Ապրիլ 19, 2016 15:05 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Կրկին ձեր տան ջերմ օջախի հյուրն ենք Իրանի հանրահայտ դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր հաղորդաշարի հերթական համարով: Այսօր ձեզ հետ կզրուցենք լուսնային հիջրեթի 8-րդ՝ փրկչական 14-րդ դարի հայտնի միստիկ Սեյեդ Ալի Համադանիի մասին,ով իր ամբողջ կյանքը նվիրաբերել է Քաշմիրում ու Տաջիկստանում իսլամի ու հոգու մաքրագործման քարոզմանը:Ընկերակցեք մեզ:

  Սեյեդ Ալի Համադանին համարվում է սուֆիական «Քաբրուիե» ուղղության մեծերից: Մտավորականները նրան տվել են «Սոլթան-ալ-արաֆեին» կոչումը: Քաշմիրի ժողովուրդը նրան իսլամի հիմնադիր «Ալի-ե Սանի», իսկ նրա աշակերտները՝ «Շահ-ե Համադան» են անվանել: Նրան նաև հիշատակել են Ամիր Քաբիր անունով, իսկ Տաջիկստանում հայտնի է «Հազրաթ Ամիր Ջան» անունով:

Միր Սեյեդ Ալի Համադանին մեծ համբավ է վայելում Հնդկական թերակղզու որոշ բաժիններում, այդ թվում Քաշմիրում իսլամի տարածման բերումով: Նա «Քաբրուիե» ուղղության մեծերից է և նրա վախճանումից հետո նրա հետևորդները Համադանիե են կոչվել: Որոշ բանասերներ լուսնային 8-րդ դարում նրա և նրա մի խումբ հետևորդների ուղևորությունը Քաշմիր համարում են այդ տարածքում շիիզմի տարածման գլխավոր գործոնը: Միր Սեյեդ Ալի Համադանին , որից պարսկերեն լեզվով հիշատակ են մնացել արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ, համարվում է իրանական մշակույթն ու պարսից լեզուն հնդկական թերակղզի փոխադրելու միջնորդներից մեկը: Նա մեծ թվով  հետևորդներ ունի Քաշմիրում ու նրա բնակության վայրում կառուցված խանղահը դարձել է ուխտատեղի: Քանի որ նրա դամբարանը գտնվում է Տաջիկստանում, այդտեղ էլ ճանաչված դեմք է համարվում և նրան համարում են այդ տարածքի պանծալի դեմքերից մեկը:
Միր Սեյեդ Ալի Համադանի անունով հայտնի Սեյեդ Ալի Համադանին երկուշաբթի լուսնային հիջրեթի 714 թվականի ռաջաբ ամսվա 12-ին ծնվեց Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքում: Նրա հայրը՝ Ամիր Շահաբեդդին Հասան Իբն Սեյեդ Մոհամմեդ Համադանին հավատացյալ մարդ և Համադանի էմիրն էր: Նրա գերդաստանը սերում էր Իմամ Հոսեյնից:
Սեյեդ Ալի Համադանին տարրական ուսումն ստանում է իր մորեղբոր՝ Սեյեդ Ալլաեդինի մոտ, իսկ 12 տարեկան հասակում Սեյեդ Ալլաեդինն իր քրոջ որդուն հանձնում է Շեյխ Աբոլբարաքաթ Թաղիեդդին Ալի Դուսթիին: Սեյեդ Ալի Համադանին ուսման տարիներին աշակերտում է մեծ ուսուցիչների, որոնց մոտ հադիսի, իմաստասիրության ու միստիցիզմի դասեր է առնում և հոգու մաքրագործման ու հոգևոր հարցերում մեծ ազդեցություն է կրում նրանցից:
Միր Ալի Համադանին հոգևոր ուսումն ավարտելով Ալաոլդովլե Սեմնանի նման հայտնի ուսուցիչների մոտ ժամանակի ավելի քան 30 շեյխերի հրամանագրով պարտականություն է ստանում իսլամ կրոնը քարոզել Իրանի սահմաններից դուրս և սկսում է շրջագայել Շամում, Հռոմում, Թուրքստանում, Քաշմիրում, Հնդկաստանում հասնելով մինչև Սարանդիբ: Անգամներ ուխտի է գնում Աստծո տունը: Նա 21 տարի շարունակ ճանապարհորդել է ու որևէ տեղ մշտական բնակություն չի հաստատել: Այդ երկար ուղևորությունների ժամանակ հոգևոր դասեր է առել 1400 միստիկներից ու ուսուցիչներից: Լուսնային հիջրեթի 753 թվականին վերադառնալով Համադան ամուսնանում է ու 773 թվականին կրկին թողնելով հայրենիքը մեկնում է ուղևորության:
Սեյեդ Ալի Համադանին աշակերտներ է ունեցել Իրանում, կենտրոնական ու հարավային Ասիայում, որոնց կենսագրության մասին դժբախտաբար շատ տեղեկություններ չկան: Նրա ամենահայտնի ու գիտնական աշակերտը Նուրեդդին Ջաըֆար Բեդախշանին է: Երբ Սեյեդը գտնվում էր Միջին Ասիայում գտնվող Խաթլանում նա ներկայանում է Սեյեդին և գիտական ու հոգևոր դասեր է առնում նրանից: Նա իր ուսուցչի բարոյական հատկանիշների մասին իր գրառումները ի մի է հավաքել «Խոլասաթ-ալ-մանաղեբ» գրքում:
Խաջե Էսհաղ Խաթլանին էլ Սեյեդ Ալի Համադանիի աշակերտներից է, որ բացի նրան աշակերտելուց նաև նրա փեսան է եղել ու նրա քարոզչական բնույթի ուղևորություններից ու ուխտագնացություններից շատերի ժամանակ ուղեկցել է նրան: Խաջե Էսհաղն իր կեսդարյա քարոզչական ու կրթական գործունեության ընթացքում դաստիարակել է իսլամական գիտություններով հետաքրքրված բազմաթիվ աշակերտներ:
Միր Սեյեդ Հոսեյն Սեմնանին էլ այն հայտնի մտավորականներից ու գիտուններից է եղել, որոնք ծունկ են չոքել Սեյեդ Ալի Համադանիի առջև: Նա իր ուսուցչի կողմից քանի անգամ քարոզչական գործուղման է մեկնել Քաշմիր:
---
Սեյեդ Ալի Համադանին իր կենդանության օրոք էլ հարգված է եղել ու Իրանի, Թուրքստանի և Հնդկաստանի տարբեր քաղաքների ժողովրդի մոտ մեծ համբավ է ունեցել: Նա բարեպաշտությունից ու ճգնությունից բացի նաև բարձր դիրք է գրավել իմաստասիրության ու գիտության ոլորտում և տիրապետել է իր ժամանակի գիտություններին ու բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Ժողովրդի տարբեր խավերի մոտ նրա հոգևոր ներազդեցությունն այնպիսի դիրք էր ապահովել նրա համար, որ ժամանակի բոլոր իշխանավորներ ու էմիրները առավելագույն հարգանքն էին ցուցաբերում նրա հանդեպ ու գործադրում էին նրա հորդորներն ու խրատները ու երբ նա վախճանվեց նրա հետևորդների ուշադրությանն արժանանալու համար մրցում էին Խաթլանում գտնվող նրա դամբարանի նորոգման ու բարեզարդման հարցում: Քաշմիրում այն տունը, որտեղ բնակվել ու քարոզել է Սեյեդ Ալին այնպիսի մեծ ուշադրության կենտրոնում է եղել, որ հետագային վերածվել է մզկիթի ու այդտեղ շքեղ հուշակոթող է կանգնեցվել: Այս շինությունը լուսնային 9-րդ դարից ի վեր հանդիսացել է Հնդկական թերակղզում մուսուլմանների գործունեության կենտրոնը և Աշուրայի օրը երբ սգավորների խմբերն անցնում են դրա կողքով, որպես հարգանքի նշան իջեցնում են իրենց դրոշները: Քաշմիրում, Ջամույում, Գալգիթում ու Բելթսթանում բազմաթիվ մզկիթներ ու դպրոցներ են կոչվում Սեյեդ Ալի Համադանիի անունով:
Նրա որոշ հետևորդներն ու աշակերտները հրաշքներ են վերագրել նրան ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդը հիշում է դրանց մասին: Ամեն տարի զիհաջե ամսվա 6-ին, նրա վախճանման տարելիցի հետ միաժամանակ նրա մեծարման նվիրված հանդիսություններ են կազմակերպվում Քաշմիրում ու մուսուլմանաբնակ այլ տարածքներում, որոնց ընթացքում հիշատակվում են նրա միստիկական ապրումներն ու ուսուցումները:
Բազմաթիվ մեծեր, պատմագիրներ ու բանասերներ Միր Սեյեդ Ալիին դրվատող արձակ ու չափածո ստեղծագործություններ են կատարել ու դրանցից որոշները թարգմանվել են օրդուերեն, թրքերեն, փաշթուներեն ու ֆրանսերեն լեզուներով ու դրանցից որոշների համար էլ գրվել են ընդարձակ մեկնաբանություններ:
Սեյեդ Ալի Համադանիի աշխատությունները պարունակում են 110 հատոր գրքեր, աշխատասիրություններ ու բանաստեղծական ժողովածուներ, որոնք բովանդակության և իրենց արձակ ու չափածո ոճի բերումով մեծ ուշադրության կենտրոնում են գտնվում: Այս ստեղծագործությունները ներառում են մեկնաբանական, պատմողական, փիլիսոփայական ու իմաստասիրական, բարոյագիտական ու գրական տարբեր ոլորտներ: Իրանցի այս միստիկի սրամտությունը նրա ստեղծագործությունները հաճելի են դարձնում ցանկացած ընթերցողի համար:
Միր Սեյեդ Ալի Համադանին լուսնային 786 թվականի զիղաըդե ամսին Հաջի ուխտագնացության մեկնելու համար հեռանում է Քաշմիրից: Կարճ ժամանակ Փախլի իշխանը նրան հրավիրում է մի քանի օրով մնալ իր տարածքում ու քարոզել ժողովրդի համար: Սեյեդ Ալի համաձայնում է և 10 օր քարոզում է այդտեղ ու շարունակում է իր ուղևորությունը, սակայն հիվանդանում ու հինգ օր անց՝ չորեքշաբթի գիշեր՝ զիհաջե ամսվա 6-ին ավանդում է հոգին:
Ասվում է, որ նրա վախճանման գիշերը մինչև լուսաբաց շշնջելիս է եղել Աստծո անունը ու վախճանվել է «Չկա Աստված բացի բարեգութ ու ողորմած Աստծուց» արտահայտությունը շրթներին: Նրա վախճանման վայրը հիշատակել են Իրանի ու Աֆղանստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քոնարում: Նրա դիակը փոխադրում են Խաթլան ու հողին են հանձնում Քուլաբի գյուղերից մեկում, որտեղ նա մզկիթ ու դպրոց էր կառուցել:
Սեյեդ Ալի Համադանիի դամբարանի նախնական կառույցը դեռ կանգուն է Տաջիկստանում, որը պարունակում է մի մեծ սենյակ և ինն փոքր տաղավարներ, որտեղ հանգչում են նրա գերդաստանի 10 անդամները:
Միր Սեյեդ Ալի Համադանիին հաջորդում է նրա որդին՝ Սեյեդ Մոհամմեդը ու շարունակում է հոր ջանքերը: Միր Մոհամմեդը լուսնային 800 թվականին մեկնում է Հաջի ուխտագնացության և վախճանվելով լուսնային 809 թվականին հողին է հանձնվում հոր կողքին: Սեյեդ Մոհամմեդի որդիներն ու ծոռները Համադանում, Քաշմիրում գտնվող Սերինեգարում և Բալխի մերձակայքում գտնվող Բալխաբում շարունակում են իրենց հայրերի գործունեությունը և քարոզում են ժողովրդին: