Ողջույն բարեկամ-225
«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու: Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը: Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ: Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։ Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես»: Ավետիք Իսահակյան
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Եթերում հայերեն ռադիոժամն է: Սիրով ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը, բոլորիդ մաղթելով առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։
***
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Այս տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:
Այս օրը պատարագի ավարտին եկեղեցում օրհնվում և բաժանվում են բազմախորհուրդ խաղողի ողկույզները։ Հնում ընդունված էր մինչև խաղաղօրհնեքը խաղող չճաշակել, տոնը նշվում էր ողջ համայնքով՝ մեծ հանդիսությամբ, երգ ու պարով։
Շնորհավորում ենք Ս․ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ։Շնորհավորում ենք նաև բոլոր նրանց ում անվանակոչության տոնն է այսօր։ Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի, Ձեր տոնը շնորհավոր։