Օգոստոս 22, 2020 11:55 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև հայ-թուրքական լարվածություններին:

 

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։

«Նորդուզի սահմանը, որպես դեպի Եվրասիական շուկա Իրանի դարպաս, երկրի արտահանման և արտարժույթի ներգրավման մեջ կարևոր դերակատարում ունի և պայմաններ է ստեղծում Եվրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրեցօր ավելացող ներկայության համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուլֆայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրենի և սահմանային անցակետում տեղակայված գրասենյակների և կենտրոնների տնօրենների հետ համատեղ նիստում։

Դեսպանը սահմանային անցակետի գոյությունը նպաստավոր պայման է համարել Ջուլֆայի շրջանի և «Արաս» ազատ տնտեսական գոտու համար, հաստատել է ներդրումների ներգրավման, համագործակցության զարգացման և ծրագրման կարևորությունը։

Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետության միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գոտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գոտիներում և անցակետում համագործակցության զարգացումն ու խորացումը։

--------------------------

Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։

Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։

Ավելի վաղ «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով խորհրդական  Ղոլամռեզա Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կառույցը ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակություններին հրավիրելու համար համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ։

«Արաս ազատ տնտեսական գոտու կարողություններն օգտագործելով՝ Իրանի, Եվրասիայի և Կովկասի երկրների հետ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների զարգացման համար որոշվել է ընթացիկ տարում Արաս գոտում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Մոհսեն Նարիմանը։

ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով տեղակալ  Ղոլամռեզա Անսարին հանդիպման ընթացքում շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հավելել է.

«Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է այս հնարավորությունից օգտվենք և Իրան-Հայաստան ճանապարհը, որպես տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ, որը մեզ համար մեծ կարևորություն ունի, բոլորին ներկայացվի»։

Անսարին, կարևորելով Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը, շարունակել է.

«Անհրաժեշտ է օգտագործել Արաս գոտու, որպես դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ միակ դարպաս, առկա և պոտենցիալ բոլոր հնարավորությունները։ Այս երկրների հետ Արասի առևտրային կապերը և շրջանառությունը պետք է ոչ նավթային ապրանքների արտահանման առաջնահերթությամբ ավելացնել»։

---------------------------

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն անդրադարձել է մոտ ապագայում նախատեսվելիք ԵԱՏՄ ներկայացուցիչների տնտեսական համաժողովին, որը կկայանա Հայաստանի ու Իրանի սահմանին գտնվող ազատ տնտեսական գոտում։

---------------------------------------

Իրանի Արտահանման զարգացման բանկի միջազգային ներդրումների ու ֆինանսավորման վարչության պետ Քամրան Ռեզվանին անդրադառնալով Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործմանն, ասել է. «Այս նախագիծը, որն ավելի քան 83 միլիոն եվրո ներդրմամբ ֆինանսավորվել է Արտահանման զարգացման բանկի կողմից, շահագործման կհանձնվի առաջիկա վեց ամսվա ընթացքում»:

Ռեզվանին հավելել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանը էլեկտրաէներգիա է փոխանակում այլ երկրների հետ, Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման նախածգի իրականացումը կերաշխավորի Իրանի էլեկտրաէներգիայի արտահանումները դեպի  Եվրասիական երկրներ, և սա կարևոր քայլ է այս տարածաշրջանում արտահանման շուկաներ ձեռք բերելու համար»:

Իրան-Հայաստան  էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործումը, որը մաս է կազմում Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում, թույլ կտա էլեկտրաէներգիա արտահանել տարբեր երկրներ,  նույնիսկ Ռուսաստան:

----------------------------

ՀՀ պետական պարտքը 2020 թ․ 7 ամիսների ընթացքում ավելացել է 618․2 մլն դոլարով՝ մոտենալով 8 մլրդ դոլարին։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքից։

2019 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 321․3 մլն դոլար, իսկ արդեն 2020 թ. հուլիսի 30-ի դրությամբ այն հասել է 7 մլրդ 939․5 մլն դոլարի։ Միայն 2020 թ. հուլիսին պետական պարտքը ավելացել է 220․7 մլն դոլարով։

Հուլիսի 31–ի դրությամբ 7 մլրդ 939․5 մլն դոլարի պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ–ի 58.1 տոկոսն է կազմում։

7 մլրդ 939․5 մլն դոլար պետական պարտքից 7 մլրդ 460․9 մլն դոլարը Կառավարության պարտքն է, 478․6 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը։ ՀՀ արտաքին պարտքը հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 576․7 մլն դոլար է, ներքին պարտքը՝ 1 մլրդ 884․3 մլն դոլար։

---------------------------

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական կողմի համար հաղթական է համարում 2016թ. Ադրբեջանի սանձազերծած Ապրիլյան պատերազմը:

Այս մասին Սարգսյանն ասաց օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ընթերցելով Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի փակ նիստում իր ունեցած ներածական խոսքը:

«Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նվազագույն կորուստներով վիժեցնում է հարձակվողի մտադրությունները: Մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին՝ հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնենցնել փաստի առջև ու ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից ու իրենց ցանկացած օրակարգով: Ադրբեջանը նաև դիվանագիտական ասպարեզում պարտություն կրեց»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ պատերազմից խուսափել հնարավոր չէր:

Անդրադառնալով այն լուրերին, թե Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է սպառազինության խնդիր, Սարգսյանը նշեց, որ նման բան չի եղել:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավոր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և պատժել Ադրբեջանին կամ վերադառնալ ուժերի նախնական դասավորվածությունը, սակայն դա կարող էր ավելի մեծ մարդկային կորուստների բերել:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը հավելեց, որ որոշակի թերացումներով, այնուամենայնիվ պետութան գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս:

--------------------------

Ի հետևումն Հայաստանի հետ Թուրքիայի տարաձայնությունների և արձագանքելով Միջերկրական ծովում Թուրքիայի ռազմական տեղաշարժերին Երևանի իշխանությունների կատարած հայտարարություններին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հիշյալ հայտարարությունները վիրավորական է բնութագրել:

Թուրքիայի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր կերպով պատասխանելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող գործողությունների կապակցությամբ Հայաստանի պաշտոնական հայտարարությանը նշել է. «Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունների կատարած հայտարարությունները համարվում են վիրավորական ու անպատասխանատու»:

Նա նշելով, որ Հայաստանն աշխարհի աշխարհագրության ու այդտեղ իր զբաղեցրած դիրքի հետ կապված լուրջ շփոթմունքի մեջ է, ընդգծել է. «Քննարկվող թեման վերաբերում է Արևելյան Միջերկրականին, ոչ թե Սևան լճին»:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է. «Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային»:

«Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը»,-նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հայաստանը նաև վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ է արել Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները: