Սեպտեմբեր 28, 2020 15:22 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:Ընկերակցեք մեզ:

Իրանահայ հայտնի թարգմանիչ, դերասան և ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանի գործերին լավածանոթ է իրանցի ընթերցողը՝ ցայժմ նա չորս տասնյակի հասնող գրքեր է թարգմանվել հայ անվանիներից ու հրատարակել, որոնցից մի քանիսը հասել են երկրորդ և երրորդ տպագրության, որոնց շարքում օրերս ավելացավ նաև Սերո Խանզադյանի՝ «Քարանձավի բնակիչները»:

Ավնանի գրողի վիպակը պարսկերեն թարգմանությամբ,առաջին անգամ տպագրվել է հինգ տարի առաջ, երկրորդ անգամ՝ 2019 թ.-ին:

Պատմությունն այն մասին է, որ «Վանիկն ու Ղափլանն ընկնում են քարանձավ և այնտեղ ապրում 93 օր։ Վանիկը պետք է իր հորը ուտելիք տաներ, բայց ճանապարհին ոտքերի տակ չնայեց, դիպավ սառույցին ու ընկավ քարանձավ։ Իր մոտ ուներ մի քանի լավաշ, հավ, ընկույզներ, գրքեր, լապտեր և այլն։ Վանիկը հաշվեց, թե մոտավորապես ինչքան ժամանակից իրեն կազատեն (90 օր), ու իր մոտ եղած ուտելիքները փորձեց բաժանել այդքան օրերի վրա։

Տարբեր արկածների, անհաջողությունների ու հաջողությունների հանդիպելով 93 օր հետո կարողացավ դուրս գալ քարանձավից»։

 

 

Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Վարդապետի  151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, դերակատարները՝ Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վահե Բեգոյանը: Ֆիլմի երաժշտության հեղինակը  երգիչ, երգահան Հայկոն է (Հայկ Հակոբյան):

Քեշիշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝«Անուշ» օպերայի մասին:

«Նրանց նամակագրությունը ֆիլմի հիմքն է: Այդ նամակներով ուղղորդվելով՝ կառուցվում է այն օրերի իրական պատկերը, երբ նրանք երկուսով մտածում էին «Անուշ» օպերայի մասին: Թումանյանն արդեն գրել էր «Անուշ» պոեմը, իսկ Կոմիտասը իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկով հանձն է առնում պոեմի հիման վրա օպերա ստեղծել: Նամակները բացահայտում են, որ թե՛ Կոմիտասը, թե՛ Թումանյանը, նուրբ հումորի տեր մարդիկ էին և կարող էին լրջագույն թեմաները դարձնել նոր հեքիաթի կամ երաժշտական խաղիկի նյութ: Միևնույն ժամանակ նրանք հայրենիքի և հայ ժողովրդի հոգսերով ապրող մտավորականներ էին»,- նշեց ռեժիսորը և հավելեց, որ սա փաստագրական-խաղարկային ֆիլմ է:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆիլմում կատարում էր իշխանուհի Մարիամ Թումանյանի դերը: 

«Մի նկատառում եմ ցանկանում անել՝ մեր մեծ բանաստեղծներին, գրողներին մենք սկսել ենք դիտարկել որպես սովորական երևույթներ: Մենք սովորել ենք նրանց մեծությանը, բայց չենք պատկերացնում, թե յուրաքանչյուր նոտայի կամ գրած խոսքի հետևում որքան կյանք, սեր կամ կիսատ մնացած սեր ու դժվարություն է պարփակված: Կոմիտասը հավաքել է լավագույնը՝ ծաղիկների բույրից մինչև գոյություն ունեցող հայկական հնչեղության երգերը: Մենք ունեցել ենք նաև Թումանյան, ով կարողացել է ստեղծել գրական նորագույն ավանդույթներ և գյուղական իրավիճակից վերածել քաղաքային, արիստոկրատ Վերնատան հավաքների: Նա նաև ստեղծել է ահռելի գրական ժառանգություն: Ֆիլմը նայելիս հասկանում ես, որ մենք «մերկ ենք մեր պատմությամբ», որովհետև շատ հաճախ չենք ճանաչում: Հենց այդ պատմությունն է, որ հային դարձնում է կոնկրետ դիմագծով, մտածողությամբ ազգ»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Կոմիտասի դերակատար Վահե Բեգոյանը, ով մասնագիտությամբ երաժիշտ է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս դերն իր համար շատ կարևոր էր, քանի որ ֆիլմն իր երաժշտական կյանքի  առանցքը կազմող կոմպոզիտորի մասին է:

«Շատ պարտավորեցնող ու վախեցնող էր ինձ համար այս դերը, մանավանդ, երբ խաղընկերներդ Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լևոնյանն էին: Ինձ համար այս ամենը շատ հարազատ էր, քանի որ ֆիլմը մի մարդու մասին էր, ում հետ ես ամեն օր եմ առնչվում իմ երաժշտական գործունեության ընթացքում»,- նշեց Բեգոյանը:

Նրա կարծիքով որևէ դեր կերտելը շատ դժվար է, առավել ևս Կոմիտասինը:

 

 

Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն են ունեցել ունկնդրելու Էռնեստ Շոսսոնի Պոեմը ջութակի և նվագախմբի համար, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը  և «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը։

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հարվարդի համալսարանի Ռոբերտ Լևինի մրցանակի առաջին դափնեկիր, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, Տիբոր Վարգայի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր Ստելլա Չենը և դաշնակահար Դենիս Կոժուխինը։ Վերջինս, 23 տարեկանում դառնալով Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, իր հաստատուն տեղն է գրավել մեր ժամանակի լավագույն դաշնակահարների շարքում։

Համերգը ղեկավարում էր Դմիտրի Յաբլոնսկին։ Մաեստրո Յաբլոնսկին «Գրեմմի» մրցանակի նոմինացված թավջութակահար և դիրիժոր է։ Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Քարնեգի հոլ», «Լա Սկալա», Տոկիոյի Opera City համերգասրահ, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ, Ելիսեյան դաշտերի թատրոն և այլն։ Յաբլոնսկին համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Ռոբերտո Ալանիան, Օլգա Բորոդինան և այլք, ղեկավարել է աշխարհի շուրջ 50 նվագախումբ։

Մաեստրո Յաբլոնսկին կարևորում է սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնած «Արմենիա» փառատոնը։ «Երբ բոլորը մի կողմ են քաշվել, փակել սահմանները, չեղարկել են մեծ թվով համերգներ, փառատոներ, Հայաստանում անցկացվում է այս փառատոնը...»,- ասում է դիրիժորը։ Խոսելով Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ նկատում է, որ հիմնադրամի նախագահ Կոնստանտին իշխանովի հետ ծանոթացել է տարիներ առաջ Ռիգայում, երբ որպես ժյուրիի անդամ մասնակցում էր մերձբալթյան այդ քաղաքում անցկացվող թավջութակահարների մրցույթին։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը, Յաբլոնսկին նշում է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս նվագախմբի հետ. «Հրաշալի մթնոլորտ է տիրում կոլեկտիվում։ Դիրիժորը, որպես կանոն, զգում է իր առջև նստած երաժիշտներին, կարող եմ ասել, որ այստեղ հրաշալի մարդիկ են»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս օրերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է սիմֆոնիկ ևս երեք համերգ և մեկ մենահամերգ, որոնք նաև կհեռարձակվեն առցանց տիրույթում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։

Կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում: Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն «Հայֆիլմի» գործունեությանը վերաբերող վարչական փաստաթղթերը։

Աշխատանքները կտևեն առնվազն մեկ ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը, թերևս, տարիներ։ Դրանք կհանձնվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։

Հիշեցնենք նաև, որ աշխատանքները և դրանց վերաբերյալ հրապարակումները կունենան շարունակական բնույթ: Կինոլորտի գործիչները ևս կարող են մասնակցել կինոժառանգության բաժնի «շաբաթօրյակներին»։

 

 

Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ… Հայ ազգային տոներն առավել ճանաչելի դարձնելու, դրանց վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնությունը հրատարակել է «Հայ ազգային- ավանդական տոներ» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարուստ բովանդակությամբ ուղեցույցի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին կազմակերպության գրասենյակի բացօթյա հարթակում:

Ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը տարիներ շարունակ կազմակերպում էր ազգային-ավանդական տոներ` երիտասարդների աջակցությամբ և մասնակցությամբ: «Հաճախ հենց այդ երիտասարդներն են համախմբվում և կազմակերպում մեր տոները, երբեմն ծեսերը: Նրանք ձգտում են ավելին իմանալ, հասկանալ ծեսերի իմաստը և այլն: Դա մեզ  հուշեց, որ կարող ենք երիտասարդների ուժերով նման գիրք հրատարակել: Նրանք տեղեկությունները չեն գտել ինչ-որ տեղից ու ամփոփել գրքույկում, այլ տարվա ընթացքում կազմակերպել են տոներն ու դրանց հիման վրա ուղեցույց են կազմել այն երիտասարդների համար, որոնք բավարար ինֆորմացիա չունեն մեր տոների մասին»,-պատմեց Մխիթարյանն ու հավելեց, որ տարվա սկզբին հատուկ ուսուցողական դասընթաց են կազմակերպել, որտեղ մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետները համատեղ ուժերով կարողացել են մասնակից երիտասարդներին փոխանցել համապատասխան գիտելիքներ, նրանց ներգրավել հայկական Տոնացույցի  հերթական տոնի կազմակերպման թիմում`հաղորդելով գործնական հմտություններ:

Ատոմ Մխիթարյանի համոզմամբ` ուղեցույցը կարող է օգտակար լինել և’ Հայաստանի, և’ սփյուռքի երիտասարդ առաջնորդներին, և’ մշակութային ու հասարակական կառույցներին:

Ուղեցույցը կարելի է օգտագործել համայնքներում մշակութային միջոցառումներ, ազգային-ավանդական տոներ նախապատրաստելու և կազմակերպելու համար:

Գրքի խմբագիր Լուսինե Նազարյանն էլ ընդգծեց, որ ժողովրդական տոներից յուրաքանչյուրը, բացի կատարման հստակ կանոնակարգից ուներ կատարման հանդիսության վայրը, հատուկ ծիսական ուտեստները, հատուկ ծիսական պարագաները: «Բոլոր տոներն սկսվում էին նախապատրաստությունից, հատուկ արարողակարգով մաքրվում էին տունը, գոմը, մարագը, որոշ տոներից առաջ պիտի մաքրվեին նաև հոգեպես` պասի միջոցով»,-հիշեցրեց Նազարյանը:

Շնորհանդեսն ուղեկցվեց հայ ազգային ավանդական երգերի կատարումներով, ամփոփվեց գինեձոնի արարողությամբ:

Գիրքը, որը հասանելի է նաև օնլայն հարթակում, հրատարակվել է «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» խորագրով ծրագրի շրջանակում` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մասնակի օժանդակությամբ:

 

 

Միջազգային խոշորագույն Sotheby's աճուրդի տունը 80 մլն դոլարով աճուրդի կհանի Վերածննդի վաղ շրջանի իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի կտավը, գրում է Reuters-ը։

Ինչպես հայտնի է «Մեդալիոնը ձեռքին երիտասարդը» դիմանկարը թվագրվում է 1470-1480 թվականներին։ Կտավի ներկայիս սեփականատերն այն գնել է 1982 թվականին՝ ավելի քան 1 մլն դոլարով։

Sotheby's-ում կարծում են, որ ստեղծագործությունը կվաճառվի «80 մլն դոլարից ավելի» գումարով: Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ Բոտիչելիի այս կտավն ունի նախորդ ռեկորդը գերազանցելու բոլոր հնարավորությունները և «կարող է դառնալ աճուրդի տան պատմության մեջ 100 մլն դոլարի շեմը հաղթահարած հաջորդ կտավը»:

Ինչպես նշում է աղբյուրը, Կլոդ Մոնեի «Խոտի դեզը» կտավը 2019 թվականին Sotheby's աճուրդում վաճառվել է 110,7 մլն դոլարով:

«Այս նկարը ոչ միայն Բոտիչելիի մեծագույն ստեղծագործություններից մեկն է, այլ նաև Վերածննդի ժամանակաշրջանի ամենահայտնի նկարներից մեկը: Առաջիկա տարիներին հազիվ թե այլ հնարավորություն ընձեռվի ձեռք բերել Վերածննդի դարաշրջանի նման նշանակալի ու գեղեցիկ կտավ», - նկատել է աճուրդի տունը։