Նոյեմբեր 17, 2020 09:32 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

Իրանահայ ճանաչված թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը պարսկերենի է թարգմանել իրանահայ-ամերիկահայ անվանի արձակագիր Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը» որը հրատարակվելու է իրանական «Նաշրե Խազե» հրատարակչության կողմից:

Հակոբ Կարապենցն իր ամենահայտնի վեպում՝ «Ադամի գրքում» պատմում է Իրանից ԱՄՆ արտագաղթած հայ լրագրողի և նրա ապրումների ու կարոտի մասին: Իհարկե կարոտը նրա միակ խնդիրը չէ և նա այդ միջոցով փորձում է վերագտնել իր ինքնությունը: Միաժամանակ նա դիմագրավում է մարդկության մշտական մտազբաղումներից համարվող սիրո զգացմունքը:

 

Շուրջ 44 օր ԼՂ-ի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմն ավարտվեց եռակողմ հայտարարությունով, որի հետեւանքով՝ մեկ գրչի հարվածով ԼՂ-ի մեծ մասն անցավ թշնամու տիրապետությանը։ Այս օրերին յուրաքանչյուր հայի մտահոգում է այդ տարածքներում դարավոր հայ մշակութային կոթողների, խաչքարերի, եկեղեցիների ու մշակութային արժեքների ճակատագրերը։ Պատերազմի ընթացքում թշնամին թիրախավորել էր նաեւ  մշակութային հաստատություններն ու եկեղեցիները…

«Պատերազմական գործողությունների օրերին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում գտնվող ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիվային արժեքավոր փաստաթղթերը տեղափոխվել են Երևանի Մատենադարան»,- այդ մասին Yerkir.am-ին տեղեկացրել է Գանձասարում գտնվող «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը եւ մանրամասնել. «Ձեռագրերն ու արխիվային արժեքավոր փաստաթղթերը Երևան են տեղափոխվել ժամանակավորապես՝ հրետակոծություններից և այլ հարձակումներից պաշտպանելու նպատակով»։

Ըստ «Մատենադարան-Գանձասարի» տնօրենի, ԼՂ-ում Մատենադարանը գործելու է, գոյություն է ունենալու այնպես, ինչպես ԼՂ-ը․ «Մատենադարանի լինելն ուղիղ համեմատական է ԼՂ-ի լինելու հետ»,- վստահեցրեց Ա․ Թորոսյանն ու պնդեց․ «Քանի դեռ կա հայկական ԼՂ-ը, իսկ ես վստահ եմ, որ այն լինելու է հայկական, այդքան էլ կլինի Մատենադարանը»:

 

 

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ջիգարխանյանի թատրոնի ներկայացուցիչը:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935-ին:

Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան էր (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից):

Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը» եւ այլ ֆիլմերում:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմին, դերասանի հարազատներին ու մտերիմներին:

«Խոր ցավով տեղեկացա Արմեն Բորիսի Ջիգարխանյանի՝ մեծ դերասանի, լուսավոր, շատ շնորհալի ու հմայիչ անձնավորության մահվան մասին: Դա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանում և այլ երկրներում միլիոնավոր մարդկանց, մեզ բոլորիս համար: Նրան անկեղծ սիրում էին իր մեծ տաղանդի, հոգու ջերմության, իր մասնագիտությանն ու հանդիսատեսին նվիրվելու համար: Հավերժ կպահենք վարպետի, իրապես ժողովրդական արտիստի՝ Արմեն Ջիգարխանյանի հիշատակը»,-ասված է ՌԴ նախագահի ցավակցական խոսքում:

 

 

Մյունխենում գործող hանրահայտ ECM ձայնագրման ստուդիան օրերս թողարկել է Տիգրան Մանսուրյանի «Հոգուով իմոյ» (Con anima) հեղինակային ձայնասկավառակը, որում ընդգրկված է սիրված կոմպոզիտորի վեց ստեղծագործություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ սկավառակն ամփոփում է վերջին տարիներին ստեղծած կամերային գործերը: «Այս ձայնագրություններում կարևոր ուղղվածություն ունեն հոգևոր երաժշտության ավանդույթները: Այդ նկատի ունենալով՝ գործերից մեկն անվանել եմ «Գառն Աստծոյ», իսկ «Եկեղեցական սոնատը» նվիրված է Կոմիտասի հիշատակին»,- ասաց Մանսուրյանը:

Սկավառակին անդրադարձել է հայտնի երաժշտական քննադատ Նորման Լեբրեխտը, որի կարծիքով այս լարված ու դժվար ժամանակներում «Con anima»-ն կարող է դառնալ կյանքի առաջիկա 15 րոպեն անցկացնելու լավագույն ձևը:

Երաժշտական քննադատն ընդգծել է, որ ջութակի, կլարնետի, թավջութակի և դաշնամուրի համար գրված և վաղամեռիկ ջութակահար Օլեգ Կագանի հիշատակին նվիրված «Agnus Dei» ստեղծագործությունը հոգևոր երկ է։

«Մանսուրյանի ձայնն անշփոթելի է։ Նրա լեզուն հայերենն է, սակայն նրա երաժշտությունը դրոշմված է մինիմալիզմին, ատոնալիզմին և միկրոտոնային համակարգին արված հղումներով»,- նշել է Լեբրեխտն ու հիշեցրել, որ ECM ընկերությունը տարիներ շարունակ անդրադարձել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններին:

«Հույս հայտնենք, որ Մանսուրյանը կկարողանա շարունակել ստեղծագործել խաղաղ պայմաններում»,- եզրափակել է երաժշտական քննադատը:

Նորման Լեբրեխտը երաժշտության, մշակույթի և մշակութային քաղաքականության հարցերով գրող ամենաընթերցված քննադատներից մեկն է։ Նա կանոնավոր հաղորդումներով հանդես է գալիս «BBC Radio 3»-ում ու թղթակցում է «Wall Street Journal»-ին, «Bloomberg»-ին, «Standpoint»-ին, «Sinfini»-ին և այլ հրատարակությունների։ Նրա առցանց գրառումների մատյանը՝ «Slipped Disc»-ը, մշակութային ամենաընթերցված կայքերից է:

 

 

Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղի է ունեցել հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրու բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում:

Ավելի քան 4 տոննա կշռող պատվանդանի և հիմքի հետ միասին 3,5 մետր բարձրությամբ կիսանդրու հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, պրոֆեսոր Սալավատ Շերբակովն է:

Նկարչի կիսանդրին տեղադրվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի ուղեւորատար տերմինալի դիմաց:

«Սիմֆերոպոլի օդանավակայանը մեր մեծ հայրենակից, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվան շնորհումը մեզ վրա լրացուցիչ պատասխանատվություն էր դրել ոչ միայն որակապես սպասարկել մեր ուղեւորներին, այլեւ ծանոթացնել Ղրիմ ժամանող հյուրերին նրա ստեղծագործությանը: Այսօր, կարծում եմ, մեզ համար շատ նշանակալի օր է այս հայեցակարգի զարգացման շարունակության համար»,- բացման արարողության ժամանակ ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինը:

 

 

Նիդեռլանդական թանգարանները գործարկել են հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի նկարների առցանց արխիվը։ kulturomania.ru կայքը, հղում անելով Artnews-ին, գրում է, որ օգտատերերը կարող են դիտել ավելի քան 1000 աշխատանք, ինչպես նաև նկարների տեխնիկայի մասին է տեղեկատվություն հաղորդվում:

Ստեղծագործությունների նկարագրությունները պարունակում են տեղեկություններ ինչպես նկարի ստեղծման պատմության, այնպես էլ իրականացված վերականգնման մասին: Գոյություն ունեն նկարներ նույնիսկ Վան Գոգի հարազատների և այլ հայտնի նկարիչների մեկնաբանություններով:

 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 75 տարի անց նացիստական ռեժիմի հսկա կառույցները դեռ գերակշռում են Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Այս քարե շենքերը սարսափելի պատմության վկաներ են: Բայց ժամանակը տվեց իր վնասը, և Ցեպելինի դաշտում տրիբունան, որտեղ անցկացվում էին նացիոնալ-սոցիալիստների կայսերական համագումարները, ոչնչացվում է:

Գերմանիայի, Բավարիայի դաշնային նահանգի և Նյուրնբերգի իշխանությունները որոշել են 85 միլիոն եվրո հատկացնել՝ նացիստական օբյեկտների պահպանության համար մինչև 2025 թվականը: Այս մասին գրում է Euronews-ը։

«Դա այն էր, ինչը մենք անվանում ենք հանցագործների տեղ: Այստեղ տեղի ունեցան կուսակցական համագումարներ, որտեղ նրանք երդվեցին հավատարմություն կուսակցական գաղափարախոսությանը, որը նպաստում էր գերմանացիների ռասայական գերազանցության գաղափարին այլ ազգերի և ժողովուրդների նկատմամբ և գերմանացիների հանրահավաքը ՝ ընդհանուր նպատակին հասնելու համար: Այստեղ դրվեցին ցեղային օրենքների հիմքերը: Այստեղից ուղին տանում է դեպի բնաջնջում, աքսոր»,-ասել է Նյուրնբերգի մշակույթի բաժնի ղեկավար Յուլիա Լեները։

Նյուրնբերգի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, կապիտալ վերականգնման աշխատանքներ չեն նախատեսվում, այլ միայն վերահսկողություն մոնումենտալ օբյեկտների վիճակի և անվտանգության վրա: Տարեկան շուրջ 300 հազար այցելու ընդունող թանգարանն ընդլայնվելու է: Տեղի հրեական համայնքը հաստատել է նախագիծը: Քարե հսկաները պետք է նախազգուշացնեն տոտալիտար ռեժիմների վտանգների դեմ: