Ողջույն բարեկամ-228
Բարև Ձեզ «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի սիրելի ունկնդիրներ։ Եթերում է Հայերեն ռադիոժամը։Սեպտեմբերի 5-ին մեր երկիր Իրանում հնչեց դպրոցի առաջին զանգը։Առաջին դասարանցիները դպրոց հաճախեցին։ Նրանք դեպի գիտելիք տանող ճանապարհին արեցին առաջին քայլը՝ քայլ դեպի դպրոց, քայլ դեպի ապագա։
Հարգելի բարեկամներ մեծ ցավով տեղեկացանք, որ օգոստոսի 27-ին մահացել է իրանահայ ճանաչված ազգային-հասարակական գործիչ եւ բարերար, գործարար Լևոն Ահարոնյանը։
Լեւոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին, հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում:
Նա երկար տարիներ եղել է Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ եւ ատենապետ։Նա առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման եւ զարգացման գործում։
1993 թվականին նա իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առեւտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։Բարերարի միջոցներով է կառուցվել Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտեզը։
Նա բարերարությամբ է զբաղվել նաեւ Հայաստանում. նրա ներդրմամբ վերանորոգվել են դպրոցներ, հիմնանորոգվել է Հայաստանի Բնության թանգարանը:Լեւոն Ահարոնյանը եղել է նաեւ «Յոյս» հասարակական-մշակութային հանդեսի հիմնադիրը:
Հայերենի ռադիոժամի տնօրենության և ողջ անձնակազմի անունից ցավակցություն ենք հայտնում Լեւոն Ահարոնյանի ընտանիքին եւ հարազատներին՝ կրած անփոխարինելի կորստի կապակցությամբ։
Բյուր հարգանք Լևոն Ահարոնյանի հիշատակին։