Գեղարվեստական հաղորդում (252)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու, զարգացնելու նպատակով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը 2021-ին մի շարք ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ կկազմակերպի: Գաղափարները կյանքի կոչելու համար դեսպանատունը կհամագործակցի Հայաստանի մշակութային կառույցների հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ասաց, որ հունվարին է ստանձնել իր պարտականությունները, բայց հասցրել է որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել:
«Հայաստանի նկարիչների միության հետ համագործակցության շրջանակում պատրաստվում ենք խոշոր ցուցահանդես կազմակերպել «Իրանը իմ աչքերով» խորագրով: Ցուցահանդեսին հայ արվեստագետները մեր երկիրը կպատկերեն իրենց ընկալմամբ: Հուսանք՝ ցուցահանդեսը հաջող ընթացք կունենա և շարունակական կլինի: Հաղթողներն էլ կմեկնեն Իրան»,-նշեց դեսպանատան մշակութային կցորդը:
Նա ընդգծեց, որ համաձայնություն են ձեռք բերել նաև Արևելագիտության ինստիտուտի հետ, առաջարկներով այցելել է մի քանի թանգարան: Նախատեսվում են ազգային հագուստին, ծեսերին, երաժշտությանը և մշակույթի այլ ոլորտներին վերաբերող միջոցառումներ իրականացնել:

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության Ինստիուտի հրատարակությամբ լույս է տեսել իրանցի նշանավոր գրող Սադեղ Հեդայաթի մասին մենագրություն: Գիրքը կոչվում է «Սադեղ Հեդայաթ-Կյանքը և գիտական ժառանգությունը»: Հեղինակն է Անահիտ Իվանի Յահյամասիհին: Տիկին Անահիտ Յահյամասիհին ծնվել է Իրանում, անգլերեն լեզվի գծով ստացել է բակալավրի աստիճան, ապա 2006 թվականին Իրանի հին լեզուների և մշակույթի ճյուղի մագիստրոս է դարձել: Հայաստանում ևս 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ավարտելով նաև Թեհրանի հայոց թեմի հայերենագիտական երեկոյան դասընթացները, տարիներ աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցչուհի: Աշխատությունը նվիրված է 20-րդ դարի պարսից գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ արձակագիր, բանագետ և ազգագրագետ Սադեղ Հեդայաթի կյանքին և բազմաժանր ստեղծագործության ժառանգության: Առանձին գլուխներով ներկայացված են մեծ գրողի կենսագրականը, արձակը, բանագիտական ժառանգությունը և ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունների բաժնում հետաքրքիր են նաև նրա առնչությունները հայ ժողովրդի և նրա երկու հոգևորական ու բանահավաք Կոմիտաս Վարդապետի և Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի հետ: Ներկայացված է նաև Ս. Հեդայաթի պատմվածքներից երեքի թարգմանությունը՝ «Գոջասթե դեժ», «Աթաշփարասթ» և «Թախթե Աբու Նասր»: Հարկ է նշել, որ 1992 թվականին Երևանում հրատարակվել է նաև Ս. Հեդայաթի պատմվածքներից «Բուֆե քուռը» և «Սե ղաթրե խունը»՝ Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ: Անահիտ Յահյամասիհի «Սադեղ Հեդայաթ-Կյանքը և գիտական ժառանգությունը» աշխատությունը նախատեսված է արևելագետների, հայագետների, ուսանողների և ընթերցող հասարակության համար:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2021-ի առաջին համերգը նվիրում է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Ծրագրում՝ Վեց պատկեր դաշնամուրի համար (1965), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959), Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952):
Նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:

Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի, Սերգեյ Փարաջանովի և մի խումբ այլ անվանի հայ արվեստագետների աշխատանքներ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ներկայացվելու են «Կամք, իմաստություն, սեր» խորագրով ցուցահանդեսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում:
Արդի հայ արվեստագետների աշխատանքների հետ համատեղ ցուցադրվելու են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարաններից ընդգրկված աշխատանքներ:
Ցուցահանդեսը կոչված է վերանայելու մեր ապրած դարաշրջանը՝ հայոց ոգին ամրացնելով «կամքի, սիրո և իմաստության արժեքներով»: Նույն օրը տեղի ունեցավ նաև Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը:

Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող գրադարանների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը նոր շարք է նախաձեռնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրադարանն առցանց հարթակում պարբերաբար տեղեկություններ է ներկայացնելու ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ գրադարանների մասին:
Շարքը սկսվել է ԱՄՆ խոշոր գրադարաններից մեկի՝ Կանզասի հանրային գրադարանի մասին հաղորդմամբ:
Գրադարանի շենքի առանձնահատկություններից մեկը «Հանրային գրադարակն» է, որը մի վիթխարի պատ է՝ բաղկացած մի շարք հայտնի գրքերի կռնակներից: Պատը ձևավորվել է ընթերցողների առաջարկած գրքերի հիման վրա:
Կանզասցիների սիրելի գրքերի ցանկում են Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը, Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները», Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը...», Ռալֆ Էլիսոնի «Անտեսանելի մարդը», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Լաո Ցզիի, Դիքենսի գործերը և այլն: Գրադարանի յուրօրինակ շենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս:

«Տեսարան Մարաքեշում» կտավը, որը ստեղծվել է Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից (1874-1965) եւ գրեթե 500 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 677 հազար դոլար) է գնահատվել, վաճառքի է հանվել Christie's աճուրդային տանը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Daily Mail-ը:
Հեղինակի կողմից բրիտանացի ֆելդմարշալ Բեռնարդ Մոնտգոմերիին (1887-1976) նվիրած նկարը (1935) առաջին անգամ է աճուրդի հանվում: Աճուրդի տան ժամանակակից բրիտանական արվեստի բաժնի ղեկավար Նիք Օրչարդի խոսքով` «այդպիսի նվերը վկայում է բարեկամության եւ խոր հարգանքի մասին, որը վարչապետը տածել է զորավարի հանդեպ»: «Հայտնի քաղաքական գործչի, կայացած նկարչի արվեստի այս գործը 1930-ականներին նրա կողմից ստեղծված լավագույն կտավն է»,- հավելել է աճուրդի տան ներկայացուցիչը:
Չերչիլը գեղանկարչությամբ էր տարվել, երբ արդեն քառասուն տարեկան էր, սակայն իր կյանքում հասցրել է ավելի քան 500 կտավ ստեղծել: Այս աշխատանքների մեծ մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում կամ պատկանում է քաղաքական գործչի հետնորդներին:

Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիայի հիման վրա սերիալ կնկարահանեն wiip («Դիկինսոն») անկախ ստուդիայում։ Որպես հիմք կընդունվի 2013թ․ համանուն թատերական բեմականացումը։
Այն հայտնի դարձավ ոչ միայն Օրուելի գաղափարների շոկային վերաիմաստավորման, այլև գլխավոր հերոսի մասնակցությամբ դաժան դրվագների արդյունքում, որոնց ոչ բոլոր դիտողնեը դիմացան, գրում է Lifehacker-ը՝ Deadline-ին հղումով։
Գործադիր պրոդյուսերը կլինի Դևիդ Ֆլիննը, որը նախկինում զբաղվել է հիմնականում հեռուստավիկտորինաներով և ռեալիթի շոուներով։ Նախագծի վրա կաշխատեն նաև օրիգինալ ներկայացման բեմադրիչներ Ռոբերտ Այքն ու Դունկան Մաքմիլանը։ 100 րոպեանոց բեմականացումը մտադիր են վերածել 5 էպիզոդից բաղկացած մինի սերիալի։ Դերասանների և թողարկման հավանական ամսաթվի մասին տեղեկություններ դեռ չկան։
Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը լույս է տեսել 1949 թվականին։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ Ֆրեդ Ուորբուրգինն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին։ Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948։ Հանրահայտ է դարձել վեպի «Մեծ Եղբայր» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։ 2009 թվականին The Times-ը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։

Հարավկորեացի ռեժիսոր, «Մակաբույծ » ֆիլմի համար Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի միջազգային ժյուրին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է փառատոնի տնօրինությունը:
Ընդունելով փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերայի առաջարկը՝ ռեժիսորը նշել է, որ ուրախ է կինեմատոգրաֆիստական արտասովոր գեղեցիկ ավանդույթների մաս կազմել, որը կրում է Վենետիկի փառատոնը:
Բարբերան ռեժիսորին անվանել է «կինոյի ժամանակակից աշխարհի ամենաօրիգինալ և տարբերվող ներկայացուցիչներից մեկը»:
Նախատեսված է Վենետիկի 78-րդ փառատոնն անցկացել սեպտեբերի 1-11-ը: