Մայիս 17, 2021 01:47 Asia/Yerevan

Հարգարժան ունկնդիրներ հաղորդաշարի այս թողարկման ընթացքում խոսելու ենք անինքնավստահության և դրա պատճառների մասին։Կներկայացնենք Հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս թեմայի վերաբերյալ։ Ընկերակցեք մեզ։ Խոսափողի մոտ Շողիկ Քեշիշյանն է։  

Թեև մենք փոքրուց հաղորդակցվում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ, սակայն շատ մարդկանց համար գլխավոր խնդիրների աղբյուրը հենց ուրիշների հետ շփումն է: Օրինակ, որոշ մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում պաշտպանել սեփական շահերը, անգամ եթե իրենք լիակատար իրավացի են: Մյուսները չեն կարողանում իրենց մտքերն ու զգացմունքներն այնպես արտահայտել, որ մտերիմները  ճիշտ հասկանան իրենց: Ոմանք ընդհանրապես չեն կարողանում հաղորդակցվել այն մարդու հետ, ում հետ կկամենային ծանոթանալ և հարաբերություններ հաստատել: Կարծես ինչ-որ բան հետ է պահում նրանց՝ թույլ չտալով դիմացինին ընդառաջ քայլ անել:

Որոշները չափազանց նրբանկատ են, վախենում են հակառակվել կամ նեղացնել, ասել “ոչ” ի պատասխան ինչ-որ մեկի խնդրանքին կամ պահանջին: Արդյունքում, նրանք հայտնվում են այսպես ասած «բեռնակիր մարդու» դերում, ում վրա բոլորը «ջրով կուժեր են բեռնում»:

Շատերը չափազանց համեստ են, շատ են վախենում «գնահատող հայացքներից» :

Շփման մեջ հաճախակի անհաջողությունների պատճառով կուտակվում են բացասական հուզական լիցքեր` վրդովմունք, դառնություն, վախ, հուսահատություն: Չլուծված խնդիրներն ու կոնֆլիկտները նստվածք են տալիս անգիտակցականում, առաջացնում են ճնշվածության վիճակ և ստեղծում են կյանքի մշտական բացասական երանգավորում:

Շփման խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ժամանակի ընթացքում չարանալ, պարփակվել, դառնալ «մարդ կաղապարի մեջ» և նեղանալ ամբողջ աշխարհից և մարդկությունից:

Մարդկանց մեծամասնությունը, իրականում, ունի շփման այս կամ այն խնդիրը: Մեկը վախենում է ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, մյուսը չի կարողանում բարիդրացիական հարաբերություններ հաստատել շրջապատի հետ, երրորդը` վախ ունի հանրության առջև ելույթ ունենալուց, և այսպես շարունակ:

Հարցն այն է, թե որքանով են այդ վախերը կամ շփման անհաջողությունները խանգարում Ձեզ՝ ապրելու լիարժեք, ներդաշնակ կյանքով: Եթե խանգարում է, ուրեմն հենց այսօրվանից կարող եք քայլեր անել ազատվելու համար այդ խոչընդոտից:

----

Ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ: Մարդն անընդհատ ստիպված է այդ ընդունված կերպարներին նմանվել. ոմանք՝ գիտակցաբար, ոմանք էլ՝ ենթագիտակցաբար, որպեսզի հասարակության մեջ ընդգրկված և ընդունված լինեն:

Նմանակելիս մարդն ինքնաբերաբար սկսում է համեմատվել, իսկ համեմատությունը երկու գիտակցման է մատնանշում, կամ կերպարի նման լավն եմ, կամ նրանից վատը: Այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում կերպարի չափանիշներին, աստիճանաբար սկսում են իրենց մեջ թերություններ փնտրել՝ դառնալով անինքնավստահ:

Անինքնավստահության առաջացմանը կարող են հանգեցնել տարբեր պատճառներ՝ ծնողների գենետիկական կոդը, ոչ ճիշտ դաստիարակությունը, շրջապատող միջավայրի բացասական ազդեցությունը, զանգվածային լրատվամիջոցները: Փորձենք հասկանալ դրանցից յուրաքանչյուրի կարևորությունն ու ազդեցությունը:

1. Ծնողների գենետիկական կոդ: Ինչպես բնավորության մի քանի գծեր, այնպես էլ ինքնավստահության պակասը, կարող է ժառանգվել ծնողներից: Եթե ծնողներից գոնե մեկն ունի անինքնավստահություն, հետևաբար՝ երեխան նույնպես հակված կլինի անինքնավստահության և հասարակության մեջ կլինի պակաս նախաձեռնող ու համարձակ, քան իր հասակակիցները: Սակայն, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակից կա ելք. գենետիկան կարելի է փոխել՝ զարգացնելով ներքին համարձակությունը և անձնային ամրությունը:

2. Սխալ դաստիարակություն: Ամենակարևոր նախապայմաններից է, քանի որ ծնողները, անգիտակցաբար կամ գիտակցաբար, երեխայի արարքը գնահատելիս նախատում են՝ ասելով հետևյալ արտահայտությունները՝ «Դու չես կարող», «Միշտ սխալ ես անում», «Չդիպչես», «Հանկարծ չփորձես»: Նմանատիպ անխթան խոսքերը երեխային տալիս են ծրագրավորում, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, և նա անպիտան է, արդյունքը՝ անինքնավստահություն:

3. Միջավայրի ներգործություն: Մարդու մոտ անինքնավստահությունը հիմնավորվում է շրջապատի անարդար վերաբերմունքի, կարծիքների, շփման մեջ ոչ խոսքային, բայց բովանդակային միմիկաների հետևանքով: Հետևաբար՝ յուրաքանչյուր ոք պետք է հիշի, որ նա անհատականություն է, տեղի չտա և չինքնակերտվի շրջապատի կարծիքի ներքո, չհամեմատվի և լինի ինքնատիպ:

4. ԶԼՄ: Բացասական տեղեկատվությունները ենթագիտակցաբար մեզ անընդհատ դեպի անձնային անկում են տանում, մենք սկսում ենք ընկճվել, վատ զգալ, վախենալ, կասկածամիտ դառնալ, և այս ամենի արդյունքում՝ հոգեբանական, հուզական մակարդակը մեզ սկսում է տանել դեպի անինքնավստահ մարդը:

---

Հանգստությունը և վստահ վարքը կախված են տարբեր իրավիճակներում շփման փորձ ունենալուց: Ինչքան մեծանում է փորձը, այնքան նվազում է անինքնավստահությունը: Դուք կարող եք հասնել իրական փոփոխությունների միայն այն ժամանակ, երբ փորձեք ինչ-որ նոր բան անել, սկսեք վարժություններ անել Ձեր սեփական վարքի հետ, անգամ եթե դա բերի ինչ-որ սխալների:

 

Հիշեք ամենակարևորը. Որպեսզի շփման մեջ կարողանաք Ձեզ զգալ ավելի ազատ, շփման ընթացքում պետք է կենտրոնանաք հենց շփման պրոցեսի վրա, ոչ թե Ձեր սեփական ներքին արձագանքի, վախերի և ձախողման մտավախության վրա:

Չէ որ ցանկացած կարևոր զրույցի ժամանակ անհրաժեշտ է տեսնել զրուցակցի արձագանքը, հասկանալ և զգալ, թե ի՞նչ է նա ուզում ասել: Եվ արդեն կախված դրանից փնտրել համոզիչ փաստարկներ և արդյունավետորեն կարգավորել սեփական վարքը: Իսկ երբ որ զրույցի ժամանակ Դուք զբաղված եք Ձեր ներքին աշխարհով, ապա, բնականաբար, չեք տեսնում և չեք լսում Ձեր զրուցակցին:

Բանն այն է, որ արտաքին շփումը և ներքին երկխոսությունը տարբեր հոգեբանական գործընթացներ են: Դրանք դժվար է միաժամանակ իրականացնել: Եթե շփման ընթացքում մարդը փորձում է խառնել դրանք (միաժամանակ  հետևել, թե ինչ է կատարվում դրսում և ներսում), ապա այդ գերբեռնվածությունից առաջանում են մի շարք խնդիրներ, օրինակ՝ կոկորդն է չորանում, դեմքը և ձեռքերը սկսում են քրտնել, սիրտը սկսում է արագ զարկել, մարդը կարող է կակազել: Այդ պատճառով, երբ որ շփվում եք ինչ-որ մեկի հետ, կենտրոնացեք Ձեր զրուցակցի և նրա վարքի վրա, այլ ոչ թե հոգու խորքում ունեցած սեփական մտքերի և զգացողությունների վրա:

Եվ հետո, գոյություն ունի հետաքրքիր պարադոքս. Դուք կսկսեք լավ տպավորություն թողնել մարդկանց վրա այն ժամանակ, երբ դադարեք դրա վրա կենտրոնանալ: Հիշե՜ք, թե ինչպես են շփվում փոքր երեխաները` ազատ և անմիջական կերպով` ամենևին չմտածելով այն մասին, թե ինչ կարծիք իրենց մասին կկազմեն ուրիշները: