Ապրիլ 24, 2016 09:03 Asia/Yerevan

Բարի օր Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ զրույցում նշեցինք, որ անապատացումը հողի ոչնչացան հետևանքներից է: Այսօր կխոսենք այն մասին, թե անապատացումն ինչ հետևանքներ կունենա շրջակա միջավայրի և մարդկային հասարակության համար: Ընկերակցեք մեզ:

Անապատացում նշանակում է մարդու գործունեության կամ բնական գործոնների պատճառով չորային և անապատային շրջանների տարածվելը: Անապատացումն առաջանում է անկայուն և սխալ գյուղատնտեսության, հանքագործության, գերարածեցման, անտառածածկ տարածքների կրճատման, արոտավայրերի ու կանաչ գոտիների ոչնչացման և կլիմայական փոփոխությունների պատճառով: Անապատացման և հողի էրոզիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունը տուժում է ավելի քան 490 միլիարդ դոլար: Շրջակա միջավայրի փորձագետներն այն համոզման են, որ բարդ և ամուր կապեր կան զարգացման, շրջակա միջավայրի և աղքատության միջև: Հրապարակված զեկույցները վկայում են այն իրողության մասին, որ սովորաբար աղքատներն ապրում են այն տարածքում, որտեղ ավերվել է շրջակա միջավայրը: Աֆրիկայում, որտեղ բերրի հողատարածքների շուրջ երկու երրորդը էրոզիայի վտանգի թիրախում է գտնվում, զարգացման տեմպը ևս շատ դանդաղ է: Ի դեպ, աշխարհի աղքատ բնակչության կեսն ապրում է այն տարածքներում , որտեղ հողի էրոզիա է տեղի ունենում կամ տարածվում են անապատները:

Ներկայումս 169 երկրներ անապատացման երևույթի ազդեցության տակ են գտնվում: Աֆրիկան ամենամեծ մայրցամաքն է, որի երկու երրորդը անապատներ ու չոր գոտիների են և ուժգին երաշտները սպառնում են այդ մայրցամաքի երկրներին: Սահարան տարեկան 48 կիլոմետր տարածվում է: Անապատացման վտանգի առջև են կանգնած Բուրկինա Ֆասոն, Չադը, Ջիբութին, Էրիթրեան, Եթովպիան, Մալին, Մավրիտանիան, Նիգերը, Նիգերիան, Սենեգալն ու Սուդանը: Ցանքսատարածքների ոչնչանալը թափ է հաղորդել աղքատությանը և հողագործները հարկադրված գաղթում են քաղաքներ կամ ավելի բերրի տարածքներ: Փորձագետներն ակնկալում են, որ առաջիկա 20 տարիներին կշարունակվի այդ ընթացքը և Աֆրիկյան կիսաանապատային շրջանների ավելի քան 60 միլիոն բնակիչներ հարկադրված կլքեն իրենց տները, գաղթելով դեպի Աֆրիկայի հյուսիսային շրջաններ, կամ Եվրոպա: Նրանք կկոչվեն բնապահպանական փախստականներ: Վտանգը սպառնում է նաև մյուս չորային շրջաններում ապրող մարդկանց: Վերջին հաշվարկումների համաձայն, անապատացան պատճառով 135 միլիոն մարդ, որն հավասար է Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության, կանգնած է գաղթականի կարգավիճակում հայտնվելու վտանգի սեմին: Տարեկան 700 հազարից 900 հազար մեքսիկացի թողնում է իր կյանքը չորային շրջանների գյուղերում և որպես բանվոր գաղթում է ԱՄՆ: Այդ գաղթերը իրենց հետևանքն են ունենում նաև հյուրընկալ շրջանների տարբեր ռեսուրսների վրա: Կլիմայական հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական հանձնախմբի IPCC-ի վերջերս կայացած նիստում հաշվարկվել է, որ մինչև 2050 թվականը աշխարհում մոտ 150 միլիոն բնապահպանական փախստական է լինելու: Նրանց սպասելու է թերսնում, անկարողություն, հիվանդություն և մահ:

*************

Անապատացումը համաշխարհային խնդիր է, որը լուրջ հետևանքներ կունենա կենսաբազմազանության, շրջակա միջավայրի անվտանգության, աղքատության վերացման, սոցիալ-տնտեսական կայունության և կայուն զարգացման վրա: Անապատացումը և հողի ոչնչանալը մարդկային հասարակությանը կանգնեցրել է սոցիալ-տնտեսական մարտահրավերների և քաղաքական ճգնաժամերի առջև: Երկրների միջև տեղի ունեցող բախումների ու վեճերի ավելի քան կեսը տեղի է ունենում չորային շրջաններում բնապաշարների օգտագործման, կլիմայական փոփոխությունների, երաշտի և անապատների տարածման հողի վրա:

Մյուս կողմից, ներկայումս շուրջ երկու միլիարդ մարդու կյանքը կախված է հողերից, որոնք խիստ էրոզիայի են ենթարկվել:

2014 թվականին սննդի անվտանգության վիճակի մասին ՄԱԿ-ի ներկայացրած վերջին տվյալների համաձայն, 2012-2014 թվականների ընթացքում շուրջ 805 միլիոն մարդ թերսնում է ունեցել: Դա նշանակում է յուրաքանչյուր 8 հոգուց մեկը սննդի պակաս է ունեցել և հենց այդ զեկույցը վկայում է, որ այդ մարդիկ հիմնականում ապրում են զարգացող երկրներում և կորցրել են իրենց վարելահողերը: Ակնհայտ է, որ այս ընթացքի շարունակվելը սարսափելի հետևանքներ կունենա ապագայում:

Փորձագետների համոզմամբ, անապատի վերածված տարածքների մեծ մասը կարելի է վերականգնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունի խոսքով, աշխարհում շուրջ 2 միլիոն հեկտար հողատարածք կարելի է վերականգնել: Այդ տարածքները վերականգնվելով, հնարավոր կլինի ավելի շատ սնունդ արտադրել և կանխել կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքները:

*****************

2014 թվականին, անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա առիթով հղած ուղերձում, ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի գործադիր քարտուղար՝ տկն. Մոնիկ Բարբոն ասել է.«Մենք կարող ենք չորս փոքր քայլերով փոխել պատմության ընթացքը: Նախ պետք է կանխենք տարածքների ոչնչացումը, որովհետև առողջ էկոհամակարգերը մեզ պաշտպանում են բնական աղետներից: Ուստի մեծ մասշտաբով ավերված տարածքների վերականգնումը պետք է մեր առաջնահերթ ծրագիրը լինի: Այդպիսով կարելի է նվազագույնի հասցնել այդ տարածքների ոչնչանալու բացասական հետևանքները և վերականգնել հողի բնական կարողությունները: Երկրորդ հերթին, պետք է օրակարգի մեջ դնենք համաշխարհային մասշտաբով հողատարածքները կլիմայական փոփոխությունների հետ համակերպելու հարցը և դրա իրագործումը հնարավոր է, որովհետև երաշտի և էրոզիայի ենթարկված բոլոր 169 երկրներն անդամակցում են ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների կոնվենցիային: Երրորդ հերթին պետք է ճշտել որոշակի նպատակներով ընդհանուր քայլեր: Ի վերջո, գործեղանակներ ճշտել տուժած հասարակությունների կարողականությունները բարձրացնելու համար, որպեսզի հետագային կարողանան կանխել հավանական սաստիկ կլիմայական փոփոխությունները»:

Այդ նպատակների իրագործման համար և նկատի առնելով անապատների տարածվելն ու հողի էրոզիայի ավելանալը, 21 տարի առաջ, 1994 թվականին ձևավորվեց և վավերացվեց անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիան:

Այդ կոնվենցիան միակ միջազգային համաձայնությունն է, որն անդրադառնում է շրջակա միջավայրի և հողի կառավարման զարգացման միջև կապին:Կոնվենցիային անդամակցող կողմերը քայլեր են ձեռնարկում հողի արդյունավետությունը վերականգնելու և չորային ու կիսաչորային շրջաններում երաշտի հետևանքները մեղմելու ուղությամբ:

Այդ նպատակների իրագործումը հնարավոր է երկարաժամկետ ստրատեգիաների և երկրների միջև համագործակցության միջոցով: Մինչ օրս 193 երկրներ, այդ թվում Իրանի իսլամական հանրապետությունը միացել են միջազգային այդ դաշինքին: Դաշինքին անդամակցող հարուստ երկրները խոստացել են, որ տարեկան ֆինանսական օգնություն հատկացնել աշխարհում, հատկապես Աֆրիկայում անապատացման կանխման համար նախատեսված այդ դաշինքի հիմնադրամին: Իհարկե խափանարարություններ եղել են այդ հարցում: Միջազգային դաշինքների կողքին, բոլոր հասարակությունները պետք է գիտակցեն այն իրողությունը, որ էկոհամակարգերը բնական կերպով կարող են կանխել անտառների և բերրի հողատարածքների անապատացումը, եթե մարդիկ չխանգարեն այդ ընթացքը:

Շրջակա միջավայրի փորձագետների կարծիքով, ռեսուրսների կառավարմամբ և վերահսկողությամբ հնարավոր է դյուրացնել շրջակա միջավայրի բնականոն վերականգնումը:

*************

Անապատցման մյուս վտանգավոր հետևանքներից է մանրափոշիների և աերոզոլների առաջանալը, ինչը տեղի է ունենում հողի էրոզիայի պատճառով և սպառնում է մարդկանց առողջությանը: Աերոզոլները չկանխելու դեպքում, կտարածվեն տարբեր հիվանդություններ: Աերոզոլները բազում վտանգներ են ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար:

Հարգարժան բարեկամներ նկատի առնելով այս հաղորդմանը հատկացված եթերաժամի սպառվելը, զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: