Գեղարվեստական հաղորդում (247)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակութային ոլորտում տեղի ունեցած իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
ԼՂ-ում հայկական պատմա-մշակութային կոթողների պահպանման հարցը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը վստահ է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր-մշակութային հուշարձանները հնարավոր կլինի պահպանել, եթե միջազգային փորձագետներից բաղկացած խմբերը պարբերաբար մշտադիտարկում իրականացնեն այդ տարածքներում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյուրջյանն ընդգծեց, որ միջազգային ԻԿՕՄՕՍ-ին ուղղված նամակում իրենք առաջարկել են համապատասխան մասնագետների ներգրավել այդ գործում:
«Կարևոր է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ՌԴ-ն, Ֆրանսիան` ի դեմս Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Մակրոնի հայտարարել են, որ քրիստոնեական ժառանգությունը, որն այժմ Ադրբեջանի տարածքում է, իրենց վերահսկողության տակ է և իրենք սատարելու են դրանց պահպանությանը: Մենք պետք է օգտվենք այդ հայտարարություններից և, վկայակոչելով դրանք, և՛ պետական մարմինները, և՛ հասարակական կազմակերպությունները փորձեն անել հնարավորը, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկվեն: Հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, միջազգային ԻԿՕՄՕՍ-ը և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ»,-նշեց նա:
Գագիկ Գյուրջյանը հիշեցրեց, որ հայկական կողմը կորցրել է այնպիսի կարևոր նշանակության հուշարձաններ, ինչպիսիք են Ազոխի քարանձավը, Գտչավանքը, ամրոցներ, բերդեր, Դադիվանքը, Ծիծեռնավանքը և այլն: «Ադրբեջանցիները և՛ միջնադարյան, և՛ վաղ քրիստոնեական կառույցները, որոնք այժմ նրանց վերահսկողության տակ են, համարել են աղվանական: Այդ հուշարձանների վերաբերյալ տարիներ շարունակ կեղծ հրապարակումներ են արել, հոդվածներ, գրքեր հրատարակել ու նշել, որ կոթողները ոչ թե հայկական են, այլ՝ աղվանական: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նրանք չեն վնասի այդ արժեքները և կպահպանեն դրանք»,-ասաց ԻԿՕՄՕՍ-ի նախագահը և կրկին շեշտեց, որ պետք է այնպիսի քաղաքականություն վարել միջազգային կառույցների հետ, որ մեր հուշարձանները պահպանվեն և ներկայացվեն որպես քրիստոնեական ժառանգություն:

Բուլղարական «Միասին 21-րդ դարում» 15-րդ միջազգային փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել են Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2020-ին փառատոնն անցկացվել է առցանց ձևաչափով: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:
«Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ամիսներ շարունակ աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող մշակութային գործիչները գումար վաստակելու խնդրի առաջ են կանգնած: Հայաստանաբնակ արվեստագետները ևս բացառություն չեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտ Հակոբ Օրդակյանը, որը երկար տարիներ աշխատել է տարբեր նախագծերում և 2010 թվականից համագործակցում է Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ, նշում է, որ երաժիշտների եկամտի մեծ մասը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից, տարբեր մշակութային նախագծերից։ «Մարտ ամսից, համավարակով պայմանավորված, արդեն իսկ կաթվածահար է եղել մշակույթի ոլորտում աշխատանքային գործունեությունը, իսկ հիմա՝ ծանր պատերազմից հետո, համերգների կամ փառատոնների տրամադրություն չկա, ինչպես նաև շարունակվում են սահմանափակումները»,-հիշեցնում է Օրդակյանը։
Նրա խոսքով՝ զրկվել են նաև արտասահմանյան երաժիշտների, մենակատարների հետ համագործակցելու հնարավորությունից, չեն կարողանում աշխատել տարբեր փառատոների շրջանակում կամ մասնակցել համերգային շրջագայությունների:
«Ֆինանսապես զրոյական վիճակում ենք»,-շեշտում է նա։
Հակոբ Օրդակյանը հանդես է եկել արտասահմանյան հայտնի բեմերում՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում, Staples Center-ում ինչպես հայկական էստրադայի հայտնի կատարողների հետ, այնպես էլ՝ օտարազգի:
2011թվականից նվագում է նաև «Շարակ» խմբում, զուգահեռ աշխատել է նաև «Գոհարափայլ» էթնիկ ջազ անսամբլում, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում։

Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո հայտարարվել է 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացել է կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կինոնկարը նկարահանվել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ և համարվում է Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն։

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Հաջորդիվ ներկայացվեցին ղարաբաղյան թեմատիկայով այլ կինոնկարներ։ «Ոսկե ծիրան»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին փոխանցեց 3,524,000 ՀՀ դրամ։
Մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես փոխանցվեց բարեգործական ձեռնարկների։
Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վարպետության դասեր, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցվեց կինոյի մեծերին, այդ թվում՝ Ֆեդերիկո Ֆելլինիին, Տոնինո Գուեռային և այլ կինոգործիչներին։ Փառատոնային տարվա վերջին ակորդը պետք է լիներ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում․ բացվելու էին ռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցի, Ռոբերտ Սահակյանցի, Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի աստղերը և Հրանտ Մաթևոսյանի ու Աղասի Այվազյանի ավելի վաղ բացված աստղերի շարքով ևս մի քանի սիրելի անունով հարստանալու էր «Ոսկե ծիրանի» հիմնադրած աստղային պուրակը: Ու քանի որ հանդիսությունները պատշաճ չէին մեր ժամանակին, համավարակի վտանգն էլ կախված է Երևանի օդում, փառատոնի կազմակերպիչները որոշեցինք ուղղակի մեկական վարդ խոնարհել նրանց հիշատակին, առանց որոնց անհնար է պատկերացնել հայկական կինոն ու հայ մշակույթը, իսկ հանդիսությունները թողնել ավելի լավ ժամանակների:
«Թե՛ համավարակը և թե՛ պատերազմը փոխեցին բոլորիս կյանքի ընթացքը։ Հայտնի է, որ մշակութային բազում միջոցառումներ չեղարկվեցին կամ էլ հետաձգվեցին։ «Ոսկե ծիրան»-ը հուլիսի ընթացքում հանդես եկավ մի շարք առցանց միջոցառումներով։ Բուն փառատոնային ընթացքը տեղափոխվեց նոյեմբեր՝ ավելի բարենպաստ օրերի ակնկալիքով, սակայն սկսվեց պատերազմը։ Եվ պատերազմական օրերին փառատոնը հանդես եկավ բոլորովին այլ առաքելությամբ՝ մշակույթը դարձնելով իսկական թիկունք։ Կինոդիտողի համար կինո գնալը դարձավ ոչ թե հանդիսություն, տոնը, ինչը ճիշտ չէր և անընդունելի, այլ դարձավ մեթոդ միանալու բարեգործական ձեռնարկներին։ Ուրախ եմ, որ ինչ-որ չափով փառատոնը ևս կարողացավ իր ներդրումն ունենալ դրամահավաքների գործին»,-նշում է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
Քանի որ փառատոնի միջազգային մրցույթի ժյուրին աշխատում էր հեռահար, ապա որոշակի բարդություններ էին առկա քննարկումները կազմակերպելու հարցում, և այդ իսկ պատճառով մրցույթի արդյունքները փառատոնը կհրապարակի ավելի ուշ։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն անգամ պատերազմական օրերին շարունակել է պահել մշակութային խրամատը: Փառատոնի շնորհիվ՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ) ֆիլմը Հայաստանից կմասնակցի «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2021 թվականի հունիսին հայկական ֆիլմը կփորձի ֆինանսավորման, ինչպես նաև միջազգային գործընկերների ձեռքբերման հնարավորություններ գտնել։
«ՌեԱնիմանիա»-ի շնորհիվ ֆիլմն այս օրերին, ի թիվս այլ նախագծերի, մասնակցել էր «Անեսսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Saqanima Georgian Animators Association-ի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի կազմակերպած անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին։
6-րդ անգամ իրականացվող աշխատարանը բացառիկ հնարավորություն էր ընձեռում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը իրականացվել էր առցանց ձևաչափով, և ճանաչվելով լավագույնը, հնարավորություն էր ստացել մասնակցելու հաջորդ տարվա կինոշուկային։
«Անեսսի» փառատոնի կողմից լավագույն նախագծի հեղինակը ստացել է անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»: Պատերազմական իրավիճակում հայ մշակույթը ներկայացնող արվեստագետն իր ֆիլմով հաղթանակ գրանցեց։
«Զակո»-ն (խակ պտուղ) ONoff.studio-ի անիմացիոն ֆիլմն է, որը պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի (Zako) իրական կյանքի պատմության մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել համակենտրոնացման ճամբար։ Նկարիչ «Զակո»-ն կենդանի է մնում ճամբարներում շնորհիվ իր բացառիկ տաղանդի։ Սա մի հուզիչ պատմություն է նկարչի մասին, ով ստիպված էր նկարել իրեն կտտանքների ենթարկողների դիմանկարները։ Ֆիլմը հիմնված է համանուն գրաֆիկ նովելի վրա, որի հեղինակն է Տիգրան Մանգասարյանը։ Վերջինս նաև «Զակո»-ի բեմադրող նկարիչն է։ Ֆիլմի պրոդյուսերն է Սուսաննա Խաչատրյանը, սցենարիստը՝ Էդգար Բաղդասարյանը։

Երեքշաբթի օրը Sotheby's- ի լոնդոնյան աճուրդի տան «ռուսական» աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն Սև ծովի ափերին» կտավը դարձել է թոփ լոտը: Նկարը վաճառվել է 2,3 միլիոն ֆունտ ստերլինգով՝ ակնկալվող 1,2-1,8 միլիոն դոլարի փոխարեն:
Աճուրդում գլխավոր լոտերի թվում է եղել Այվազովսկու մեկ այլ նկար՝ «Կոլումբոսի մեկնումը Պալոսի նավահանգստից» (ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգ):
Sotheby's-ի «ռուսական» աճուրդը շարունակվում է նաև այսօր: Աճուրդին ներկայացվում են դեկորատիվ և կիրառական արվեստի գործեր, արժեքավոր սրբապատկերներ:

Փարիզի Լուվրի թանգարանը աճուրդի կդնի ժամանակակից նկարիչների ավելի քան 20 աշխատանք, ինչպես նաև եզակի ծառայություններ`«հազվագյուտ փորձը վերապրելու համար», այդ թվում` «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի ամենամյա ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը, երբ այն դուրս են բերում հատուկ պաշտպանիչ ապակու տակից։
Իր պատմության մեջ առաջին անգամ Լուվրը աճուրդի է հանում 24 լոտ, ներառյալ ժամանակակից նկարիչների կողմից տրամադրված աշխատանքներ, թանգարանի կողմից տրամադրող եզակի առաջարկներն ու ծառայությունները, ինչպես նաև համաշխարհային ապրանքանիշերի հետ համատեղ ստեղծված լոտերը:
«Ոչ նյութական» լոտերի շարքում է ցուցափեղկից հանելիս «Մոնա Լիզայի» ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը: Նշվում է, որ գնորդը թանգարանի տնօրենի հետ համատեղ կկարողանա դիտել գործընթացը:
Աճուրդը նշանակված է դեկտեմբերի 1-15-ը Christie-ի կայքում: Հավաքված գումարը կուղղվի թանգարանում գեղարվեստական և մշակութային կրթության նոր տարածք ստեղծելուն: