Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (79)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը՝ լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի մասին: Նա անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում: Նա եղել է իսլամական փիլիսոփայու
Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին՝ Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ Սոհրեվարդու իրական ու առանց քողի դիմագիծն են ցույց տալիս: Այս կարգի ստեղծագործությունները, որոնք գրված են ակնարկների ու սիմվոլների գեղեցիկ ու նուրբ լեզվով պարունակում են Սոհրեվարդու հոգևոր ու ներքին ապրումները:Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք ակնարկների ու առակների միջոցով արտահայտվելու պատճառներին ու նաև պարսից գրականության մեծությունների, այդ թվում Մոլավիի, Աթթարի ու Հաֆեզի վրա Շեյխ Էշրաղի թողած ազդեցությանը և ներկայացրեցինք նրա «Գաբրիելի փետուրի երգը» գիրքը:
«Մրջյունների զրույցը» Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդիի պարսկերեն լեզվով գրված աշխատություններից է: Այս ստեղծագործությունը մինչ այժմ քանի անգամ հրատարակվել է: Առաջին անգամ դա խմբագրվել ու անգլերեն լեզվով հրատարակվել է Օտտո Շփիսի և Խաթաքի միջոցով և հրատարակվել է սուֆիզմին վերաբերող երեք այլ աշխատությունների հետ մեկտեղ: Դրա պարսկերեն բնագիրը 1935 թվականին դրա ֆրանսերեն թարգմանության հետ միասին Հենրի Քորբոնի և Փուլ Քրաուսի ջանքերով տպագրվել է «Ասիական օրաթերթ» հանդեսում: Դա խմբագրել ու հրատարակել է նաև դոկտ. Սեյեդ Հոսեյն Աարաբը և այդ նպատակով օգտվել է նախորդ հրատարակությունից ու նաև Ազգային գրադարանում պահվող և Շեյխ Էշրաղի պարսկերեն լեզվով ստեղծագործությունները պարունակող ձեռագիր օրինակից:
«Մրջյունների զրույցը» Շեյխ Էշրաղի պարսկերեն աշխատություններից է, որը լիովին սուֆիական բովանդակություն ունի: Շեյխը դա գրել է իր բարեկամներից մեկի խնդրանքով: Աշխատության խորագիրը փոխաբերական իմաստ ունի: Սոհրեվարդին աշխատությունը սկսում է Աստծո անունով և ողջույն հղելով մարգարեին, ինչը վկայում է նրա խոր հավատքի ու համոզումների մասին: Կրոնական կարծրամտությունը և հասարակական իրավիճակը նրան պարտադրել են իր խոսքն արտահայտել սիմվոլների օգնությամբ:
Այս ստեղծագործության մեջ Շեյխը մտնում է մրջյունների կաղապարի մեջ, ընդունում է նրանց տեսքն ու կերպարանքը, ընկերացում է նրանց և խորհրդավոր լեզվով ու սիմվոլների օգնությամբ պարզաբանում է սուֆիական ընթացակարգն ու նաև նրանցից դասեր է առնում: Չարքաշ մրջյուններն իրենց ապրուստը վաստակելու համար դաշտ են դուրս գալիս ու այդ ճամբին մեծ ճգնություն են կատարում: Նույն այդ մրջյունը երբեմն տիրանում է բարձր դիրքի, Արքայության լույսն իջնում է նրա վրա ու դառնում է Սողոմոն մարգարեի ուղեցույցն ու փրկիչը: «Մրջյունների զրույցը» գրքում Սոհրեվարդին կենդանիների, միջատների ու հավքերի, այդ թվում կրիայի, չղջիկի, հոպոպի ու բուի լեզվից հեքիաթներ է պատմում, որոնցից կարելի է հիշել հավքերի Սողոմոնին ներկայանալն ու բացակայության պատճառով սոխակին ուղղված հանդիմանանքը: Նաև ակնարկ է կատարվել Քեյխոսրովի Աշխարհացույց գավաթին, որը խորհրդանշում է միստիկի մաքուր սիրտը և կամ համառոտ կերպով անդրադարձ կա Ջինների թագավորի հետ մի անձի բարեկամությանը, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ միստիկական խորհուրդ է պարունակում:
Ընդհանուր առմամբ աշխատասիրության բովանդակությունը հոգևոր սավառնումն է՝ այն ուղին, որ ցանկացած միստիկ պիտի անցնի նյութեղեն կապանքներից ձերբազատվելու և Աստծուն մերձենալու համար: Սոհրեվարդին դա արտահայտել է սիմվոլների միջոցով: Այս ստեղծագործությունը բաղկացած է ինն գլուխներից: Հինգերորդ գլխում ներկայացված են չորս պատմություններ: Այս գլխում գեղեցիկ առակներ են ներկայացված մարդու հոգևոր բնույթի, ճշմարտությունն ընկալելու կարողությունից հետադեմների զրկված լինելու, խավարամիտներին ուսուցանելն անիմաստ ու անօգուտ լինելու, մարդու աստվածային էությունը մոռացության տրվելու, Վերին աշխարհին միանալու նպատակով վերցվող քայլերի և Քեյխոսրովի Աշխարհացույց գավաթի մասին:
Սոհրեվարդին իր մտքերն արտահայտելու համար սիմոլների ու առակների օգնությանն է դիմել խոսքն առավել գեղեցիկ դարձնելու, նաև իր հետևորդներին խրախուսող հոգևոր գրավչություն ստեղծելու նպատակով: Այս սիմվոլների նշանակությունը դրա մեջ է, որ Սոհրեվարդին դրանց օգտագործելիս որևէ սահմանափակություն չի զգացել և շնորհից իր երևակայության եզակի կարողության կարողացել է դրանց կյանք պարգևել: Դրա պատճառով էլ այս սիմվոլների ուսումնասիրումն ու դրանց իմաստի բացահայտումը բարդ աշխատանք է ու այդ կապակցությամբ, որևէ հստակ չափանիշ գոյություն չունի: Սիմվոլների ու առակների յուրաքանչյուր խմբի գաղտնազերծումը պահանջում է ընդարձակ ուսումնասիրություն և միևնույն ժամանակ դրանց սխալ մեկնաբանումը կարող է արգելել նրա միստիկական ու փիլիսոփայական գաղափարների բացահայտումը:
--------------------------
«Մրջյունների զրույց»-ի յուրահատկություններից մեկն այն է, որ Շեյխ Էշրաղն այդ ստեղծագործության մեջ տեղ-տեղ մեջբերել է պարսկերեն ու արաբերեն լեզվով բանաստեղծական երկտողեր: Նրա պարսկերեն լեզվով մյուս ստեղծագործություններում նման քանակությամբ բանաստեղծական տողեր չկան: Օրինակ «Գաբրիելի փետուրի երգը» գրքում բանաստեղծության նույնիսկ մի երկտող չի կարեկի գտնել: Նաև հիշատակված են այդ երկտողերից որոշների հեղինակների անունները: «Մրջյունների զրույց»-ի մի այլ յուրահատկությունը Ղուրանից կատարված մեջբերումները և արաբերեն բառերն ու բանաստեղծական երկտողերն են, որոնք ծանր կշիռ են փոխանցել Սոհրեվարդու արձակին: Սոհրեվարդին այս ստեղծագործությունը գրել է իր նման պարսկախոս ընթերցողի համար, որը նաև տիրապետում է արաբերենին: Մի հեքիաթի մեջ օգտվել է պարսկերեն կրիա բառից ու միևնույն ժամանակ մի այլ տեղ օգտվել է դրա արաբերեն նույնանիշը, կարծես թե դա որևէ տարբերություն չունի նրա ու ընթերցողի համար:
«Մրջյունների զրույց»-ի նշանակությունը ոչ թե նրա արձակի մեջ է, այլ միստիկական իմաստները փոխանցելու համար գրական մեթոդներից, առակներից, բանաստեղծություններից ու առածների օգտվելու: Աշխատասիրության փիլիսոփայական սիմվոլները համեմատաբար քիչ են: Նրա որոշ հեքիաթները նմանում են պարսկերեն չափածո և արձակ մյուս ստեղծագործություններում նկատվող պատումներին: Դոկտ. Մոջթաբային «Սոհրեվարդին և պատմական Իրանի մշակույթը» գրքում գրում է. «Մրջյունների զրույցը» ընդհանրություններ ունի Ջաթքեի հավաքածուի բուդիստական որոշ պատումների հետ»:
«Մրջյունների զրույցը սկսվում է ցողի կաթիլի մասին մի քանի մրջյունների զրույցով: Նրանք հարցնում են. «Արդյո՞ք այս կաթիլը գետնից է, թե երկնքից»: Մրջյունները երբ նկատում են, թե այդ կաթիլը գոլորշիանում է, եզրակացնում են, որ դա եկել է երկնքից: Սոհրեվարդին ապա եզրակացնում է, որ ամեն ինչ վերադառնում է իր իսկությանը և մարդը վերադառնում է դեպի Աստված:
Սոհրեվարդին ապա պատմում է մի քանի կրիաների պատմությունը, որոնք ծովի ջրում մի հավքի են նկատում: Հարցնում են թե արդյոք այս հավքը պատկանում է ջրին, թե երկնքին: թե հավքը ջրի կարիք չունենա, ջրին չի պատկանի, ուրեմն կարող է նաև առանց ջրի գոյություն ունենալ: Իշխանն ասում է, որ մինչև քողը չի պատռվել հայտնություն չի լինի: Հայտնության վայրում երևացող գոհարը արարած է համարվում: Կրիաներ իշխանին հարցնում են. «Վայրում հայտնված գոհարն ինչպե՞ս կարող է վայրի ու ծավալի կարիք չունենալ»: Իշխանը նրանց չի պատասխանում ու կրիաները հեռանում են:
Այս պատումի օգնությամբ Սոհրեվարդին իրականության ներկայացնում է մարգարեի երկնքում սավառնելն ու նաև իրական սուֆիների ապրումները, որոնք ձերբազատվում են որևէ տեղում լինելու կապանքներից: Նա քողերի պատռվելը և «տեղ»-ի կապանքներից ձերբազատվելը համարում է Արքայության հասնելու և միանալու անհրաժեշտությունը: Այս առակում կրիաները ճանապարհից դուրս մնացածներ են, որոնք չեն ըմբռնում իշխանի կամ իմաստուն ծերունու խոսքն ու երես են թեքում նրանից:
Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդիի գաղափարական համակարգի, ինչպես նաև պատմական Իրանի փիլիսոփայական ու դիցաբանական սիմվոլների հետ ծանոթությունը համարվում են նրա այս կարգի ստեղծագործությունների իմաստն ըմբռնելու գաղտնիքը: