Գեղարվեստական հաղորդում (239)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Իրանահայ ճանաչված թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը պարսկերենի է թարգմանել իրանահայ-ամերիկահայ անվանի արձակագիր Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը» որը շուտով հրատարակվելու է իրանական «Նաշրե Խազե» հրատարակչության կողմից:
Հակոբ Կարապենցն իր ամենահայտնի վեպում՝ «Ադամի գրքում» պատմում է Իրանից ԱՄՆ արտագաղթած հայ լրագրողի և նրա ապրումների ու կարոտի մասին: Իհարկե կարոտը նրա միակ խնդիրը չէ և նա այդ միջոցով փորձում է վերագտնել իր ինքնությունը: Միաժամանակ նա դիմագրավում է մարդկության մշտական մտազբաղումներից համարվող սիրո զգացմունքը:

Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի և Հայաստանի նկատմամբ:
Հայտարարությունում ասված է. «Այսօր, միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ, մարտական ծանր տեխնիկայով անկանոն հրետակոծման և ռմբակոծման միջոցով՝ հարձակման է ենթարկվում ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը:
Այս դեկտեմբերին կլրանա Նախիջևանում իրագործած մշակութային վանդալիզմի ամենավերջին և տխրահռչակ գործողությունների 15-րդ տարելիցը: Խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակը հողին հավասարեցրեց Նախիջևանի Հին Ջուղա միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար հսկայական փորագիր խաչքարեր և գերեզմանաքարեր:
Ընդհանուր առմամբ, 1997 և 2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Նախիջևանում ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5.840 զարդանախշ խաչքար և 22.000 պատմական գերեզմանաքար»:
«Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է»,-իր հայտարարության մեջ հստակեցրել է Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն:
Հայտարարության մեջ նաև միջազգային հանրությանը կոչ է արվել վճռականորեն դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները՝ այդպիսով կանխելով հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը: Ժառանգություն, որը համաշխարհային բարօրության հասնելու միջոցներից է:

Անգլիացի երաժիշտ եւ երգահան Փիթեր Գաբրիելը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հենց դուդուկի մոգական ուժը, հնարավոր է, ամենահոգեհարազատ գործիքը աշխարհում, ծանոթացրեց ինձ Հայաստանի հետ:
Երբ դուդուկի մաեստրո Ջիվան Գասպարյանը դարձավ 70 տարեկան, իմ ընկեր` հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը հրավիրեց ինձ իր երկիրը տեսնելու և միանալու տոնակատարությանը և ես իսկապես սիրեցի այդ փորձությունը, մարդկանց ջերմությունն ու առատաձեռնությունը, երաժշտությունը եւ մշակույթը, սնունդը եւ ամենուր դրական լիցքերը»,- գրել է Գաբրիելը:
Անգլիացի երգիչը պատմում է, որ այդ ժամանակ իրեն տարել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերի:
Փիթեր Գաբրիելը ԼՂ հակամարտության գոտում ընթացող պատերազմը սարսափելի է համարում:
Երգիչը խնդրում է բոլորին` քաղաքական գործիչներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին միանալ իր կոչին, քանի դեռ ավելի շատ մահեր չեն եղել:

Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում 2020-ին Հայաստանը ներկայացրել են Անի Պետրոսյանն ու ռուսաստանաբնակ երգչուհի Էլեն Բադալյանը: Անին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Էլենը՝ 3-րդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Ղրիմում:
Անի Պետրոսյանի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը նշել է, որ Անին հրաշալի ելույթ է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ կատարելով Dance Monkey երգը. հոկտեմբերի 8-ի ելույթը նույնպես հաջող է եղել: «Մենք մի քանի երգ էինք առաջարկել, սակայն մրցույթի պրոդյուսերները շատ հավանեցին Միշայի «Մամա» երգը, որն էլ մրցութային երկրորդ օրը կատարեց Անին»,-ասել է Քոչարյանը:
Նա ուրախալի համարեց այն փաստը, որ մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել մոսկվայաբնակ Էլեն Բադալյանը:
Լիրա Քոչարյանի խոսքով՝ աշխարհի բոլոր երեխաները պետք է ստեղծագործեն, այլ ոչ թե պատսպարվեն թաքստոցներում կամ կասետային ռումբերի զոհ դառնան:
Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան:

Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը նշանակվել է Բյուզանդագիտական ուսմանց միջազգային գիտաժողովի (24-th International Congress of Byzantine Studies Venice and Padua) երաժշտական հանդիսավոր նախաձեռնության բաժնի վարիչ-համադրող: Գիտաժողովը, որը կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ, կայանալու է 2022 թվականի օգոստոսի 22-27-ը Վենետիկում:
Մինաս Լուռյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գիտաժողովը պետք է տեղի ունենար 2021 թվականին Ստամբուլում, սակայն հետաձգվել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու պետական որոշումից հետո: Հարյուր տարվա մեջ առաջին անգամ հեղինակավոր միջոցառումը կանցկացվի Վենետիկում:
Անդրադառնալով Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի գործունեությանը՝ Լուռյանը նշեց, որ կենտրոնը հայ ճարտարապետությունն ուսումնասիրելուն զուգահեռ ունի նաև երաժշտական մասնաճյուղ: «Այն, համագործակցելով Իտալիայի հեղինակավոր երաժշտական հաստատությունների հետ, համադրել է վերջին քառասուն տարվա կարևոր երաժշտական ստեղծագործությունների արտադրությունը»,- շեշտեց Մինաս Լուռյանը:
Բյուզանդագիտական միջազգային գիտաժողովն իրականացնում է Բյուզանդագիտությունների միջազգային ասոցիացիան, որը հիմնադրվել է մոտ հարյուր տարի առաջ:

Վիլնյուսի համալսարանի Ratilio ժողովրդական անսամբլն իր զորակցությունն է հայտնել ԼՂ-ին՝ կատարելով լիտվական ժողովրդական Pone Karaliau երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անսամբլի անդամները համացանցում հրապարակված տեսանյութում նշում են, որ Pone Karaliau երգը սուրբ է համարվում և օգնում է հաղթահարել դժվար ժամանակները: «Այս երգով անսամբլն աղոթում է ամբողջ աշխարհում խաղաղության համար: Ցանկանում ենք՝ խաղաղություն տիրի Լեռնային Ղարաբաղում»,-նշում են նրանք:

Պատմության պետական թանգարանի հավաքածուն համալրվել Է մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի դիմանկարով, որը նկարիչ Իվան Իզվեկովի աշխատանքն Է, այն կարելի Է տեսնել «Ալեքսանդր 3-րդ: Խաղաղարար» ցուցահանդեսում, որը բացվելու Է հոկտեմբերի 14-ին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հաղորդել Է թանգարանի մամուլի ծառայությունը:
«Մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի դիմանկարը, որը համալրել Է Պատմության թանգարանի գեղանկարչության հավաքածուն… վերստին հանրությանը հայտնում Է մոռացված ռուս նկարչի անունը եւ ներկայացնում Է գահաժառանգի հազվագյուտ պատկերագրական արտացոլումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Գահաժառանգը պատկերված Է գեներալի համազգեստով՝ գեներալ-համհարզի տարբերանշաններով: Գահաժառանգի դիմանկարն ստեղծվել Է լուսանկարների հիման վրա, որը կատարվել Է «Վեյզենբերգ եւ Կ» արվեստանոցում: «Դիմանկարը Իզվեկովի միակ հայտնի աշխատանքն Է:
Նկարչի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Գեղարվեստի ակադեմիայի արխիվի փաստաթղթերում նա հիշատակվում Է որպես պաշտոնաթող ենթասպա եւ ինքնուս գեղանկարիչ: Դիմանկարը կարելի Է տեսնել «Ալեքսանդր 3-րդ: Խաղաղարար» ցուցահանդեսում, որը կբացվի 2020 թվականի հոկտեմբերի 14-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը:
Ինչպես հաղորդվում Է թանգարանի կայքում, ցուցահանդեսի կենտրոնական թեմաներից մեկը կդառնա Ալեքսանդր 3-րդի պետական գործունեությունը: Առաջին անգամ ցուցադրվող արխիվային փաստաթղթերը կարտացոլեն Եվրոպայում, Բալկաններում եւ Հեռավոր Արեւելքում կայսրության արտաքին քաղաքական խնդիրների լուծման դժվարին գործընթացը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Գրականության բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պոետ Լուիզա Գլյուկին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Նոբելյան կոմիտեի «Թվիթեր»-ի պաշտոնական էջից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մրցանակը Գլյուկին է հանձնվել հեղինակի «անսխալ բանաստեղծական ձայնի համար, որն իր խիստ գեղեկցությամբ յուրահատկություն է հաղորդում անհատական գոյությանը»:
Գրականության Նոբելյան մրցանակը հեղինակավոր պարգև է, որն ամեն տարի հանձնում է շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Նոբելյան մրցանակները տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար:
Մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից: Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։