Մայիս 05, 2021 06:05 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։


ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում», «Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում», «Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը» արժեքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունց:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի 599-Ա որոշմամբ:

ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ, նշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով:

 

Հայ կոմպոզիտորների շուրջ 10 ստեղծագործություն երեք համերգի ընթացքում կհնչի Երևանում մայիսի 4-22-ը կայանալիք Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են 20-րդ դարի և մեր ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը և մեր ժամանակակիցներ Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները: Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ այս փառատոնի գլխավոր նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, տարածել, հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներառելով նաև ժամանակակիցներին:

«Փառատոնի կարևոր խնդիրներից մեկն էլ նոտաների թվայնացումն է, այն նոտաների, որոնք գտնվում են վատ վիճակում, մաշված են: Թվայնացում ասելով՝ նկատի ունենք ոչ թե պարզապես սկանավորում, այլ բոլոր սիմվոլների մուտքագրումը համակարգաչային ծրագրեր: Համագործակցելով երաժշտագետների հետ՝ ունենում ենք ճիշտ նոտաներ, որոնք հնարավոր է դառնում տարածել՝ տրամադրելով այլ երկրների նվագախմբերին, դիրիժորներին, մենակատարներին»,- ասաց Սարգիս Բալբաբյանը: Նրա խոսքով՝ նախորդ 12 տարիների ընթացքում կարողացել են թվայնացնել հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ: Չնայած արված աշխատանքին, ըստ նրա, դեռ շատ անելիք կա, քանի որ ունենք կոմպոզիտորական շատ մեծ ժառանգություն: Շատ ստեղծագործություններ, որոնք իսկապես գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, դեռ մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի այդ բոլոր նոտաները ձեռագրից հասցվեն թվային մակարդակի:

Դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը ղեկավարելու է առաջին համերգը, որի ժամանակ հնչելու են Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:

«Փառատոնը մեծ ու կարևոր դերակատարում ունի երիտասարդ կոմպոզիտորներին տեղ տալու տեսանկյունից: Մենք շատ անելիք ունենք այդ ուղղությամբ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Նույնիսկ շատ հայտնի ստեղծագործություններ ունկնդիրը չի ճանաչում սերնդափոխության հետևանքով: Փառատոնն այս առումով մեծագույն դեր է կատարում»,-ասաց  Վահագն Պապյանը: Ինչ վերաբերում է հայկական երաժշտության ճանաչելիությանն աշխարհում, ապա Վահագն Պապյանը նշեց, որ այդ հարցում բավարարված չէ: Նրա խոսքով, այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքը ճիշտ կլիներ ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրվեր ու լիներ հետևողական: Նա նշեց, որ մի քանի անգամ առիթ ունեցել է հայկական երաժշտության համերգներ կազմակերպել Իսրայելում:

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

 

Ֆրանսիական երաժշտության երեկոյին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Ֆրանսիացի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացվելու են Դեբյուսիի, Ռավելի, Պուլենկի գործերը:

Համերգին ելույթ կունենան ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, հոբոյահար Հարություն Շախկյանը, կլարնետահար Արսեն Գրիգորյանը, ֆագոտահար Անդրանիկ Քոչարյանը, դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը, գալարափող կնվագի Արշավիր Իսահակյանը:

Կլոդ Դեբյուսիի «Սիրինքս» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Գաբրիել Մորուայի «Փսիխեա» պոեմից հատվածի ընթերցանությամբ՝ դերասանուհի Անի Խաչիկյանի մեկնաբանությամբ:

 

 

Գյումրիի Ռուսական տան և «Ստիլ» պատկերասրահի նախաձեռնությամբ ապրիլի 28 –ին մեկնարկեց խորհրդային տարիների բնօրինակ կինոազդագրերի ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նեկայացված է հիմնականում հիսունից-վաթսունական թվականներին ստեղծված 50 պաստառ: «Ստիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանը նշել է, որ  կինոազդագրեր հավաքելու նախաձեռնությունն առաջացել է Լոնդոնում թանգարաններից մեկում ռուսական պաստառների ցուցադրությանը ծանոթանալուց հետո, որն էլ հետագայում դարձավ նմանատիպ ցուցադրության կազմակերպման գաղափար: «Նույնիսկ կինոաֆիշաններն են խոսում այդ տարիների  դժվարությունների, հայրենասիրության ու հաղթանակի մասին ու որպես խորհրդանիշ այդ տարիներից, վերջին պաստառը, որ մենք ամրացրեցինք պատին, «Նյուրնբերգյան դատավարությունն էր», պատերազմի մասին ֆիլմի, իսկ ամենահին կինոազդագիրը, որքան հիշում եմ 1957 թվականի արտադրության է»,-պատմում է Արտուշ Մկրտչյանը՝  նշելով  հավաքածուն ավելի մեծ է, ունի ավելի քան 700 կինոպաստառ:

Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի համար պատերազմական տարիների կյանքը ներկայացնող ֆիլմերը շատ են՝«Մարտի են գնում միայն ծերունիները», «Բալլադ զինվորի մասին» և այլն, հյուպատոսը առանձացնել մեկը դժվարանում է, բայց վստահ  է՝ այդ տարիների ֆիլմերը հաջողված էին, քանի որ հենց դերասանների ծնողները, ավագ եղբայրները կամ էլ հենց իրենք Հայրենականի մասնակիցներ էին:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 10-ը ներառյալ։ 

 

«Սահակյանց» անիմացիոն ստուդիայի «Օլիմպիկոս» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը մայիսի 27-ից կցուցադրվի կինոթատրոններում։ Այս մասին նշված է Sharm Pictures-ի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ  ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշել էր, որ 2020-ին ավարտել են ֆիլմի աշխատանքները, սակայն համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով ֆիլմի պրեմիերան ուշանում էր։

Անիմացիոն ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել էին դեռ 2015 թվականին:

«Մենք ստիպված եղանք մեկ տարի ավելի ժամանակ ծախսել ֆիլմի ստեղծման վրա, քանի որ նոր իշխանությունները զրկել էին մեզ ֆինանսավորումից, ստիպված էինք տարբեր տեղերից գտնել որևէ ֆինանսավորում ֆիլմն ավարտելու համար: «Շարմ հոլդինգը» միացավ այդ պրոցեսին, «Լույս» հիմնադրամի շնորհիվ ֆիլմն ավարտեցինք»,- նշել էր  Դ.Սահակյանցը:

Օլիմպիական թանգարանում  (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:

 

Պրոդյուսեր և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և սցենարիստ Պոլ Շրյոդերը նախատեսում են սերիալ նկարահանել քրիստոնեության ծագման մասին: Նախագիծը կստեղծվի Netflix-ի համար։

Ըստ Շրյոդերի, նախագիծն արդեն ունի աշխատանքային վերնագիր՝ «Առաքյալներ և Ապոկրիֆներ»։ Ներկայումս արդեն պայմանավորվածություն կա սերիալի երեք սեզոնների վերաբերյալ:

Շարքի հեղինակները բացատրել են, որ նախագիծը հիմնված է լինելու Ապոկրիֆների՝ վաղ քրիստոնեական գրականության այն ստեղծագործությունների վրա, որոնք ընդգրկված չեն Սուրբ Գրքի  կանոններում։

«Մարդիկ կարծես գիտեն Նոր Կտակարանը, բայց ոչ ոք չգիտի Ապոկրիֆներրը։ Եվ առաջին դարում Նոր Կտակարան չկար, կային միայն այս պատմությունները: Դրանցից որոշները ճիշտ էին, որոշները՝ ոչ, որոշներն էլ կեղծ էին»,- ասել են նախագծի հեղինակները:

Շրյոդերն ու Սկորսեզեն հայտնի են «Տաքսիստ», «Կատաղի ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» համատեղ աշխատանքով: