Ողջույն բարեկամ-250
Բարի երեկո հարգարժան տիկնայք ու պարոնայք, տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Շնորհակալություն ձեզ որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին։ Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։
«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու:
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը:
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ:
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես»:
Ա. Իսահակյան
Հարգարժան ունկնդիրներ օրերս շնորհակալությամբ ստացել ենք Թեհրանի «Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնի կողմից հրատարակված «Շողեր» 2021 թվականի գունագեղ օրացույցը, որն ուղեկցելու է մեզ մի ամբողջ տարի։
Օրացույցը կազմել է տիկին Ադրինե Ղուկասյանը(Գավաֆյան)։ Նա օրացույցում գրել է․-«Այս օրացույցի ստեղծման մտահղացումից մինչև նրա հրատարակումը,մի նպատակ եմ հետապնդել, այն,որ օրացույցս ջերմություն պարգևի նրա էջերը թերթողին և ծառայի նրան, որպես հարազատ հուշարար»։
Հայերեն ռադիոժամի անունից ողջունում ենք Հարգարժան տիկին Տեր Ղուկասյանի գեղեցիկ նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնում նրան և «Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնին։
Նշենք,որ «Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնը իր գործունեությունը սկսել է 2020 թվականին՝ Պրն․ Արբի Թեյմուրյանի ջանքերով, Իմամ Խոմեյնիի անվան օգնության կոմիտեի թույլտվությամբ և Գերաշնորհ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանի բարձր հովանավորությամբ։ Կենտրոնը ֆինանսավորվում է հայտնի գործարար և բարերար Պրն․Հենրիկ Տեր-Ղուկասյանի և այլ բարերարների կողմից։
Կենտրոնի առաքելությունն է․
․ Լուծել համայնքի խոցելի խավի սոցիալական խնդիրները։
․ Օժանդակել կարիքավոր ընտանիքներին։
․Հովանավորել ծնողազուրկ և աշխատող անչափահաս երեխաներին։
․Ստեղծել աշխատատեղեր
«Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնին մաղթում ենք ամենայն հաջողություն իր վսեմ առաքելության իրականացման ճանապարհին։