Գեղարվեստական հաղորդում (264)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստեղծագործությունը կներկայացնեն հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիյա Գալստյան):
Կհնչեն նաև Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Վահրամ Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Դեյվիդ Մքինթայրի գործերը:
«Ստաբատ Մատերի» հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ են երաժշտություն գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի երաժշտությունն է: Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թվականին, մահից առաջ:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ապրիլի 23-ի ժամը 24։00-ին նույնպես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:
Ծրագրին մասնակցում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):
Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը: Դիրիժորն է Ալեքսանդր Իրադյանը:
Նախագիծն իրականացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
Հայ գրականության ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքի շնորհանդեսով, որը տեղի ունեցավ ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում, «Էդիթ պրինտ» հրատարակչություն ազդարարեց «Ինքնություն» մատենաշարի սկիզբը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մատենաշարի շրջանակում ներկայացվելու են հայ պատմիչների՝ հայի ինքնության ճանաչման համար հիմնաքարային ու դարերի ընթացքում իրենց նշանակությունը չկորցրած աշխատությունները։
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» հինգերորդ դարի մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում լայն ճանաչում է ունեցել։
Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
2021 թվականի հուլիսի 25-30-ն անցկացվելու է 4-րդ Երևանյան կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակումը:
Փառատոնը բաղկացած է լինելու միջազգային և ազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 12 անվանակարգում:
Ազգային մրցութային բաժնում արդեն ընդունվում են նաև վավերագրական ֆիլմեր, որոնց տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:
Փառատոնն իրականացվում է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:
Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունել է ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքը:
Խորհրդային Հայաստանի կառավարության 1923թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան»՝ առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուսը»։
Հայաստանի ազգային կինոնկենտրոնի հաղորդմամբ, Հայ կինոյի օրը բոլոր կինոթատրոնները ցուցադրել են հայկական հին ու նոր բազմաժանար ֆիլմեր՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։
Հայաստանի ազգային կինոնկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ։
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնը ցուցադրել է միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես կարճամետարաժներ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են։
Ապրիլի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում հարյուրավոր հանդիսատեսների ներկայությամբ տեի ունեցավ «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան:
Ցուցադրությունից առաջ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը խոստովանեց՝ պատրաստ է ամեն տեսակ արձագանքի՝ նույնիսկ «սվիններով» քննադատության. «Սա իմ զգացածն է, իմ հասկացածն է, իմ վերլուծածն է, իմ ստեղծած, իմ գրած և իմ նկարահանած ֆիլմն է»:
Դերասաններն ընդգծեցին, որ այս ֆիլմում շատ մարդիկ իրենք իրենց կգտնեն, ոմանք չեն ցանկանա նույնիսկ իրենց տեսնել, կխուսափեն, այդուհանդերձ, «Իշխանություն»-ը նաև սիրո ու դավաճանության, բայց նաև անձնազոհության, հույսի ու հավատի մասին է:
«Իշխանություն» ֆիլմում խտացել են Հայաստանի վերջին 3 տարվա ամենաթեժ իրադարձությունները, որոնց փոխկապակցել է երիտասարդ աղջկա սիրո պատմությունը բոլոր դրսևորումներով՝ սիրած աշխատանք, սիրելի տղամարդ, սիրելի ընտանիք, սեր ու սկզբունքայնություն սեփական անձի հանդեպ:
Համաշխարհային World Press Photo լուսանկարչական մրցույթի «Գլխավոր լուրեր/ պատմություններ» (General News/Stories) անվանակարգում 2021 թվականին հաղթող է ճանաչվել «ՌԻԱ Նովոստի» գործակալության հատուկ թղթակից Վալերի Մելնիկովի շարքը՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմին:
Ինչպես ներկայացնում է գործակալությունը, «Կորսված դրախտ» (Paradise Lost) խորագրով ֆոտոշարքը, որը Մելնիկովը պատկերել է 2020 թվականի նոյեմբերին, առաջին տեղն է գրավել հեղինակավոր ֆոտոմրցույթում:
Հաղթողներին հայտարարել է մրցույթի կայքը: Հաղթողներ են հայտարարվել ևս 8 անվանակարգում:
Նշվում է, որ «Տարվա լավագույն լուսանկար» է ճանաչվել Բրազիլիայում համավակին նվիրված կադրը, որի հեղինակն է դանիացի Մադսոմ Նիսեմը: Լուսանկարում, որը ստացել է «Առաջին գրկախառնություն» անվանումը, պատկերված են Սան Պաուլոյի ծերանոցի 85-ամյա բնակիչ Ռոզան և նրան գրկող բուժքույրը:
World Press Photo խոշորագույն և ամենահեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխությունն է, որը հաճախ անվանում են լուսանկարչության ոլորտի «Օսկար»: Այս տարվա մրցույթին ներկայացվել է 74 470 լուսանկար՝ 4315 լուսանկարչից և 130 երկրից:
Երաժշտության պրոֆեսոր Թիմոթի Ջոնսը ավարտին է հասցրել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անավարտ աշխատանքները, գրում է CBC-ն:
Նշվում է՝ հայտնի կոմպոզիտորի աշխատանքներն ավարտին հասցնելու գաղափարը պրոֆեսորի մոտ առաջացել է Մոցարտի երաժշտական ոճի մասին գիրք գրելու ընթացքում: Արդյունքում, պրոֆեսորը թողարկել է ալբոմ, որն ընդրկում է յոթ լրացված ստեղծագործություն:
Պրոֆեսորն ալբոմի վրա աշխատել է ավելի քան 10 տարի: Այնուամենայնիվ, Ջոնսը խոստովանել է, որ իր արածը «մի փոքր հանդուգն» քայլ է:
«Ես չեմ փորձում «կեղծ Մոցարտ» գրել, առավել ևս չեմ փորձում պատվանդանի վրա ինձ նրա կողքին դնել», - շեշտել է նա:
Այժմ տղամարդը նախատեսում է ավարտել գիրքը, որը ստիպված է եղել մի կողմ դնել ալբոմի վրա աշխատելու համար:
2011-ին գողացված հին հռոմեական արձանը հայտնաբերվել է Բրյուսելի հնաոճ իրերի խանութներից մեկում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի մշակութային ժառանգության պահպանման վարչությանը:
Քանդակը, որը թվագրվում է մեր թվարկության 1-ին դարին, անհետացել էր 2011 թվականին՝ հռոմեական վիլլաներից մեկի այգուց:
Դրա արժեքը գնահատվում է 100 000 եվրո:
Երկու սպաներ Բելգիա գործուղման ժամանակ են գտել արձանը, որը պատկերում է տոգայով (հին հռոմեական հագուստ) մարդու: Բրյուսելում նրանք հայտնվել են մեկ այլ միջազգային գործով:
Աշխատանքից մեկ օր անց, հետաքրքրությունից դրդված, նրանք որոշել են զբոսնել Սաբլոն թաղամասով, որը հայտնի է իր հնաոճ իրերի և արվեստի գործերի խանութներով: Դրանցից մեկում նրանք տեսել են անգլուխ արձանը, որը, նրանց ենթադրությամբ, իտալական ծագում ուներ:
Հետաքննություն է սկսել, որը բացահայտել է արվեստային մաքսանենգության կազմակերպչին, այդ մարդը իսպանական կեղծանուն օգտագործող իտալացի է եղել:
Սիրիական Պալմիրայում կվերականգնվի զինյալների կողմից ոչնչացված Հաղթական կամարը: Հաղթական կամարի վերականգնման աշխատանքները կսկսվեն 2022 թվականին: Այս մասին հայտարարել է Պալմիրայի վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Սերգեյ Տիտլինովը:
Նոյեմբերին Սիրիայի հնությունների և թանգարանների վարչությունը և ռուսական «Քարի կենտրոնը» հուշագիր են ստորագրել Պալմիրայում Հաղթական կամարի վերականգնման վերաբերյալ: Հուշագրում նկարագրվում է վերականգնման ծրագիրը: Այն իր մեջ ներառում է երեք փուլ. ներկայիս իրավիճակի փաստաթղթավորում գիտական մեթոդաբանությանը համապատասխան, բեկորների ուսումնասիրություն՝ վնասի վիրտուալ գծագրեր ստանալու համար, վերականգնում:
Աշխատանքի առաջին փուլը սկսվել է 2021 թվականի ապրիլին: Ըստ Տիտլինովի, վերականգնման աշխատանքները կսկսվեն հնագիտական ու վերականգնողական հետազոտություններ կատարելուց հետո: