Գեղարվեստական հաղորդում (263)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Նավասարդից մինչև Նովրուզ» խորագրով գիտաժողով։
Գիտաժողովին ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հայ և իրանցի մտավորականներ ու ուսանողներ։
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հյուրերին մասնակցության համար և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է հայ-իրանական մշակութային սերտ կապերին, որոնք իրենց արտացոլումն են գտնում նաև տոնացույցում, Նավասարդից մինչև Նովրուզ ընկած փոխառնչություններում։
«Ըստ էության հայերս և Հին Հայաստանը պահպանել ենք հին իրանական տոնացույցի կարևորագույն մի տարրը, որն այնտեղ մոռացության է մատնվել կամ վերաձևակերպվել է Նովրուզի տեսքով։ Ըստ այդմ՝ Հայաստանը շատ պարագաներում իրանական մշակույթի համար ունի թանգարանի նշանակություն»,- ասաց Վ. Ոսկանյանը։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և ներկայության համար շնորհակալություն հայտնեց նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը. «Առաջին հերթին ուզում եմ ողջունել այս ուշագրավ միջոցառումը, որն Իրանագիտության ամբիոնի հերթական գիտական ձեռնարկումն է»։
Նա նշեց, որ չնայած համաճարակային բարդ պայմաններին՝ Իրանագիտության ամբիոնը շարունակում է իր գիտական և կրթական երթը, ապա շնորհակալություն հայտնեց ամբիոնի վարիչին գիտական նշաձողը բարձր պահելու համար։
«Իրանագիտության ամբիոնը և ԵՊՀ-ն ՀՀ-ի ամենակարևոր ու գիտական բոլոր չափորոշիչներին համապատասխանող արևելագիտական օջախներն են»,- հավելեց Ռ․ Մելքոնյանը։
«Նավասարդից մինչև Նովրուզ» խորագրով գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Զոհուրին։ Նա շնորհավորեց անցած տոները և շնորհակալություն հայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար։
«Տոները լավ առիթ են միմյանց ողջունելու, շնորհավորելու և մշակութային ավանդույթներով կիսվելու համար»,- ասաց դեսպանը։
Ողջույնի խոսքերից հետո 12 զեկուցողներ հանդես եկան Նովրուզի և Նավասարդի մասին ելույթներով՝ ներկայացնելով Նավասարդը հայկական իրականության մեջ ու Նովրուզը՝ որպես իրանական ինքնության բաղադրիչների մի հատվածի կերտող։

Կին հեղինակներին հանրահռչակելու, նրանց ստեղծագործություններին հանրության լայն շրջանակին ծանոթացնելու նպատակով Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին, Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Գտի՛ր քո հայ կին-հեղինակին» խորագրով գրական ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են տասը հայ կին հեղինակի գրքեր, որոնք ընթերցելով հնարավոր կլինի հասկանալ նրանց էությունն ու բացահայտել անհատականությունը:
Ցուցադրության համակազմակերպիչ «Հայուհիների համահայկական միություն» Հ/Կ-ի նախագահ Շողանե Մելքոնյանի խոսքով՝ ընտրություն անելիս տարածքային կամ ժամանակային սահմանափակում չի եղել: «Ներկայացրել ենք տասը հեղինակի, որոնք ապրել և ապրում են տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, բայց պահել ու պահում են հայկականությունը, կանացիությունն ու հայ կնոջը բնորոշ հատկանիշները»,-ասաց նա:
Ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ Արգենտինայում ապրող Ալիսիա Կիրակոսյանի, իրանահայ գրականության ներկայացուցիչ Զոյա Փիրզադի, Սոնա Վանի, Էլդա Գրինի, որին շատերը ճանաչում են որպես հոգեվերլուծաբանի, այնինչ նա նաև փայլուն գրող է, Զապել Եսայանի, Հեղինե Մելիք-Հայկազյանի, Մարի Բեյլերյանի, որը զոհվել է 1915 թվականին, Վիկտորիա Աղանուրի, Սիլվա Կապուտիկյանի, Մետքասեի գրականությանը:
Շողանե Մելքոնյանն ընդգծեց, որ հեղինակներին ընտրելիս համագործակցել են ոլորտի մասնագետների հետ, որոնց աջակցությամբ ամբողջ տարվա ընթացքում փորձելու են նոր ուղերձներով ներկայացնել հայ կին հեղինակներին:
Ցուցահանդեսն իրականացնում են Հայաստանի ազգային գրադարանը և «Հայուհիների համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ երաժշտասերներին ներկայացրեց հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ ապրիլի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Որպես մենակատարներ հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։
Երեկոյին տեղի ունեցավ Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal («Հավերժականի ծնունդը») Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։
Հնչեցին նաև Էդուարդ Հայրապետյանի «Պոստլյուդ», Լորիս Ճգնավորյանի Սերենադ 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինո բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի «На волнах блюза» («Բլյուզի ալիքների վրա») ստեղծագործությունները։
Կամերային նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հնարավորություն ընձեռելով ունկնդրին ծանոթանալու ժամանակակից ստեղծագործողներին ու նրանց արվեստին, ինչպես նաև հանդիսանալով նոր գործերի կատարման ու առաջմղման խթան:

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին «Լույս հավիտենական» խորագրով համերգային ծրագրի շրջանակում իր մեկնությամբ կներկայացնի «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ», «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Ինձ համար Մաշտոցն ու Կոմիտասը հայկական ինքնության բանաձևողներից են:
Հինգերորդ դարում գրված մեսրոպյան շարականն ու կոմիտասյան բանաստեղծական խոսքն այդ ինքնության ստեղծագործական դրսևորումներն են»,- նշում է Արծրունին:
Համերգին կմասնակցեն երգչուհի Աննա Մայիլյանը, ազգային փողային նվագարանների կատարող Նորայր Քարտաշյանը, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, «Սաղմոսերգու» և «Շողակաթ» երգչախմբերը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):

Բուլղարական Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Նախագիծն իրականություն կդառնա «Ազնավուր» հիմնադրամի և ՀԲԸՄ Վառնայի համագործակցության արդյունքում։ Հուշագիրն արդեն ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի:
Հիշեցնենք, որ ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նա 94 տարեկան էր:

Գրականության դասական Նիկոլայ Գոգոլը ուկրաինացի գրող է, չնայած «ռուսական քարոզչությունը» նրան «բռնի կերպով ներառել են ռուսների մեջ»: Նման կարծիք իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն:
«Նույնիսկ Ուկրաինայում նրա գործերը երբեմն ցուցադրվում են «Զարուբեժկա» ծրագրում: Պոլտավայի շրջանում ծնված ուկրաինացի Գոգոլին բռնի կերպով ներառել են ռուսների մեջ: Եվ միայն այն պատճառով, որ նա գրել է ռուսերեն»,-հայտարարել է նախարարը:
Տկաչենկոյի խոսքերով՝ Գոգոլը ազգությամբ ուկրաինացի էր, չնայած այն բանին, որ իր կյանքի մեծ մասն ապրել է Սանկտ Պետերբուրգում:

Ֆրանսիական հեռուստատեսությունում տեղի է ունեցել Անտուան Վիտկինի «Փրկիչ վաճառքի համար» վավերագրական ֆիլմի պրեմիերան: artguide.com-ի հաղորդմամբ, այն բացահայտում է ճշմարտությունն այն մասին, թե ինչու Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» կտավը, որը 2017 թվականին վաճառվել էր ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով, չի ցուցադրվել 2019 թ. Լուվրում բացված Լեոնարդո դա Վինչիի լավագույն աշխատանքների ցուցահանդեսում:
Ըստ ֆիլմի հեղինակների, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Լուվրը հրաժարվել է կատարել Սաուդյան Արաբիայի պահանջները և ցուցադրել նկարը որպես Լեոնարդոյի բնօրինակ ստեղծագործություն:
Ֆիլմի հեղինակները պնդում են, որ թանգարանը կատարել է իր սեփական գիտական վերլուծությունը և եկել է այն եզրակացության, որ Լեոնարդոն նկարի հեղինակներից մեկն է միայն: Լուվրն իր բացահայտման մասին տեղեկացրել է նկարի տիրոջը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանին, բայց նա շարունակել է պնդել, որ «Աշխարհի փրկիչը» կտավը ցուցադրվի «Մոնա Լիզայի» կողքին, քանի որ 100 տոկոսանոց Լեոնարդո դա Վինչիի աշխատանքն է:
Հուսալով, որ դեռ կարող էր պայմանավորվածություն ձեռք բերվել, թանգարանը պատրաստել էր ցուցահանդեսի կատալոգի երկու տարբերակ` «Աշխարհի Փրկչը» կտավով և առանց դրա: Վերջին որոշումը կայացրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով որոշել էր չհամաձայնել արքայազնի պահանջների հետ, ուստի նկարը այդպես էլ չի ներկայացվել ցուցահանդեսում: Լուվրը և Աբու Դաբիի Լուվրը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարությունը, դեռ չեն մեկնաբանել ֆիլմում ներկայացված տեղեկությունները:

Սեուլում ցուցահանդեսի ժամանակ այցելուները վնասել են ամերիկացի նկարիչ JonOne-ի «Անանուն» գրաֆիտին, որի արժեքը գնահատվում է 440 հազար դոլար:
Զույգին շփոթեցրել էին ներկերն ու վրձինները, որոնք թողել էին կտավի հարեւանությամբ: Իսկ այդ արվեստի գործն ամբողջ ցուցահանդեսում միակն էր, որը ներկայացված էր առանց շրջանակի մեծ չափսերի պատճառով: Ենթադրելով, որ դրա վրա կարելի է նկարել, երիտասարդներն ավելացրել են մի քանի մուգ կանաչ երանգ եւ հեռացել:
Թանգարանի աշխատակիցները նկատել են փոփոխությունները նկարի վրա եւ տեսախցիկներով պարզել այցելուներին ու կանչել ոստիկանություն: Ավելի ուշ երիտասարդներին ազատել են. նրանց պատիժ չի սպառնում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի ներկայացուցիչ Կան Ուքը պատմել է, որ վրձիններն ու ներկերը թողել էին կտավի մոտ, որպեսզի դրան հաղորդեին նկարչի աշխատանքային գործընթացը: Դա ինքնատիպ ավանդույթ է. 2016 թվականին JonOne-ն ավարտել էր իր նկարը գրաֆիտիի ցուցահանդեսի ժամանակ այցելուների աչքի առաջ Սեուլի Արվեստի կենտրոնում, իսկ երբ կտավն արդեն պատրաստ էր, օգտագործված նյութերը նույնպես համարվել էին ցուցադրության մաս, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: