Գեղարվեստական հաղորդում (261)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 13-ին տեղի ունեցավ «Թատրոնը երեխաների աչքերով» գեղանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։ Թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում ներկայացվել են դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված առցանց մրցույթի աշխատանքները։ Մրցույթը նպատակն է եղել համավարակի ընթացքում հնարավորինս մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ։
Ցուցահանդեսի մասնակից երեխաները և նրանց ծնողները հնարավորություն են ունեցել մասնակցելու թատրոնում կազմակերպված ճանաչողական շրջայցին, ծանոթացել թատրոնի պատմությանը։
«Թատրոնը երեխաների աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլ։
Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները և նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմանը։

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որն ընդգրկվել էր Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում, արդեն իսկ Երևանի կինոթատրոններում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Լրագրողները հնարավորություն ունեցան դիտել ֆիլմն ու զրուցել կինոնկարի ստեղծման գործում դերակատարություն ունեցած անձանց հետ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց՝ մի վայրկյան անգամ չեն կասկածել, որ ֆիլմը հաջողելու է: Նրա խոսքով՝ ավելի քան երեսուն տարի որևէ հայկական կինոնկար չի ներկայացվել Կաննի միջազգային կինոփառատոնում, իսկ Նորայի շնորհիվ նման հնարավորություն ընձեռվեց: «Կարծում եմ՝ հայկական կինոյի համար սա մեծ հաջողություն է»,-նշեց Միրզախանյանը:
Նորա Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ ֆիլմի՝ ֆրանսիական ցուցադրությունների ընթացքում ֆրանսիական հեղինակավոր հեռուստաընկերություններից մեկն իր և կինոնկարի մասին համապարփակ նյութ է պատրաստել և նշել. «Ճանաչում ԼՂ-ին ֆիլմով, ոչ թե քաղաքականությամբ»: « «Երբ որ քամին հանդարտվի» Ֆիլմի շնորհիվ նրանք, ում կոչում էին անջատողականներ, զինվորներ կամ զոհեր, դեմք ու դիմագիծ ստացան: Անգամ օտարազգիներն են հասկանում ֆիլմի ուղերձը՝ երբ քամին հանդարտվի, Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի, և ԼՂ-ի ժողովուրդը կկարողանա հանգիստ շնչել»,-նշեց նա:
Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորած ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինի խոսքով՝ երբ մեկնել է Ղարաբաղ, բացահայտել է, որ երկրի վրա կա դրախտ: «Ինձ համար դա շատ հետաքրքիր ճամփորդություն էր: Չգիտեմ, թե ինչու էր անհրաժեշտ այն, բայց ինչ-որ մեկը ժամանակին գրել է՝ ճամփորդությունները պետք են, որ վերջապես հասնես ինքդ քեզ: Իսկ ըստ իս՝ երբեմն ճամփորդության ես մեկնում, որ հասնես ճամփորդին: Ինձ համար սա յուրահատուկ ճամփորդություն էր, որի շնորհիվ կարողացա բացահայտել այս երկնային դրախտը՝ Ղարաբաղը»,- շեշտեց դերասանը:
Խենթ հայի կերպարը կերտած դերասան Վարդան Պետրոսյանն ընդգծեց՝ մարդն ամենաշատը սիրում է այն, ինչ կորցնում է, և այս ֆիլմը կարծես ճիշտ ժամանակին նկարահանվեց: «Ֆիլմում այլ կերպ են ըմբռնվում կերպարները, բնապատկերները: Խենթ հայի հավաքական կերպարը, որը երբեք հրացանը վայր չի դնելու, ամեն ինչ տեսնում է հեռվից, որը հոգու խորքում գիտի, որ ամեն բան ճիշտ է, փաստորեն մարգարե դարձավ: Ղարաբաղյան բնապատկերները դարձան մեր կորցրած զավակները, ինչը սարսափելի է, ու այս կինոնկարը մեզ համար հիշողության մարգարիտ է: Եթե մարդիկ մոռանան ինչ-ինչ բաներ, կինոնկարը կհիշեցնի նրանց երազանքների մասին»,-եզրափակեց Պետրոսյանը:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է օդանավակայանների ազգությամբ ֆրանսիացի աուդիտորի՝ Ալեն անունով տղամարդու մասին, որը ժամանում է ԼՂ բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films):
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանն իր կյանքի տարբեր շրջանների մասին կպատմի գեղանկարների, երգերի, հետաքրքիր մենախոսության միջոցով:
Արվեստասերները Պետրոսյանի՝ «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդես-ներկայացումը վայելեցին մարտի 18-28-ը Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:
Ցուցահանդեսի նախօրեին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանը խոստովանում է, որ հաճախ չի խոսում այդ մասին, բայց մասնագիտությամբ նկարիչ է: Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, հետո՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը:
«Ցուցահանդեսում կներկայացվեն երեք ժամանակահատվածի իմ նկարները. երիտասարդական շրջան, որը կոչվում է «Գարուն ա», դեպրեսիվ շրջան, որը կոչվում է «Գարուն ա, ձյուն ա արել» և ժամանակակից շրջան, որը կոչվում է «Գողգոթա»: «Գարուն ա»-ն այն փուլն է, երբ ես ջահել եմ: Վան Գոգյան, Գոգենյան լուսավոր ժամանակներն են, խենթությունների տարիներ, որոնք արտահայտվում են իմ աշխատանքներում: Դեպրեսիվ փուլը նման է մեր այսօրվա ժամանակներին. մարդիկ են, որոնք փակուղում են, սեղմված են պատերի մեջ, չռված աչքերով են, տխուր հայացքներով, շատ դառնացած դեմքերով են: Իսկ «Գողգոթա»-ն այն շրջանն է, որը մարդկանց պետք է օգնի դուրս գալ ըստ իս՝ ծանր կացությունից: Սա մի ելք է»,-նշում է արտիստը:
Նրա խոսքով՝ իր անձնական կյանքն այդպես է դասավորվել: Փայլուն տարիներից հետո ապրել է շատ ծանր ժամանակահատված, որից դուրս է եկել իր գողգոթայով, իր հավատով, ինչն իրեն ուժ է տվել և հնարավորություն աշխույժ, ակտիվ լինել անգամ ամենածանր ժամանակներում:
Պետրոսյանն իր պատմությունները պատմելով՝ փորձելու է մարդկանց մոտ նույնականացման զգացում արթնացնել:
«Շատ հաճախ այդպես լինում է, երբ դու պատմում ես քո մասին, դիմացինն իրեն է պատկերացնում քո դերում: Ես փորձելու եմ դա անել: Սա ցուցահանդես-ներկայացում է, քանի որ նկարների մասին խոսելով՝ ներկայացում եմ խաղում, երգում երգեր, իսկ այցելուները, նկարները դիտելով, պատմություններ լսելով, այսօրվա մեր օրն են տեսնում, մեր վաղվա ապագան»,-շեշտում է Վարդան Պետրոսյանը:
Դերասանը ցուցահանդեսը նվիրում է բոլոր այն կանանց, որոնք Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ամբողջ և դրան հաջորդած չորս ամսվա ընթացքում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ անխոնջ նվիրյալների պես անքուն ու անդադար աշխատել են առաջնագծի զինվորներին և գաղթականներին աջակցելու համար:
Անդրադառնալով «Վերելք» ներկայացմանը, որը դերասանը 15 տարի անց վերաբեմադրել է Գյումրու թատրոնի դերասանական կազմի հետ համագործակցելով՝ Պետրոսյանը նշում է, որ բեմադրությունը պատրաստ է, կարող է ընդամենը մի քանի փոփոխություն անել և վերջ, սակայն կարծում է՝ այսօր ճիշտ չի լինի խաղալ: «Ցեղասպանության սպանող դանակի հարվածներն այս օրերին պետք չեն մեր ժողովրդին, որն առանց այդ էլ ծանր ցավերի մեջ է: Նա չի դիմանա այդ ցավին: Բժիշկը գիտի ցավեցնելու չափը: Բուժելու համար կա ցավեցնելու չափ, բայց ոչ ավելին, որ վնասես: Այսօր շատ եմ մտածում այդ մասին: Այսօր ճիշտ չէ «Վերելք»-ը խաղալը: Նոր ներկայացում եմ պատրաստում, բայց այս պահին դա էլ չեմ կարող բեմ բարձրացնել: Մենք ասում ենք՝ ունքը սարքելու փոխարեն աչքը հանել: Նման վտանգ կա, քանի որ մեր հասարակությունն այս պահին շատ պառակտված է, և դա կարող է նրան վնասել»,-եզրափակեց դերասանը:

Շվեդ քանդակագործ Լարս Վիդենֆալկը եզակի քարե ջութակ է պատրաստել՝ ըստ Ստրադիվարիուսի գծագրերի, բայց այնպիսի փոփոխություններով, որ հնարավոր լինի նվագել:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, շվեդ վարպետը քարից ջութակ պատրաստելու մասին մտածել է 1980-ականներից: Այդ միտքը նրա մոտ առաջացել է քարի մեծ կտոր հատելիս, երբ լսել է մուրճով և դուրով քարի հետ աշխատելու ժամանակ հնչող հաճելի ձայնը:
Եզակի և, թերևս, աշխարհում առաջին քարե ջութակը կերտելու աշխատանքները քանդակագործը սկսել է 1990-ականներին, երբ կարողացել է համապատասխան չափսի քար գտնել երաժշտական գործիքի դիմացի հատվածի համար: Այնուհետև նա գտել է հետևի մասի համար անհրաժեշտ քարակտորը:
Ինչպես աղբյուրը նշում է, առաջին կտորը, որով շվեդ վարպետը սկսել է աշխատել, նա վերցրել է իր պապու գերեզմանից: Երբ ընտանեկան գերեզմանատունը վերանորոգելիս են եղել, դոլորիտի (բազալտի տեսակ) հսկայական կտոր ազատ է մնացել, որն էլ քանդակագործն օգտագործել է:
Թեև ջութակը, որը ստացել է «Սև կեռնեխ» անվանումը նույնանուն թռչնի անունից, ամբողջությամբ պատրաստվել է սև հրաբխային ապարից, այն կշռում է ընդամենը մոտ 2 կգ: Դա այն բանի շնորհիվ է, որ Վիդենֆալկին հաջողվել է ջութակի պատերի հաստությունը հասցնել 2.3 մմ-ի:

Վիեննայում նախատեսում են այցելուների համար բացել այսպես կոչված «Հիտլերի պատշգամբը», որից նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլերը հռչակել է Ավստրիայի բռնակցումը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Welt պարբերականը:
200 քառ.մ տարածքով պատշգամբը գտնվում է Նոր ամրոցում, որը Հոֆբուրգ պալատական համալիրի մաս է կազմում: Այս վայրը հայտնի է դարձել 1938 թվականի մարտի 15-ին Ավստրիան Գերմանիային միացնելու վերաբերյալ Հիտլերի ելույթի շնորհիվ:
Այցելուների համար պատշգամբը բացելու որոշումը, ըստ պարբերականի, կայացրել է Ավստրիայի պատմության տան տնօրեն Մոնիկա Զոմմերը: Ներկայումս կազմակերպությունը տեղակայված է Նոր ամրոցում:
«Այցելությունների արգելքը, ինչպես մինչ այժմ եղել է, լավագույն մոտեցումը չէ»,-նշել է նա:
Ըստ Զոմմերի, պատշգամբը նայում է կանցլերի գրասենյակին, խորհրդարանին և երկրի նախագահի նստավայրին, ինչը լիովին բավարար է բռնապետական ռեժիմին ժողովրդավարություն հակադրելու համար:
Ըստ նրա, առաջին քայլը շահագրգիռ խմբերի համար էքսկուրսիաների կազմակերպումն է: Ըստ հարցման, Ավստրիայի պատմության տան այցելուների մեծ մասը կողմ է պատշգամբի բացմանը, նշում է պարբերականը: