Սեպտեմբեր 19, 2020 11:51 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև ԼՂ-ի շուրջ հակամարտությանը:

 

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ընդլայնման ծրագրի իրականացման, այդ նպատակով կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի, ինչպես նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման անհրաժեշտության վերաբերյալ:

Կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով կնքված արձանագրության դրույթների իրականացման և երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացմանն ուղղված քայլերը: Հանդիպմանն ընդգծվել է նաև Իրանի համար Հայաստանի կարևոր դերակատարումը` որպես Եվրասիական տնտեսական միության շուկա մուտքն ապահովող տարանցման ուղի:

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները և պայմանավորվածություն ձեռք բերել հետամուտ լինել հետագա փոխգործակցության ամրապնդմանը:

ՀՀ ՊԵԿ ղեկավարությունը հավաստիացրել է, որ ՀՀ և ԻԻՀ միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

Նշենք, որ Մեղրիի սահմանային անցման կետի արդիա­կանացման և ժամանակակից համակարգերով վերազինման հարցն ընդգրկված է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական զարգացման ծրագրում:

--------------------------------

Ադրբեջանում Իրանի դեսպանը, նշել է, որ պատմության ընթացքում երկու երկրների հարաբերություններն այդքան խորը չեն եղել որքան հիմա:Նա հավելել է. «Թեհրան-Բաքու հարաբերություններն զարգանում են բոլոր հարթություններում»:

Բաքվում կայացած իր առաջին մամլո ասուլիսում, Ադրբեջանում Իրանի նոր դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալն Իրանի  առաջնահերթություններից է՝ հավելելով. «Իրանը հատուկ հարգանք ունի Ադրբեջանի  նկատմամբ և հարգում է այդ երկրի  անկախությունը,  ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Անդրադառնալով արտոնյալ առևտրային համաձայնագրի ստորագրման համար Իրանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մեկնարկին, Մուսավին ասել է. «Այդ կապակցությամբ, մոտ ապագայում, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը  և Հասան Ռոհանին կմասնակցեն երկու երկրների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կայանալիք վիրտուալ հանդիպմանը:

Ադրբեջանում Իրանի դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրների տարածաշրջանային փոխգործակցությանը, նշելով. «Տարածաշրջանային և միջազգային կառույցներին անդամակցելուց բացի, Թեհրանը և Բաքուն մասնակցում են նաև բազմակողմ ծրագրերի գործադրմանը»:

Մուսավին նշել է. «Իրանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

--------------------------

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական։ Հայտարարությունը բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին համապատասխանում է»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը բանակցային գործընթացում ունի սկզբունքներ։ «Արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց և ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, մինչև այս հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի, որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա»,- հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ նախապայման ունի Ադրբեջանը, ով ասում է, որ ԼՂ-ը (Արցախ) պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է։ Այն է՝ Արցախի հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում։ «Իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը՝ մենք ասում էինք, որ Հայաստանի և    ԼՂ-ի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- ասաց Փաշինյանը։

---------------------------------

Տնտեսագետ Հայկ Բեջանյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետի՝ կառավարության նիստում հնչեցրած տնտեսական գնահատականները ու եզրահանգումները։ 

--------------------------------------

ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրությունից հետո, այդ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կայացել է փակ դռների հետևում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը և այս երկրի նախկին նախագահի դատավարությունը մեծ նշանակություն ունեն Երևանի կառավարության և հայ հասարակության համար:

Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամներին փոխելու մասին Երևանի կառավարության որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ անդամները ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի  կամակատարներն են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի հուլիսին հայտարարությամբ հանդես գալով ընդգծել էր, որ «Սահմանադրական դատարանը բաղկացած է նախկին ռեժիմի կողմնակիցներից և այն պետք է վերանայման ենթարկել»:

Հայաստանի  Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրությանը զուգահեռ մեկնարկեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների  գործով դատական նիստը:

Դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում է քննել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։

Քանի որ հրապարակվում են գաղտնի տեղեկություններ, բանկային գաղտնիքներ և այլն,նիստն ընթանում է դռնփակ:

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության  ընդդիմադիր՝ Ռոբերտ Քոչարյանը դատարանի առաջ է կանգնել  մի քանի մեղադրանքներով ՝ ներառյալ խոշոր չափի կաշառք ստանալու  և ընդդիմադիրներին ճնշելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանի դատավարությունն ընթանում է այն դեպքում, երբ շատ հայ փորձագետներ ասում են, որ Քոչարյանին 2008 թվականի մարտին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելով և նրան քրեական հետապնդման ենթարկելու  հրաման արձակելով Նիկոլ Փաշինյանը մեծ սխալ է թույլ տվել և ակամա նախկին նախագահի Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու ենթահող է ստեղծել:

Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ ևս նման դիրքորոշում ունեն: Որպես օրինակ, Հայաստանի Ազգային ժողովրդավարական միություն («ԱԺՄ») կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասել է.« Քոչարյանի ձերբակալությունը Հայաստանը  տանում  է դեպի 1937 թ. Խորհրդային բռնապետ Ժոզեֆ Ստալինի կառավարության տարիներին իրականացվող համատարած ձերբակալությունների ու մահապատիժների ժամանակաշրջանը»:

Չնայած Քոչարյանի կողմնակիցների կոշտ դիրքորոշումներին, Հայաստանի քաղաքական հարցերի փորձագետ Ստեփան Գրիգորյանը նման հայտարարություններն անհիմն որակելով ասել է.«Ինչպե՞ս կարելի է  Քոչարյանի ձերբակալությունը համեմատել Ստալինի բռնապետության մութ տարիների հետ»:

---------------------

Կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացիների մասին ամեն օր աճող թվեր են հրապարակվում Թբիլիսիի ԶԼՄ-ներում:

Վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 2500 դեպքեր են արձանագրվել շուրջ 4 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն այդ երկրում հիվանդության 2562 դեպք է արձանագրվել, որոնցից 1369-ը բուժվել են: Այս պահին կորոնավիրուսով վարակված 836 քաղաքացիների բուժում են ստանում Վրաստանի հիվանդանոցներում:

Անհրաժեշտ է հիշատակել, որ Վրաստանի տարածքում ԱՄՆ-ի միկրոբիոլոգիական 4 լաբորատորիաների աշխատանքն աշխարհի այլ երկրների համեմատությամբ այդ երկրի պայմանները յուրահատուկ է դարձրել:

Համավարակի պատճառով Վրաստանում դպրոցների և համալսարանների ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկը հետաձգվել է: Այդ երկրում ուսումնական տարին առցանց կերպով սկսվել է սեպտեմբերի 15-ից, սակայն դպրոցների և համալսարանների պաշտոնական բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: