Հունվար 27, 2021 08:20 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Համատեղ կինոնախագծեր ստեղծելու, հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն օրերս վերաթարմացրել են կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր 2017 թվականին 3 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթի վերաստորագրմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը և այլք։

Երկու կինոկառույցների պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ համագործակցության համաձայնագրի վերաստորագրումը նոր կինոգործընթացների զարգացման  հեռանկարներ  և ուղիներ կստեղծի։

Միրզախանյանի խոսքով՝ փաստաթղթի վերաստորագրումն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարավորություն է ընձեռում, իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այն երկու երկրների կինոոլորտների գործակցության նոր հնարավորությունների սկիզբ է։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ: Այն կարող է նպաստել  կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, կարևորելով մշակույթային կապերի ամրապնդման և զարգացմանը միտված տարատեսակ համատեղ ծրագրերի կազմակերպումը, պայմանավորվել են հանդիպել և Հայաստանի մշակույթի ու արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ մշակել մշակութային իրադարձությունների աշխատանքային քարտեզը:

 

 

Իրանցի արձակագիր Մեհդի Ռեզային  տեղեկացրել է իր գրչին պատկանող ստեղծագործությունը հայերեն թարգմանվելու և հրատարակվելու մասին:

Մեհդի Ռեզային նշել է. «Մոտ օրերս Թեհրանի «Նայիրի» հրատարակչության կողմից տպագրվելու և հանրությանն է ներկայացվելու  «Ոչխարների երգը» խորագրով իմ ստեղծագործությունը: Իմ մյուս գիրքը՝ «Կմախք մարդը» նույնպես մոտ ապագայում հայերենով հրատարակվելու է Հայաստանում»:

««Ոչխարների երգը» հայերենի է թարգմանել Անի Հովսեփյանը: Գիրքն Իրանից բացի հասանելի է լինելու նաև ԱՄՆ-ի հայ ընթերցասեր հասարակությանը»,-հավելել է իրանցի գրողը:

 

 

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն էր: Հունվարի 22-26-ը Քոչարի թանգարանում ցուցադրվել է տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ…

«Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց... Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները միայն...»,- բացատրել է Մաեստրոն:

Քոչարի ուղերձները ներկայացվում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների,  քաղաքի մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձանց, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ:

Միջոցառումների  շարքն ուղեկցվել է  նորատիպ լուսային պրոյեկցիաներով:

 

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բելգիահայ դաշնակահար Աշոտ Խաչատրյանի հետ երաժշտասերներին կներկայացնի Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 և Սիմֆոնիա թիվ 2 ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բեթհովենը ֆիլհարմոնիկում» համերգը տեղի կունենա հունվարի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բեթհովենի թիվ 3 կոնցերտի պրեմիերան կայացել է կոմպոզիտորի կատարմամբ: Այդ նույն համերգի շրջանակում կայացել է նաև Երկրորդ սիմֆոնիայի պրեմիերան:

Պատահական չէ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո  Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նույն հաջորդականությամբ և համադրությամբ  է մատուցելու վերոնշյալ ստեղծագործությունները:

Ի  դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից։

Անվանի բազմաթիվ երաժիշտներ իրենց ջերմագին բարեմաղթանքներն են հղել նվագախմբին։

Հիշեցնենք‚ որ հունվարի 25-ին լրացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակը։

 

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարին կսկսի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմամբ, որը երաժշտասերները կարող են վայելել հունվարի 31-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին:

 «Մաեստրո Գեղամ Գրիգորյանը օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում: Ներկայումս «Անուշ» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ»,- թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

 

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած «Տատը» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Դուբլինի 2021 թվականի միջազգային կինոփառատոնի ցանկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կինոկենտրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

 Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն Արամ Շահբազյանն է, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը, օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը:

Կինոնկարում նկարահանվել են Ռոմելա Մնացականյանը, Անդրանիկ Միքայելյանը, Շահանե Քեշիշյանը, Վահագն Գասպարյանը, Մակար Գալստյանը, Մարիամ Ղազանչյանը, Կոնստանտին Կոզմանովը:

Անհետաձգելի նկարահանում կատարող խումբն աղմուկով ներխուժում է դատարկ եկեղեցի։ Քահանան հարցազրույց է տալիս արհեստական մարդու մասին: Եկեղեցու խորանի պատին կպած փոքրամարմին ծեր կինը, որ չէր նկատվել, աղմուկով սկսում է մաքրել եկեղեցու հատակը: Ի պատասխան նկարահանումն ընդհատած խմբի հանդիմանությանը՝ տատը համառում է. «Ես ուշանում եմ»: Նրա ձեռքից խլում են բրիչը, ապա ավելը, հետո հատակ մաքրող փայտն ու լաթը՝ ամեն անգամ ընդհատելով նկարահանումը: Հիստերիկայի հասած ռեժիսորն անընդհատ փորձում է հասկանալ, թե որտեղից է ուշանում տատը: Խումբը թողել է նկարահանման հրապարակն ու հավաքվել տատի գլխին։ Անսալով քահանայի խնդրանքին՝ տատը նորից կպչում է խորանի պատին: Աշխատանքը վերսկսած ռեժիսորը, եկեղեցու պատշգամբից աչք գցելով, նկատում է տատին, որ եկեղեցու հսկա սրահը անձայն լվանում է ձեռքի թաշկինակով: Ռեժիսորի «Ստո՛պ» բղավոցին հաջորդում է նկարահանումն անմիջապես դադարեցնելու հրահանգը, քանի որ տատը «ուշանում է», և նա հենց հիմա պետք է մաքրի հատակը: Նկարահանումն անավարտ թողած խումբը եկեղեցու սրահում սկսում է եռուզեռը՝ կամավոր դառնալով տատի օգնականը: Ժամանակի մասին հուշում է սկսված երեկոյան ժամերգությունը: Մինչ խումբը սարքավորումները բեռնելով պատրաստվում է հեռանալ, ասիստենտը գրպանում գտնում է տատի խոնավ թաշկինակը: Հավատացիալների մեջ տատին փնտրող ասիստենտը ծնկում է նրա սառած ոտքերի մոտ: Ողջ պատմությանը լուռ հետևող դպիրը խորանում երգում է «Տեր, ողորմեա»:

 

 

Իտալիայում գտել են հանրահայտ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը գողացել էին մի քանի տարի առաջ: Այն ավելի հաճախ վերագրվում է իր ուսանողներին, այլ ոչ թե հենց նկարիչին: Այն գրվել է 15-րդ դարում:

Վեստի.ռու-ն գրում է, որ 2019 թվականին, ինչպես պարզվել է, այն առևանգել են Նեապոլի բազիլիկներից մեկի նկուղից: Այս մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ հայտնաբերվել է նկարը: Այն գտել են մոտակայքում՝ մասնավոր բնակարանում: Տերը ձերբակալվել է:

Այժմ փնտրում են այն հանցագործներին, ովքեր գողացել են արվեստի գործը: Չի բացառվում, որ նկարը պետք է ուղարկվեր արտահանման, բայց կորոնավիրուսը փոփոխություններ է մտցրել  պլաններում:

 

 

Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի աշխատանքներից մեկը, որը նախկինում երբեք չի ցուցադրվել, փետրվարի 26-ին ներկայացվելու է Փարիզում կայանալիք աճուրդում։ Լուրը հայտնում է kulturomania.ru-ն՝ հղում անելով The Guardia-ին։ Կտավի արժեքը տատանվում է 220-280 հազար եվրոյի սահմաններում:

Մանեն այն ստեղծել է 1879 թվականին փարիզյան ռեստորաններից մեկի տիրոջը դստերը՝ Մարգարիտե Լաթյուին նվիրելու համար։ Հայտնի է, որ նկարը ստեղծվել է ընդամենը 20  րոպեում։

Ավելի քան 100 տարի ստեղծագործությունը Լաթյուիների ընտանիքի սեփականությունն է։

 

 

Կոլեկցիոներների և պատկերասրահների տերերի մի մասը  Brexit- ի ուժի մեջ մտնելուց առաջ  Բրիտանիայից հանել են իրենց բազմամիլիոնանոց հավաքածուները: Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, եվրոպական արվեստը, ինչպես մյուս բոլոր ապրանքները, կարող էր ազատորեն տեղաշարժվել ԵՄ-ի և  Բրիտանիայի միջև նվազագույն սահմանափակումներով և առանց հարկային և մաքսային «ծանրաբեռնված» ընթացակարգերի:

Artguide.com-ի հաղորդմամբ, անցումային շրջանի ավարտին պատկերասրահների սեփականատերերը և կոլեկցիոներները պետք է որոշեին՝ թողնե՞ն իրենց հավաքածուները  Բրիտանիայում, թե՞ ուղարկեն ԵՄ ՝ առանց սպասելու վերջնաժամկետին: Ոմանք ընտրել են երկրորդ տարբերակը: Արվեստի դիլերների որոշմանը նպաստել է այն փաստը, որ եթե նրանք թողնեն իրենց գործերը Բրիտանիայում, ապա նրանք կարող են գեղարվեստական գործեր ԵՄ ներմուծելիս  վճարեն ներմուծման տուրքեր:

Հատկապես կարող են տուժել միջին չափի պատկերասրահները և դիլերները, որոնք պարբերաբար աշխատանք են վաճառում գնորդներին Եվրոպայում: