Փետրվար 09, 2021 14:33 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի  5-ին  կայացել է «Մեր հարևան Իրանը» խորագրով պարսկական նկարչական պատանեկան մրցույթի մրցանակաբաշխության արարողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը նվիրված էր Իրանի Իսլամական հեղափոխության 42 ամյակին: Նկարչական մրցույթը կազմակերպվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ:

Մրցանակաբաշխության արարողությանը  ներկա էին նաև   Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Իրանի  դեսպանատան ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի անձնակազմի կառավարման ղեկավար Գայանե Կարապետյանը հայտնեց, որ  իրանական թեմատիկայով  նկարչական մրցույթին մասնակցել  են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի այն կրթօջախները, որոնցում աշակերտներն ուսումնասիրում են նաև պարսկերեն: Մրցույթին Հայաստանի ավելի քան՝ 10 դպրոցից, մասնակցել է  50 աշակերտ:  Նրանց աշխատանքներից ընտրվել են լավագույնները, որոնք այսուհետ մշտական հիմունքով  ցուցադրվելու են գրադարանի իրանական ընթերցասրահում:

 «Մրցույթի նպատակը աշակերտներին  իրանական հարուստ մշակույթին ծանոթացնելն ու   հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելն է: Այն նաև  հնարավորություն է՝ հայտնաբերելու և նոր հարթակ տրամադրելու նկարչության ճյուղում առաջին քայլեր կատարող երեխաներին»,-ասաց Կարապետյանը:

Մրցանակաբաշխության արարողությանը՝  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին իր խոսքում նշեց, որ  նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում սերտացնել երկու ժողովուրդների միջև պատմամշակութային վաղեմի կապերը, որոնք 3 հազարամյա խոր անցյալից են գալիս:

«Միմյանց պատմությունը ճանաչելը նպաստում է, որպեսզի կարողանանք ներկայացնել և  վերհանել  Հայաստանի և Իրանի միջև մշակութային ընդհանրությունները: Իրանական Իսլամական հեղափոխության կարգախոսը ազատությունն էր ու ինքնաբավությունը: Այս կարգախոսների իրագործման  համար Իրանի ժողովուրդը մեծ գին է վճարել և կարողացել է հասնել գիտության մեջ մեծ հաջողությունների: Սա այն ընդհանրությունն է, որ ունենք Հայաստանի հետ, որը նույնպես պայքարել է ազատության ու ինքնաբավության համար»,-ասաց Իրանի դեսպանը՝  հույս  հայտնելով, որ  երկու երկրների միջև առաջիկայում  հնարավորություն կընձեռվի դպրոցականների փոխայցելություններ կազմակերպել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն իր խոսքում  կարևորել է երկու ազգերի փոխադարձ ճանաչողության ձևավորումը՝  հատկապես մանկապատանեկան տարիքից: Փոխնախարարի հաղորդմամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ ծրագրով՝  Մեղրիում նախատեսվում են  Հայաստանի և Իրանի պատանինների մի շարք հանդիպումներ:

«Մեր հարևան Իրանը» խորագրով պարսկական նկարչական պատանեկան մրցույթի  ժյուրիի  սահմանած՝  1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և հատուկ մրցանակներին են արժանացել համապատասխանաբար՝ Երևանի քաղաքի դպրոցականներ Միլենա Հակոբյանը, Վիկտորյա Մեսրոպյանը, Լյուսի Եղինյանը և Էլենա Հայրապետյանը:

Պատանեկան նկարչական մրցանակաբաշխությունն ուղեկցվել է հայ-իրանական մշակութային հայտնի ստեղծագործությունների կատարմամբ:

 

 

Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-ամյակի տոնակատարությունների շրջագծում Թեհրանում տեղի ունեցավ «Ֆաջր» ազգային 39-րդ կինոփառատոնը:

«Ֆաջր» ազգային 39-րդ կինոփառատոնի ընթացքում ցուցադրվեցին իրանական կինոյի անցած մեկ տարվա արտադրանքներն ու իրանցի կինոգործիչների աշխատանքների արդյունքը:

Կինոփառատոնի ավարտին ներկայացվեցին տարբեր անվանակարգերում լավագույնները, որոնց հանձնվեցին «Ֆաջր» կինոփառատոնի խորհրդանիշը համարվող «Սիմորղ» մրցանակներ:

 

Հայ ժողովուրդը դարերի ընթացքին, եղել է շինարար, եւ ուր որ եղել է, թողել է իր պանծալի արվեստի եւ արհեստի նշույլները։ Այդ բոլորը հայոց քաղաքակրթության խոսուն վկաներն են, որոնք պատմում են նրա բազմաշնորհ եւ զորեղ բազուկի մասին։ Իրանահայ կյանքում գործող եւ իր ներդրումը ունեցող հայորդիներից է մետաղագործ վարպետ՝ Արսեն Հակոբյանը, որը իր հնարամտությամբ ընդունակ է կյանք պարգեւել թերեւս շատերի համար անարժէք համարվող թափոններին։

2021 թվականի հունվարի 28-ին, Թեհրանի «Արտակ Մանուկյան» Ազգային թանգարանում, տեղի ունեցավ Արվեստագետ՝ Արսեն Հակոբյանի երկաթե թափոններից պատրաստված արվեստի նմուշների անհատական ցուցահանդեսի բացումը:

Բացմանը ներկա էին Իրանի իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ պրն. Արա Շահվերդյանը, Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆֆի Մելիքսեթյանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գլխավոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգության խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Մշակույթի եւ իսլ․ առաջնորդության նախարարաությեան ներկայացուցիչը, մի շարք համալսարանի դասախոսներ եւ սահմանափակ թվով հյուրեր:

Սկզբում բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն՝ տկն. Ալիս Շահմուրադյանը, ապա միջոցառումը կազմակերպելու առիթով իր երախտագիտությունը հայտնեց պրն. Արսեն Հակոբյանը: Այնուհետեւ հրավիրյալ բանախոս՝ դոկտ. Ռասուլիի բանախոսությունը թանգարանների ստեղծման պատմության թեմայով։

Վերջում թեմական խորհրդի եւ Արտակ Մանուկյան թանգարանի կողմից գնահատագիր հանձնւեց պրն. Արսեն Հակոբյանին առ ի երախտագիտություն իր կատարած աշխատանիքի:

Միջոցառմանը ներկա էին նաեւ «Ալիք» օրաթերթի եւ «Ռադիո հոնարի» թղթակիցները:

Ցուցահանդեսը շարունակվեց մինչեւ փետրվարի 8-ը:

 

 

Հայաստանում և աշխարհում կին գրողների դերն ու նշանակությունը բարձրացնելու, կին ստեղծագործողներին և նրանց գործերը  հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով օնլայն հարթակում կանցկացվի «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացնում են Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը:

«Ֆորումի նպատակը կին գրողներին ուշադրության կենտրոն բերելն է, հայ կին գրողներին ավելի տեսանելի դարձնելը, արտասահմանցի կին գրողներին Հայաստանի ընթերցողներին ներկայացնելն ու հայ, օտարազգի կին գրողների միջև երկխոսություն ստեղծելը»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը:

Նրա խոսքով՝ նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից:

Անդրադառնալով «Զապել» անվանը՝ Աշխարոյանն ընդգծեց, որ ֆորումը կրում է պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ ու ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: «Վերջին տարիներին նրա մասին շատ է խոսվում, վերահրատարակվում են Եսայանի գրքերը: Նա, ապրելով Օսմանյան կայսրությունում, զբաղվել է հասարակական գործունեությամբ, բարձրաձայնել է կանանց իրավունքների մասին, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո օգնել է որբերին, փրկել նրանց: Եսայանը գրել է իր տեսածն ու լսածը՝ թողնելով կարևոր ժառանգություն: Ֆորումը նրա անունով կոչելով՝ ցանկացանք հարգանքի տուրք մատուցել Զապել Եսայանի հիշատակին»,-նշեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանն էլ ներկայացրեց ֆորումի իրականացման ձևաչափը: Նա տեղեկացրեց, որ արդեն գործարկել են www.zabel.am երկլեզու՝ հայերեն և անգլերեն կայքը, որն ունի բազմաբնույթ էջեր: «Հետաքրքիր է «Միջոցառումներ» էջը, որտեղ կարող եք նախապես տեղեկանալ դասախոսությունների, քննարկումների մասին: Իմանալով օրն ու ժամը՝ «Հոդված» բաժնում կարող եք կարդալ քննարկումների մասին նյութերն ու դիտել տեսանյութերը: «Հեղինակներ» էջում ներկայացված են լինելու բոլոր գրողները, որոնք համագործակցելու են ֆորումի հետ: Կլինեն հայեր, օտարազգիներ, միջազգային ճանաչում ունեցող գրողներ: Ներկայացնելու ենք նրանց կենսագրությունը, ստեղծագործությունները, կհրապարակենք նաև անտիպ գործեր: «Լուրեր» բաժնում կներկայացնենք նոր գրողներին, գրական իրադարձություններն ու նորությունները»,- շեշտեց Գոհար Մանուկյանը:

Նա հայտնեց, որ արդեն իսկ հարցազրույցներ են անցկացրել գրողների հետ: Ֆորումի շրջանակում ամեն ամիս փորձելու են տարբեր երկրների գրողների ամիս հայտարարել. փետրվարը նվիրված կլինի հայ գրողներին:

«Փաստ է, որ բազմաթիվ գրողներ իրենց ստեղծագործությունները թողնում են թղթի վրա, տպագրելուց հետո դրանք ոչ բոլորին են հասու դառնում: Մեր հարթակը գրողներին թույլ կտա առավել լայն տարածել իրենց գործերը»,- եզրափակեց Մանուկյանը:

 

 

Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ կինոնկարը ներառվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցութային ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն  է տարածել Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնը (Festival International du court métrage de Clermont-Ferrand) կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոnներից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում և ունի կարճամետրաժ կինոնկարների ամենամեծ կինոշուկան: Այս տարի դրան  մասնակցում է 9 հայկական ֆիլմ: 5-ը նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 «Շեմից այն կողմը» Իսանյանսի դեբյուտային աշխատանքն է, սոցիալական դրամա է, որը 2019 թվականին ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը:

Ոստիկանության դիմած անձն անտեսվում է ոստիկանների կողմից, ոստիկանների ոչ օբյեկտիվ և նույնիսկ հեգնական վերաբերմունք է նկատվում նրա նկատմամբ: Նման վերաբերմունքի է արժանանում նաև երիտասարդ ոստիկանը՝ Արմենը, որն անհանգստանում է տուժածի համար: Մյուս երկու ոստիկանները վնասողի հանդեպ համակրանք են տածում: Այս ընթացքում չենք տեսնում տուժածին, սակայն ոստիկանների խոսակցությունից հասկանում ենք նրա կին լինելը և այն, որ փախել է տնից:

 

 

ՄԱԿ-ի  կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հույս ունի, որ առաջիկայում տեղի կունենա իր նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Այցի կազմակերպման վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Հուսով ենք, որ առաքելությունը առաջիկայում կայցելի տարածաշրջան»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել ԼՂ-ի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 

 

Մադրիդի Պրադո թանգարանում ավելի շատ կին նկարիչների աշխատանքներ կցուցադրվեն։ Հաստատությունը նախատեսում է թարմացնել մշտական ցուցադրության մի քանի սրահներ` սկսած 18-19-րդ դարերի նկարներից:

Տղամարդ և կին նկարիչների նկարները, որոնք միաժամանակ աշխատել են Մադրիդում, որոշել են չբաժանել ըստ ազգային դպրոցների։ Միասին ցուցադրվելու են Մադրիդում ստեղծած հոլանդացիների, իտալացիների, իսպանացիների գործերը:

Փոփոխությունները տեղի կունենան աստիճանաբար ամբողջ 2021 թվականի ընթացքում։ Դեռ հստակեցված չէ, թե քանի նկարչի և նկարչուհու աշխատանք է հայտնվելու ցուցահանդեսում:

 

92 տարեկանում մահացել է կանադացի օսկարակիր դերասան Քրիստոֆեր Պլամմերը։ Հայտարարել է դերասանի մենեջեր Լու Փիթին։

«Քրիսը արտասովոր անձնավորություն էր, ով խորապես սիրում և հարգում էր իր մասնագիտությունը: Իր ստեղծագործության գործունեության և մարդասիրության շնորհիվ նա հուզեց մեր բոլոր սրտերը»,- ասել է Փիթը։

Քրիստոֆեր Պլամմերը խաղացել է 190-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում՝ «Երաժշտության ձայներ», «Հռոմեական կայսրության անկումը», «Վարդագույն Հովազի վերադարձը», «Տասներկու կապիկ», «Արարատ», «Ազգի գանձերը», «Վերջին կիրակի», «Սկսնակները», «Դրակուլա 2000», «Նյուրնբերգ», «Մալքոլմ Իքս», «Հիսուս Նազովրեցի», «Դոլորես Քլեյբորն», «Երիտասարդ Եկատերինան», «Սիրիանա», «Ալեքսանդր», «Չարի ցանցերը» և այլն։

«Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի« (մրցանակ), BAFTA մրցանակների դափնեկիր է։ Պլամմերը ամենատարեց դերասանն էր, ով ստացել էր «Օսկար» մրցանակը  «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Սկսնակները» ֆիլմում մարմնավորած դերի համար։ 2012 թվականին մրցանակը ստանալիս նա 82 տարեկան էր։