և բոլորի անունից երախտագիտություն հայտնեցին այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգի ընթացքում պահպանվել էին անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այն անցկացվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ տեղադրվել էր հատուկ լուսավորություն։ Համերգը հեռարձակվել է հունիսի 21-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջերում։
ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանն առանձնահատուկ շեշտում է՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում փորձում են այլ կերպ օգտագործել կենտրոնի տարածքները։ Նախկինում այդ տարածքը բազմիցս ցանկացել են օգտագործել, սակայն, այն քիչ թվով հանդիսատես է տեղավորում, իսկ այս պարագայում հնարավորություն է ստեղծվել համերգ անցկացնել առանց հանդիսատեսի ֆիզիկական ներկայության։

Հայտնի են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիր ջութակահարների անունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Դիանա Ադամյանը, երկրորդ հորիզոնականը՝ Դանիայի ներկայացուցիչ Մայքլ Գերմերը, իսկ երրորդ հորիզոնականում հաղթող է ճանաչվել երկու ջութակահար՝ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենց Կարլսը և Բելլ Թինգը՝ Թայվանից:
Մրցույթի դափնեկիր է դարձել նաև Ֆելիքս Հարությունյանը՝ Հայաստանից:
Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մրցանակակիրներից յուրաքանչյուրին կտրվի 1 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճար։
Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից՝ մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ այս տարի Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվել է առցանց ձևաչափով՝ մաքսիմալ պահպանելով մրցույթի անցկացման բոլոր կանոնները: Մրցույթը մեկնարկել է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունիսի 15-ին։
Մրցույթին մասնակցել է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից և այլն:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ կայացել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:
Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Մրցույթի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի և պրոդյուսեր Կարինե Սիմոնյանի՝ «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը Տեխասում կայացած Literally Short Film Festival 2020 փառատոնում «Լավագույն խաղարակային ֆիլմ» անվանակարգում հաղթել է։ Ալեքսանդր Բաղդասարյանն ասել է, որ ֆիլմն ուղարկել է համապատասխան կայքով, հաղթողներին նույնպես հայտնել են առցանց։
Ֆիլմի պրեմիերան կայացել է այս տարվա փետրվարին Ֆրանսիայում։ Հայաստանում այն դեռ չի ցուցադրվել։
Ա. Բաղդասարյանի խոսքով, ֆիլմի հետ կապված այլ ծրագրեր կային արդեն հաստատված, նաև մասնակցություն այլ փառատոների, սակայն համավարակի պատճառով այդ ամենը չեղարկվել է։
Ռեժիսորի ներկայացմամբ, ֆիլմում գործողություններն ամբողջությամբ պտտվում են գլխավոր հերոսի շուրջ, որը ԴԱՀԿ աշխատող է, գնում է տարբեր մարդկանց տներ, շփվում է տարբեր մարդկանց հետ։ Սակայն ինչ-որ պահի գիտա-բարոյական ընտրության առաջ է կանգնում, ու հենց այդ մտորումների մասին է ֆիլմը։ Գլխավոր հերոսը նաև պարոդիաներ է անում արդեն ընկերական շրջապատում։
Այժմ Ալեքսանդր Բաղդասարյանը կոնկրետ ֆիմի վրա չի աշխատում, թեև ունի ծրագրեր, բայց դրանց իրականացման համար դեռ ճանապարհ չի տեսնում։

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը 2021-ին տեղի կունենա ապրիլի 25-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կինոակադեմիան գրառում է հրապարակել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
«Դա ճշմարիտ է: Հաջորդ տարի՝ 2021-ին, «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին»,-ասվում է հաղորդագրությունում:
«Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները կհրապարակվեն փետրվարի 9-ին, իսկ մարտի 15-ին հայտնի կդառնան մրցանակաբաշխության հավակնորդների անունները:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 28-ին:

ԱՄՆ հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությունը կայանալու է սեպտեմբերի 20-ին ABC հեռուստաալիքով։ Այդ մասին Թվիթերում գրել է ամերիկացի կատակերգու Ջիմի Կիմելը։ Նա նաև հայտնել է, որ ինքն է վարելու արարողությունը։
«Ես չգիտեմ՝ որտեղ կամ ինչպես կամ նույնիսկ ինչու ենք մենք դա անում, բայց մենք դա անում ենք, և ես պետք է վարեմ միջոցառումը»,- գրել է Քիմելը։
Նշվում է, որ նա արդեն երրորդ անգամ է վարելու «Էմմի» մրցանակաբաշխությունը։
«Էմմիի» 2020 թվականի հավակնորդների անունները հայտնի կդառնան հուլիսի 28-ին։

Կորոնավիրուսի հետևանքով մարտի կեսերին Ֆրանսիայում փակված մարզադաշտերն ու մրցարշավները կվերաբացվեն հուլիսի 11-ին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի կառավարության տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ խոշոր միջոցառումների, մարզադաշտերի և համերգասրահների համար մասնակիցների թվի առավելագույնը 5 հազար սահմանը ուժի մեջ կլինի մինչև սեպտեմբերի 1-ը:
Ֆրանսիայի իշխանությունները թույլ են տվել հունիսի 22-ից զանգվածային մարզական միջոցառումներ անցկացնել՝ բացառությամբ մարտարվեստի։
Նախկինում կիրառված սահմանափակումները թեթևացնելու որոշումն ընդունվել է ուրբաթ օրը Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալների համաձայն ՝ Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է մոտ 29,5 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 160 հազար դեպք:

Ամստերդամի Վան Գոգի թանգարանը Փարիզում վաճառքից գնել է հայտնի նկարիչներ Վան Գոգի և Պոլ Գոգենի համատեղ նամակը։ Փաստաթղթի համար թանգարանը վճարել է 210,6 հազար եվրո։
Դա միակ նամակն է, որ Վան Գոգը գրել է այլ նկարչի հետ համատեղ։ Վան Գոգի թանգարանն այն դիտարկում է որպես առավել կարևոր փաստաթուղթ-ինքնագիր, որը գտնվում էր մասնավորի ձեռքում։
Խոսքը գնում է նամակի մասին, որն ուղարկել են Վան Գոգն ու Գոգենն իրենց գործընկեր Էմիլ Բերտրանին Արլից 1888 թվականի նոյեմբերի սկզբին։ Նամակում փոխադարձ հաճոյախոսություններ են։