Գեղարվեստական հաղորդում (230)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ:
Օգոստոսի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեսպանության դիվանագիտական անձնակազմի ուղեկցությամբ այցելեց Արք․ Արտակ Մանուկյանի անվան թանգարան, որտեղ կազմակերպված է իրանահայ գեղանկարիչ Հակոբ Վարդանյանի նկարների ցուցահանդեսը։
Նկարների դիտումից հետո ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Իրանի ազգային կոմիտեի (ICOM IRAN) նախագահ Սեյյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբայիի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-իրանական մի շարք համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր։

«ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանն իրականացվելու է առցանց ձևաչափով: Նախագիծը կանցկացվի 2020 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: Այն ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հատուկ հյուրն է Մյունխենի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կլեմենս Շուլդտի ղեկավարությամբ: Նվագախմբի համերգը և փառատոնի մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին: Իր որդեգրած սկզբունքին համաձայն, «ՕՊՈՒՍ» փառատոնն առցանց տիրույթում ևս ներկայացնում է միջառարկայական մշակութային ծրագիր:
Փառատոնային հեռարձակումների շարքում, երաժշտությունից բացի, ընդգրկված են նաև արվեստի այլ ճյուղեր ներկայացնող թողարկումներ, ինչպես օրինակ՝ տեսարվեստ և փերֆորմանս, մեծ տեղ է հատկացվել նաև քանդակագործությանը և երաժշտությանը: Մասնավորապես, Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահի տարածքից հեռարձակվող հատուկ թողարկման ընթացքում ելույթ կունենա նկարչուհի Արև Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հոր՝ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի Դիլիջանում գտնվող ստեղծագործությունները: Քանդակագործության թեմայով մեկ այլ հաղորդում նվիրված է երևանաբնակ արվեստագետ Մանվել Մաթևոսյանի «Նոտաներից այն կողմ» աշխատանքին, որը նույնպես ոգեշնչված է Բեթհովենի երաժշտությամբ և ստեղծված հատուկ «ՕՊՈՒՍ 5» նախագծի համար: Վերոհիշյալ մասնակիցներից բացի փառատոնում ներգրավված են մի շարք նշանակալի երաժշտախմբեր և արվեստագետներ Հայաստանից և արտերկրից. Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը և դաշնակահար Մամիկոն Նահապետովը, կոմպոզիտոր Դմիտրի Մազուրովը և ժամանակակից երաժշտության GAM անսամբլը, դիրիժոր Նվարդ Անդրեասյանը, վիզուալ արտիստ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը, երաժշտական պրոդյուսեր, Riverside Studio-ի հիմնադիր Ռալֆ Քեմփերը և այլոք:
Նախագիծը կեզրափակվի Jazz weekend շարքով, որի ընթացքում ելույթ կունենան Gregory Privat Trio և Yottagon ջազային խմբերը: Հեռարձակումները կարելի է դիտել օգոստոսի 10-ից սեպտեմբերի 27-ը, ամենշաբաթյա պարբերականությամբ, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում ինչպես նաև հետևելով կազմակերպության էջերին սոցիալական ցանցերում:
Փառատոնն իրականացնում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Օգոստոսի 9-ին, հայ և սովետական կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբադժանյանի ծննդյան 100-ամյակի շեմին, Վլադիվոստոկում տեղի է ունեցել տրանսօվկիանոսային բեռնատար նավերից մեկը հռչակավոր կոմպոզիտորի պատվին անվանակոչելու միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Միջոցառման ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:
ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Առնո Բաբաջանյանը այսօր էլ շարունակում է մնալ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային ժառանգությունն է:
Բացման արարողությանը ներկա են եղել Պրիմորիեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարկիսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միության ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք:
Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որում Նևվելսկիի ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր ՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը:

Հոկտեմբերին Փարիզում կկայանա համաշխարհային հռչակ վայելող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարային պրեմիերան։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Fondation Cartier» հիմնադրամը։
Ֆիլմի պրեմիերային կհաջորդի Արտավազդ Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որ կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչ 2021 մարտի 7-ը։
«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմանադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համարտադրությամբ։
«Բնություն»-ը Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է, որտեղ «Դիստանցիոն մոնտաժ»-ի արքան կրկին անգամ ստեղծագործական անդրադարձ է կատարել բնության թեմային, օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

Հայտնի կոմպոզիտոր, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը Facebook-ի իր էջում ներկայացրել է «Հայաստանի հնագույն վանքերը» վավերագրական ֆիլմը։
37 րոպեանոց վավերագրական կինոնկարի տեքստը կարդում է հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան։ Ֆիլմում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատմում է հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման պատմությունը։
Կաթողիկոսի հետ զրույցում Նամինը պատմել է, որ առաջին անգամ այցելելով Ալավերդի և Սանահին վանք, նա զգացել է վանքերի վեհությունը։ Հենց այդ ժամանակ է հասկացել, որ իր պապը` Անաստաս Միկոյանը, որպես մարդ ձևավորվել է հենց սեմինարիայում սովորելով։ Ռեժիսորն ընդգծել է, որ իր ընտանիքի արմատները ԼՂ-ից են, և որ ինքը որդու հետ այցելել է ԼՂ։
«Այս մեծությունը տեսնելով` նա առաջին անգամ իրեն իսկական հայ զգաց։ Այստեղ ոչ թե քաղաքականության, այլ ազգի հարցն է, որը գոյություն ունի հազարամյակներ», – ասել է կոմպոզիտորը։
Ավելի վաղ Նամինը պատմել էր, որ ուզում էր ֆիլմի պրեմիերան անել գարնանը, սակայն քանի որ համավարակն իր շտկումները մտցրեց կինոթատրոնների աշխատանքում, որոշեց պրեմիերան տեղափոխել սոցցանցեր։ Նա նշել է, որ ֆիլմի թրեյլերը մոտ 300 հազար դիտում է հավաքել։ Նրա խոսքով` ֆիլմը ցուցադրվել է մի քանի միջազգային փառատոների ժամանակ, որտեղ դրական արձագանք է ստացել։ Սոցցանցերում ֆիլմը ևս մեծ պահանջարկ է վայելում։ Youtube–ում այն դիտել է մի քանի հազար մարդ, իսկ Facebook–ում` տասնյակ հազարավոր մարդիկ։

Էրմիտաժը սկսել է խմբային շրջայցեր իրականացնել Ձմեռային պալատի և Գլխավոր շտաբի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» -ն՝ վկայակոչելով թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Նրա խոսքով՝ էքսկուրսիաների համար հատուկ ընթացակարգ կասհմանվի և տուրիստները հինգ հոգանոց խմբերով կկարողանան մուտք գործել Էրմիտաժ։
Պիոտրովսկին նշել է, որ ապագայում թանգարանն աստիճանաբար մեղմելու է սահմանափակող միջոցառումները։
Նա նաև հիշեցրել է, որ մինչև 7 տարեկան երեխաները կարող են անվճար այցելել թանգարան, այլ արտոնյալ խմբերը կարող են անվճար այցելել թանգարան յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին։
Ներկայումս այցելելու համար բաց են նաև «Ստառայա Դերևնյա» վերականգնման և պահպանման կենտրոնը, Մենշիկովի պալատը և ճենապակի գործարանի թանգարանը: Անհատ այցելուների համար շրջայցերն անցկացվում են յուրաքանչյուր կես ժամը մեկ։

Առաջին հունական ստորջրյա թանգարանը բացվել է Ալոնիսոս կզղու մոտակայքում՝ Էգեյան ծովի արևմտյան շրջանի այն մասում, որտեղ մ.թ.ա. 425 թվականին նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Հունաստանի մշակույթի նախարարությանը:
Օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբեր թանգարանը հասանելի կլինի դայվերների համար, հետագայում այն կաշխատի մշտապես․ բացման արարողության ժամանակ ասել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին:
Վերջինս հայտնել է, որ դա Հունաստանի առաջին ստորջրյա հնագիտական հուշարձանն է, որը հասանելի կլինի հանրության համար:
Ուսումնասիրությունների համաձայն՝ մեր թվարկությունից առաջ 425 թվականին կործանված առևտրային նավը, որը, հավանաբար, հունական էր: Խորտակված նավը 1985 թվականին հայտնաբերել է տեղի ձկնորսներից մեկը:
Նշվում է, որ դայվերները կկարողանան սուզվել պլանշետի հետ միասին, որում տեղեկություն կլինի հնագիտական հայտնագործության մասին:

Արվեստաբան, «Վան Գոգի ինստիտուտ»-ի գիտական ղեկավար և նկարիչ Վինսենթ վան Գոգի մասին մի քանի գրքի հեղինակ Վութեր վան դեր Վեենը գտել է այն վայրը, որը պատկերված է նկարչի վերջին՝ «Ծառերի արմատներ» անավարտ կտավի վրա, փոխանցում է Meduza-ն։
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Դա Վան Գոգի վերջին կտավն է՝ արված մահից ամիսներ առաջ՝ 1890-ին։
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Վութեր վան դեր Վեենը, փակված լինելով տանը, որոշել է դասակարգել Ֆրանսիայի հյուսիսից (այնտեղ է Վան Գոգն անցկացրել իր կյանքի վերջին օրերը) թվայնացված բացիկները։ Հետազոտողի ուշադրությունը գրավել է 1905 թվականի մի նկար, որն արվել է Դոբինի փողոցում։ Նկարում հեծանվորդը կանգնած է բլրի վրա՝ խճճված ծառի արմատներով։ Նա ենթադրել է, որ բացիկի վրա պատկերված արմատները նման են «Ծառերի արմատները» կտավին և դիմել է Վան Գոգի թանգարանի մասնագետներին։ Վերջիններս «շատ հավանական» են համարել, որ նկարում ու բացիկի վրա նույն վայրն է պատկերված։
Հետազոտողը մայիսին այցելել է այնտեղ՝ Օվեր սյուր Ուազ։ Նրան Վան Գոգի կտավի տեղանքը գտնելու հարցում օգնել է տեղացի 104-ամյա մի բնակիչ։ Ծառը գտնվել է 150 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին 70 օրը։ Ըստ հետազոտողի՝ «այժմ կարելի է ասել, թե ինչով է զբաղվել Վան Գոգն իր կյանքի վերջին օրերին․ նա ամբողջ օրը նկարել է»:
Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսի 29-ին՝ մահացու վիրավորում ստանալուց երկու օր անց։ Ենթադրվում է, որ նկարիչը ինքնասպան է եղել։ Սակայն կա նաև վարկած, որ խմել է ու վեճի բռնվել երկու երիտասարդի հետ, որոնք էլ սպանել են նրան։