Հուլիս 18, 2020 10:18 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվել է հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, նախօրեին տեղադրվել են արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ Աղասի Այվազյանի աստղերը։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։

Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվել ու անցկացվել են նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

 

Ստամբուլում աճուրդի է հանվել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի 46 լուսանկար: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Ամենամեծ պահանջարկը ունեցել  է 1950 թվականին արված «Առավոտյան արևի առաջին շողերի հետ Գումգափուի ձկնորսները վերադառնում են նավահանգիստ» լուսանկարը, որի համար գնորդն առաջարկել է 14 500 լիրա, իսկ ներառյալ հարկերը այն գնորդին վաճառվել է 20 532 լիրայով (2990 դոլար):

Լուսանկարչի 1988 թվականին արված «Արարատ լեռ» նկարը վաճառվել է 6500 լիրայով (շուրջ 950 դոլար):

1956 թվականի «Սիրքեջիի ձմեռային օրվա ձիակառքն ու տրամվայը» և  նույն թվականին արված «Քանդիլլիից մեկնող նավը» լուսանկարները վաճառվել են 11 500 լիրայով (շուրջ 1675 դոլար):

 

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը և երկրի կրոնական հարցերի գրասենյակը արձանագրություն են ստորագրել, համաձայն որի  Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան մզկիթի վերածվելուց հետո պաշտպանվելու է որպես Համաշխարհային ժառանգություն: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտարարել է Մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:

Նրա խոսքով, տաճարում վերականգնման աշխատանքներն արագացվելու են: Օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան անվճար հաճախել տաճար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրամանագիր ՝ տաճարը թանգարանից մզկիթի վերածելու մասին՝ վերացնելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների համապատասխան որոշումը:

Սուրբ Սոֆիան հիմնադրվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին: Մայր տաճարը մնաց աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին ավելի քան հազար տարի, մինչ այն, որ թուրքերը 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո Սուրբ Սոֆիան մզկիթ դարձրին:

1934 թվականին Քեմալ Աթաթուրքը ստորագրեց հրամանագիր՝ մզկիթը թանգարանի վերածելու մասին: Մի քանի տասնամյակից հետո այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Image Caption

 

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի այն նույն տեսքով, ինչ այն ունեցել է մինչև հրդեհից  կրած վնասները։ Նման որոշում  են կայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տաճարի ներկայիս ճարտարապետը, որը վերահսկում է  տաճարի վերականգման գործընթացը։

Սկզբում Մակրոնը հակված է եղել, որ Նոտր Դամի վերականգնման նախագիծը կրի «արդի կնիքը», բայց հետո նա վստահել է նախնական տեսքը պահպանելու կողմնակիցների փաստարկներին և հաստատել ներկայացված  նախագիծը՝ տաճարի ճշգրիտ վերակառուցումը։

Վերակառուցման նախագծում նշվում է, որ վերականգնման ժամանակ կօգտագործվի բնօրինակ նյութեր՝ «գոթական արվեստի գլուխգործոցի իսկության և ներդաշնակության ապահովման համար»: Նույնիսկ այժմ ՝ հրդեհից մեկ տարի անց, տաճարի կոնստրուկցիան մնում է անկայուն, իսկ փաստացի վերակառուցումը կսկսվի  2021 թվականից ոչ շուտ։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:

 

Վերջին հարցազրույցներից մեկում ռեժիսոր Օլիվեր Սթոունը քննադատել է Հոլիվուդին: Նրա կարծիքով, ստեղծագործելու համար երբեմնի վիթխարի վայրը «գժանոց է» դարձել:

«Բոլորը չափից դուրս փափուկ են, զգացմունքային: Հոլիվուդում հիմա չի կարելի ֆիլմ նկարահնել առանց խորհրդատուի»,- ասել է ռեժիսորը:

Նա հավելել է, որ Ամերիկյան կինոակադեմիան ամեն ամիս փոխում է իր նախընտրություններն ու կանոնները, որպեսզի հասնի թրենդների հետևից: Պոլիտկոռեկտությունը հակասության մեջ է մտնում ստեղծագործելուն և խելացի նպատակահարմարությանը:

«Խելացնորության նման մակարդակ ես երբեք չեմ տեսել: Սա կարծես թեյախմությունն է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ից»,- նշել է Սթոունը:

 

Ֆրանսիայում Սեն գետի վրա բացվելու է ինքնատիպ կինոթատրոն, որի այցելուները կկարողանան  ֆիլմերը դիտել հարմարավետ նավակներում նստած՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:

Ջրի վրա ստեղծվելիք կինոթատրոնը գործելու է ընդամենը մեկ օր: Այն իրականացվելու է Paris-Plages (Փարիզյան լողափեր) ծրագրի շրջանակում, որի ընթացքում ամեն տարի Սեն գետի քաղաքային տարածքում արհեստական լողափեր են ստեղծվում և մարդիկ կարողանում են իրենց ամառային հանգիստն այնտեղ անցկացնել։

Հայտնի է, որ կինոթատրոնի համար, ընդհանուր առմամբ, օգտագործվելու է 38 փոքր նավակ, որոնք երկու, չորս և վեց տեղանոց տարբերակներ են ունենալու։ Բացի այդ, ևս 150 հանդիսական կկարողանա ֆիլմերը դիտել՝ ափին նստած:

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Ժիլ Լելուշի 2018 թվականի բլոկբաստերային  «Անխորտակելիները» և համավարակի մասին «Կորոնապատմություն» ֆիլմերը։

Հայտնի է, որ բացառիկ այս «միջոցառումը» նախատեսվում է անցկացնել հուլիսի 18-ին։

 

 

 

Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց իր՝ Ռոդենի կողմից հաստատված իրավունք ունի սահմանափակ քանակով վաճառել քանդակագործի գլուխգործոցների պատճենները:

Թանգարանն իրավունք ունի տարեկան 12 պատճեն վաճառել: Բրոնզե քանդակները պատրատսվում են հատուկ արվեստանոցներում թանգարանային պրոֆեսիոնալների հսկողության տակ և վաճառվում են գեղարվեստի պատկերասրահներին, մասնավոր հավաքածուների տերերին և այլ թանգարանների: Նախկինում նման վաճառքները ոչ պարբերական են եղել: Հիմա, կարանտինից կրած վնասների պատճառով, որը գնահատվում է 3 միլիոն եվրո, թանգարանն ուզում է պատճենների վաճառքը վերածել եկամտի պարբերական աղբյուրի:

Այս տարի արդեն վաճառվել են «Մտածողի» և «Կալեի քաղաքացիների» պատճենները: Թանգարանը հույս ունի այսպիսով տարեկան առնվազն 3 միլիոն եվրոյի եկամուտ ունենալ, դա ընդհանուր բյուջեի քառորդ մասն է:

 

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը վաճառել է այս տարվա ապրիլին հրատարակված If it bleeds ժողովածուի երեք նովելների էկրանավորման իրավունքը: Յուրաքանչյուրի արժեքը կազմել է ընդամենը մեկ դոլար, հայտնում է Deadline-ը։

Գրողի՝  հանգուցյալ հարևանի հետ տղայի բարեկամության մասին պատմող Mr. Harrigan 's phone («Պարոն Հարրիգանի հեռախոսը») նովելի հիման վրա Netflix-ը նախագիծ կնկարահանի: Պրոդյուսերը կլինի Ռայան Մըրֆին, իսկ ռեժիսորը՝ Ջոն Լի Հենքոքը։

Deadline-ի տեղեկություններով՝ առնետի հետ սարսափելի գործարք կնքած գրողի մասին Rat («Առնետ») նովելի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել դերասան և ռեժիսոր Բեն Սթիլերը: Նա հանդես կգա ինչպես ռեժիսորի, այնպես էլ՝ գլխավոր դերում։

The life of Chuck («Չակի կյանքը») գլխուղեղի ուռուցք ունեցող երիտասարդի մասին նովելի էկրանավորման վրա կաշխատի հայտնի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին։

Վերջին՝ Let it bleed («Թող արյուն գա») չորրորդ ստեղծագործությունը պատմում է մի պայծառատես աղջկա մասին, որը հանձն է առնում դպրոցում պայթյունի հետաքննությունը։ Հաղորդվում է, որ այն առայժմ ձեռք չի բերվել։ Սակայն, ինչպես նշում է Deadline-ը, իրավունքը մտադիր է ձեռք բերել HBO հեռուստաընկերությունը։

 

 

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը աստղաբաշխական 9 մլն դոլարով վաճառել է ավելի քան երեք հարյուր տարվա վաղեմության բացառիկ չինական ծաղկաման: Հատկանշական է, որ նմուշը տարիներ առաջ մեկ այլ աճուրդում ձեռք է բերվել ընդամենը 56 դոլարով:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, Sotheby’s-ի փորձագետ Յոհան Բոշը նմուշը հայտնաբերել է մի տարեց կնոջ մասնավոր հավաքածուն ուսումնասիրելիս: Խոսքը 1700-ական թվականներին Չինաստանի Ցյանլյուն կայսեր համար ստեղծված ծաղկամանի մասին է:

Գտածոն եղել է հրաշալի վիճակում:

Ոլորտի մասնագետները «հրաշք» են որակել այն փաստը, որ չափազանց նուրբ ծաղկամանը համարյա կես դար անվնաս է մնացել տիկնոջ՝ ընտանի կենդանիներով լի տանը:

 

Անգլիացի գրաֆիտի ոճի նկարիչ Բենքսին ստեղծել է իր հերթական գլուխգործոցը՝ այս անգամ Լոնդոնի մետրոյում։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել Ինստագրամում։

Նա նկարել է իր հայտնի առնետին, որը փռշտում է ու քայլում առանց դիմակի։  Ակնհայտ է, որ ակցիան նվիրված է անվտանգության միջոցների պրոպագանդային` կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով:

«Եթե դուք դիմակով չեք՝ դուք չեք հասնի»,- գրառումն ուղեկցում է տեսանյութին։