Հոկտեմբեր 20, 2020 01:16 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ ցանկացած տեսակի մշակութային ժառանգության վնաս պատճառելուց:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ ասված է.

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային և կրոնական վայրեր, ինչպես նաև սպառնում է լրագրողների անվտանգությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով և դրա երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաև «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների և հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015 թ.) բանաձևով ստանձնած պարտավորությունները: Դրանք միտված են աջակցելու ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից մեկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև բոլոր կողմերին կոչ է անում նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել` աջակցելու այդ հանձնառությունների և պարտավորությունների կատարմանը:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ուսումնական հաստատությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության թիրախավորման, մասնավորապես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման փաստը դատապարտելու   նպատակով:

 

 

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:

Ղազանչեցոց եկեղեցական համալիր անվամբ հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը տեղեկացրել է, որ ամբողջ աշխարհում ծավալած գործունեության միջոցով ականատես են եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մարդկության կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը:

Հիմնադրամը կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով մասնակի վնասվել է համալիրը, վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկի վիճակը ծանր է:

 

 

Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին՝ «ի նշան համերաշխության մեր հայ եղբայրների և քույրերի հետ»: Այս մասին գրում է Greek City Times-ը։

«Հունաստանի «Peloponnisos Doc» փառատոնը ցուցադրել է«1915 թ.-ի կանայք» ֆիլմը Հունաստանի Կալամատա քաղաքում՝ ի համերաշխություն ԼՂ-ի և Հայաստանի ժողովրդի հետ», - Facebook-ի իր էջում գրել է Բարեդ Մարոնյանը:

Բեյրութում ծնված Մարոնյանը «1915 թ.-ի կանայք» ֆիլմի ռեժիսորն է: Առաջարկը եղել է կինոփառատոնի գործադիր տնօրեն Ջինա Պետրոպուլուից։

 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, հայտնի դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է.

«Ես միանում եմ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին:

ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ է արվում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք վայրագությունների զոհեր։

Կոչ է արվում նաև օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները, ապահովել բոլոր մանուկների անվտանգ կյանքը՝ զերծ հոգեբանական ցնցումներից և տառապանքներից»։

Նա իր էջում վերահրապարակել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպանների կոչը։

 

 

71 տարեկան հասակում մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը:

Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում: 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը: Մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ, 1970 թվականին՝ ազատ նկարիչ: Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությունում և այլ հիմնարկներում: 1977 թվականին աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում (այժմ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչություն) որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի:

2007 թվականին լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ, որոնցից 180-ի անունները հայտնաբերվել են տարբեր լուսանկարչական կնիքների վրայից։

Վահան Քոչարն իր աշխատանքների համար արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։

 

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը  կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից։

Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է  հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ: Նա ունի նաև բազմաթիվ դեկորատիվ քանդակներ, որոնցից, հատկապես, նշելի է «Լոռեցի Սաքո» քանդակը, որը կերտված է Թումանյանի հայտնի պոեմից: Քանդակն ինքնին հիշեցնում է Թումանյանի խոսքերը. -Բըռնեցե՛ք, փախա՛վ Սաքոն խելագար:

Դեռ 1969 թվականին Սարգիս Բաղդասարյանը քանդակել է «Լոռեցի Սաքոյի» փոքր քանդակը՝ նախատեսված Հովհաննես Թումանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին:

Հետագայում նա կրկին անդրադարձել է այդ թեմային և 1987 թվականին Երևանի քաղաքապետարանի պատվերով «Լոռեցի Սաքո» բրոնզաձույլ, դեկորատիվ քանդակը դրվել է Թումանյանի անվան այգում: Քանդակը բազմիցս փորձել են գողանալ:

Արձանում պատկերված է փախչող Սաքոն, ինչը քանդակագործը ներկայացրել է մեծ վարպետությամբ և փախչելու խելագար արագությամբ, իսկ նրան հետապնդողների կերպարները, նույնպես, շատ պատկերավոր են: Այն տեղադրված է պատվանդանի վրա, որը կարծես ժայռի մի հատված լինի: Արձանն ունի ձգված տեսք՝ կապված փախչող կերպարի հետ և  ավելի քան 4 մետր երկարություն, իսկ բարձրությունը պատվանդանով՝ երկու մետրից ավելի է: