Նոյեմբեր 10, 2020 00:30 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին։ Ընկերակցեք մեզ։


 

Իրանցի բանաստեղծ Ալիռեզա Բահրամին ԼՂ-ում բռնկված պատերազմի առիթով պատերազմը քննադատող կարճ բանաստեղծություն է գրել, որ հույս ունի կարող է միջազգային շարժման վերածվել:

Իրանի գրքի լրատվական գործակալություն՝ ԻԲՆԱ-ին տված հարցազրույցում նա նշել է. «Նկատի առնելով պատերազմների ժամանակ երեխաների ճակատագրի հանդեպ ունեցած իմ խոր ու վաղեմի զգացմունքը նոր պատերազմը սկսվելուց հետո դիտելով հրթիռակոծումների տեսագրությունները ինձ մոտ ցանկություն առաջացավ ինչ-որ բան անել, քանի որ այս դեպքում մեր միակ միջոցն ու կարողությունը գրիչն ու բառն է»:

«Նախ ցանկանում էի, որ բանաստեղծությունը թարգմանվի հայերեն ու ադրբեջաներեն լեզուներով և փոխանցվի երկու ժողովուրդներին հույս ունենալով, որ դա կարող է ինչ-որ զգացմունք առաջացնելով մեղմել պատերազմի կրակը: Այդ պատճառով օգնություն խնդրեցի հայ ու ազերի իմ բարեկամ բանաստեղծներից, կամ լրագրող-լուսանկարիչներից: Բարեբախտաբար իմ ընկերներն ընդառաջեցին ու շատ արագ պատրաստվեց թարգմանությունը և սկսեցինք դա տարածել: Դա նաև թարգմանվեց թուրքերեն ու անգլերեն լեզուներով»,-նշել է Ալիռեզա Բահրամին:

Իրանցի բանաստեղծը նաև տեղեկացնելով այն մասին, որ կորեացի ու արաբ բանաստեղծներ այդ ստեղծագործությունը թարգմանելու առաջարկ են ներկայացրել հույս է հայտնել, որ դա միջազգային մի շարժման սկիզբ կդառնա:

«Հուսով եմ մենք կշարժվենք այն ուղղությամբ, որ մի օր արտադրվող ու կրակվող փամփուշտների քանակությամբ խաղաղասիրական բովանդակությամբ, գեղեցկությունն ու մարդկային արժանիքները գովաբանող բանաստեղծություններ կգրվեն ու կտարածվեն մարդկային բնակավայրերում»,-եզրափակել է իրանցի բանաստեղծ Ալիռեզա Բահրամին:

Ներկայացնում ենք իրանցի բանաստեղծի ստեղծագործության հայերեն թարգմանությունը.

Երբ պատերազմ է լինում,

թռչունների մասին եմ մտածում

նույնիսկ խլուրդները

հանգիստ առնելու տեղ ունեն,

բայց թռչունները

անընդհատ

թևում են:

 

Երբ պատերազմ է լինում,

մանուկները

թռչուններ են,

որ գլխիս մեջ,

համարձակորեն երգում են:

 

 

Բուլղարիայում կայացած Early Bird ուսանողական ֆիլմերի միջազգային 16-րդ կինոփառատոնն իր մրցանակները հանձնեց իրանական երկու ֆիլմերի:

Ուսանողական ստեղծագործություններին նվիրված այս կինոփառատոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի անցկացվեց առցանց կերպով:

Կինոփառատոնը «կարճամետրաժ լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակը հանձնեց Ալիռեզա Բեյգլարիի պատրաստած «Հրեշտակները չեն մահանում» ֆիլմին: Բեյգլարին այս փառատոնի ժյուրիի կազմի հետ առցանց հարցազրույցում մրցանակը հանձնեց Իրանի բուժանձնակազմի առաջին նահատակ Նարջես Խանալիզադեի հիշատակին ու բոլոր նրանց, ովքեր այս օրերին փրկում են մարդկանց կյանքերը:

Կինոփառատոնը նաև գնահատագիր հանձնեց Հայդուկ Ջորջյանի պատրաստած «Ավարտաճառ 19» մուլտֆիլմին:

Early Bird ուսանողական ֆիլմերի միջազգային 16-րդ կինոփառատոնը նոյեմբերի 1-ից 5-ը կայացավ Բուլղարիայում:

 

 

Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեղեկացնում է, որ Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր:

«Շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք»,- գրել է Հ.Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար թիրախավորվում ու հրթիռակոծվում է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, մշակութային հուշարձանն ակտիվ ռազմական գործողությունների գոտում է։ Ավելի վաղ Համլետ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ Տիգրանակերտի տարածքը՝ մոտ 4 կմ, անընդհատ հրետակոծվում է, այս պահին չի կարող ճշգրիտ ասել, թե որ տեղամասում ինչ վիճակ է։

«Մեր հանգրվանը, որը նույնպես հուշարձանի տարածքում է՝ թանգարանից, Տիգրանի կառուցած պարիսպներից մոտ 200 մետր է հեռու, հրետակոծվել է, քարուքանդ է եղել։ Հիմա չգիտենք, թե ինչ իրավիճակ է մնացած տեղամասերում։ Միայն ենթադրում ենք, որ հաստատ վնասներ կան, քանի որ սարն անընդհատ հրետակոծվում է։  Հիմա հնարավոր չէ հուշարձանի հիմնական հատվածներն ուսումնասիրել, գնահատել»,- նշել էր հնագետը։

 

 

Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում:

Ֆիլմի պրեմիերային հաջորդել է Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին և պետք է շարունակվեր ևս 3-4 ամիս: «Փարիզի «Կարտիե» ժամանակակից  արվեստի կենտրոնում դեռևս  հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, հետաձգվել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ երկրում փակվել են թանգարանները, մյուս մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը»,- ասվում է կայքում:

 

 

Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին՝ սանձազերծված պատերազմական գործողությունների և համավարակի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Նա միանգամայն տրամաբանական է համարել այս որոշումը»,- ասված է հեռուստաընկերության հայտարարությունում:

Մրցույթը տեղի է ունենալու 2020թ. նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին կմասնակցի 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական եվրատեսիլ-2020»-ը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա փոփոխված ձևաչափով՝ մասնակիցների ելույթները տեսագրվելու են և հեռուստաշոուի տեսքով ներկայացվելու հեռուստադիտողներին։

«Եվրատեսիլ» եւ «Մանկական եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալն ասել է. «Հայաստանը «Մանկական եվրատեսիլի» հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։

 

 

90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է theguardian-ը: Նշվում է, որ  դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Շոն Քոներին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները» և այլն:

Շոն Քոներին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարին: Շոն Քոներին դերասական կարիերայի ընթացքում արժանացել է Օսկար մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար: Նա 3 անգամ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, 5 անգամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի:

Քոներին ծնվել է 1930 թվականին: Նրա  մանկությունն անցել է Էդինբուրգի Ֆաունթինբրիջ շրջանում, 14 տարեկանում լքել է դպրոցը: 1948 թվականին ծառայության է անցել թագավորական նավատորմում, սակայն հետագայում առողջական խնդիրների պատճառով զորացրվել է:

 

 

Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները նոր վարկած են առաջ քաշել, թե ինչու է աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը կտրել իր ականջը:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, գիտնականները եզրակացությունների են հանգել ուսումնասիրելով նկարչի նամակները: Գիտնականների կարծիքով, ալկոհոլից հրաժարվելը երկու անգամ Վան Գոգին հասցրել է սահմանային վիճակի: Նկարիչը տառապել է երկբևեռ խանգարումից և անձի սահմանային խանգարվածությունից

Հետազոտության արդյունքները հերքել են վարկածը, ըստ որի Վան Գոգը հիվանդ է եղել շիզոֆրենիայով: Նկարիչը նաև էպիլեպսիա է ունեցել, որը հայտնաբերել են այն ժամանակվա բժիշկները: Այս ամենն ազդել է հանճարի կենսակերպի, նրա վարքի և արարքների վրա: