Գեղարվեստական հաղորդում (234)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:Ընկերակցեք մեզ։
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն ավարտվել է սեպտեմեբերի 1-ին՝ «Ֆրեսկո» 2020-ի լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ» մրցանակին արժանացած Աննա Հարությունյանի «Անիկո» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիտում-քննարկմանը մասնակցել է ռեժիսորը, ով ներկայացրել է ֆիլմը և վերջում պատասխանել արվեստասերների հարցերին։
Աննա Հարությունյանը նշել է, որ ֆիլմը ինքնակենսագրական բնույթ ունի և հաճելի է, որ փառատոնի շրջանակում «Անիկո» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել իր ծննդավայր Տավուշում:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետև օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած է եղել։Օգոստոսի 28-ին անց է կացվել Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը, օգոստոսի 30-ին՝ «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգը:
Փառատոնին այս տարի ներկայացված 3 000-ից ավելի հայտից (85 երկիր) ընտրվել էր 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել էին ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայ-ադրբեջական հուլիսյան սրացումներից հետո որոշել է մշակութային բովանդակությամբ հագեցնել Տավուշի մարզը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերաբերյալ մանրամասներ, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրույն ծրագրով կներկայանան «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում:
«Գիտեք, որ այս ծրագրի շրջանակում արդեն մի քանի խմբեր ելույթ են ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքներում, և ոգևորությունը պարզապես աննկարագրելի է: Սակայն այն, ինչ տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին, առանց չափազանցության համարում եմ պատմական իրադարձություն, որովհետև երբևէ չի եղել, որ այնպիսի ծանրակշիռ, հեղինակավոր, ահռելի պատմություն ունեցող փառատոն, ինչպիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն է, իր մեկնարկը տա Տավուշում՝ սահմանմերձ Բերդ քաղաքում, և երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝ Ֆիլհամոնիկ նվագախումբը ելույթ ունենա սահմանամերձ համայնքում»,- ընդգծեց Խզմալյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ է, որ այս երկու ծանրակշիռ նախագծերի համատեղ ներկայությունը սահմանագծին, նաև նախարարության աջակցությունը այս նախագծերին, չի կարող չփոխել առօրյան և չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը:
Փառատոնը, որի շրջանակում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ, անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Կանադայի մեծությամբ երկրորդ Մոնրեալ քաղաքում տեղադրվել է Կոմիտաս վարդապետի արձանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառմամբ տեղեկացրել է ՀՅԴ Հայ դատի Կանադային հանձնախումբը։
Արձանի հեղինակը Մկրտիչ Տարաքչյանն է։

Իտալական DELLA LESSINIA միջազգային կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվել է հայկական կինոյին՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմի համար։ Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։
Ավելի վաղ զրույցում Թամարա Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է.
««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին:
Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։
Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են: Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում»։

«Նախատեսվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ կոմպոզիտորներին նոր գործեր ստեղծելու պատվերներ տալ, ինչն անչափ կարևոր է ոլորտի թարմացման, որոշ առումով ոլորտը փրկելու համար»,- ասուլիսում ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը։
Ըստ նրա, կոմպոզիտորներն այսպես հնարավորություն կունենան ոչ միայն գործեր ստեղծել, նաև վարձատրվել․ այս բարդ օրերում կարևոր է նրանց սատարելը։
«Հանձնաժողով է լինելու, երիտասարդ ստեղծագործողներն էլ կլինեն, նաև սփյուռքում ապրող հայ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ ունենք, որոնք մեր աջակցության կարիքն ունեն»,- ասաց Ս.Հովհաննիսյանը։
Ստեղծագործությունները կհնչեն այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա գարնանը։
«Իսկ լավագույն գործերը, որոնք կունենան մեծագույն հաջողություն, կներկայացնենք մեր միջազգային ընկեր փառատոններին»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը։

Վենետիկում մեկնարկել է 77-րդ կինոփառատոնը։ Տոնական արարողության ընթացքում դերասանուհի Թիլդա Սուինտոնին հանձնվել է «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար։
Սուինտոնը ներկայացրել է Պեդրո Ալմոդովարի կարճամետրաժ ֆիլմը՝ «Մարդկային ձայնը», որում հանդես է եկել գլխավոր դերում: Ֆիլմն ընդգրկվել է փառատոնի արտամրցութային ծրագրում:
Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական ծրագրին մասնակցում են ավելի քան 60 ֆիլմ աշխարհի 50 երկրից։
Չնայած կորոնավիրուսային համաճարակին, կինոփառատոնի կազմկոմիտեն որոշել էր միջոցառումը չանցկացնել առցանց ձևաչափով: Այնուամենայնիվ, կազմակերպիչներն անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Վենետիկի ճարտարապետական 17-րդ բիենալեի մասնակից-երկրների 33 ազգային տաղավարների համադրողները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ artguide.com-ի հաղորդմամբ, նրանց կարծիքով, շարունակվող COVID-19 համաճարակի ֆոնին բիենալեի հիմնական հարցը՝ «Ինչպե՞ս ենք միասին ապրելու», նոր իմաստ է ստանում։
«Երբ մարդկանց կյանքն ու նրանց ապրուստը վտանգի տակ են, մենք պետք է վերագնահատենք այն, թե ինչպես ենք մտածում մեր մասնագիտության, մեր թիմային աշխատանքի և քաղաքաշինական միջավայրի մասին»:
Այս առումով կուրատորները հայտարարում են անկախ հարթակներ ստեղծելու մասին, որտեղ նրանք կկիսվեն ցուցահանդեսային բովանդակությամբ և կհետազոտեն նշանակալի կորելյացիաները:
Ենթադրվում է, որ նախագիծը կհանգեցնի հատուկ համագործակցության և համատեղ նախագծերի մասնագիտության նույն նպատակներն ու խնդիրները կիսող երկրների միջև: Ծրագրի վերջնական նպատակն է կուրատորների միջև տեղեկատվության անընդհատ փոխանակումը ոչ միայն 2021-ի բիենալեում, այլև Վենետիկի բոլոր ապագա բիենալեներում:
Վենետիկի ճարտարապետության 17-րդ բիենալեն տեղի կունենա 2021 թվականի մայիսի 22-ից նոյեմբերի 21-ը: Այն 2021 թվական տեղափոխելու մասին որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ պարզ էր, որ 2020 թ.-ին նախատեսված ցուցահանդեսը չի կարող կազմակերպվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Բիենալեն պետք է բացվեր 2020 թվականի օգոստոսի 29-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին։
Հոլիվուդյան կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան պատրաստվում է ներկայացնել դասական դարձած «Կնքահայրը» եռապատման վերջին մասի նոր տարբերակը, որը սահմանափակ քանակով կինոթատրոններում կհայտնվի արդեն դեկտեմբերին: Ավելի ուշ ֆիլմը հասանելի կլինի նաև թվային հարթակներում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ռեժիսորը կկտրի օրիգինալ ֆիլմի սկիզբն ու վերջնամասը՝ դրանք փոխարինելով նոր տարբերակներով:
Կոպպոլայի խոսքով՝ ֆիլմի նոր տարբերակն ավելի շատ կհամապատասխանի իր հեղինակային տեսլականին:
Հատկանշական է, որ ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի նոր վերնագրով:
Paramount կինոընկերության տարածած հայտարարությունում նշվում է, որ Կոռլեոնե ընտանիքի վերելքի և անկման մասին պատմող եռապատման վերջին ֆիլմը մեծ հաջողություն չի ունեցել, մինչդեռ դրա նոր տարբերակը կներկայացնի ռեժիսորի և սցենարի հեղինակ Մարիո Պյուզոյի օրիգինալ տեսլականը եռապատման վերջի համար: