Սեպտեմբեր 22, 2020 08:32 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։

 

Իսլամական հեղափոխության հաղթանակի ամյակներին նվիրված «Ֆաջր» ամենամյա միջազգային փառատոնը, երկարատեւ դադարից հետո, վերջապես ճանաչեց «Զարդեղենի եւ հագուստի մոդելավորման առաջին մրցույթի» հաղթողներին: Զարդեղենի մոդելավորման մրցույթի հաղթող է ճանաչվել Մեղեդի Միքայելյանը:

Թեհրանում հրապարակվող «Ալիք»-ի հետ զրույցում Մեղեդի Միքայելյանը պատմելով մրցույթի հետաձգման պատճառների մասին, նշեց, որ փառատոնի ժամանակացույցի համաձայն արդյունքները պետք է հայտարարվեին մարտ ամսվա երկրորդ կեսին, սակայն համաճարակի բերումով այն անորոշ ժամանակ հետաձգվեց: Նա հավելեց, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել օնլայն կարգով:

Մեղեդի Միքայելյանը «Ֆաջր»-ի գլխավոր մրցանակի է արժանացել զարդեղենի ձեւավորման անվանակարգում: Նա հայտնել է, որ նորաձեւության այս մրցույթ-փառատոնում զարդեղենի ձեւավորման մրցույթը կրում էր «ՄԵ՛ՐԱ՛Ջ» անունը եւ նվիրված էր ուկրայինական կործանված ուղղաթիռի զոհերի հիշատակին: «Կարելի է պատկերացնել, որ ներկայացրած նախագիծը թեմային համահունչ ձեւավորման կողքին պետք է, որ ունենար համապատասխան պատկերագրություն: Երկինք ճախրող թիթեռնիկի պատկերը հուշող ներկայացրած մատանու հետ միասին ընտրել էի Սեյեդ Ալի Սալեհիի քերթվածքը, որի համար շնորհակալ եմ հեղինակին»,- նշում է նա:

Մեղեդի Միքայելյանը 21 տարեկան է, սովորում է «Փարս» արվեստի եւ ճարտարապետական համալսարանում: Նախնական կրթությունն ստացել է հայոց ազգ. «Արաքս» դպրոցում:

 

 

Հայաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությունը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 108 կողմ ձայն:

Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի և հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներդրմանը, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը և մրցունակության բարձրացմանը:Առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ՝ ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտը ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում:

Գործադիրը նախագծի վերաբերյալ ներկայացրել էր մի շարք առարկություններ և առաջարկներ:

 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17–րդ կինոփառատոնի  խաղարկային  ֆիլմերի  ժյուրին  այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ ավարտված Վենետիկի 77–րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4-րդ անգամ առանց մրցանակի չլքելով Լիդո կղզին: Նախորդ մրցանակների թվում էր «Ոսկե առյուծը» «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։

Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծը» «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների:

«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով հրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,-նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ 2020-ի հուլիսին փառատոնը ներկայացավ արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերով ու նախագծերով, որոնք անցկացվեցին  առցանց եղանակով հուլիսի 13-16-ը՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

 

 

Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը 2020-ին կանցկացվի սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ընդգծում է, որ վերջապես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իրականանում է վեց տարվա իր փայփայած կարևոր երազանքներից մեկը՝ «Գութան»-ը՝ սահմանապահ Տավուշում:

Փառատոնին այս տարի կմասնակցի 13 կոլեկտիվ: «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդվին», «Մասունք, «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» և «Մարաթուկցիներ» ազգագրական խմբերը ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ-մեկ համայնք ձևաչափով, այնուհետև բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը:

«Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ համավարակի պատճառով արտիստները, զրկված լինելով կենդանի համերգների և հաղորդակցության հնարավորությունից, ունեցան ստեղծագործական երկարատև դադար, և «Գութան»-ի շնորհիվ իրենց կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ տավուշցիներին:

Կազմակերպիչները փառատոնի միջոցով ցանկանում են իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել տավուշցիներին և 3-րդ բանակային կորպուսի քաջարի զինվորներին, զինվորականներին՝ հայրենիքի դարպասները ամուր և երկինքը խաղաղ պահելու համար։

««Գութան»-ի նպատակն է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը»,- նշում է Արսեն Գրիգորյանն ու տեղեկացնում, որ փառատոնը բացառիկ է նաև իր հասանելիությամբ, բացօթյա է և անվճար, նախատեսված սոցիալական բոլոր խմբերի համար:

Փառատոնն իրականացվելու է նույն տեխնիկական ձևաչափով ու որակով, ինչպես անցած 6 տարիներին: Երևանից Բերդ կտեղափոխվի հզոր և ժամանակակից մեծ բեմ, լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու են ամբողջությամբ կենդանի հնչողություն և կատարումներ

Փառատոնի ընթացքում կպահպանվեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհի միջոցով  իրականացվում է «Հայ երգը դարերից»  ծրագիրը: Ընդհանուր 3 մլն 600 հազար դրամ արժողությամբ ծրագիրը ներառում է կրթական մեծ բաղադրիչ, որի նպատակն է ներկայացնել հայ երաժշտության  իրական ակունքերը: Ծրագրի շրջանակներում նկարահանվելու է 5 ֆիլմ՝ «19-րդ դարի Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցը», «Շիրակյան ժողովրդական երգերը», «Ազգայինը՝ դասականում և դասականը՝ ազգայինում», «Անդրկովկասի մշակութային կենտրոնները»:  Եվս մեկ հաղորդում նվիրված է լինելու Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի պատմությանը:  Ծրագիրն իրականացվում է Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի կողմից:

Արդեն պատրաստ է առաջին՝ «19-րդ դարի Ալեքսադրապոլի աշուղական դպրոցը» հաղորդումր: Այն ոչ միայն լավ տեսանյութ կհանդիսանա կոնսերվատորիայի ուսանողների, այլ նաև ավելի լայն շրջանակի համար, կտարածվի նաև երաժշտական ու հանրակրթական դպրոցների  աշակերտների շրջանում:  «Ծրագիրը մշակեցինք  արտակարգ իրավիճակի ընթացքում  ու շահեցինք նախարարության դրամաշնորհը, որի շրջանակներում 5 հաղորդում է նկարահանվելու: Յուրաքանչյուր հաղորդման մեջ խոսելու են արվեստագետներ, երաժշտագետներ: Ֆիլմերում լինելու են նաև ստեղծագործություններ՝ հատուկ այս ծրագրի շրջանակներում արված ձայնագրություններ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար,  Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի դիրիժոր ու մենակատար Կարեն Մայիլյանը՝  կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականցումը որպես  ազգային մշակույթը պահպանելու հնարավորություն: «Հայաստանում այսօր, օրինակ, քիչ են քահամանչահար  երիտասարդները, պետք է այնպես անել, որ իրական ազգային մշակույթը՝ այդ թվում նաև նվագարանները, չկորչեն, իսկ դրա համար պետք է ազգայինն ավելի շատ պրոպագանդենք»,- հավելեց Կարեն Մայիլյանը:

«Հաղորդման ձևաչափը նրանով է հետաքրքիր, որ շատ հանրամատչելի է ու ներկայացնում է մշակութային այս շերտի խորքերը: Ունի ուսուցողական ու ճանաչողական բնույթ ու մեր ժառանգության հանրահռչակման կարևոր նպատակ: Պետք է բոլոր հարթակներով խոսենք, որ իրական մշակույթը հետ բերենք ու ներկայացնենք մեր սերունդներին: Կարևորը վատորակ, սիրողական ու խառնածին մակարդակից հրաժարվելն ու արժեքները գրագետ ու ճիշտ պահելն է։ Շատ ուրախ եմ, որ այս դրամաշնորհը հենց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից է իրականացվում»,- նշում է ծրագրի մասնագիտական խորհրդատու, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը:

Ծրագիրը նախատեսված է ավարտել դեկտեմբերին:

 

 

Սեպտեմբերի 18-ին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին բացվել է Սան Սեբաստիայի 68-րդ միջազգային կինոփառատոնը: Եվրանյուզի հաղորդմամբ, ֆորումի մասնակիցների և հյուրերի  առողջության ապահովման համար տեղական իշխանությունները և կազմակերպիչները ձեռնարկել են մի շարք հատուկ միջոցառումներ` կրճատելով, մասնավորապես, հանդիսատեսի առավելագույն թույլատրելի քանակը և սահմանափակելով կինոդիտումների քանակը:

Փառատոնի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ, որոնց ժյուրին այս տարի ղեկավարում է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն, կանցկացվեն առցանց, բայց հանդիսավոր բացմանը մեկ անգամ չէ, որ հնչել է՝ կինոն, ըստ էության, ավելի լավ է դիտել կինոթատրոնում:

«Կինոն երբեք չի մեռնի»,- հայտարարել է փառատոնի հյուր, Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Սան Սեբաստիայի փառատոնն անցկացվում է 1953 թվականից և համարվում է ամենահեղինակավորներից մեկը Եվրոպայում: Այն մեկ անգամ չէ, որ դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խորհրդանշական պրեմիերաների հարթակ: