Դեկտեմբեր 16, 2020 10:01 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։


 

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի և Հայաստանում Իրանի մշակութային կցորդության պատասխանատուի հանդիպման ժամանակ քննարկվել  են Իրան-Հայաստան գեղարվեստական համատեղ համագործակցության հնարավորությունները:

Հայաստանում Իրանի մշակութային կցորդության պատասխանատու Մոհամմեդ Մասըուդ Սադեղին  Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն կատարած այցի ժամանակ հանդիպել ու զրույց է ունեցել թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անցած ուղին, նաև Հայաստանի գեղարվեստի ոլորտի ժամանակակից հայտնի դեմքերին ծանոթացնելու և Իրանի դասական խմբերի հետ համագործակցության հնարավորությունների քննարկման նպատակով համատեղ տեսակոնֆերանսի անցկացումը:

Կողմերը նաև ընդգծեցին մշակութային ու երաժշտական բովանդակությամբ կարճ ֆիլմերի արտադրման համար օպերայի շենքի օգտագործումը, համերգներում իրանցի դասական երաժշտության մենակատարներին ներառելն ու նաև համատեղ համերգների կազմակերպումը:

 

 

Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը:

Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»: Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման։

Բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա):

Օրերս «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:

 

 

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվել է  դեկտեմբերի 8-ից:

Մատենադարանի ցուցադրական համալիրը, որը գտնվում է հիմնական կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 12 ցուցասրահից, որոնցում ներկայացվում են հարյուրավոր ցուցանմուշներ՝ նախատեսված մշտական, ժամանակավոր և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ամբողջական ձեռագրեր, ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

Ցուցասրահը բացվել է 1957 թվականին միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2011 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ կոթողային շենքը այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակներ, լաբորատորիաներ և մեկ տեսասրահ։

 

 

Ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Օնեգին» ներկայացմամբ, որը խաղացել է Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի թատերախումբը, դեկտեմբերի 9-ին մեկնարկել է «Հայ ֆեստ» թատերական փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը 2020-ին անցկացվում է օնլայն հարթակում և կրում է «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսը:

«Հայ ֆեստ»-ի օրերին կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը մեկուսացման ժամանակ» թեմայով, որին կմասնակցեն տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրեններ, բեմադրիչներ, թատերագետներ և այլն: Համաժողովի մոդերատորներն են Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դեվենթերը (Բելգիա)  և  թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, «Թիաթր» ամսագրի գխավոր խմբագիր, «NET» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (Ռուսաստան)։

Կանցկացվեն նաև վարպետության դասեր, որոնց շրջանակում կխոսվի շատերին հետաքրքրող թեմաների մասին։ Փառատոնի արտերկրի գործընկերները կներկայացնեն այն կարևոր քայլերը, որոնք պետք են թատերական նախագծերի իրականացման համար, կխոսեն նաև նրանց նշանակությունից, անհրաժեշտ հմտություններից՝ կապված արվեստի հետ։

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

2019-2021 թվականներին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

 

 

«Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը Երևանում անցկացվել է դեկտեմբերի 7-9-ը, եզրափակվել է դասական համերգով, որը տեղի է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ է ունեցել Armenia լարային քառյակը: Հնչել են Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։

Ծրագիրը մեկնարկել է «Lazienki Դալան» ցուցասրահում կազմակերպված Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսով, որը տրամադրել էր Royal Łazienki Museum-ը։ Ցուցադրվել է նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ»  ֆիլմը, կազմակերպվել էր Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։ Իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել են Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները։

Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր աջակիցներին ու կազմակերպիչներին: «Մեր կողմից աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ հայերն առավել մանրամասն կարողանան ծանոթանալ լեհական մշակույթին: Մենք այս իրադարձության ընթացքում արդեն իսկ ձեռք բերեցինք հրաշալի գործընկերներ և արդեն գիտենք, թե նրանցից ում հետ կաշխատենք հաջորդ տարվա լեհական մշակույթի օրերը կազմակերպելու հարցում»,-նշել է նա:

 

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունն իրականացրեց «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվեցին 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները:

Ցուցադրության բացումը Նկարիչների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, և շարունակվեց մինչև դեկտեմբերի 10-ը:

«Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից հավաքված ավելի քան 2000 ասացվածքներն են, որոնցից ընտրվել են 100-ը, և հայ նկարիչներին առաջարկվել է պատկերազարդել դրանք: Հայ ժողովրդի՝ հազարամյակների քննությունն անցած պատգամներն ուսումնասիրել, հավաքել և նախորդ դարակեսին հրատարակել է Արամ Ղանալանյանն իր «Հայկական առածանի» ժողովածուում, որի անվանումն էլ փոխառվել է արտ-նախագծի համար։

«Մենք բոլորս գիտենք և գործածում ենք այդ ասացվածքները։ Երբեմն հեգնական, հաճախ զվարճալի այդ թևավոր խոսքերը մեր ժողովրդի իմաստության ցուցանիշն են։ Հայկական ասացվածքների աշխարհը հարուստ ու բազմազան է, նաև՝ շատ ցայտուն։ Նախագծի ներշնչանքի աղբյուրը հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» ստեղծագործությունն է, որտեղ արվեստագետը ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք»,- հավելեց  նախագծի հեղինակը:

«Այս նախագիծն իրոք բացառիկ է, քանի որ մեկ թեմայով միավորված այսքան շատ ստեղծագործություն, իսկապես, մարտահրավեր էր մեզ համար, բայց միության նկարիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին այս գաղափարը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասնագետները, ովքեր մեզ վստահեցին պետական դրամաշնորհը»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ  Սուրեն Սաֆարյանը հավելելով, որ նախագծին մասնակցել են շատ տարբեր նկարիչներ՝ հայտնի և ոչ այնքան, միության անդամ հանդիսացող և անկախ արտիստներ, ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Ամեն մեկը  յուրովի է պատկերել իրեն բաժին հասած ասացվածքը։

 

Հայկական ծագումով ռուսագիր գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքն առաջին անգամ թարգմանվել է հայերեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, գիրքը հրատարակել է «Վերնատուն»-ը:

«Զուլալի» պատմվածքների ժողովածուն ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառը ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում…

«Ես հպարտանում եմ մեր երեխաներով եւ ծերերով: Տատիկս ասում էր, որ նրանք ամենամոտն են երկնքին, քանի որ ծերերն արդեն գիտեն, որ շուտով գնալու են, իսկ երեխաները նոր են եկել այնտեղից եւ հիշում են երկնքի հոտը: Կարծում եմ, որ ծերերն ու երեխաները մեզ՝ հասուն մարդկանց, հարյուր անգամ ավելի ուժեղ են դարձնում: Մենք ապրում ենք նրանց շնորհիվ»,-ասում է Նարինե Աբգարյանը:

«Զուլալին» ընթերցողներին հասանելի կլինի դեկտեմբերի 10-ից:

Նարինե Աբգարյանն ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում: Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստամնի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր՝ «Լեզու» անվանակարգում։ Գիրքը տարիներ առաջ թարգմանվել է հայերեն և ամիսներ շարունակ ընդգրկվել ամենավաճառված գրքերի ցուցակում: 2011-ին թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը՝ «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։

Նարինե Աբգարյանը 2013 թվականին մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը: