Գեղարվեստական հաղորդում (249)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային նորություններին: Ընկերակցեք մեզ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը:
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից մեկի՝ Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվամբ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Թադեոս առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ողջ հայության համար: Ամեն տարի` հուլիս ամսին նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն, և բազմաթիվ հայ քրիստոնյաներ Իրանից, Հայաստանից ու արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացությանը: Տեղի են ունենում պատարագ, մատաղի արարողություններ, մկրտություններ, ժողովրդական երգ ու պար:
Հայտը պատրաստվել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքների` այդ ուխտագնացության մշակույթը կրողների, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտավորների համայնքի մասնակցությամբ, ինչպես նաև Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, Իրանի մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռարվեստի նախարարության, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների համագործակցությամբ:
«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը:
Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է հետևյալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.):

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2020 թվականը կեզրափակի երկու համերգով. դեկտեմբերի 24-ին Երգեհոնային երաժշտության երեկո կանցկացվի, որի ընթացքում մեծամասամբ կհնչեն Բախի ստեղծագործությունները, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Երևանի պետական կամերային երգչախումբը խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կկատարի Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և այլոց գործերը:
Համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Մշակույթի ձայնն է դարեր շարունակ օգնել, որ հասկանանք մեր ինքնությունն ու նշմարենք ուղին։ Մշակույթի պրիզմայում ենք ընկալել մեր ցավն ու հրճվանքը, կորուստն ու վերելքը, մոխրացումն ու վերածնունդը։ Ազգի առաջ ծառացած այս բարդագույն իրավիճակում Կամերային երաժշտության ազգային կենտրոնը վերսկսում է կամերային երաժշտության հանրահռչակման իր առաքելության իրագործումը: Սպասվող համերգներին անասելի եռանդով ու ջերմությամբ պատրաստ ենք հյուրընկալել մեր սիրելի հանդիսատեսին՝ միասին գտնելու մխիթարանք ու քաջալերում»,-ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում, որը բացվել է դեկտեմբերի 12-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում, ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։
Ցուցադրությունը եզակի է, քանի որ արտահայտում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական գրաֆիկայի դպրոցը։
Այն համագործակցության հարթակ է ստեղծում հատկապես այն արվեստագետների համար, որոնք դեռևս կայացման փուլում են՝ հնարավորություն ընձեռելով նրանց մուտք գործել կերպարվեստի շուկա, զարգացնել և արդիականացնել այն։
«Ցուցադրության առանցքում արվեստագետ-թանգարան, դասական-ժամանակակից արվեստ երկխոսությունն է։ Երկխոսության այս տեսակն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, չնայած որ բավականին արդիական է Եվրոպայում։ Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռևս անհասանելի է հայաստանցի արվեստասեր հասարակության համար, և որը դեռևս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե՛ դասական և թե՛ ժամանակակից»,-նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը։
Հայաստանցի արվեստագետներից բացի ցուցադրությանը ներկայացված են նաև հայ արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը և այլք։ Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը և այլն։
Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այն կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 1-ը։ Արվեստասեր հասարակությունը ցուցադրությանը կարող է ծանոթանալ նաև առցանց՝ հետևելով «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ֆեյսբուքյան էջին։
«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է և իրականացրել ձևաչափային փոփոխություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որոնց հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի փորձին։
Վարպետության դաս կանցկացնի Mona Lisa Descending a Staircase ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացած Ջոան Գրացը, որն ամերիկացի անիմատոր է, կինոգործիչ և մասնագիտացված է կավանկարչության ասպարեզում։ Աշխատարան կվարի կանադացի ծաղրանկարիչ, անիմատոր Գրեհեմ Անաբելը, որը մասնագիտացված է կոմիքսների ստեղծման ոլորտում, ստեղծել է նաև աշխատանքներ հեռուստատեսության, վիդեո խաղերի ասպարեզում։ Նրա ստեղծած ֆիլմերն առաջադրվել են մի շարք կինոմրցանակների։ Հանրության հետ իր փորձով կկիսվի նաև ֆրանսիացի անիմատոր, «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար, կինոպրոդյուսեր Ժան-Պոլ Կոմանը։ Ամերիկաբնակ հայազգի ռեժիսոր Արամ Յակուբյանը, որը կոնտենտ է ստեղծում աշխարհահռչակ Netflix-ի համար, նույնպես հետաքրքիր աշխատարան կանցկացնի։ Կոմիքսներ ստեղծելու վերաբերյալ հետաքրքիր պատմություններ կպատմի իսպանացի հայտնի գրող Աբել Ալվեսը։ Գերմանացի ծաղրանկարիչ և գրաֆիկ դիզայներ Ռեինհարդ Քլիեսթը, որը հայտնի է աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի կենսագրականի ստեղծմամբ, նույնպես աշխատարան կվարի։ «»Օսկար» մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերի վրա աշխատած Մարկ Շապիրոն, որն աշխատել է Nike և այլ բրենդների PR և մարքեթինագային արշավների ուղղությամբ, նույնպես կկիսվի իր փորձով։
Փառատոնի շրջանակում առցանց ձևաչափով կներկայացվի նաև ինքնատիպ համերգ։
«Չնայած տիրող բարդ իրավիճակին՝ այս օրերին փառատոնն ակտիվ աշխատել է կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ լիահույս լինելով, որ հանրությանը պետք է հաղորդակից դարձնել մշակույթին անգամ երկրի համար բարդ իրավիճակներում։ Մենք հավատացած ենք, որ ներկայացվելիք առցանց աշխատարանները կարևոր նշանակություն կունենան ոլորտում մասնագիտանալ ցանկացողների համար, և էլ ավելի շատ գիտելիքներով ու հմտություններով կհարստացնեն կինոսերներին»,-նշում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։

Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի նկարիչների միությունում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդեսը, որի հասույթն ուղղվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հեղինակ, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշում է, որ ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է:
Նա հիշեցնում է, որ հինգ տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և ԼՂ-ում:
«Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արևմտյան Հայաստանը, ունեցանք ևս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց: Հինգ տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- նշում է Եղոյանը:
Ցուցահանդեսը, ըստ նրա, նաև հնարավորություն կտա ևս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով:

Ռուսական Ozon օնլայն խանութը կազմել է վերջին 10 տարվա ընթացքում ինտերնետում ամենաշատ վաճառվող լավագույն 10 գրքերի ցանկը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում են ընկերությունից:
Մասնագետները վերլուծել են գրքերի վաճառքը 2010-2020 թվականներին: Հոգեբան Միխայիլ Լաբկովսկու «Ուզում եմ և կլինեմ» աշխատությունը տասնամյակի ամենավաճառվող գիրքն է: 2017-ին լույս տեսնելուց ի վեր այն Ozon-ով գնվել է ավելի քան 100 հազար անգամ:
Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի տնտեսագետ, խորհրդատու Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գիրքը: 10 տարվա դիտարկումների ընթացքում այն միակ գիրքն է եղել, որ մշտապես եղել է թոփում և ողջ ընթացքում պահանջարկ է ունեցել:
Լավագույն 10-յակի երրորդ տեղում է Լյուդմիլա Պետրանովսկայայի «Գաղտնի աջակցություն: Կցորդը երեխայի կյանքում» գիրքը: Չորրորդ տեղում է Այն Ռենդի «Ատլանտը թոթվեց ուսերը» գիրքը, որը գեղարվեստական գրքերի շարքում առաջատարն էր Ozon-ի վաճառքում:
Ցուցակի հինգերորդ և վեցերորդ հորիզոնականներում են Մաքսիմ Իլյախովի և Լյուդմիլա Սարիչևայի «Գրիր, կտրիր» և Մասարու Իբուկայի «Երեք տարի անց արդեն ուշ է» գրքերը:
Յոթերորդ տեղում է Ջոն Կեհոյի «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» գիրքը, որին հաջորդում է Սվետլանա Բատյաևայի և Ելենա Սավոստյանովայի «Ալբոմ ՝ ամենափոքրի խոսքի զարգացման համար» գիրքը:
Ըստ Ozon –ի, լավագույն 10-ի վերջին երկու տեղերում են Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» և Ադել Ֆաբերի ու Էլեյն Մազլիշի «Ինչպե՞ս խոսել, որպեսզի երեխաները լսեն, և ինչպես լսել, որպեսզի երեխաները խոսեն» ստեղծագործությունները:
Ընկերության հաղորդագրության համաձայն, 2020 թ.-ի տաս ամիսների ընթացքում Ozon- ով գրքերի պատվերների ընդհանուր քանակը տարեկան կտրվածքով աճել է 40 տոկոսով, իսկ գեղարվեստական արձակի վաճառքները վերջին 5 տարում աճել են 2.5 անգամ ` 2010-2015 թվականների ժամանակահատվածի համեմատ: