Մի գավաթ անդորր(250. Ծնող-երեխա հարաբերություններ)
Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ շնորհավորելով գարնանամուտի և Նովռուզի կապակցությամբ ներկայացնում ենք հաղորդաշարի հերթական համարը՝իրանական 1400 թվականի առաջին համարը: Ծնողների և երեխաների միջև փոխհարաբերությունները հսկայական ազդեցություն ունեն անհատականության ձևավորման վրա, այդ իսկ պատճառով հոգեբանության մեջ նրանց այդքան մեծ ուշադրություն է դարձվում:Այս թողարկման ընթացքում կխոսենք այդ մասին: Ընկերակցեք մեզ:
Ծնող-երեխա փոխհարաբերությունների խնդիրն ուսումնասիրվում է վաղուց, և շատ հոգեբաններ իրենց աշխատանքները նվիրել են այս հարցին։ Ծնողների վերաբերմունքը երեխաների նկատմամբ ժամանակի ընթացքում բազմիցս փոխվել է տարբեր գործոնների ազդեցությամբ՝ քաղաքական, սոցիալական և տնտեսական:
Ներկայումս հատկապես կարևոր է ուսումնասիրել այս երևույթը, քանի որ հասարակությունը պետք է բարենպաստ հոգեբանական միջավայր ստեղծի երեխաների զարգացման համար: Այս պայմանների ստեղծման գործում կարևոր դեր է խաղում երեխայի ընտանիքը: Ծնողները դառնում են երեխայի առաջին դաստիարակները: Ընտանիքում երեխաները ծանոթանում են մարդկային հարաբերությունների կանոններին, սովորում կյանքի վերաբերմունքը, հոգևոր արժեքները:
Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:
Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Ինչպես մեր մեծերն էին ասում, «Երեխային բարուրի մեջ պետք է դաստիարակել», այսինքն՝ ծնված օրվանից: Երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծ նշանակություն ունի շրջապատը, սակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում: Ծնողները՝ հայրն ու մայրը, պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:
Ժան Ժակ Ռուսո-ն ասում է.«Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր յուրահատուկ ունակությունը։ Չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մեր փորձով փոխարինելու փորձը։
***
Ծնող-երեխա փոխհարաբերությունները մարդկանց միջև այլ փոխհարաբերությունների նման ունեն իրենց առանձնահատկությունները և կառուցվածքը: Չնայած երեխայի հետ շփման հաստատումը ծնողի անմիջական խնդիրն է, սակայն այդ գործընթացն ավելի արդյունավետ և էմոցիոնալ դարձնելու համար կարևոր է երկու կողմի ներգրավվածությունը։ Այսինքն՝ երեխայի հետադարձ կապը նույնպես անհրաժեշտ է, ինչպես ծնողի կողմից «առաջին քայլը»։ Երեխայի կողմից ծնողի հետ համագործակցությունից խուսափելու վրա կարող է ազդել նրա խառնվածքն ու ծնողի նախնական դիրքորոշումը: Ըստ հոգեբանների՝ ծնողի դիրքորոշումը երեխայի նկատմամբ ծնողական զգացմունքային վերաբերմունքի, նրա հետ շփման ոճի և նրա հետ վարվելու եղանակների համակարգ է» ։
Ծնողների կողմից վերահսկողությունն անհրաժեշտ է։ Երեխայի կարգապահության պահպանումը ծնողի կարևոր խնդիրն է, բայց անհրաժեշտ է պահպանել երեխային օգնող և խանգարող վերահսկողության միջև սահմանը։
Օրինակ, անհրաժեշտ է վերահսկել երեխային հիգիենայի, տնային առաջադրանքների կատարման, վարքագծի կանոնների պահպանման հարցերում: Բացի վերահսկողությունից, երեխային անպայման անհրաժեշտ է իր նկատմամբ ծնողների սերը: Հետագայում դա կարևոր կլինի երեխայի համար սեփական ընտանիքի ստեղծման տեսանկյունից: Ընտանեկան հաղորդակցությունը երեխայի հիմնական կարիքներից մեկն է։ Դրա բացակայությունը կարող է ազդել ոչ միայն հոգեկան առողջության խախտման վրա, այլ նաև ունենա լուրջ ազդեցություն ֆիզիկական մակարդակում:
Կատարված հետազոտությունների ժամանակ նշվել է, որ ծնողի հետ մշտական շփումից և էմոցիոնալ մտերմությունից զուրկ երեխան ենթակա է առողջական խնդիրների (վատ է զարգանում, չի աճում, նիհարում է և կորցնում կյանքի նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը): Նաև նշվում է, որ կոնֆլիկտները լավագույնս լուծվում են հաղորդակցման մեթոդների միջոցով, որոնք օգնում են հարգանք և վստահություն հաստատել ընտանիքում։
Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ անվերապահ ծնողական սերը բնածին զգացում չէ, այն գալիս է երեխայի ծնվելուց անմիջապես հետո կամ ընդհանրապես չի դրսևորվում:
***
Ընտանիքում երեխայի դաստիարակությունը կարող է որոշվել այնպիսի գործոններով, ինչպիսիք են ծնողական հայացքների ավանդական լինելը, ծնողների ընտանեկան դրությունը, ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ծնողների տարիքը և փորձը: Կարելի է առանձնացնել երեխաների դաստիարակության տարբեր ոճեր։
Ժամանակակից հոգեբանության մեջ այսօր դասակարգում են ծնողական դաստիարակության 4 հիմնական խմբեր:
Ավտորիտար՝ դաստիարակության նման ոճը պարունակում է խիստ վերահսկողություն և սառը վերաբերմունք ծնողների կողմից: Ավտորիտար ոճը չի ենթադրում երեխայի հետ շփման հաստատում, բոլոր կանոնները պետք է հստակ կատարվեն, ծնողների խնդրանքներն ունեն հրամանի հատկություն:
Հեղինակավոր՝ այս ոճը բնութագրվում է չափավոր վերահսկողությամբ և երեխայի նկատմամբ ջերմ վերաբերմունքով: Ծնողների կողմից խրախուսվում է ինքնուրույնության զարգացումը, կառուցվում են կառուցողական հարաբերություններ երեխաների հետ։ Հեղինակավոր ոճի հիմնական հատկությունը երեխայի հետ երկխոսության հաստատումն է։ Ընդունված բոլոր որոշումները, պատիժներն ու կանոններն անպայման քննարկվում են երեխաների հետ։ Այս ծնողները հակված են դրական ծնող-երեխա հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը: Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ:
Լիբերալ՝ այս ոճին բնորոշ է վերահսկողության բացակայությունը և ջերմ վերաբերմունքը երեխայի հանդեպ: Ծնողները միշտ բաց են հաղորդակցության համար, երեխաներին տրվում է լիակատար ազատություն և անվերապահ սեր:
Անտարբեր՝ այս ոճը հեղինակավոր ոճի հակապատկերն է և ունի բացասական ազդեցություն երեխայի անձի զարգացման վրա: Բնորոշ է վերահսկողության բացակայությունը և սառը վերաբերմունքը երեխայի հանդեպ: Ծնողները հետաքրքրություն չեն ցուցաբերում իրենց երեխայի նկատմամբ և փակ են հաղորդակցության համար:
Դաստիարակության այս ոճերն առանձանացված չեն միմյանցից, հաճախ ծնողները համակցված են կիրառում դրանք՝ կախված հանգամանքներից։ Բացի այդ, ծնողները կարող են տարբեր լինել դաստիարակչական ոճերը օգտագործելու հարցում, այդ պատճառով ոճերը փոխլրացնում են միմյանց կամ հակասում, ինչն իր հերթին խոչընդոտում է դաստիարակչական աշխատանքին:
***
Ծնող-երեխա փոխհարաբերությունները ընտանեկան հարաբերությունների անհրաժեշտ ենթահամակարգն են: Այդ հարաբերությունները կարող են դիտարկվել որպես շարունակական, երկարաժամկետ և պայմանավորված երեխայի և ծնողի տարիքային առանձնահատկություններով:
Ծնող-երեխա փոխհարաբերություններում կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել ինչպես երեխայի ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական կարիքներին յուրաքանչյուր ժամանակահատվածում:
Ընտանիքի գլխավոր խնդիրներն են երեխայի առաջին սոցիալական պահանջմունքի՝ սոցիալական շփման պահանջմունքի , աշխարհի նկատմամբ հիմնական վստահության ձևավորումը և կապվածության տեսությունը մանուկ հասակում:
Երեխան պետք է զգա շրջապատող աշխարհի անվտանգությունը, և ծնողի դերը այս ժամանակահատվածում չափազանց մեծ է, քանի որ իր կարիքները երեխան չի կարող բավարարել իր անօգնականության պատճառով։ Երեխան պետք է ակտիվ փոխազդեցություն ունենա մեծահասակների հետ, քանի որ այս դեպքում ծնողը միակ աղբյուրն է, որը կարող է բավարարել նրա պահանջմունքները: Իսկ եթե կապվածությունը չձևավորվի մինչև 12 ամսականը, ապա երեխայի հոգեկան զարգացումը կարող է խախտվել:
Առարկայական-գործիքային կարողության ձևավորումը վաղ տարիքում երեխա-ծնող փոխհարաբերությունների առանձնահատկությունն է։ Այս փուլում առարկաները երեխայի համար դառնում են ոչ թե պարզապես օբյեկտ, այլ որոշակի նպատակ և օգտագործման որոշակի եղանակ ունեցող իրեր: Երեխան ուսումնասիրում է առարկաների իրական նշանակությունը, տիրապետման եղանակները, և մեծահասակների խնդիրն է ուղղորդել, համագործակցել, օգնել դժվար իրավիճակներում:
Նախադպրոցական տարիքում ծնողը հանդես է գալիս որպես սոցիալական աշխարհում ուղեկցող, խաղում է երեխայի հետ, սովորեցնում համատեղ խաղի կանոնները: Բացի այդ, այս տարիքային փուլում ծնողը զբաղվում է երեխայի դպրոցական նախապատրաստությամբ, շփումը կարող է իրադրային-գործնական բնույթ ունենալ: Այս ամենը երեխային պատրաստում է նոր սոցիալական միջավայր մտնելուն։
Համագործակցությունը և աջակցությունը գիտական հասկացությունների համակարգի յուրացմանը և ինքնուրույն ուսումնական գործունեության իրականացմանը հանդիսանում են երեխա-ծնող հարաբերությունների առանձնահատկությունը կրտսեր դպրոցական տարիքում: Պատանեկության և երիտասարդության տարիքում երեխա-ծնող հարաբերությունները որոշվում են ծնողների կողմից երեխայի ինքնավարության և ինքնագիտակցության զարգացման համար պայմանների ստեղծմամբ: