Գեղարվեստական հաղորդում (260)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։
Իրանահայությունը միշտ էլ իր ուրույն տեղն է գրավել մշակույթի հինավուրց օրրան՝ Իրանում: Պահելով իր ինքնատիպ դիմագիծը, միաժամանակ դարերով ձգվող՝ սերտ, պատմական նշանակություն եւ արժեք ներկայացնող շփումների արդյունքում, փոխադարձաբար նաեւ կրելով իր սիրելի ծննդավայրի հարուստ մշակութային արժեքները, թողել է նաեւ իր հոգու հետքը՝ գիտական, մշակութային եւ արդյունաբերության բնագավառներում ինչը եւ միշտ էլ խորապես բարձր է գնահատվել մեր սիրելի իրանցի հայրենակիցների կողմից:
Նկատի ունենալով աշխարհում տիրող համաճարակի ստեղծած յուրահատուկ իրավիճակը, իրանահայ ճարտարապետ Առլեն Ստեփանյանը նախաձեռնել է իրանահայ համայնքի գրասերներից, մասնագետներից, ուսուցողներից, ամփոփ ասված գիր -գրականության, գիտության եւ այդ ծիրում, նաեւ գրականությանն ու իրենց մասնագիտությանը սերտ առնչվող գրենական պիտույքների ու մասնագիտական գործիքների նկատմամբ, անսահման սիրով ու ակնածանքով վերաբերվող անհատների մասնակցությամբ, կազմակերպել Իրանում իր տեսակի մեջ առաջինը համարվող գրենական պիտույքների վիրտուալ ցուցահանդես-թանգարան:
Թանգարանի ստեղծման առիթ է ծառայել հայ ազգի անմահանուն ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյանի, Իրանում գտնվելու 100-ամյակը, որը լրանում է 2021 թվականին:
Վիրտուալ ցուցահանդեսն իր աշխատանքն է սկսել մեծ ճարտարապետի ծննդյան օրը՝ մարտի 4-ին:

Ավանդական դարձած «Գարնանային խորագրով ցուցահանդեսում այս տարի ներկայացված է երկու հարյուր և ավելի ցուցանմուշ՝ քանդակներ, կտավներ, արվեստի այլ յուրատիպ գործեր:
Ցուցահանդեսին, որը բացվեց մարտի 1-ին Նկարիչների միությունում, ցուցադրված են միայն միության անդամների ստեղծագործությունները:
«Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան երկու հարյուր արվեստագետ, որոնց աշխատանքները ներկայացված են Նկարիչների միության երեք հարկում»,-ասաց միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ու հույս հայտնեց, որ ցուցանմուշները դուր կգան բոլոր այցելուներին: Նա ներկաներին շնորհավորեց գարնան առաջին օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, իսկ երկրին՝ խաղաղություն:
Նկարիչ Յուրի Խաչանյանը, որը ներկայացրել է «Տագնապ» կտավը, ասաց, որ համավարակը, պատերազմը իրեն ստիպեցին դադար առնել, հետո միայն շարունակել աշխատանքը: Նկարիչը չի մասնակցել «Աշնանային սալոն» ցուցադրությանը, հետո կարծել է, որ մեկուսանալը ճիշտ չէ և պետք է վերադառնալ միություն, որն իր հարազատ տունն է համարում, և մասնակցել «Գարնանային սալոն»-ին: «1981 թվականից Նկարիչների միության անդամ եմ և միշտ ակտիվ եմ եղել, հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, ստեղծագործել եմ: Ե՛վ իմ, և՛ միության համար հիմա նոր փուլ է սկսվում. անհրաժեշտ է վերադառնալ մեր ստեղծագործական կյանքին, ցույց տալ, որ ապրում ենք, շնորհալի, տաղանդավոր ազգ ենք: Փոքրաթիվ ենք, բայց արարում ենք: Վստահ եմ, որ յուրաքանչյուր նկարիչ եթե ոչ 5 հազար, ապա հազար գործ ունի»,-նշեց Խաչանյանն ու հավելեց, որ այդ գործերը մեր երկրի զենքն են:
Անդրադառնալով ոլորտի բացերին՝ նկարիչն ընդգծեց, որ չկան քննադատներ, որոնք կլինեն նկարիչների կողքին, կվոգևորեն նրանց: Խաչանյանի խոսքով՝ ժամանակին այդ գործառույթն իր ուսերին է վերցրել Հենրիկ Իգիթյանը, որը սերունդների է կրթել: «Շատ կցանկանայի, որ նկարիչների դուռը ծեծեին, հարցնեին, թե նրանք ինչ են նկարել, ինչ ծրագրեր ունեն: Կրկնում եմ, որ թե՛ միջին, թե՛ ավագ սերնդի փայլուն արվեստագետներ ունենք, որոնք հրաշալի գործեր են ներկայացրել, ինչը մեզ մեծ պատիվ է բերում: Այս ցուցահանդեսը մեր հաղթանակներից մեկն է»,-եզրափակեց Յուրի Խաչանյանը:
Նկարիչ Արթուր Հովհաննիսյանը «Գարնանային սալոն»-ում ցուցադրել է Երևանը պատկերող եռանկար, որը մեկ ամբողջություն է: Կտավում իր տան պատուհանից բացվող տեսարանն է: Այս պարագայում ձմեռային տեսարան է: «Սա շարք է, որը ծնվել է վերջին ամիսներին: Նմանատիպ մի շարք աշխատանքներ եմ նկարել՝ պատկերելով տան դիմացի հատվածը, կողքը, շենքի տարբեր հատվածները տարբեր եղանակներին, օրվա տարբեր ժամերին: Շարքը պայմանական անվանել եմ «Քաղաք» »,-նշեց նկարիչն ու խոստովանեց, որ կտավները ստեղծելիս մտածել է, թե ինչ գույն ունի Երևանը: Ըստ նրա՝ Երևանը երբեմն սպիտակ է, երբեմն վարդագույն է, հաճախ արևաշատ, երբեմն էլ մոխրագույն:
Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ ինչպես փոխվում են մարդկանց տրամադրությունները, ընկալումները, այդպես էլ փոխվում է հայացքը դեպի քաղաքը՝ կախված իրավիճակից, այս կամ այն իրադարձությունից, ժամանակահատվածից և այդպես շարունակ:

2020-ի սկզբին հայտնված համամարդկային սարսափը` COVID-19-ը, պարալիզացրեց նաև մշակութային կյանքը: Տուժեցին արվեստի բոլոր և հատկապես այն ճյուղերը, որոնց գործունեությունը կազմակերպվում է խմբային աշխատանքով ու որոնք ներկայանում և հաշվետու են դահլիճում նստած հանդիսատեսին:
Չնայած իրավիճակի ստեղծած անհարմարություններին շատ կոլեկտիվներ կարճ ժամանակ անց դիմեցին այլընտրանքային միջոցների. ժամանակավորապես հրաժարվեցին երկարատև տարիների ընթացքում մշակված աշխատելաձևից, որպեսզի պահպանեն երկարատև ջանքերի շնորհիվ ձեռք բերած մասնագիտական որակները:
Որոշ մշակութային խմբեր անցան նկարահանման տարբերակին, ակտուալ դարձան մոնո ներկայացումները` հանդիսատեսի սահմանափակ քանակով: Ներկայացումները սկսեցին հարմարվել եղանակային պայմաններին և օրվա առավել հարմար ժամերին:
Մասիս քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճը հաճախ է հյուրընկալում Երևանից և հանրապետության տարբեր մարզերից համերգներով և ներկայացումներով այցելած խմբերի: Ամիսներ շարունակ դահլիճի լույսերը գրեթե չեն վառվել նման առիթով:
«Էլմար» շրջիկ թատերախումբը ներկայացումներով այցելում է Հայաստանի մարզեր` հաղորդակից դարձնելով բնակիչներին թատերական կյանքին: Նախորդ տարի 5-35 տարեկան դերասանների խումբը զրկվեց նման հնարավորությունից, սակայն նրանք փորձում էին հակահամաճարակային կանոնների պահպանման պայմաններում կազմակերպել փորձերը: Դերասաններին շատ դժվար է դիմակով ակտիվորեն շարժվել ու խոսել՝ միաժամանակ:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը հմտորեն օգտագործեց շենքի բակում գտնվող տարածքը` տեխնիկական նպատակներով տեղակայված սարքերը դարձնելով ներկայացման ատրիբուտ, ներառելով նաև ողջ շենքը, ներկայացումը հագեցնելով լուսային հրաշալի լուծումներով:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, եղանակի տաքանալուն պես, իր փոքրիկ ունկնդիրներին հրավիրեց թատրոնի շենքին կից ընդարձակ ու հյուրընկալ պատշգամբ` վայելելու փոքրիկների համար երկար սպասված ներկայացումները:
Երգչախմբերը թերևս ամենախոցելի խմբերից էին այդ շրջանում, քանի որ գործ ունենք ձայնի, ակտիվ շնչառության հետ, իսկ սահմանափակումները լուրջ խոչընդոտ էին այդ բոլորն ապահովելու համար: «Հովեր» պետական կամերային երգչախումբը վերսկսեց փորձերը, երբ եղանակային պայմանները թույլ տվեցին դրանք կազմակերպելու բացօթյա միջավայրում, փոքր կազմերով` պահպանելով առնվազն 1.5 մ հեռավորությունը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը թերևս ամենամեծն է Հայաստանում իր կոլեկտիվների և դրանց ներսում գործող արտիստների թվով. բալետ, նվագախումբ, երգչախումբ, մենակատարներ: Քովիդի առաջին դեպքի բացահայտումն ավելի քան մեկ ամիս փակ պահեց թատրոնի դռներն արտիստներից շատերի համար: Թատրոն գալիս էին հիմնականում օպերայի և բալետի մենակատարները, որոնց հետ իրականացվում էին վիդեո ձայնագրությունները, որոնք հետագայում հրապարակվում էին թատրոնի ֆեյսբուքյան էջում: Նախատեսված ծրագրերի և ֆինանսական առումով թատրոնը լուրջ կորուստներ է կրում. յուրաքանչյուր բեմադրություն ենթադրում է հսկայական, ծավալուն աշխատանք մեծ խմբերով, ինչն իրականացնելն ու հանդիսատեսին ներկայացնելը դարձել է անորոշ ժամանակով անհասանելի երազանք: Սակայն արտիստները մխիթարվում են նրանով, որ սա լավ հնարավորություն է իրենց համար` կատարելու համաշխարհային երաժշտական երկացանկից հատվածներ այնպիսի օպերաներից և բալետներից, որոնք ներառված չեն ազգային թատրոնի երկացանկում, քանի որ յուրաքանչյուր բեմադրություն բավականաչափ ժամանակատար է և լուրջ ներդրումներ է պահանջում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելքը գտավ լարային քառյակով և մենակատարներով առցանց համերգներ կազմակերպելով` հանդիսատեսին չզրկելով գոնե տնից դասական երաժշտություն վայելելու հաճույքից: Միայն ամիսներ անց հնարավոր դարձավ կազմակերպել միացյալ փորձ` կրկին սահամանափակ, բայց համեմատաբար ընդլայնված կազմով` պահպանելով հակահամաճարակային անվտանգության պահանջները:
Արամ Խաչատրյան համերգասրահը, որն ունկնդրի պակաս երբևէ չի ունեցել, երկար ժամանակ է, ինչ սահամանափակել է այցելուների ներկայությունը: Կորոնավիրուսային դադարը շենքի պատասխանատուներն օգտագործեցին բարձր առաստաղից իջեցված հսկա ջահերը մաքրելու համար:

Փարիզի գլխավոր թանգարան՝ Լուվր է վերադարձվել մի քանի տասնամյակներ առաջ գողացված իտալական զրահը, որը պատկանում է Վերածննդի դարաշրջանին:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հարուստ զարդարանքով զենքուզրահի իսկությունը հաստատվել է փորձագետի կողմից: Փորձագետին խնդրել էին գնահատել Բորդոյում բնակվող ընտանիքներից մեկին պատկանող զրահը: Ոստիկանությունը ներկայում պարզում է, թե ինչպես է ընտանիքը ժառանգել այդ իրերը:
Զրահը գողացվել էր 1983 թվականին: Գողության հանգամանքները մինչ օրս չեն պարզվել: Սաղավարտն ու վահանը պատրաստվել է 16-րդ դարում Միլանում: Այն 1922 թվականին թանգարանին է նվիրել Ռոտշիլդների ընտանիքը:

Անգլիական Բերքշիր կոմսության Ռեդինգյան բանտի շենքի պատին նոր գրաֆիտի է հայտնվել, որը, ինչպես ենթադրում են, ստեղծել է Բենքսի կեղծանունով փողոցային նկարիչը, որի արտաքինն ու իրական անունը մինչ այժմ առեղծված են մնում:
Բանտի բակը շրջապատող աղյուսե բարձր պատի վրա պատկերված է փախուստի դիմող մի տղամարդ, որը բանտարկյալի զոլավոր շորեր է կրում։ Նկարի հերոսը բանտից փախուստի է դիմում թերթերից հյուսված պարանի միջոցով։
Նշվում է, որ աշխատանքը կատարվել է Բենքսիին բնորոշ ոճով, սակայն նկարիչը դեռ չի հաստատել, որ ինքն է հեղինակը։
19-րդ դարի կեսերին կառուցված բանտի շենքը վիկտորյանական դարաշրջանի ճարտարապետության հուշարձան է և 2013 թվականից չի գործում: Բրիտանական կառավարությունը չի կարողացել շինության համար գնորդներ գտնել և դեռևս չի համաձայնում այն մշակութային կենտրոնի վերածելու առաջարկներին:
Հատկանշական է, որ բրիտանացի բանաստեղծ և դրամատուրգ Օսկար Ուայլդը նույնպես բանտին նվիրված ստեղծագործություն ունի՝ «Ռեդինգյան բանտի բալլադը»։ Դրամատուրգն այնտեղ անձամբ անցկացրել է մեկուկես տարի։
Շատերը ենթադրում են, որ գրաֆիտին կարող է հղում լինել գրողի կենսագրությանը։