Հոկտեմբեր 06, 2020 01:04 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։

 

Ինչպես ամեն տարի այս տարի ևս հոկտեմբերի 1-ին պիտի բացվեր «Հայֆեստ» միջազգային թվով արդեն 18-րդ փառատոնը, որի հիմնադիր տնօրեն Արթուր Ղուկասյանի համոզմամբ, համավարակը խոչընդոտ չէր թատերական այս սիրված իրադարձության անցկացմանը  Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում: Թերևս հենց այդ պատճառով «Հայֆեստն» այս տարի պիտի անցկացվեր «Լինել, սա խնդիր չէ» կարգախոսի ներքո:

Փառատոնը, սակայն, տեղի չի ունենում այս անգամ արդեն պատերազմական գործողությունների պատճառով:

«Մենք հետաձգում ենք անորոշ ժամանակով, քանի որ մեզ մոտ այս իրավիճակն է: Մինչև չհաղթենք, մենք չենք վերսկսկելու»,-հայտարարել է Արթուր Ղուկասյանը:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ղարաբաղցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ մեր մշակութային միջավայրն այնքան լուսավորված և կիրթ մարդկանցից է կազմված, որ չի կարող մտահոգվել մեկ ֆիլմի չցուցադրման պատճառով. սա քաղաքակրթական խնդիր է, որը մեզ մտահոգում է:

«Որևէ մեկը, անգամ փառատոնի կազմակերպիչներն իրավունք չունեն հանդիսատեսի փոխարեն գնահատական տալու: «Դրախտի դարպասը» աշխատանք է, որին մասնակցում են առաջատար եվրոպական երկրներ, ֆիլմը լուրջ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կինոհանրության շրջանում, և այդ կինոնկարը պետք է ներկայացվի, իսկ գնահատականը պետք է տա հանդիսատեսը»,-շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարի համոզմամբ` մեր հարևանը` Ադրբեջանը, իր մշակութային քաղաքականության առանցքում դրել է մեր մշակութային քաղաքականությանը խոչընդոտելու հարցը: Ըստ Խզմալյանի`Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում բոլոր հավանական հարթակներում, որոնք կոչված են մարդկային արժեքները հաստատելուն, երկխոսության միջավայր ձևավորելուն, որոնք կոչված են մարդու արժեքն ընդգծելուն, երկրներին իրար ճանաչելի դարձնելուն:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական պատվիրակությունը մշտապես խնդիրներ է առաջացնում տուրիստական ցուցահանդեսների և այլ միջազգային միջոցառումների ժամանակ: Այն խնդիրներ է ստեղծում այն ժամանակ, երբ համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ: «Օրինակ` այն ժամանակ, երբ «Եվրիմաժ» մշակութային աջակցության հիմնադրամը ֆինանսավորում է հայկական ֆիլմերի արտադրությանը: Սա պարզապես նրանց ագրեսիվ մշակութային քաղաքականության հերթական շղթան է, որը մեզ համար կանխատեսելի է և պարզ»,-ասաց փոխնախարարն ու խոստովանեց, որ իրենց ավելի շատ զարմացնում է  Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ղեկավարության դիրքորոշումը: Նա շեշտեց, որ ժյուրիի կազմին ծանոթ չէ, բայց ավելի քան ցավոտ է կինոփառատոնի ղեկավարներից մեկի բացատրությունն այն մասին, թե ինչ հիմունքով են հանել ֆիլմը ոչ մրցութային ծրագրից` նշելով` երբ կդադարեն ռազմական գործողությունները, ամեն ինչ կանեն ֆիլմը ցուցադրելու համար:

Խզմալյանը շեշտեց, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից,  կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ:

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Բուլղարիայի և Իտալիայի  հետ համատեղ արտադրությամբ ստեղծված «Դրախտի դարպասը» կինոնկարում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող արտիստներ: Նրա խոսքով` մի երկիր չէ, որ կդժգոհի այս ամենից ու կձևավորի իր կարծիքը փառատոնի ղեկավարության որոշումների վերաբերյալ: «Ոչ մի քաղաքակիրթ միջավայրում չի կարող նման բան լինել, չի կարող արվեստը խառնվել ընթացիկ քաղաքական իրադարձություններին, չի կարող երրորդ երկրում տեղի ունեցող փառատոնից դուրս գալ մի ֆիլմ, որի հիմքում երկու առանձին պետությունների կոնֆլիկտն է»,-ընդգծեց փոխնախարարը:

Խզմալյանը, անդրադառնալով «Դրախտի դարպասը» ֆիլմի բովանդակությանը, նշեց, որ այն պատերազմի մասին չէ, այն հատուկ ծրագրային, քաղաքական նպատակներով նկարահանված կինոնկար չէ, այն արվեստի գործ է սիրո, ընկերության, կորստի, հավատի, մարդկային զգացմունքների և մարդկային արժեքների մասին:

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Ղարաբաղ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

«Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

 

 

Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների՝ օրերս տեղի ունեցած փակ, գաղտնի քվերակության արդյունքներով Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը: Այս մասին հայտնում են Հայկական ազգային կինոակադեմիայից:

Ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Սողոմոնի երգերը» ֆիլմը Կոմիտասի կյանքի պատմությունն է ներկայացնում:

Ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանին:

Դերերում՝ Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք:

«Ես չեմ փորձել նկարահանել հանճարեղ կամ միջազգային ֆիլմ. փորձել եմ ներկայացնել մի պատմություն, որը շատ կարեւոր է մեր ազգի համար, նկարահանել եմ ազգագրական ֆիլմ: Հուսով եմ, որ աշխարհն էլ կգնահատի այս պատմությունը»,-նշել է «Սողոմոնի եգերը» ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը:

 

 

Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ․ հորդառատ անձրևի պատճառով համերգի մի մասն անցավ փակ դահլիճում: Միջոցառումն անցկացվեց «Կոմիտասին 151» խորագրի ներքո: Համերգին հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի ներկայությունը ժողովրդի կյանքում չպետք է պայմանավորված լինի միայն հոբելյանական միջոցառումներով: «Նման միջոցառումները լուրջ խթան են Վարդապետի ժառանգությունը միջազգայնացնելու և հանրայնացնելու առումով: Այդ քաղաքականությունը մեր նախարարության և պետության համար շատ կարևոր են: Կոմիտասն այն անձանցից է ով խորապես ազգային է, միևնուն ժամանակ խորապես միջազգային»,- նշեց Խզմալյանը:

Համերգը կազմակերպել  էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Հոբելյանի շրջանակում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երգչախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելութներով ոչ միայն ՀՀ տարածքում, այլև արտերկրի բեմերում` մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

 

 

Առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում 20 էջանոց ծավալուն նյութ է ներառվել մեծ երգահանի և երաժշտագետի, երաժշտական ազգաբանի և երգչի, բանահավաքի և խմբավարի, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի մասին։ Այս մասին հայտնում է  երաժիշտ, «Լավ Էլի» խմբի համահիմնադիր Մհեր Մանուկյանը։

2019թ.-ին Քյոթահիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի հրատարակած թուրքալեզու տարեգրքում ներառվել են մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի և կոմիտասագետ, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագէոզյանի համատեղ «Քյոթահիայում ծնված էթնոերաժշտագետը՝ Կոմիտաս Վարդապետը» հոդվածը՝ համեմված լուսանկարներով և Տիրան Լոքմագէոզյանի «Կոմիտաս Վարդապետի ստեղծագործած և հավաքած թուրքերեն երգերը» հոդվածը՝ թուրքերեն թարգմանված Տիրան Լոքմագէոզյանի կողմից։

Հրապարակումը արդյունք էր վանաձորցի 71-ամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին Քյոթահիա նախաձեռնած՝ զարմանալի հանդիպումներով ու բացահայտումներով, անհավանական զուգադիպություններով լի ճամփորդության։

Պարզվել է, որ Կոմիտասի ծննդավայրում չգիտեն Կոմիտասի մասին նույնիսկ տեղի երաժշտական և գիտական համայնքներում, սակայն կարճ ժամանակում հաջողվել է պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերել Քյոթահիայում կազմակերպելու Կոմիտասի ստեղծագործությունների համատեղ համերգ՝ Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի մասնակցությամբ, որը, ցավոք, հետաձգվել է  համավարակի պատճառով։

Ավելին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի տնօրենության հետ հանդիպումը հնարավորություն է ստեղծել մեր օրերում առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի անունը հնչեցնելու նրա ծննդավայրում, որի արդյունքը եղավ տարեգրքում հոդվածների հրապարակումը։

 

 

Կինոթատրոնների սեփականատերերի ամերիկյան ասոցիացիան հիասթափված է Walt Disney՝ իր ամենահեռանկարային նախագծերի թողարկումները հետաձգելու որոշումից և սպառնում է գործունեության հարկադիր կասեցմամբ: kinonews.ru-ի հաղորդմամբ, այս հարցի վերաբերյալ հայտարարությունը մեջբերում է Slash Film- ը:

«Մեզ մեծ ֆիլմեր են պետք, և մենք հույս ունեինք, որ Disney կմնա նախկինում հայտարարված թողարկման ժամանակացույցին, բայց ստուդիաները պետք է իրենց որոշումները կայացնեն ՝ հիմնվելով շուկայավարման ծախսերի և պլանավորման վրա: Եթե նրանք վստահ չեն, որ կինոթատրոնները լիովին կբացվեն, նրանք կհետաձգեն թողարկումները: Ուրախ ենք, որ նրանք այժմ ուղղակի ժամկետներն են փոխում,  այլ ոչ թե հեռանում։

Բայց քանի դեռ չենք կայունացել, կինոթատրոնները հնարավոր է նորից փակվեն, քանի որ եթե դուք նոր ֆիլմեր չունեք, դժվար է լույսերը պահել վառված, շարունակ վճարել մարդկանց: Այո, մենք փակվելով գումար ենք կորցնում, բայց կարող ենք նույնիսկ ավելին կորցնել եթե բաց լինելով չկարողանանք հանդիսատես ներգրավել: Եթե իրավիճակն առաջիկայում  չփոխվի, ամենայն հավանականությամբ, կինոթատրոնները կրկին կփակվեն մինչև Նյու Յորքի և Լոս Անջելեսի շուկաները չաշխատեն և ստուդիաները պատրաստ չլինեն ֆիլմեր թողարկել: Դեռ ունենք նոյեմբերի վերջ և դեկտեմբեր, որոնց համար գրանցված են շատ խոստումնալից նախագծեր, բայց դրանք տեսնելու համար դեռ պետք է ապրել »,- ասել է ասոցիացիայի փոխնախագահ Պիտեր Կորկորան։

Հիշեցնենք, որ Walt DIsney –ը փոխել է «Հավերժները», «Սև այրի» և այլ ֆիլմերի թողարկումները։