Գեղարվեստական հաղորդում (269)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
«Մեկ ամիս պարսից դասական պոետների հետ» նախաձեռնության շրջանակում մայիսի 21-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը:
Միջոցառմանը Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները տարբեր լեզուներով ընթերցեցին Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» ստեղծագործությունը, ներկայացրին Սաադիի կյանքն ու գործունեությունը, իսկ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները միջոցառումը զարդարեցին երաժշտական կատարումներով:
Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանն ասաց, որ միջոցառումը ներկաների առջև կբացի հայ և պարսիկ ժողովուրդների հոգևոր հարստությունը, ժողովուրդների, որոնք կենսունակ են իրենց մշակույթով: «Հայերն ու պարսիկներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են և ծանրակշիռ ավանդ ունեն համաշխարհային մշակույթի մեջ»,-ընդգծեց Խորենյանն ու հավելեց, որ ընտրել են «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» խորագիրը, որովհետև Իսահակյանն առնչություն ունի պարսից գրականության հետ, ինչը բազմիցս արտահայտվել է նրա ստեղծագործություններում:
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայիի խոսքով՝ հայ գրականության մեջ Իսահակյանը, իսկ պարսից գրականության մեջ Սաադին խոսքի մեծ վարպետներ են, որոնք ամենախոր, ամենամարդկային, ամենակարևոր գաղափարները պարզ լեզվով արտահայտել են իրենց ստեղծագործություններում և հասցրել իրենց ընթերցողին:
«Նրանք մեծ պոետներ են, որոնք մեծ ուշադրություն են դարձրել հասարակությանն ու տառապել են նրա խնդրով և բարձրաձայնել այդ ամենն իրենց գործերով: Սաադին և Իսահակյանը գրում են պոեզիա, բայց արձակում ևս մեծ հաջողությունների են հասել: Հայտնի է, որ Սաադին Իրանի բացառիկ պոետներից է, որ կարողացել է ստեղծագործել գրեթե բոլոր գրական ժանրերում. նույնը կարող ենք ասել Իսահակյանի մասին: Նրանց ընդհանրություններից է նաև այն, որ երկուսն էլ ժամանակի բերումով հարկադրված են եղել հայրենիքից հեռու լինել և հավերժ ճամփորդել»,-շեշտեց նա:
Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայիի համոզմամբ՝ պարսից գրականությունը խորթ չէ հայ գրողերին, սակայն Իսահակյանի գրականության մեջ սերն արևելքի հանդեպ վառ է արտահայտվել:
Նա հիեցրեց, որ Ավետիք Իսահակյանը, ոգեշնչվելով Սաադիի գրականությամբ, գրել է իր գրական գլուխգործոցներից մեկը՝ «Սաադիի վերջին գարունը», որը նվիրել է հենց Սաադին:
«Աբու-Լալա Մահարի» ստեղծագործության մեջ էլ նկատում ենք ոչ միայն արևելքի ազդեցությունը, այլև հենց պարսից գրականության»,-նշեց ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդն ու ընդգծեց, որ նման միջոցառումները անհրաժեշտ են, որ հայերն ու պարսիկները ճանաչեն միմյանց գրականությունը, մշակույթը, իսկ Իսահակյանի և Սաադիի նման մեծությունները կարող են նպաստել մշակութային վերածննդին:
Միջոցառումը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդական կրթական և մշակութային կամուրջ» միության «Իրանի գրականության և մշակույթի սիրահարներ» ակումբը՝ համագործակցելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթայի կենտրոնի, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի և Վալեր Բրյուսովի անվան Երևանի պետական համալսարանի հետ:
Իրանում գարունը պարսիկ պոետների մեծարման շրջան է համարվում:
Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը ապրիլի 21-ից սկսել է «Մեկ ամիս պարսից դասական պոետների հետ» խորագրով միջոցառումները, որոնք մեկնարկել են Սաադիին նվիրված ցերեկույթով և ավարտում են մեծ գրողին նվիրված նախաձեռնությամբ: Միջոցառումների շրջանակում կազմակերպվել է պարսից պոեզիային նվիրված մրցույթ, պարսից պոեզիային նվիրված սկավառակ է թողարկվել, ցերեկույթներ են կազմակերպվել՝ նվիրված Օմար Խայամին և Ֆիրդուսիին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում ներկայացել է հերթական սիմֆոնիկ համերգով, որը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործություններից։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Մեծ է կոմպոզիտորի ավանդը նաև Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում։ Համերգային ծրագրի մեկնարկին ներկայացվել է կոմպոզիտորի երկար տարիներ չհնչած Կոնցերտային նախերգանքը, այնուհետև՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, որը Սպենդիարյանը գրել է 1905 թվականին Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով: Այն նվիրված է կոմպոզիտորի մորը: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվել է Պետերբուրգում 1905 թվականին հեղինակի ղեկավարությամբ:
Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան։ Այս տարին հոբելյանական է նաև Երվանդ Երկանյանի համար. նշվում է կոմպոզիտորի 70-ամյակը։
Համերգային երեկոյի ընթացքում ներկայացված թիվ 7 սիմֆոնիայի կատարումը կոմպոզիտորը և դիրիժորը նվիրել են Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։
Մայիսի 4-22-ը Երևանում անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդիրների լայն շրջաններում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու համար:
Փառատոնային համերգներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

Ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մասնակցության համար դիմած երաժիշտների ընտրական փուլը։ Այս տարի մրցույթն անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ դիրիժորության մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ։
Ըստ մրցութային կարգի՝ նախատեսված էր 18 երաժշտի մասնակցություն, սակայն հաշվի առնելով հայտ ներկայացրած դիրիժորների կատարողական բարձր վարպետությունը՝ որոշում է կայացվել թույլատրել ևս 2 դիմորդի հանդես գալ մրցույթի առաջին փուլում։

Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվեց բարձր մակարդակով, այն լավ հնարավորություն էր խրախուսելու, բացահայտելու տաղանդավոր պատանի, երիտասարդ երաժիշտներին:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը նշեց, որ բավական ուժեղ մրցակցություն կար:
«Մրցույթն անցկացվեց մասնագիտական բարձր մակարդակով: Այնպիսի մթնոլորտ էր ձևավորվել, որ պարտվող գրեթե չեղավ: Բոլորը շատ բարձր տրամադրությամբ դուրս եկան դահլիճից գալա-համերգի ժամանակ: Թվում է, թե դուդուկը մեր ամենազարգացած գործիքն է, սակայն, միևնույն է, ամեն վայրկյան, ամեն րոպե պետք է խոսել նրա տարածման, ավանդական կատարման տեսակի մասին»,-ասաց Նարինե Ավետիսյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի խոսքով, մրցույթ-փառատոնին մասնակցում էին 80-ից ավելի երաժիշտներ Հայաստանից, աշխարհի տարբեր երկրներից:
«Մասնակիցներ ունեինք Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից: Շատ լավ մթոնոլորտում անցավ փառատոնը, երեխաները մոտիվացվեցին: Այդ աշխուժությունը, շարժը նպաստեցին, որ երեխաներն ավելի շատ զարգանան, ավելի շատ աշխատեն իրենց կատարողական հմտությունների վրա»,- ասաց Էմանուել Հովհաննիսյանը: Միջազգային մրցույթ փառատոնին ներկայացվել են հայկական ժողովրդական երաժշտության տարբեր ճյուղեր՝ հոգևոր, աշուղական, պարային, ծիսական և այլն:
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դասախոս, «Ծիրանի» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանի խոսքով, մրցույթ-փառատոնը կարևոր դեր է խաղում դուդուկի երաժշտության զարգացման, տարածման գործում: Այն նպաստում է նոր դեմքերի ի հայտ գալուն:
«Ես, որպես ժյուրիի անդամ, կցանկանայի նկատել, որ հայաստանաբնակ դուդուկահարները փայլում են առ այսօր: Նրանք խիստ ակտիվ մրցակցության դաշտում են, ինչն էլ նպաստում է նրանց կոփվելուն: Մրցույթի կարևոր կետերից է այն, որ այս ընթացքում երիտասարդներն ունենում են զարգացում, այն կրթական լուրջ խթան է: Հաճելի էր տեսնել դուդուկը տարբեր ժանրային ներգրավվածությաբ»,-ասաց Արտակ Ասատրյանը:
Մրցանակակիրները հնարավորություն կունենան Հայաստանի Հանրային ռադիոյում ձայնագրելու խտասալիկներիրենց կատարումներով: Երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես ձայնագրվելու հնարավորություն կունենան: Լավագույն մասնակիցները կհամագործակցեն հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր կստանան դուդուկի լավագույն մասնագետներից։
Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը կայացել է Երևանում ապրիլի 5-ից մայիսի 5-ը:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին:
«Փարիզի և բոլոր մարդկանց համար սա շատ կարևոր օր է։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մասնակցել այս արարողությանն ու բացել Շառլ Ազնավուրի կիսանդրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հաղորդում է «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը, միջոցառմանն այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Այս գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը: Հայրս Փարիզում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի է եղել իր ողջ կյանքի ընթացքում, նա միշտ շարունակել է մնալ որպես ֆրանսիական կուլտուրայի դեսպան»,- նշել է Շանսոնյեի որդին, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը:
Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզում:
1995 թվականից սկսած ն ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում։ 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։
Նա մահացել է 2018-ին՝ հոկտեմբերի 1-ին:

Վենետիկը վերաբացել է իր քաղաքային թանգարանները և նախատեսում է խոշոր հասարակական միջոցառումներ անցկացնել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի զբոսաշրջության ազգային գործակալությանը:
Կազմակերպությունը պարզաբանում է, որ ապրիլի վերջից Վենետոյի շրջանը համարվում է «դեղին», այսինքն՝ գոտի, որը վտանգավոր չէ կորոնավիրուսի տեսանկյունից:
Տեսարժան վայրեր տեսնելու համար խորհուրդ է տրվում նախապես ամրագրել կամ տոմսեր գնել առցանց ՝ www.visitmuve.it կայքում:
Ըստ աղբյուրի, բաց են նաև Սուրբ Մարկոսի զանգակատունը, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահը և Պեգգի Գուգենհայմի պատկերասրահը։