Օգոստոս 18, 2020 15:10 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:

«2020 թվականը հանուն խաղաղության գրքեր»-ի հանձնաժողովի մասնավոր մրցանակը   հանձնվելու է մայեստրո Լորիս Ճգնավորյանին:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ հիշյալ հանձնաժողովը միաձայնությամբ Լորիս Ճգնավորյանին այդ մրցանակին արժանի  է համարել, որը նրան է հանձնվելու սեպտեմբերի 12-ին: Հանձնաժողովի նստավայրը Հռոմում է  եւ այն բաղկացած է մի քանի ոչ-պետական կազմակերպություններից, որոնք համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ խաղաղության մշակույթի տարածման բնագավառում: Հիշյալ մրցանակը հանձնվում է բարեգործական, մարդասիրական եւ խաղաղասիրական աշխատանքներ ծավալած անձանց, ի հիշատակ մեքսիկացի հանրահայտ լրագրող Խավիեր Վալդեզի, ով սպանվեց Մեքսիկայում թմրանյութերի մաքսանենգների դեմ պայքարի ընթացքում:

 

 

«ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանն իրականացվելու է առցանց ձևաչափով: Նախագիծը կանցկացվի 2020 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: Այն ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հատուկ հյուրն է Մյունխենի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կլեմենս Շուլդտի ղեկավարությամբ: Նվագախմբի համերգը և փառատոնի մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին: Իր որդեգրած սկզբունքին համաձայն, «ՕՊՈՒՍ» փառատոնն առցանց տիրույթում ևս ներկայացնում է միջառարկայական մշակութային ծրագիր:

Փառատոնային հեռարձակումների շարքում, երաժշտությունից բացի, ընդգրկված են նաև արվեստի այլ ճյուղեր ներկայացնող թողարկումներ, ինչպես օրինակ՝ տեսարվեստ և փերֆորմանս, մեծ տեղ է հատկացվել նաև քանդակագործությանը և երաժշտությանը: Մասնավորապես, Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահի տարածքից հեռարձակվող հատուկ թողարկման ընթացքում ելույթ կունենա նկարչուհի Արև Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հոր՝ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի Դիլիջանում գտնվող ստեղծագործությունները: Քանդակագործության թեմայով մեկ այլ հաղորդում նվիրված է երևանաբնակ արվեստագետ Մանվել Մաթևոսյանի «Նոտաներից այն կողմ» աշխատանքին, որը նույնպես ոգեշնչված է Բեթհովենի երաժշտությամբ և ստեղծված հատուկ «ՕՊՈՒՍ 5» նախագծի համար: Վերոհիշյալ մասնակիցներից բացի փառատոնում ներգրավված են մի շարք նշանակալի երաժշտախմբեր և արվեստագետներ Հայաստանից և արտերկրից. Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը և դաշնակահար Մամիկոն Նահապետովը, կոմպոզիտոր Դմիտրի Մազուրովը և ժամանակակից երաժշտության GAM անսամբլը, դիրիժոր Նվարդ Անդրեասյանը, վիզուալ արտիստ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը, երաժշտական պրոդյուսեր, Riverside Studio-ի հիմնադիր Ռալֆ Քեմփերը և այլոք:

Նախագիծը կեզրափակվի Jazz weekend շարքով, որի ընթացքում ելույթ կունենան Gregory Privat Trio և Yottagon ջազային խմբերը: Հեռարձակումները կարելի է դիտել  օգոստոսի 10-ից սեպտեմբերի 27-ը, ամենշաբաթյա պարբերականությամբ, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում` www.artconcept.am՝ ինչպես նաև հետևելով կազմակերպության էջերին սոցիալական ցանցերում:

Փառատոնն իրականացնում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ 100 վիշապաքար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դրանցից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր /փորնիվայր դրվել է ցեմենտի մեջ:  Հիշյալ օբյեկտներից չորսը գտնվում է Արագածոտնի մարզում, մեկը՝ Երևանում․ մասնավորապես, Դաշտադեմ գյուղի գերեզմանոցում, Դավթաշեն գյուղի այգում, Անտառուտ գյուղից վեր՝ Տիեզերական ճառագայթների հետազոտության Նոր Անբերդ կայանում, Արագածի Քարե լճի մոտ՝ Ա. Ալիխանյանի անվան տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում, Երևանի Օղակաձև այգում: Վերջինը բերվել է Գեղամա լեռների Աժդահայուրտ վայրից: Նշված վիշապաքարերից 4-ի դիրքն արդեն ուղղվել է։

Օգոստոսի 11-ին Երևանի օղակաձև զբոսայգում մասնագետներն ամփոփեցին վիշապաքարերի ուսումնասիրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ներկայացվեց նաև այգում ուղղահայց տեղադրված վիշապաքարը։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆորնիայի «Արարատ Էսքիճյան թանգարանի» հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վերահսկողությամբ և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Ծրագրին աջակցել է նաև «Նուշիկյան ասոցիացիան»: Գիտական վերահսկողությունն ու ղեկավարումն իրականացնում է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը:

Վիշապաքարերը, լինելով Հայկական լեռնաշխարհի ամենաուշագրավ հնություններից մեկը, իրենց հայտնաբերման սկզբից` 19-20-րդ դդ. սահմանին, արժանացան մեծ ուշադրության հետազոտողների կողմից: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2012 թ. սկսեց գիտական համագործակցություն, որի հիմնական խնդիրն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: Ուսումնասիրությունների արդյունքում  արշավախումբը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկություններ է մոտ 100 վիշապաքարերի մասին: Ընդ որում, դրանցից մի մաս նախկինում անհայտ էին:

 

 

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարիչ Գեղամ Ջեղալյանի արխիվին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշում է, որ Ջեղալյանի լուսանկարներում ներկայացված է 1945-1970թթ. Գազան:

«Kegham» լուսանկարչատունը նախորդ դարի կեսերին հայտնի էր ամբողջ Գազայում, իսկ Գեղամ Ջեղալյանը Գազայի հատվածի առաջին լուսանկարիչներից մեկն էր:

1945-1970թթ. նրա կողմից արված լուսանկարներում ներկայացված են 1959 թվականին Չե Գևարայի կատարած այցը, Եգիպտոսն ու Գազան միացնող երկաթուղային կայարանը, որն այլևս գոյություն չունի, և մի շարք այլ նշանակալի իրադարձություններ:

Մարվան Թարազին կարողացել է պահպանել Ջեղալյանի արխիվի մի մասը, թեև «Kegham» լուսանկարչատունն այժմ փակ է:

«Լուսանկարների արխիվացումը հեշտ չէր, սակայն դրանք մեր ժառանգությունն են, մեր մշակույթը: Ահա, թե ինչն է ինձ համար այդքան կարևոր»,- ասել է Թարազին:

Անահիտ Բութինը Գեղամ Ջեղալյանի ավագ դուստրն է: Նա այժմ բնակվում է Ֆրանսիայում, սակայն լավ է հիշում 1950-1960-ական թվականներին Գազայում անկացրած մանկությունը:

«Դրանք երջանիկ ժամանակներ էին: Որպես հայ` մենք շատ ցանկալի հյուրեր էինք Գազայում: Լավ կլիներ պահպանել պատմությունը, այս լուսանկարները արտացոլում են Գազայի բուռն ու զգացմունքային պատմությունը»,- նշել է Անահիտը:

 

2019 թվականին «SNKH» ճարտարապետական արվեստանոցը հաղթել է միջազգային մրցույթում և իրավունք վաստակել նախագծել և կառուցել Մոսկվայում «Գարաժ» մշակութային կենտրոնի ամառային կինոթատրոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արվեստանոց» ստուդիայի հիմնադիր Արսեն Շուռ Կարապետյանը։

«Սա շատ լավ նվաճում է բոլորիս համար, հեղինակավոր մրցույթ, կարևոր կենտրոն։ Աշխատել են վիրուսի պայմաններում՝ հեռակա, ռուսաստանցի կոնստրուկտորի հետ իրականացրել են մի բան, որի ոչ փորձը, ոչ գիտելիքը չեն ունեցել, քանի որ Հայաստանում նման օրինակ կառուցվածք ոչ ոք չի իրականացրել (կամ գոնե ես տեղյակ չեմ)։ Ու շատ լավ արձագանքի է արժանացել»,- գրել է նա։

 

 

69 տարեկան հասակում մահացել է Հոլիվուդի Արտաքին մամուլի ասոցիացիայի (HFPA) նախագահ Լորենցո Սրոիան, ով նաև պատասխանատու էր կինոնկարի և հեռուստատեսության ոլորտում նվաճումների համար ֆիլմերի հեղինակներին Ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակով պարգևատրելու համար։

«Ցավով հայտնում ենք Լորենցո Սորիայի մահվան մասին»,- ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Սորիան մահացել է իր իր տանը: Ասոցիացիան նշել է նաև, որ թիմը կկարոտի Սորիայի հումորը, չար ժպիտը և խոսքի իտալա-արգենտինական շեշտը:

Սորիան ծնվել է Արգենտինայում, մեծացել է Իտալիայում, որտեղ նա հետագայում խմբագրել է «L'Espresso» շաբաթաթերթը: 1982-ին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հոլիվուդյան աստղերի հետ հարցազրույցներ է անցկացրել և զեկուցել կինոյի և հեռուստատեսության ոլորտների միտումների մասին: 1989 թվականին Սորիան դարձել է HFPA- ի անդամ:

 

 

Միացյալ Նահանգները 2021 թվականին «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթի սեփական տարբերակը կանցկացնի: Այն կկոչվի American Song Contest (Ամերիկյան երգի մրցութ): Այս մասին հաղորդվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական կայքում։

Մտահաղացման համաձայն՝ մրցույթի ամերիկյան տաբերակում 5-10 նախընտրական փուլերում տարբեր նահանգներ ներկայացնող երգիչներ են պայքարելու։ Դրանից հետո անցկացվելու են կիսաեզրափակիչներ և եզրափակիչներ, որոնք հեռարձակվելու են ուղիղ եթերով։

Աղբյուրը մանրամասնում է, որ շոուի ստեծման վրա ժամանցի, երաժշտության և հեռուստատեսության ոլորտի մի քանի համաշխարհային առաջատար մասնագետներ են աշխատելու։ Մասնավորապես՝ որպես պրոդյուսերներ հանդես են գալու Անդերս Լենհոֆը, Փիթեր Սեթմանը, Բեն Սիլվերմանը և այլք։

Մրցույթից առաջ ԱՄՆ-ում երաժշտության ոլորտի մասնագետներից կազմված ժյուրիի թիմ կձևավորվի, որը հեռուստադիտողի հետ միասին յուրաքանչյուր նահանգից ընդհանուր 50 տաղանդավոր արտիստի կընտրի։ Դրանք կարող են լինել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ մինչև 6 հոգուց կազմված խմբեր։

 

Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գիտնականներն իտալացի այլ պրոֆեսորների հետ համագործակցության արդյունքում ստեղծել են Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ նկարիչ Ռաֆայել Սանտիի դեմքի եռաչափ պատկերը, որը տպել են եռաչափ տպիչով, որպեսզի պարզեն՝ իրականում ինչ տեսք է ունեցել Սանտին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս նպատակով օգտագործվել է իտալացի գեղանկարչի մնացորդների՝ 1833թ. տեղի ունեցած արտաշիրիմման ժամանակ գանգի արված կավե ծեփապատճենը:

Գիտնականները ստացված արդյունքը համեմատել են Սանտիի՝ 1506թ. արված հայտնի ինքնանկարի հետ, որն այժմ ցուցադրվում է Հռոմում: Մասնագետները պարզել են, որ ինքնանկարի ու իրենց ստացած եռաչափ պատկերի վրա գեղանկարչի աչքերն ու բերանը նույնն են, տարբերվում է միայն քիթը, որն իրականում կորություն է ունեցել, սակայն Սանտին, ամենայն հավանականությամբ, ինքն իրեն նկարելիս որոշել է դեմքի այդ հատվածն ավելի նուրբ ներկայացնել:

Ռաֆայել Սանտին մահացել է 1520թ.՝ Հռոմում: 37-ամյա գեղանկարչի մահվան պատճառը, ըստ ամենայնի, եղել է թոքաբորբը: