Գեղարվեստական հաղորդում (241)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, երաժշտական կատարմամբ հանդես է եկել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: Նա կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սևակ Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութը՝ նշելով, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:
«Ես շատ ուրախ եմ գտնվելու այս պարսկական մզկիթում, որր վերականգնվել է վերջերս: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ նրանից, որ կրոնին է պատկանում: Մենք հիմա պայքարում ենք ահաբեկիչների դեմ, բայց լավագույն ձևով պահպանում ենք մզկիթը»,- նշել է Սևակ Ավանեսյանը:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ:
Սևակ Ավանեսյանը ծնվել է Երևանում, 1989 թվականին: Նա Մեդեա Աբրահամյանի սաներից է: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիա: Արդեն 20 տարեկանում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Սևակը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Նա եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո՝ որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»: Երաժիշտները հաջողությամբ ելույթներ են ունենում տարբեր երկրների բեմահարթակներում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին երեխաներին օգնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը կայանալու է նոյեմբերի 14-ին‚ ներկայացվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը։ Այս համերգից ստացված հոնորարը դիրիժորն ուղղել է Հայերի ասամբլեայի նախաձեռնությանը։

Այս տարի հոկտեմբերի 30-ին լրանում է մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյա հոբելյանը:
Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է: Այն հիմնադրվել է բանաստեղծի մահից 6 տարի անց՝ 1963 թվականին այն սրբատաշ սև տուֆով կառուցված երկհարկանի առանձնատանը, որտեղ բանաստեղծը ապրել է իր կյանքի վերջին տասնամյակը, և որը 1945 թվականին նրա ծննդյան 70-ամյակի կապակցությամբ այն ժամանակվա Հայաստանի կառավարությունն էր հատկացրել բանաստեղծին:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը շեշտում է, որ համավարակային այս տարում բազմաթիվ ծրագրեր ունեին, որոնք փորձել են աստիճանաբար իրագործել՝ նախապատրաստվելով իհարկե նաև հոբելյանական միջոցառումներին:
Տուն-թանգարանը այցելուների համար բացվել է պարետի որոշումից հետո, բայց, տնօրենի փոխանցմամբ, մինչև դա էլ իրենք անընդմեջ աշխատել են առցանց:
Արժելա Խորենյանը նշում է. «Պայմանները շատ անսովոր էին երբ որ թանգարանը փակվեց, բոլորս հայտնվեցինք տանը և պիտի աշխատեինք առցանց: Մինչ այդ էլ մենք մեր ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվացրել էինք, շատ հետաքրքիր նյութեր էինք դնում: Եվ այդ առաջին պահի շփոթությունը մենք շատ արագ հաղթահարեցինք: Երբ որ արդեն թանգարանը այցելուների համար վերաբացվեց, մի շատ հետաքրքիր, զարմանալի բան տեղի ունեցավ. ընթացքում, երբ որ մենք առցանց աշխատում էինք, միայն էջի 3 հազար հավանում ունեցանք : Եվ հաճախ մարդիկ նամակներով գրում էին, որ մենք շատ հետաքրքիր նյութեր ենք դնում, որ կան մարդիկ, որոնք չեն եղել թանգարանում, բայց էջին հետևելով որոշել են անպայման, երբ որ թանգարանը վերաբացվի, կայցելեն»:
«Մինչև հիմա էլ մեզ շարունակում են մարդիկ գրել: Բավականին բարեկամներ ենք ձեռք բերել: Երիտասարդներ են նաև շատ միացել մեր էջին: Սկսեցինք շատ լավ օգտագործել մեր թանգարանի այգին: Մենք էստեղ անում ենք հեքիաթին նվիրված միջոցառումներ, գալիս են փոքրիկները, իհարկե` անվտանգության բոլոր կանոնները պահպանելով: Անում ենք հանդիպումներ երիտասարդ գրողների հետ: Որոշեցինք այդ ծրագիրը շարունակել, որովհետև այգում հարմար է: Բնականաբար, մենք նաև պատրաստվում ենք Իսահակյանի 145-ամյակին: Պիտի լինի հոկտեմբերի 30-ին, և ուզում ենք ամբողջ օրը նվիրել իրեն, միջոցառումների շարք անել և դրանք էլի կազմակերպել այգում: Իսահակյանի այգում տեղադրված է Նիկողայոս Նիկողոսյանի քանդակած Իսահակյանի կիսանդրին: Այդ կիսնադրին վատ վիճակում է, և մենք դա պիտի վերանորոգենք և իր ծննդյան օրը կանենք արձանի բացումը»,-հավելել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:
Անդրադառնալով կատարված հրատարակություններին Խորենյանը նշել է. «Իսահակյանի հեքիաթները անցած տարի ենք հրատարակել, երկու լեզվով` հայերեն և անգլերեն: Հիմա մենք հրատարակելու ենք Իսահակյանի առակները` դարձյալ երկու լեզվով, լավ թարգմանությամբ: Երեխաների համար է, բավականին գունեղ, հետաքրքիր: Շատ սիրուն հրատարակություն է լինելու: Այս տարի դա անպայման իրականացնելու ենք: Նաև Իսահակյանի հայերեն գրքերի մատենագիտական ցանկն ենք ուզում այս տարի հրատարակել, որովհետև իր գրադարանի մատենագիտական ցանկը մենք չունենք, և ուզում ենք մաս-մաս հրատարակել:

Փարիզում տեղի է ունեցել Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Կինոյի մեծ վարպետի վերջին՝ «Կյանք» ֆիլմին հաջորդած 27-ամյա դադարից հետո նա ներկայացել է իր նոր պոետիկ կինոպատումով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Բացի ֆիլմի պրեմիերայից, բացվել է նաև Փելեշյանին նվիրված «Բնություն» անհատական ցուցահանդեսը։
Փելեշյանի փարիզյան ծրագրերի համակարգող, արվեստաբան Լիլիթ Սոխակյանը Առաջին ալիքի «Լուրերին» ասել է, որ Արտավազդ Փելեշյանը չի կարողացել ներկա գտնվել Փարիզում իր ցուցահանդեսի բացմանը՝ բացատրելով, որ իր երկրում պատերազմ է, գալ և տոնել, եթե նույնիսկ այսքան կարևոր իրադարձություն է, պարզապես չէր կարող։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, դեռ 2020թ. զարգացման փուլում ֆինանսավորում ստացած պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի և ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զաքո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի նախագիծը, օրերս որպես մրցանակ ստացել է մեկ անվճար MIFA -ի հավատարմագրում «Անսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնին մասնակցելու համար /Festival international du film d'animation d'Annecy/:
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Երևանի անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների միջազգային կինոփառատոն՝ «ReAnimania»-ն կօգնի Սուսաննային դրամաշնորհ հայթայթել 2021 թվականի հունիսին Անսի մեկնելու համար:

Մեկնարկել է Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում ընդգրկված է նաև ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը։ Հայաստանի Ազգային կիոնկենտրոնից հայտնում են, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 23-ին:
«Չնչիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2019 թվականին։ Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Ֆիլմում նկարահանվել են Լիլի Էլբակյանը, Հիլդա Օհանը, Յուրա Կոստանյանը, Արթուր Պապիկյանը։ Սցենարի հեղինակներն են՝ Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան, բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան, կոմպոզիտորներ ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան։
Համարտադրողներ` «Զիրո ֆիքշն ֆիլմ» - Մարտին Հագեման, (Գերմանիա), «Իզաբելլա Ֆիլմս» - Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ), Արտադրող` «Արմնա Փրոդաքշն», պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)։

Թիրախավորված հարձակման արդյունքում վանդալները Բեռլինի ամենահայտնի թանգարաններից մեկում ավելի քան 70 արվեստի գործ եւ արտեֆակտ են վնասել:
Բեռլինի Մուզեումս կղզու երեք թանգարաններում նկարների, քարե քանդակների եւ սարկոֆագների վրա «յուղանման հեղուկ» են լցրել` տեսանելի լաքաներ թողնելով: Այս մասին AFP-ին հայտնել են Բեռլինի ոստիկանությունից
Գերմանական լրատվամիջոցները տեղի ունեցածը «հետպատերազմյան Գերմանիայի պատմության մեջ արվեստի եւ արտեֆակտների դեմ ուղղված ամենամեծ հարձակումներից մեկն» են անվանել:
«Բեռլինի ոստիկանության քրեական հետաքննության վարչությունը հետաքննություն է սկսել ցուցադրված արվեստի գործերի եւ արտեֆակտների գույքային վնասների փաստի առթիվ»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Մարտին Դամսը:
Ըստ Դամսի` ոստիկանությունը կարծում է, որ վանդալիզմը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին` Գերմանիայի Միասնության օրը, Պերգամոնի թանգարանի, Նոր թանգարանի եւ Հին ազգային պատկերասրահի աշխատանքային ժամերին:
Նա չի հայտնել, թե ինչու ոչ թանգարանները, ոչ էլ ոստիկանությունն ավելի վաղ չէին հաղորդել հարձակման մասին, որի մասին առաջին անգամ հայտնի է դարձել նախորդ օրը` ուշ երեկոյան: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են:
Սակայն Die Zeit-ը եւ Deutschlandfunk հեռուստաընկերությունը հայտնել են, որ ակտիվիստ Ատիլա Հիլդմանը, ով դեմ է կորոնավիրուսը զսպելու կառավարության միջոցներին, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին դավադրության տեսություններ էր տարածում Մուզեումս կղզու վերաբերյալ:
Հիլդմանը Telegram-ի միջոցով հայտարարել էր, որ համավարակի պատճառով փակված Պերգամոնի թանգարանը զբաղեցնում է «սատանայի գահը»: Ըստ նրա` այս հաստատությունը «սատանիստների» կենտրոն է, որտեղ «գիշերը մարդիկ են զոհաբերվում եւ տանջում են երեխաներին»:
Բեռլինի Մուզեումս կղզում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում է, բազմաթիվ արժեքավոր իրեր կան, այդ թվում` Նեֆերտիտիի լեգենդար կիսանդրին եւ Իշտարի դարպասները: