Ապրիլ 07, 2021 10:46 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։

 

Սպահանի Նոր Ջուղայում Նոռուզի օրերին հայկական երաժշտության թանգարան է բացվել: Թանգարանը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան»:

Թանգարանի առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Նոր Ջուղայի հայկական երաժշտության, հայկական խազագրության, եկեղեցական երաժշտության, շարականների, Նոր Ջուղայի երաժշտական գործիքների պատմության, հայ երաժիշտների, աշուղների, հոգևոր երաժշտության զարգացման, աշուղական դպրոցի, լավագույն երաժշտական գործիքներ արտադրողների, և Նոր Ջուղայի ճարտարապետության ու երաժշտության միջև գոյություն ունեցող  կապին։

Թանգարանի երկրորդ հարկում տեղակայված են ձայնադարանը և երաժշտական գործիքների պատրաստման սենյակը: Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Իրանի և աշխարհի հայ երաժիշտներին:

 

Հայ-իրանական կինոհամագործակցության շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնում հանդիպում է կազմակերպվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն  են ձեռք բերել համատեղ մշակել 2022 թվականին հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության ծրագիրը և մարտին Երևանում, իսկ ապրիլին Իրանում կազմակերպել հայ-իրանական ֆիլմերի շաբաթ:

 

Քննարկվել է նաև Իրանում հայկական ֆիլմերի շաբաթի շրջանակում «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի կազմակերպումը Թեհրանի «Ժամանակակից արվեստների թանգարանում»: Կողմերը, արժևորելով այս ծրագրի կարևորությունը, պայմանավորվել են 2022-ի մարտին կայանալիք հայ-իրանական կինոբարեկամության շաբաթը դարձնել ամենամյա:

Նախատեսվում է նաև հայրենիքի պաշտպանության համար մղված թեմատիկայով «Դեֆայե Մողադաս» խորագրով հայ-իրանական ֆիլմերի շաբաթ կազմակերպել սեպտեմբերին, իսկ իրանահայ ռեժիսոր, սցենարիստ, Իրանի կինոյի հիմնադիր Հովհաննես Օհանյանի 125-ամյակի առթիվ Երևանում համատեղ մշակութագիտական միջոցառում կանցկացվի:

Հանդիպմանն արժևորվել է համատեղ ֆիլմարտադրությանը զարկ տալու և միջփառատոնային համագործակցության զարգացմանը նպաստելու կարևորությունը: Ըստ կողմերի՝ թվարկված բոլոր ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հիմնել հայ-իրանական կինոհիմնադրամ:

Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են թվարկված բոլոր ծրագրերը ներառող համատեղ աշխատանքային քարտեզ կազմել:

Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային հանդիպումը բավականին արդյունավետ են համարել, վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կիրականացվի արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մշակութային բարեկամության։

Image Caption

 

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում, ղարաբաղյան առաջին պատերազմից մի քանի տարի անց։ Ֆիլմը այն մասին է, թե ինչպես է պատերազմը երկարաժամկետ առումով ազդում մարդկային ճակատագրերի վրա՝ պատճառելով ցավ և տառապանք:

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը:

 

Ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քայլերը: Միջոցառման ընթացքում կխոսվի նաև հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված համագործակցության մասին»,- նշեց Դումանյանը:

2021 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2020-2021 թթ.-ի օրացույցում ներառված ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը:

 

Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մարտի 22-ին երջանկահիշատակ Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակում  անցկացվել է գրական միջոցառում, որի շրջանակում հայերեն և օտար լեզուներով բանաստեղծություններ են ընթերցել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ստեղծագործողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պոեզիա կարելի է կարդալ և՛ տանը, և՛ դրսում, անգամ անձրևին և կայծակին, քանի որ պոեզիան այդ ամենն ապերցնում է: «Ցանկանում եմ, որ մեր ընթերցողներն ավելի շատ լինեն: Մեր երկրում, քաղաքում միշտ տիրել է պոեզիան. ընթերցել են, տարածել: Հայ ժողովուրդը դարեր ի վեր թարգմանել է տարբեր երկրների հեղինակների լավագույն ստեղծագործությունները և ներկայացնել հայ ընթերցողներին»,-շեշտել է նա:

Միլիտոնյանը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի հետ տարբեր գրական, գեղարվեստական միջոցառումներ են կազմակերպում, և լավագույններից է Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված նախաձեռնությունը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի խոսքով՝ պոեզիան պատմություն պատմելու լավագույն ժանրերից է: «Մենք բազմաթիվ պատմություններ հենց հանգավոր ենք ընդունել, ժառանգություն ստացել՝ «Գիլգամեշ»-ից սկսած, «Իլիական»-ով, «Ոդիսական»-ով ավարտված: Նմանատիպ միջոցառումներով փաստում ենք, որ պոեզիան լեզու է, որով տարբեր ազգերն ու մշակույթները հաղորդակցվում են: Այն վստահաբար սիրո լեզու է»,-շեշտել է նա:

Երգիչ, երգահան, բանաստեղծ Վախթանգ Հարությունյանն էլ նշել է, որ բանաստեղծությունը երկնքից կախված մարգարեություն է, որը ծանր իջնում է շատերի շուրթերից: «Այն, բեռ դառնալով, շատերի համար հետագայում ուղենիշ է դառնում: Հուսով եմ, որ ցայսօր գրվող շատ-շատ բառեր լուսավոր կլինեն, թե՛ մարգարեությամբ, թե՛ այն ամենով, ինչը պետք է ապրեցնի բոլորիս»,-ընդգծել է նա՝ կատարելով «Փոքրիկ հերոս»  երգը:

Միջոցառմանն ասմունքել են բանաստեղծ Շանթ Մկրտչյանը և այլք: Օտար լեզուներով տարբեր ստեղծագործություններ են ընթերցել բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, վրացական մշակույթի դեսպան, բանաստեղծ, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա Հ/Կ-ի նախագահ Աննա Հարությունյանը և այլք:

Միջոցառումն ավարտվել է դասական երաժշտական ստեղծագործությունների կատարումներով:

Նախաձեռնությունն իրականացրել են Կենտրոն վարչական շրջանը և Հայաստանի գրողների միությունը:

 

 

Հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների շրջանակում 2021 թվականին իրականացվելու են ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված նեգատիվ կադրերի թվայնացման և վերականգնման ընթացիկ աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Բացի այդ ամենից, հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանցկացվեն բացառիկ նմուշների ցուցադրություններ միջազգային հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը և «Լինկոլն» արվեստի կենտրոնը, Բրիտանիայի «Կինոկլասիկա» հիմնադրամը, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահը և այլն»,- ընդգծեց Դումանյանը:

 

 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեկ համերգային երեկոյի շրջանակում կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ստեփան Շաքարյանի, Տաթև Ամիրյանի, Էդուարդ Հայրապետյանի, Լորիս Ճգնավորյանի, Միխայիլ Կոկժաևի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա ապրիլի 14-ին Կամերային երաժշտության տանը:

Համերգի մենակատարներն են դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Նարինե Ենգիբարյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը:  Դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը:

 

Լուվրն իր կայքում տեղադրել է թանգարանային հավաքածուից ավելի քան 480 հազար ցուցանմուշի պատկերներ:

«Այսօր Լուվրը մաքրում է իր գանձերի վրայի փոշին: Առաջին անգամ յուրաքանչյուրը կկարողանա իր համակարգչից կամ սմարթֆոնից անվճար մուտք ունենալ ամբողջ հավաքածու՝ անկախ նրանից ցուցանմուշը ցուցադրվում է թանգարանում, տեղափոխվել է ժամանակավոր օգտագործման կամ պահոցներում է»,- ասել է Լուվրի նախագահ-տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը:

artguide.com-ը գրում է, որ ցուցանմուշները կայքում ներկայացված են բաժիններով՝ գեղանկարչություն, քանդակ, կահույք, գործվածքներ և այլն: Կայքն այժմ հասանելի է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, իսկ իսպաներենը և չինարենը կավելացվեն ավելի ուշ:

Կայքը հասանելի է պլանշետներում և համակարգիչներում, բայց հիմնականում նախատեսված է սմարթֆոնների համար: Տվյալների բազան թարմացվում է ամեն օր, այն վարում են Լուվրի և Էժեն Դելակրուայի ազգային թանգարանի ութ բաժիններից յուրաքանչյուրի համադրողներն ու փորձագետները:

Գլխավոր էջում կա նաև ինտերակտիվ քարտեզ, որը այցելուներին հնարավորություն է տալիս «շրջել» թանգարանով և ուսումնասիրել սրահները:

 

Բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի հեղինակած աշխարհի ամենամեծ կտավը՝ «Մարդկության ճանապարհորդությունը» (The Journey of Humanity), Դուբայի աճուրդում վաճառվել է ավելի քան 62 միլիոն դոլարով:

Նշվում է, որ նկարիչը 7 ամիս շարունակ Դուբայի Ատլանտիս հյուրանոցում աշխատել է երկու ֆուտբոլային խաղադաշտի տարածքի մեծությամբ կտավի ստեղծման վրա: Սկզբնապես ենթադրվում էր, որ կտավը կբաժանվի 70 մասի և տարբեր երկրներում վեց աճուրդներում կվաճառվի մոտ 30 միլիոն դոլարով: Սակայն այն վաճառվել է մեկ օրում և ամբողջովին:

Ջաֆրին խոստացել է, որ կտավի վաճառքից ստացված հասույթը կտրամադրի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին և այլ բարեգործական ծրագրերին, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ:

«Հուսով ենք, որ կփրկենք 200 միլիոն երեխաների կյանք և հնարավորություն կտանք նրանց փոխել աշխարհը ... Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա կրթություն ստանալ համացանցի միջոցով: Մեր նպատակն է համացանցը հասանելի դարձնել այն երեխաների համար, որոնք ապրում են ամենաաղքատ երկրներում»,- ասել է նկարիչը:

Մինչ վաճառքի պահը կտավը 1 ամիս շարունակ ցուցադրվում էր հյուրանոցում: Նկարն աճուրդում գնել է կրիպտոարժույթի ընկերության ղեկավար Անդրե Աբդուն: