Սեպտեմբեր 15, 2020 09:20 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:Ընկերակցեք մեզ։

 

Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է հեղինակի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն և «Իմ թռչունը» վեպը։ Երկու գիրքն էլ պարսկերենից թարգմանել է Գևորգ Ասատրյանը։

«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին, տպագրվել է 1999 թվականին և մինչև օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել: Այն թարգմանվել է մի շարք լեզուներով: Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են:

«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների: Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն: Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է. նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:

 «Ֆարիբա Վաֆիի ստեղծագործություններն առանձնանում են իրենց պարզ, բայց կուռ ու ամբողջական կառուցվածքով: Նա մինիմալիստական է համարվում թերևս ոչ այնքան հարուստ, սահմանափակ բառապաշարի և հիմնականում կարճ ու պարզ նախադասություններ օգտագործելու պատճառով: Պարզությունը, պատմելու հանդարտ ու զուսպ,  թեթևակի հեգնախառն ու փայլուն ոճը Վաֆիի արձակի ամենաբնորոշ կողմերից են: Եվ նա պարզ  միջոցներով, սակայն ինքնատիպ ու հիշվող փոխաբերություններով, հստակ, վառ ու պայծառ պատկերներով արտացոլում է Իրանի ժամանակակից կյանքը, բարդ ու բազմազան իրականությունը»,- նշում է Գևորգ Ասատրյանը։

Ֆարիբա Վաֆին ծնվել է 1963 թվականին Թավրիզ քաղաքում: Ստեղծագործել է դպրոցական նստարանից: Առաջին ժողովածուն տպագրել է 1996 թվականին՝ 33 տարեկանում: Ութ վեպի և պատմվածքների մի քանի ժողովածուների հեղինակ է: Արժանացել է իրանական և միջազգային բազմաթիվ գրական մրցանակների: Նրա գրքերի մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, գերմաներն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն, նորվեգերեն, թուրքերեն և այլն:

 

 

ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Քլոե Չժայի «Նոմադլենդ» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը»:

Այս մասին շաբաթ հայտարարել է միջազգային ժյուրին՝ դերասանուհի Քեյթ Բլանշետի գլխավորությամբ:

«Նոմադլենդը» փաստավավերագրական ժապավեն է ԱՄՆ-ում «նոր քոչվորների» մասին, մարդկանց, որոնք ապրում են փողոցներում: Ֆիլմը սկզբից ևեթ համարվում էր մրցույթի ֆավորիտը:

Ո՛չ ռեժիսորը, ո՛չ գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս Մակդորմանդը չէին ժամանել Վենետիկ: Ֆիլմի ցուցադրության օրը նրանք տեսակամրջով էին միացել ասուլիսին:

Ճապոնացի ռեժիսոր Կիյոսի Կուրասավայի «Լրտեսի կինը» ֆիլմն արժանացել է «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

Մրցույթի հիմնական ծրագրում 18 ֆիլմ էր առաջադրվել:

Այս տարվա փառատոնում փայլեցին նաև իրանական կինոն ներկայացնող ֆիլմերը շահելով մի քանի արժեքավոր մրցանակներ:

Ահմեդ Բահրամիի պատրաստած «Լուռ դաշտը» ֆիլմը շահեց «Հորիզոններ» բաժնի լավագույն ֆիլմի մրցանակը: «Լուռ դաշտը» նաև շահեց Միջազգային կինոքննադատների միության «Ֆիպրեշի»-ի մրցանակը:

«Լուռ դաշտը» Լոթֆոլլահ անունով բանվորի պատմությունն է, որն աշխատում է աղյուս արտադրող մի գործարանում: Գործարանի տերը մի օր հավաքում է աշխատողներին ու նրանց տալիս է մի լուր, որը խնդիրներ է առաջացնում բոլոր աշխատողների կյանքում: Ահմեդ Բահրամին տեսաուղերձում իր շահած մրցանակը նվիրեց Իրանի ժողովրդին, որը պատժամիջոցների պատճառով ծանր պայմաններում է գտնվում:

Վենետիկի կինոփառատոնի «Մարչելո Մաստրովիանի»-ի անունով կոչվող և նորահայտ լավագույն դերասանին տրվող մրցանակը հանձնվեց Մաջիդ Մաջիդիի պատրաստած «Խորշիդ» ֆիլմի դերասան Ռուհոլլահ Զամանիին:

Վենետիկի կինոփառատոնում Իրանի կինոյի երրորդ ներկայացուցիչ Շահրամ Մոքրիի պատրաստած «Անուշադիր հանցագործություն» ֆիլմը ևս շահեց Կինոքննադատների անկախ միության լավագույն կինոսցենարի կողմնակի մրցանակը: 

 

 

83 տարեկան հասակում մահացել է իրանահայ ճանաչված գրաֆիստ Սերժ Ավագյանը:

Սերժ Ավագյանը ծնվել էր 1937 թվականին Թավրիզում: Միջնակարգ ուսումն ավարտելուց հետո մեկնել էր Անգլիա, ուր ավարտել էր Լոնդոնի «Կրոյդոնի կերպարվեստի համալսարան»-ի տեսողական արվեստի, եւ Լոնդոնի համալսարանի գեղանկարչության բաժինները:

Վերադառնալով Իրան, հիմնադրել էր իր սեփական արվեստանոցը եւ զբաղվել էր գրաֆիկայով: Սերժ Ավագյանը համարվում է Իրանի արդի տեսողական արվեստի եւ գրաֆիկայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, եւ գրաֆիկական նոր մասնագիտությունների՝ հեռուստատեսային գրաֆիկական դիզայնի եւ գրաֆիկական տպագրության հիմնադիրը:

Նա մի շարք հայտնի իրանական ապրանքանիշերի հեղինակն է, որոնք տասնամյակների ընթացքում պահպանել են իրենց թարմությունն ու արդիականությունը: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը «Փոֆաք նամաքի»-ի ապրանքանիշն է, որը «Մինու» ընկերության կողմից արդեն չորս տասնամյակ է, ինչ օգտագործվում է առանց որեւէ փոփոխության:

 

 

Սեպտեմբերի 12-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում տրվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը։

Բացօթյա համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները։ Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին միացավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Նվագախումբը բազմիցս է ներկայացնում հայ տաղանդավոր երաժիշտներին՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում։

Օվսաննան առաջին անգամ չէ ելույթ ունենում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ 2020 թ․-ի ամռանը «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի շրջանակում ջութակահարուհին Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ):

 

 

Համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։

Տոմսերից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին: Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 27-ը։

 

 

Հայ մեծանուն գրող Րաֆֆու «Խենթը» վեպի անգլերեն թարգմանված նոր տարբերակը լույս կտեսնի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է «Սոֆեն» հայկական գրադարանի թվիթերյան էջը:

«Շատ ուրախ ենք տեղեկացնելու հայ գրականության ամենահայտնի գործերից մեկի` «Խենթ»-ի մեր առաջիկա թարգմանության մասին: Սա այն է, ինչ մարդիկ ուզում էին, ուստի՝ մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի կարողանանք հրատարակել այն 2020 թվականին` վեպի 140-ամյակին»,-գրված է գրադարանի օգտահաշվում:

Ավելի վաղ` 1950 թվականին, վեպն անգլերեն էր թարգմանել Ջեյն Ուինգեթը:

Այնուամենայնիվ, ըստ գրադարանի, Ուինգեյթը «փոխել էր սյուժեի մի մասը, բաց էր թողել որոշակի հատվածներ և տեղ էր տվել որոշակի ազատականությունների», ուստի՝ կատարելագործված տարբերակը անհրաժեշտություն է:

Վեպի նոր թարգմանության տարբերակը հովանավորվել է Քիմբերլի Մակֆարլենի և Բեյոն Միլոյանի կողմից:

«Խենթը» Րաֆֆու ամենահայտնի վեպերից է, դրա գործողությունները ծավալվում են 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի ֆոնին:

 

 

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային 18-րդ մրցույթը չի հետաձգվելու և նոյեմբերի 29-ին անցկացվելու է հեռուստակամրջի միջոցով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի Ակադեմիային, որտեղ անցկացվում է ռուս մասնակիցների ընտրությունը։

Կազմակերպիչները նշել են, որ պրոֆեսիոնալ թիմն ու հաղորդավարները կլինեն Վարշավայում՝ ստուդիայում, իսկ մասնակիցներն իրենց երգերը կատարելու են իրենց երկրից՝ ստուդիայից։ Օբյեկտիվության համար բոլոր ստուդիաները կօգտագործեն նմանատիպ բեմական դասավորություն և տեխնիկական լուսավորություն:

Մրցույթի եզրափակչում ելույթ կունենան երիտասարդ կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից:

 

Իսպանիայի ոստիկանությունը լոնդոնյան աճուրդում հայտնաբերել է կատալոնացի հանրահայտ նկարիչ Խոան Միրոյի վրձնին պատկանող կորած կտավը, և այն վերադարձրել օրինական տիրոջը:

Նշվում է, որ իսպանացի հավաքորդը կտավը վաճառել էր Լոնդոնի բնակչին, սակայն առաքման ժամանակ այն անհետացել էր:

Հետաքննությունը սկսվել է անցած տարվա հուլիսին՝ մադրիդյան տրանսպորտային ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքից հետո։ Ընկերությունը հայտնել էր Խոան Միրոյի կտավի անհետացման մասին, որը իսպանացի հավաքորդը վաճառել էր Լոնդոնի քաղաքացուն, բայց այն այդպես էլ չէր հասել գնորդին:

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել էին, որ աշխատանքը առաքվել է մեկ այլ հասցեատիրոջ, սակայն վերջինս հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ կտավը հետ է ուղարկել Իսպանիա։

Մեկ տարի տևած հետաքննությունից հետո կտավը հայտնաբերվել է Լոնդոնի աճուրդում․ կտավի մոտավոր արժեքը գնահատվում է 10 հազար եվրո (գրեթե 12 հազար դոլար)։

Բրիտանացի իրավապահ մարմինները պահանջել են աճուրդից հանել աշխատանքը և այն վերադարձրել են իսպանացի սեփականատիրոջը: