Մի գավաթ անդորր(244․Նեղացկոտություն Մաս Ա.)
Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք նեղացկոտության մասին,կանդրադառնանք հատկպես երեխաների նեղացկոտության հաղթահարման քայլերին։ Հաղորդման ընթացքում կներկայացնենք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդները այս թեմայի վերաբերյալ։ Ընկերակցեք մեզ։
Նեղացկոտությունը սկիզբ է առնում դեռ վաղ հասակից, երբ երեխաները լացի միջոցով ծնողներին ստիպում են անել իրենց ուզածը։ Տարիների ընթացքում դա դառնում է բնավորության գիծ ու բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում մարդուն։Մի խոսքով Նեղացկոտությունը բնավորության հիվանդագին գիծ է, որ «տանջում է» մարդու հոգին, երբ նա իրեն մերժված կամ արհամարված է զգում: Այն միշտ կապված է չարդարացված սպասելիքների հետ և ուղղված է ուրիշ կոնկրետ անձի:
Նեղացկոտ մարդիկ ընդունակ չեն ինքնուրույն կատարել իրենց պահանջները, և երեխայական վարքագծի միջոցով փորձում են հասնել իրենց նպատակներին։
Ի՞ նչ անել, եթե տառապում եք նեղացկոտությամբ։ Եթե ուզում եք լաց լինել, դա ձեր իրավունքն է, սակայն եթե որոշել եք պատժել վիրավորողին, ապա դա լավ բանի չի բերի, քանի որ դա կհանգեցնի միայն հարաբերությունների կործանմանը։
Միայն ինքներս ենք պատասխանատվություն կրում մեր կյանքի համար։ Պետք չէ ուրիշներից պահանջել, որպեսզի բավարարեն ձեր պահանջները։ Ոչ ոք մեկը մյուսին ոչնչով պարտական չէ, սա յուրացնելու դեպքում կյանքը կդառնա ավելի թեթև։
Եթե չվերանայեք ձեր սպասելիքները, ապա ողջ կյանքը կանցկացնեք այդպես էլ ձեր նպատակներին չհասնելով։ Չի կարելի սպասելիքներ ունենալ մյուսներից, այլ փոքրիկ, բայց սեփական քայլերով գնալ երազանքների հետևից։Հարգելի բարեկամ Վիրավորանքը մարդու բնական և հասկանալի զգացումներից է: Մենք բոլորս էլ երբեմն վիրավորվում կամ վիրավորում ենք որևէ մեկի: Շատ հարաբերություններ են փլուզվել վիրավորանքի պատճառով: Վիրավորանքն ագրեսիա է, որը ցավ է պատճառում ոչ այնքան վիրավորողին, որքան նրան, ում վիրավորել են: Չէ՞ որ չարտահայտված, չներված վիրավորանքը տանջում է հոգին և անգամ կարող է վնասում առողջությանը:
***
Հաճախ «խռովքը» չափազանց ծանր են տանում նույնիսկ մեծահասակաները: Իսկ ի՞նչ անել, երբ սեփական նեղացկոտությունից տառապում է դեռ բոլորովին փոքրիկ երեխան…
Վիրավորվելու հատկանիշն իր ամբողջ պատկերով ի հայտ է գալիս 5 տարեկանից սկսած, երբ փոքրիկի մեջ առաջանում է շրջապատում իբրև ինքնուրույն մարդ ընդունված լինելու պահանջը:
Երեխան ուրիշից նեղանում է, երբ զգում է արհամարհանք, անտարբերություն իր ես-ի հանդեպ, օրինակ՝
– երբ իրեն չեն հրավիրում խաղալու կամ չեն տրամադրում ցանկալի դերը
– երբ չեն տալիս խոստացված խաղալիքը, հրաժարվում են հյուրասիրել կամ նվեր տալ
– երբ ծաղրում են իրեն
– չեն գովում, չեն ոգևորում, իր հաջողություններին ուշադրություն չեն դարձնում
Վիրավորվելու «սահմանը», սակայն, բոլորի համար նույնը չէ: Միևնույն իրադրությունում տարբեր երեխաներ իրենց տարբեր կերպ են պահում: Մեկը փորձում է հարթել կոնֆլիկտը, մեկը լցվում է վրեժով ու չարությամբ՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, մեկ ուրիշն էլ վիրավորվում է, «խռովում»: Վերջին դեպքում երեխան չի փորձում ուժով կամ այլ կերպ շտկել իրավիճակը. նրա խնդիրը հենց իր վիրավորվածությունն ու վիշտը ի ցույց դնելն է, որպեսզի ցավ պատճառողը զգա սխալն ու ներողություն խնդրի:
Ուժեղ նեղացկոտության հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը: Երեխան անհրաժեշտություն ունի միջավայրում անընդհատ տեսնելու իր անձի կարևորությունը: Միևնույն ժամանակ նա հակված է մտածելու, թե շրջապատը իրեն չի հարգում, ինչն արդեն իսկ լուրջ հիմք է նեղացկոտության համար: Փոքրիկը միշտ ինքն իրեն դիտում և գնահատում է այլոց աչքերով: Հաճախ նա շրջապատող աշխարհում, իրենից բացի, ոչինչ չի տեսնում: Խնդիրն անգամ այն չէ, թե նա ինչպես է իրեն գնահատում, այլ այն, որ այդ գնահատականը նրա համար դառնում է կյանքի հիմնական բովանդակությունը: Դա երեխային պատճառում է ներքին մեծ ցավ և խանգարում է լիարժեք անհատի ձևավորմանն ու զարգացմանը՝ ծնելով բազում խնդիրներ միջանձնային հարաբերություններում:
Հաճախ ծնողները, գիտենալով իրենց զավակի նեղացկոտության մասին, շարունակ գովաբանում ու ոգևորում են նրան: Սակայն ցանկացած գնահատական՝ լինի դրական թե բացասական, փոքրիկին առիթ է տալիս մտածելու իր այս կամ այն հատկանիշի մասին, համեմատելու իրեն հասակակցի հետ՝ նրան դիտելով ոչ թե որպես հավասարը հավասարին, այլ որպես մրցակից, վիրավորվելու օբյեկտ: Դրա համար չի կարելի բացահայտ գնահատողական վերաբերմունք ցուցաբերել երեխաների հանդեպ և նրանց համեմատել իրար հետ: Սակայն չգնահատել բոլորովին էլ չի նշանակում անտարբեր լինել երեխայի ու նրա վարքի նկատմամբ, ընդհակառակը՝ ծնողական սերն ու գորովը ճիշտ դաստիարակության նախապայմանն են և պիտի կախված չլինեն փոքրիկի կոնկրետ հաջողություններից կամ ձեռքբերումներից:
Մեծահասակները պետք է երեխային սովորեցնեն մեծ տեղ չհատկացնել գնահատվելուն ու իր անձի կարևորությունը անընդհատ սրան-նրան ապացուցելուն: Փոքրիկը միշտ պիտի զգա իր նկատմամբ շրջապատի բարյացկամությունն ու հարգանքը: Միայն այդ դեպքում նա կտեսնի սեփական ես-ի ինքնատիպությունն ու անգնահատելիությունը և ուրիշների հետ համեմատվելու ու առանձնակի գնահատանքի կարիք բոլորովին չի ունենա:
Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ժամանակ հաճախ են կազմակերպվում զանազան սպորտային մրցույթներ, տրամաբանական խաղեր: Նեղացկոտության հակված երեխաներին, սակայն, նպատակահարմար չէ ներգրավել նման միջոցառումներում, որովհետև դրանք ստիպում են մտածել սեփական հատկանիշների մասին ու համեմատվել ուրիշների հետ, ինչը վիրավորվելու պոտենցիալ վտանգ է ներկայացնում:
Նեղացկոտության հաղթահարման գլխավոր քայլն է ցույց տալ երեխային, որ ուրիշների գնահատականը բոլորովին էլ ամենակարևոր բանը չէ իր կյանքում, որ մյուս երեխաներն ունեն իրենց հետաքրքրությունները, ոչ թե կենտրոնացել են իր վրա, և նրանք չեն արհամարում իրեն, այլ պարզապես զբաղվում են իրենց գործով՝ խաղում են, զրուցում և այլն: Փոքրիկը պետք է հասկանա, որ մյուս երեխաները գոյություն ունեն ամենևին ոչ նրա համար, որ հարգեն կամ չհարգեն իրեն:
Իհարկե, հինգ-վեց տարեկան փոքրիկին անհնար է այս ամենը խոսք ու զրույցով բացատրել, բայց դա կարելի է անել նրա ուշադրությունը այլ բանի վրա սևեռելով, նրա մեջ նոր հետաքրքրություններ արթնացնելով, ասենք՝ նկարել, քանդակել, ինչ-որ բան պատրաստել և այլն և այլն: