Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև հայ-թուրքական լարվածություններին:
------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի ուղղությամբ հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, և ժամանակն է, որ Ադրբեջանն ընդունի սա:
Այս մասին Փաշինյանն ասել է Անվտանգության խորհրդի օգոստոսի նիստում:
ՀՀ Վարչապետը նշել է, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն ԼՂ-ի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:
«Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական, և մեր դիրքորոշումն է, որ, այո՛, ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում:
Վարչապետը նշել է, որ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:
«Միևնույն ժամանակ, մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձևաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան»,- նշել է Փաշինյանը:
------------------------------
Մենք էլ ենք մեր տարբեր մեկնբանություններում նշել, որ Տավուշի իրադարձությունների ժամանակ եռանախագահների, առավել ևս Ռուսաստանի դերակատարությունը շատ կարևոր էր և նպաստեց նրան, որ մենք հասնենք դեէսկալացիայի:
Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատում է ԼՂ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ:
«Մենք եղել և մնում ենք հավատարիմ բանակցային գործընթացին: Մենք մշտապես նշում ենք, որ խաղաղ գործընթացը այլընտրանք չունի: Ցանկացած պահից անհրաժեշտ է աշխատանքները վերսկսել: Այդ առումով մեր վերջին հանդիպումը եղել է հունվարին, մենք նախանշել էինք մեր հաջորդ քայլերը, և այդ քայլերը մնում են ուժի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա խորհրդակցում են համանախագահների հետ, թե ինչպես արագ վերականգնեն իրենց աշխատանքները:
-------------------------------
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը կարեւոր տեղ կզբաղեցնի Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար Ջեյհուն Բայրամովը՝ այդ կարգավիճակում Մոսկվա առաջին այցի նախօրեին:
Հայկական կողմին մեղադրելով հուլիսին Տավուշի ուղղությամբ սադրանքների մեջ՝ նախարարն ասել է, որ Բաքուն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, այդ թվում՝ Ռուսաստանից, կառուցողական եւ բովանդակային բանակցությունների շրջանակներում խաղաղ գործընթացն առաջ տանելու հետեւողական քայլեր:
Օգտվելով Հայաստանին մեղադրելու հնարավորությունից՝ նախարարը մանրամասն թվարկել է ադրբեջանական կողմի կրած վնասները, չմոռանալով նշել հակամարտության «սկզբնական» պատճառները, ներկայացրել է ՄԱԿ բանաձեւերը, հղում է կատարել Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթին: «Այս առումով մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, կհարկադրեն Հայաստանին հրաժարվել ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունից եւ կսկսեն բովանդակալից բանակցություններ, որոնց շրջանակը հաստատվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձեւերով եւ ԵԱՀԿ որոշումներով, հիմնականում 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթը, որը համանախագահների առջեւ զինված հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի անհապաղ կնքման հանձնարարական է դնում, որի իրականացումը կվերացնի զինված հակամարտության հետեւանքները եւ քաղաքական հարցեր լուծելու համար պայմաններ կստեղծի»,- հայտարարել է նախարարը:
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների մոնիթորինգի մեխանիզմների ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ նախարարը վստահեցրել է, որ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մեխանիզմ արդեն գոյություն ունի՝ ի դեմս առաքելության, որը գլխավորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այնուհետեւ նա կրկնել է հայտնի խոսքերն այն մասին, որ «անհրաժեշտ է վերացնել օկուպացիան, այսինքն՝ հայկական Զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից: Օկուպացիոն ուժերի դուրսբերման ժամանակացույցի համաձայնեցումը պետք է լինի բանակցությունների առարկա: Մենք մոնիթորինգի հարցը դիտարկում ենք զորքերի դուրսբերման եւ վտարված բնակչության վերադարձի համատեքստում: Այս ուղղությամբ հետագա գործողությունները պետք է համապատասխանեցվեն տարածքների ազատմանը»:
Նրա խոսքերով՝ համանախագահները ցանկանում են այս տարվա աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ: «Սակայն Հայաստանի գործողությունները փաստացի առ ոչինչ են դարձնում միջնորդների ջանքերը»,- հավելել է Բայրամովը:
Նախարարը կրկնել է Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ նախատինքը:
------------------------------------
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Երևանում աշխարհազոր ստեղծելու` ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությանը։
-------------------------------------
Ադրբեջանում Իրանի նոր դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Սեյեդ Աբբաս Մուսավին, Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ երկու երկրները խորը կապեր և ընդհանրություններ ունեն, և որ Իրանի և Ադրբեջանի քաղաքական և բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է ՝ խորացնել և զարգացնել այդ հարաբերությունները: .
Անդրադառնալով Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությանը, Մուսավին հավելել է, որ այդ հարաբերությունների զարգացման համար կա լավ ներուժ:
Սեյեդ Աբբաս Մուսավին նախկինում զբաղեցնում էր Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պաշտոնը:
---------------------------
Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազա տեղակայելու հարցը հերթական անգամ հայտնվել է տարածաշրջանի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Այն դեպքում, երբ որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ մոբիլիզացվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում թուրքական ռազմազա հիմնելու նպատակով, Անկարայի ԶԼՄ-ները Արաքսի հյուսիսային հատվածում Թուրքիայի ռազմական ներկայությունը գնահատում են, որպես Ռուսաստանի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերությունների նախադրյալ:
Հարկ է նշել, որ Թուրքիայի լրատվամիջոցները, հատկապես Էրդողանի կառավարությանը հարող լրատվամիջոցները մշտապես բարձր դիրքից են նայում այլ երկրներում Թուրքիայի ռազմական ներկայությանը և փորձում են Թուրքիային համեմատել տարածաշրջանային ու միջազգային գերտերությունների հետ: Նման համեմատությունների առաջ քաշելը և Սիրիայում ու Իրաքում Թուրքիայի ձախողումները մինչ այժմ լուրջ վնասներ են հասցրել թուրք զինվորականներին ու նրանց ընտանիքներին:
Կասկած չկա, որ Ռուսաստանը դեմ է Ադրբեջանի հանրապետությունում Թուրքիայի ռազմական ներկայությանը, որի լրջանալու դեպքում կարձագանքի Անկարայի այդ քայլին: Ադրբեջանում չնայած թուրքամետ հոսանքին կապված որոշ լրատվամիջոցների քարոզչությանը, լուրջ դեմ են Անկարայի այդ քայլին:
Որպես օրինակ՝ քաղաքական հարցերի փորձագետ և Ադրբեջանի ժողովրդավարության ուսուցման և ընտրությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Անար Մամադլին «Օսման Ղիզի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իր դաշնակիցները: Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար կարող է Ուկրաինայի, Բելառուսի և նույնիսկ Թուրքիայի նման դաշնակիցեր ունենալ, սակայն Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն էլ պետք է չափ ու սահման ունենա: Երբեմն Թուրքիայի աջակցությունը հասնում է ծայրահեղ աստիճանի, ինչը կարող է վնասել Ադրբեջանի շահերին»:
1992-1993 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի փորձը ապացուցել է, որ Անկարայի իշխանությունները չնայած լուրջ կարգախոսներ են հնչեցնում Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ, բայց չեն ցանկանում ներգրավվել հայ-ադրբեջանական պատերազմում: Մինչդեռ թվում է, որ Անկարայի իշխանություններն առավելաբար ցանկանում են տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի առավելությունները ծառայեցնել Թուրքիայի ազգային շահերին: