Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (81)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը՝ լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի մասին: Նա անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում: Նա եղել է իսլամական փիլիսոփայու
Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին՝ Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ Սոհրեվարդիի իրական ու առանց քողի դիմագիծն են ցույց տալիս: Այս կարգի ստեղծագործությունները, որոնք գրված են ակնարկների ու սիմվոլների գեղեցիկ ու նուրբ լեզվով պարունակում են Սոհրեվարդիի հոգևոր ու ներքին ապրումները: Նախորդ երկու հաղորդման ժամանակ անդրադարձանք ակնարկների ու առակների միջոցով արտահայտվելու պատճառներին ու նաև պարսից գրականության մեծությունների, այդ թվում Մոլավիի, Աթթարի ու Հաֆեզի վրա Շեյխ Էշրաղի թողած ազդեցությանը և ներկայացրեցինք նրա «Գաբրիելի փետուրի երգը», «Մրջյունների զրույցը» և «Ֆի Հաղիղաթ-ալ-էշղ» աշխատությունները: Այսօր զրուցելու ենք իրանցի այս փիլիսոփայի պարսկերեն լեզվով գրված աշխատություններից «Սիմորղի կանչ»-ի մասին:
---
Միստիկական ընթացքի, փուլերի, անէացման գաղտնիքի ու հանդիսավոր մահվան մասին գրված Սոհրեվարդիի ամենահայտնի աշխատությունը «Սիմորղի կանչն»- է, որը լիովին գիտական աշխատություն է և մշակվել է Շեյխ Էշրաղի մեթոդաբանական մտքի հիման վրա: Շեյխ Էշրաղն այս աշխատությունը ներկայացրել է հստակ գլուխների ներքո և կանոնավոր կառուցվածքով, ինչը կարող է համեմատվել ժամանակակից շրջանի ամենագիտական հոդվածների հետ ու որոշ դեպքերում գիտական առավել մեծ արժեք է ներկայացնում նրանցից շատերից: Սոհրեվարդին աշխատության նախաբանում, ժամանակակից շրջանի գիտական հոդվածների նման ներկայացնում է թեման, դրա նպատակն ու նաև ամփոփ բովանդակությունը և բացատրում է նյութերի դասակարգման ձևը: Այդ ժամանակաշրջանի գրքերում տարածված կարգի համաձայն, նախաբանը սկսվում է միակն Արարչի փառաբանմամբ ու իսլամի մարգարեի մեծարանքով, սակայն հակառակ մյուս գրքերի այս փառաբանումն ու մեծարանքը շատ երկար չէ և ամփոփվելով երկու նախադասություններում խուսափում է ավելորդաբանությունից:
Նա Արարչին ուղղված փառաբանությունից հետո ներկայացնում է աշխատության բուն թեման և բացատրում է դրա դասակարգման եղանակը և իր աշխատությունը կոչում է «Սիմորղի կանչը»:
Հիշատակելով «Սիմորղի կանչը» խորագիրը, որն աշխատության գաղտնաբառն է և համաձայն գիտական հոդվածներում հարգվող ընթացքի, Շեյխ Էշրաղը անհրաժեշտ է համարում նախաբանում իր ընթերցողի համար պարզաբանել այս գաղտնաբառի իմաստը և ասում է. «Ու վնաս չպիտի ունենա, եթե նախաբանում հիշատակություն կատարեմ այս հսկա հավքի ու նաև նրա գտնված վայրի ու ժամանակի մասին»: Ապա դիտանկյունը առաջին դեմքից, որ ինքն է, փոխելով «Ամենագետ» համարվող երրորդ դեմքի, պատմում է Սիմորղի մասին:
Սոհրեվարդին այս աշխատության մեջ իմաստի ու բովանդակության հետ կապված ուշիմ կերպով փոփոխելով պատմողի դիտանկյունը նաև փոփոխություն է մտցնում իր լեզվի ու ոճի մեջ, ինչը նրա պարսկերեն լեզվով գրված գրեթե բոլոր աշխատություններում համարվում է նրա արձակի յուրահատկությունը: Այնպես որ փառաբանության ու մեծարանքի, ինչպես նաև նախաբանի ու դասակարգման բաժիններում ընտրում է պարզ ոճ, իսկ երբ հերթը հասնում է Սիմորղի մասին բացատրության, որը տեղավորվում է միստիկական թեմաների շրջանակում, նրա ոճը դառնում է սիմվոլիկ ու փոխաբերական:
Իր ուսուցումներն ավելի լավ փոխանցելու համար Սոհրեվարդին այս աշխատության մեջ Սիմորղի մասին պատմում է սիմվոլիկ կարճ մի պատմություն, ինչը լիովին տարբերվում է նրանից, որ ուրիշներն են պատմել Սիմորղի մասին:
Այս աշխատության մեջ Սոհրեվարդիի ընթերցողին ներկայացրած Սիմորղը շատ տարբեր է այն Սիմորղից, որ իմաստասիրության, փիլիսոփայության ու միստիցիզմի ոլորտի այլ մտավորականներ, այդ թվում Ավիցենան, Ղազալին և Էյնոլղոզզաթն են ներկայացրել: Սոհրեվարդին մյուսներից տարբերվող ու առանձնացվող ոճով է ներկայացնում Սիմորղին: Սոհրեվարդիի Սիմորղն աննշան չէ: Շեյխ Էշրաղի համոզմամբ ցանկացած հոպոպ տարբեր փուլեր անցկացնելուց և իր ուսուցումներին հետևելուց հետո կարող է հասնել Սիմորղի աստիճանի: Նրա համոզմամբ. «Եթե Հոպոպը գարնան եղանակին լքի իր բույնը, իր կտուցով փետրահան անի իրեն ու մեկնի Ղաֆ լեռը, եթե Ղաֆ լեռան ստվերը հազար տարի ընկնի նրա վրա, իսկ հազար տարին նրա համար կարող է մեկ լուսաբացի երկարությամբ լինել, կվերածվի Սիմորղի»:
Այս բաժնում Շեյխ Էշրաղի մտածողության ատաղձը կազմող գլխավոր կետն այն է, որ նա որևէ նախապայման նկատի չի ունենում Սիմորղի դիրքին հասնելու համար և ընդգծելով «Երբ Հոպոպը ցանկանա»-ն բոլոր բարեպաշտներին առաջնորդում է դեպի կատարելիության ճանապարհն ու ներկայացնում է դրա պայմանները: Թեև Սիմորղի աստիճանին հասնելը հեշտ չէ, սակայն Սոհրեվարդիի դիտանկյունից անհնարին էլ չէ:
---
Սոհրեվարդիի ստեղծագործությունները ուսումնասիրած որոշ քննադատներ համոզված են, որ նա այս աշխատության մեջ արտահայտում է այն ճանապարհը, որ իմաստնության աստիճանին հասնելու համար պարտավոր է անցնել Բարու ճանապարհին հետևողը: Սիմորղի պատմությունը սկսվում է ուղևորությամբ: Ուղևորություն դեպի ներաշխարհ: Այս պատմությունը պատմում են լույսին հետևողները: Սոհրեվարդիի նման նրանց հիմնական մտածողությունն էլ հիմնված է լույսի ու լուսավորության վրա: Սոհրեվարդիի համոզմամբ նրանց պարտականությունն ու նպատակն է ցույց տալ մարդկանց հոգու լուսավոր էությունը:
Այս ճանապարհորդության ուղևորը բույնը լքած և իր կտուցով իրեն փետրահան արած Հոպոպն է: Այս Հոպոպն այն բարեպաշտն է, որ այս ուղևորության համար պիտի ձերբազատված լինի բոլոր կապանքներից: Այդ պատճառով էլ նա լքում է իր բույնը, փետրահան է հանում ինքն իրեն ու ձերբազատվում է բոլոր կապանքներից:
Ուղևորության մեկնելու ժամանակը գարունն է: Ծաղկման ու փոփոխությունների եղանակը: Եղանակ, որ Սոհրեվարդիի վկայությամբ լույսին հետևողները ձերբազատվում են ձմռան խավարից ու հասնում են իմաստնության լուսավոր գարնանը: Նպատակակետը Ղաֆ լեռն է: Աշխարհի քարտեզի վրա նման տեղ գոյություն չունի: Ուղևորությունը տևում է հազար տարի, որը բարեպաշտների օրացույցի համաձայն հավասար է մի լուսաբացի տևողության: Այս ուղևորության արդյունքն ու նպատակը Սիմորղի վերածվելն է: Այս ուղևորության ավարտին բարեպաշտ մարդու հոգին ներկայացնող Հոպոպը նվաճում է Սիմորղի աստիճանը և օժտվում է բարձր հատկանիշերով: Շեյխ Էշրաղն այստեղ առանձնացնում է 20 հատկանիշեր:
Սիմորղի համար Սոհրեվարդիի կողմից մատնանշված հատկանիշերն անշուշտ համարվում են առաջնորդության ու մարգարեության աստիճանին հասած կատարյալ մարդու հատկանիշերը, որի կանչը զարթնեցնում է ննջողներին: Շեյխ Էշրաղը կատարյալ մարդու մասին տեսական քննարկումների նախաբանում սիմվոլիկ կերպով ներկայացրել է այդ աստիճանին հասնելու պայմանները և «Սիմորղի կանչը» աշխատության մեջ լիարժեքորեն գիտական մեթոդով պարզ լեզվով բացատրել է կատարելիության հասնելու գործնական փուլերը և այդպիսով իրար է կապել տեսությունն ու գործը: Սա համարվում է Սոհրեվարդիի ուսուցման մեթոդիկայի գլխավոր յուրահատկություններից մեկը: Շատ բանասերների համոզմամբ նա միայն թռիչքի մասին կարգախոս վանկարկելով չի բավարարվում: Նրա խոսքի մեջ կա մի գիտակցություն, որը վկայում է գործի մասին և «Սիմորղի կանչը» իրականության մեջ բարեպաշտների համար պատրաստված գործնական նախագիծ է հասնելու համար Բարուն: