Գեղարվեստական հաղորդում (246)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում նկատի առնելով թեմայի կարևորությունը կանդրադառնանք ԼՂ-ում հայակական պատմա-մշակութային կոթողների պահպանության հարցին, այս օրերին Երևանում ընթացող «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերին ու նաև գեղարվեստական ոլորտին վերաբերող այլ լուրերի: Ընկերակցեք մեզ։
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
«Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ անգամ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ և առիթ է ունեցել կրկին անգամ իր հանձառությունը արտահայտելու: Այդ հանձառությունը հիմնվում է տարբեր ասպեկտների վրա, և դրանցից մեկը վերաբերում է մշակութային և հոգևոր արժեքների ժառանգության պահպանմանը, որոնց մի մասը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Եվ այդ գանձերի պահպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք ստաձնել են դրանց պաշտպանության առաքելությունը»,- ընդգծել է Լըմուանը:

Ամերիկյան նշանավոր «Variety» մշակութային հանդեսն անդրադարձել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» դեբյուտային ֆիլմի շուրջ ծագած քաղաքական շահարկումներին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Կաննի և Տալլինի «Սև գիշերներ» փառատոներն իրենց համերաշխությունն են հայտնել ֆիլմի ստեղծագործական կազմին և դատապարտել Ադրբեջանի մշակույթի նախարարության կոչերը, որոնք միտված են ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն։ Տալլինյան փառատոնի կազմակերպիչները դրական են արտահայտվել ֆիլմի մասին, նշելով, որ այն պոետիկ ֆիլմ է ազատության և երազանքի մասին, զերծ է ատելության և բռնության կոչերից։ Իսկ Կաննի փառատոնի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն գրել է․ «Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս, այն գեղեցիկ բնապատկերների, ժողովրդի և հույսի մասին է»։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մեզ ստիպում է տեսնել և հասկանալ այդ ամենը, և սա է կինոյի դերը»։
Տալլինի փառատոնում Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2021թ․ հունվարի 20-ին։
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։
Ֆիլմը ղարաբաղյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել ԼՂ-ում։

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցեց աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին:
Նոյեմբերի 28-ին Կինոյի տան փոքր կինոսրահում ցուցադրվեց հեղինակի «Զինվորը և կովը» կատակերգությունը, որի տևողությունը 118 րոպե է: Այն նկարահանվել է 1959 թվականին: Ֆիլմը պատմում է Չարլզ Բալլայի մասին, որին կյանքը սովորեցրել էր չհուսահատվել որևէ իրավիճակում: Թվում է, թե ոչինչ չէր կարող ավելի վատ լինել, քան գերմանական գերությունը: Դրա համար Չարլզը որոշում է ամեն կերպ գնալ տուն:
Թեև, իրականում, այնքան էլ չէր տառապում գերության մեջ. նա աշխատում էր հաճելի ֆերմայում` գերմանացի բարի տիրուհու մոտ:
Բայց, միևնույն է, առանց Փարիզի նրա կյանքը հաճելի չէր:
Չարլզը տիկնոջից խնդրում է մի կով:
Եվ վերցնելով մի դույլ կաթ՝ քայլում է դեպի Ֆրանսիա:
Մի զվարճալի գյուղացի քայլում է մի կովի հետ` ձեռքին մի դույլ:
Ո՞վ կկասկածի, որ նա փախուստի է դիմում: Եվ ոչ ոքի մտքով չի անցնում կանգնեցնել Չարլզին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը դեռ տարիներ առաջ Շառլ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում տեղադրել է Անրի Վեռնոյի աստղը:

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ծրագրի մեկնարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների շարքը։
Ծրագիրը շարունակվում է Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Նոյեմբերի 26-ին Կինոյի տանն անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուեռա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուրք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրանի» հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանի հիշատակին։ Դրան հաջորդեց «Ամարկորդ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի) ցուցադրությունը:
«Ոսկե ծիրանի» համահիմնադիր և միջազգային ծրագրերի խորհրդատու Սուսաննա Հարությունյանը ֆիլմի ցուցադրության մեկնարկին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ աջակցության համար: Նրա խոսքով՝ այս օրերին հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել, քանի որ արվեստը բոլորիս համար բացում է հույսի և լույսի ճանապարհ:
Ցուցադրության մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության փոխդեսպան և ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Դիոնիզին, ով նույնպես կարևորեց նախաձեռնության իրականացումը:
Ծրագրի շրջանակում կներկայացվեն «Եվ նավը լողում է» (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի), «Հրաշագործի աշունը» (ռեժիսորներ՝ Ռուբեն Գևորգյանց և Վահե Գևորգյանց):

Համավարակի տարածման հետևանքով ինչպես Հայաստանի բազմաթիվ մշակութային կառույցներ, այնպես էլ Նկարիչների միությունը ստիպված էր երկար ժամանակով դադարեցնել ակտիվ գործունեությունը: Չնայած բազում խնդիրներին՝ միությունը տարին եզրափակելու է «Առածանի» և «Աշնանային սալոն-2020» ցուցահանդեսներով, որոնցում ներկայացվելու են միության անդամների ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը բացել է առաջիկա միջոցառումների փակագծերը:
«Դեկտեմբերի 5-ին միության առաջին հարկում ցուցահանդեսով կեզրափակվի «Առածանի» արտ-նախագիծը, որն իրականացրել ենք «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շնորհիվ»,- տեղեկացրեց Սաֆարյանը:
Նախագծի մասնակից հարյուր նկարիչ վիճակահանության սկզբունքով ստացել է մեկական ասացվածք, որոնց հիման վրա կտավներ են ստեղծել:
Սաֆարյանի խոսքով՝ նախաձեռնության շրջանակում նախատեսված էր «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնել աճուրդ, որի հասույթը պետք է տրամադրվեր արյան քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը, սակայն պատերազմի հետևանքով որոշվել է գումարն ուղղել վիրավոր զինվորներին:
Անդրադառնալով «Աշնանային սալոն-2020» ցուցահանդեսին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահն ասաց, որ այն կայանալու է դեկտեմբերի 15-25-ը: Մասնակցելու են նկարիչների միության անդամները:
Սաֆարյանը հիշեցրեց, որ համավարակի տարածմամբ պայմանավորված՝ գարնանից մինչև ամռան վերջ դադարեցված էր միության ցուցահանդեսային գործունեությունը: Սեպտեմբերին մի քանի ցուցահանդես են բացել, իսկ հետո սկսվել է պատերազմը: Այդ ընթացքում միությունը լծվել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործին. ձևավորվել է շտաբ: «Մենք հավաքագրում էինք սնունդ, հագուստ և այլ պարագաներ՝ առաջնագիծ ուղարկելու համար: Թե՛ Հայաստանի նկարիչների միության անդամները, թե՛ այլ ստեղծագործողներ օգնում էին մեզ: Աջակցում էին նաև արտասահմանում ապրող նկարիչներ: Այդպես մենք կարողանում էինք օգտակար լինել զինվորներին և այն ընտանիքներին, որոնք Արցախից էին Հայաստան տեղափոխվել»,- պատմեց միության նախագահը:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը դեռ մարտ ամսին պետք է թատերասերների դատին հանձներ Ռոդոլֆո Սանտանայի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Հարդասենյակ կանանց համար» ներկայացումը: Համավարակով պայմանավորված՝ առաջնախաղը հետաձգվել է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը խոստովանեց, որ ընկճված են, հոգեպես ծանր վիճակում են, սակայն կատարում են իրենց աշխատանքը:
«Բնականաբար, որոշ փորձեր իրականացնում ենք, որպեսզի դերասանները չկորցնեն իրենց մարզավիճակը, զբաղված լինեն, որպեսզի հոգեբանորեն ավելի ծանր վիճակում չհայտնվեն՝ կապված համավարակի, պատերազմի հետ»,-ասաց նա ու հավելեց, որ հատկապես իրենց թատրոնի համար բավականին բարդ ժամանակներ են, քանի որ ստեղծագործում են կատակերգության ժանրում:
Շահբազյանի խոսքով՝ այս պահին հաստատ չեն կարող բեմ բարձրանալ, քանի որ թատերասերները կատակերգություն դիտելու, իսկ իրենք խաղալու սիրտ չունեն, բայց դեռ տարեսկզբից մի քանի առաջնախաղ էին նախատեսել, որոնք չկարողացան իրականացնել:
Թատրոնի տնօրենն անդրադարձավ «Հարդասենյակ կանանց համար» ներկայացմանը, որի թարգմանությունը կատարել է Վիգեն Ստեփանյանը, բեմադրությունը և նկարչական ձևավորումը՝ Հակոբ Ղազանչյանը, իսկ կոմպոզիտորը՝ Վաչե Շարաֆյանն է:
Կարո Շահբազյանն ընդգծեց, որ հիմա ակտիվ փոձեր են ընթանում: «Այդ ներկայացմանը զուգահեռ թատրոնի բալետի արտիստները, երգչախմբի անդամներն են փորձեր անում»,-եզրափակեց Շահբազյանը:

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր՝ գրված Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 1-ը։ Ձեռագրի նախնական արժեքն էր 10.000 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է Մատենադարանը։
«Մատենադարանն առաջարկում է հայկական բարեսիրական և մշակութային կազմակերպություններին ու անհատ բարերարներին հնարավորության դեպքում ձեռք բերել այս մատյանը, որը ձեռագրական առումով արժեքավոր է և հարուստ է մանրանկարներով։ Ցանկալի է, որ այն մնա ազգային միջավայրում, իսկ եթե հնարավոր է՝ հանգրվանի հայկական մայր ձեռագրատանը՝ Մաշտոցյան Մատենադարանում»,- նշում են Մատենադարանից։