Փետրվար 06, 2021 13:38 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ հաղորդաշարի ընթացքում բազմիցս անդրադարձել ենք երեխաների դաստիարակման մի քանի թեմաների, որոնք ունկնդրին հուշում էին, թե ինչպես երեխայի բնականոն զարգացմանը համընթաց՝ ճիշտ վարքով նպաստել նրա արժեքային համակարգի բովանդակային ձևավորմանը:Սակայն այսօր կխոսենք ոչ պակաս արդիական հանդիսացող այն սխալների մասին, որոնք մենք, կամա թե ակամա, կատարում ենք մեր երեխաների դաստիարակման ընթացքում:Ընկերակեցեք մեզ։ 

Որպես կանոն՝ ծնողները երեխաներին դաստիարակում են՝ հիմք համարելով սեփական կյանքի փորձը, ավանդույթները, ծնողական բնազդը: Նրանք հաճախ վարվում են այնպես, ինչպես հարկ են համարում: Սակայն միշտ չէ, որ ծնողի վարքն ուղեկցվում է ողջամտությամբ և հոգեբանական տեսանկյունից ընդունելի դրսևորումներով: Նման սխալներ ծնողները հիմնականում կատարում են ծայրահեղ և հրատապ պահերին, երբ երեխան կամակորություն է անում, նյարդային է և պահանջներ է ներկայացնում: Դրանք հիմնականում հնչում են սպառնալիքի կամ շանտաժի բովանդակությամբ: Նշենք դրանցից ամենատարածվածները:

1. Արա այնպես, ինչպես ես եմ ասում, այլապես քեզ չեմ սիրի:

Շատ հաճախ ծնողներն անում են նմանատիպ արտահայտություններ՝ պարզաբանելով, որ այլ հնարներ չեն օգնում, և, եթե երեխան իր պահանջն է առաջ քաշում, հետևաբար՝ այն պետք է բավարարվի, հակառակ դեպքում առաջ է գալիս նյարդային կամակորություն: Հոգեբանական տեսանկյունից՝ սպառնալ, որ երեխային էլ չես սիրի, շատ խիստ դաստիարակման ձև է,դա չի կարող իրականություն դառնալ։ Որպես կանոն՝ սուտը վատթարագույն օրինակն է, իսկ այս դեպքում դուք ինքներդ եք ստում երեխային: Նման սպառնալիքը երբեք չի տա սպասված արդյունք: Երբեք մի խաբեք երեխային, նրանք դա շատ լավ զգում են, ուղղակի փոխեք արտահայտման բովանդակությունը՝ ասելով, որ դուք նրան սիրում եք, սակայն նրա արարքը ձեզ դուր չի գալիս:

2. Արա այնպես, ինչպես ուզում ես, ինձ համար միևնույն է:

Հաճախ ծնողները հոգնում են պայքարելուց, և երեխայի գործունեության նկատմամբ դրսևորում են անտարբերություն՝ պատճառաբանելով, որ երեխան ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները՝ նախապատրաստվելով հասուն կյանքի: Հոգեբանական տեսանկյունից չի խրախուսվում՝ դառնալ լիովին անտարբեր երեխայի գործողությունների հանդեպ: Որպես կանոն՝ նման դեպքերում երեխաները սկսում են կատարել վատ կամ հանցագործ արարքներ՝ ստուգելով ձեր իրական անտարբերության սահմանը: Անհրաժեշտ է ստեղծել ընկերական և վստահելի հարաբերություններ՝ ասելով, որ դուք այդքան էլ չեք հասկանում նրա արարքները, բայց ցանկանում եք մասնակցել և օգնել:

3.Ես մեծ եմ, ավելի խելացի: Ես Մայր եմ, այդ պատճառով կլինի այնպես, ինչպես ես եմ ասում:

Ծնողների մեծամասնությունը երեխաների հետ հարաբերություններում կարևորում է խստությունը՝ պատճառաբանելով այն իրենց փորձառությամբ և տարիքով: Ինչպես նաև ունենում են մտավախություն, որ թույլատրելով ամեն բան, կարող են դառնալ երեխայի ցանկությունների գերին: Հոգեբանական տեսանկյունից երեխաների համար շատ կարևոր է իրենց գործողությունների մոտիվացիան և այն կատարելու իմաստը, թե ինչու են այս կամ այն անում: Նմանատիպ թելադրող խստությունը երեխային կդրդի ծնողի ներկայությամբ անել այն, ինչ իրեն ասում են, իսկ միայնակ ժամանակ անել այն, ինչ ինքն է ուզում: Հետևաբար՝ եթե երեխային տալիս եք հրահանգ՝ կատարել որևէ գործողություն, ապա նաև բացատրեք դրա անհրաժեշտությունը:

4. Ես այն կանեմ միայնակ, դա երեխայի ուժերից վեր է:

Շատ ծնողներ կարծում են, որ երեխային պետք է գերխնամք, քանի որ չգիտես, թե կյանքն ինչ է պատրաստել նրա համար հասուն կյանքում: Հետևաբար՝ երեխային տալիս են ինքնածուլացման հնարավորություն: Հոգեբանական տեսանկյունից նման գերխնամքը երեխային դարձնում է անկարողունակ լուծելու ամենաչնչին խնդիրները: Նա սովոր է, որ ամեն բան ծնողը պետք է անի: Արդյունքում՝ դուք մեծացնում եք էգոիզմի հակված և անպաշտպանվածության զգացումով երեխա, ով հետագայում կունենա հասարակությանը հարմարվելու մեծ խնդիրներ:

5. Իմ երեխան պետք է զբաղվի ամեն ինչով:

Ծնողները հաճախ ջանք չեն խնայում, որպեսզի իրենց երեխաներն ինքնաիրականացվեն բոլոր այն ասպարեզներում, որոնցում իրենք չեն հասել հաջողությունների՝ տարբեր պատճառներով: Նրանք երեխային գրանցում են բոլոր հնարավոր խմբակներում, վարձում են դաստիարակներ և կրկնուսույցներ՝ առանց հաշվի առնելու երեխայի իրական ցանկությունները: Հոգեբանական տեսանկյունից երեխայի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը նման է պարտադրանքի: Չնայած, որ ծնողի և երեխայի միջև գոյություն ունի ամուր հոգեբանական կապ, միշտ չէ, որ նրանց նախասիրությունները, ընդունակությունները, հնարավորություններն ու ցանկությունները կարող են համընկնել: Պարտադրանքի փոխարեն՝ ավելի լավ է երեխային տրամադրել ազատ ժամանակահատված՝ հասակակիցների հետ շփվելու և խաղալու համար:

6. Կարևորը բարեկեցությունն է, իսկ զգացմունքները՝ հետո:

Որոշ ծնողներ կարծում են, որ երեխայի նկատմամբ հոգատարության հիմնական ձևը նրան նյութականով ապահովելու մեջ է: Եթե երեխան կուշտ է, ունի խաղալիք և հագուստ, ապա նրան այլ բան պետք չէ: Զգացմունքների ցանկացած դրսևորում, լինի դա համբույրի, գուրգուրանքի կամ այլ տեսքով, թուլության նշան է: Հոգեբանական տեսանկյունից երեխայի նկատմամբ փաղաքշանքն ամենագլխավոր գործոններից մեկն է, որը դրական է ազդում երեխայի զարգացման վրա և որի կարիքն ունի ցանկացած երեխա: Ծնողից ստանալով նման զգացմունքներ՝ երեխան իրեն ավելի սիրված և ցանկալի է համարում:

7. Ես շտապում եմ, հիմա ժամանակ չունեմ:

Ծնողներն ունեն առօրյա բազմաթիվ հոգսեր՝ աշխատանք, տնային պարտականություններ, տարեցների խնամք, և այլն: Ծանրաբեռնվածության պատճառով ծնողներին թվում է, որ առանց այն էլ չափազանց շատ ժամանակ են տրամադրում երեխաներին: Նրանք խոսք են տալիս խաղալ երեխայի հետ, բայց մի փոքր ուշ, և հաճախ ի վիճակի չեն լինում իրականացնել խոստումը: Հոգեբանական տեսանկյունից կարևոր է, որ ծնողը գտնի ժամանակ երեխայի բնական ցանկությունները բավարարելու համար: Երեխայի հետ համատեղ խաղը, զբոսանքը կամ ընթերցանությունը նպաստում են ծնողի և երեխայի միջև առողջ փոխհարաբերությունների զարգացմանը:

***

 

Հոգեբանները խորհուրդ են տալիս`

Շրջապատել երեխային անվերապահ սիրով, ուշադրությամբ և հոգատարությամբ:

 Ուշադրություն դարձնել երեխայի օրվա ռեժիմի հստակ կազմակերպմանը: Արտակարգ իրավիճակներում հաճախ խարխլվում է երեխայի կայունության, աշխարհի հանդեպ վստահության զգացումը, մեծանում անորոշությունը: Ուստի երեխային հարաբերական կայունության զգացումով ապահովելու համար ծնողները պետք է փորձեն հնարավորինս պահպանել առօրյա սովորական ռեժիմը (օրինակ՝ քնի, սննդի, սովորելու, հանգստի ժամեր և այլն)։ Այնպես կազմակերպել երեխայի առօրյան, որ նա ունենա նաև ֆիզիկական ակտիվության, ակտիվ խաղերի հնարավորություն: