Գեղարվեստական հաղորդում (242)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
Իրանահայ երիտասարդ տաղանդավոր դաշնակահար Նարեկ Աբրահամյանը, Իրանի Ջավան հեղինակավոր երաժշտական 14-֊րդ մրցույթ֊ փառատոնի դաշնամուրային բաժնում գրավել է առաջին տեղը։
Մրցույթի տարբեր բաժիններին մասնակցել էր 2350 կատարող։
Նարեկ Աբրահամյանը Երևանում Իրանի Ռադիո-հեռուստատեսության թղթակից և Հայերեն Ռադիոժամի աշխատակից Ժորժ Աբրահամյանի որդին է:

Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հանրաճանաչ, հեռանկարային նկարիչների 200 աշխատանք ներկայացված է Art For Armenia բարեգործական աճուրդում, որի նպատակը ԼՂ-ի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին աջակցելն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ին մեկնարկած նախաձեռնության պաշտոնական կայքէջում ասվում է, որ այս նախաձեռնությամբ փորձում են արվեստով հակահարված հասցնել կասետային զենքերին, որոնք Ադրբեջանը կիրառում է խաղաղ բնակավայրերի և խաղաղ բնակիչների դեմ:
«Աշխարհի տարբեր ծայրերում ապրող արվեստագետներ իրենց լավագույն աշխատանքներն են նվիրաբերում հանուն Արցախի: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մեր նպատակն է ապահովել նախագծի երկարակեցությունը և օգնել տուժածներին անցնել բնականոն կյանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Art For Armenia նախաձեռնությանը շատ կարճ ժամանակամիջոցում արձագանքել են նկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Հատկապես մեծ ուշադրության են արժանանում այն աշխատանքները, որոնք նկարել են ղարաբաղցի երեխաները:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մասնակցելու է հոկտեմբերի 31-ին կայանալիք «Գրքի տոնավաճառ»-ին։
«Սիրելինե՛ր, աշխարհի լռության ու դիվանագիտական շահերի բախման կետում մեկ անգամ ևս գրքերի միջոցով փորձենք խզել այդ լռությունը՝ ապացուցելով թիկունքի ամրությունը։
Չարենցի թանգարանն այս անգամ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Գրքի տոնավաճառ»-ին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին։
«Չարենցյան» գրքերի վաճառքից ստացված հասույթի 50%-ը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:
Ինչպես Ե․ Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ, այնպես էլ մեզ համար գրողի օրինակները լավագույն ուղենիշն են․ անարդարության ու բռնության դեմ պայքարել գրչով ու գրքով, ամուր մշակութասեր թիկունքով»,- նշված է տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:00-ին, «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում Կինոյի տանը կկայանա Ջիվան Ավետիսյանի՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան:
«Նվիրում Արցախին» հատուկ ծրագրով «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին:
Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան), 2016թ․-ին վերադառնում է ԼՂ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...

Հայաստանի գրողների միությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի հանձնումը:
Մրցանակակիրներն էին Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» երկհատորյակի կազմողներ Վերժինե Մովսիսյանը և Դավիթ Մաթևոսյանը: Մրցանակները հանձնել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա խոսել է Հրանտ Մաթևոսյանի և նրա ստեղծագործության մասին, ասելով, որ Մաթևոսյանը մշտապես ապրում է, արդիական է և համամարդկային: Դավիթ Մաթևոսյանը՝ ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ դեռևս կան Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններ, հատկապես նամակներ, որոնք հետագայում կհրատարակվեն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:
Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի և երաժշտական դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:
Ծրագրի շրջանակում 2020 թվականին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք, այդ թվում՝ դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, շեփոր, կլարնետ, ֆլեյտա, քանոն, սանթուր, դուդուկ, շվի:
2007 թվականից պետությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ ստանում է անվճար երաժշտական կրթություն:

Կորոնավիրուսի հետևանքով հոկտեմբերի 26-ին կյանքի 69–րդ տարում մահացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի էջը։
Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:
Մինչ այդ, 1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Իսկ 1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:
1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «BRIDGES OF SONG» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «BRIDGES OF SONG TALLINN 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:
Լիբանանի Բեյրութ քաղաքում 1991-1994թթ.-ին վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:
1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):
Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:
2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։

Չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոֆորումներ չեղարկվել են, Կաննի կինոփառատոնը, չնայած հինգ ամիս ուշացումով, այնուհանդերձ բացվել է Փարիզում: Այն անցկացվում է կրճատված ձևաչափով:
Եվրանյուզը գրում է, որ հոկտեմբերի 27-29-ը «Լյումեր» մրցութային դահլիճում ցուցադրվելու է 4 լիամետրաժ ֆիլմ, 11 կարճամետրաժ, համաշխարհային կինոդպրոցներից 17 աշխատանք: Հաղթողին որոշելու է ժյուրին, որը փառատոնի պատմության մեջ առաջին անգամ նախագահ չի ունենալու:
«Կաննի մասին խոսում են անընդհատ՝ Դովիլում, Սան Սեբաստիայում, Վենետիկում ՝ ամենուր: Անհրաժեշտ էր, որ Կաննի այս մեծ հեղափոխությունը Թիերի Ֆրեմոյի մրցակցային ընտրությամբ ավարտվեր փառահեղ, բայց սթափ՝ բոլոր ցուցումներին համապատասխան՝ Կաննի այս երեք օրերի ընթացքում, մեր Կաննի ընկերների շրջանում»,- ասել է Կաննի փառատոնի նախագահ Պեր Լեսկյուրը: