Մայիս 30, 2021 14:44 Asia/Yerevan

Կյանքը կարճատև ընթացք է: Այն որպես պարգև Բարձրյալի կողմից տրվում է մարդուն: Ոմանք ապրում են 60 տարի, մի մասը 70, 80 կամ ավելի, սակայն կարևորը ոչ թե կյանքի տևողությունը, այլ ապրած կյանքի բովանդակությունն ու այդ ընթացքում կատարած հանրօգուտ գործերն են: Քիչ են այն մարդիկ, որ իրենց կյանքի ընթացքում սեփական անձին մատուցած ծառայությունից բացի ծառայում և օգտակար են լինում ողջ մարդկությանը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս համարում հպանցիկ կերպով կներկայացնենք Արժ. Տեր Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանի կյանքն ու գործունեությունը:Ընկերակցեք մեզ։

---

 Արժ. Տեր Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանը ավազանի անունով Րաֆֆի, ծնվել է Խուզիստան նահանգի Հաֆթգել ավանում։ Փոխադրվելով Թեհրան իր ուսումն ստացել է «Արաքս», «Քուշեշ-Դավթյան» եւ «Հ. Թովմասյան» հայոց ազգային դպրոցներում: 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճյուղում փայլուն գնահատականներով  ավարտել է միջնակարգ կրթությունը։

1978թ.-ին մասնակցել է համալսարանի մուտքի քննություններին եւ ընդունվել համալսարան: Այդ տարիներին Իրանում արդեն սկսվել էր Իսլամական հեղափոխական շարժումները, ժամանակվորապես փակվում են համալսարանները, ինչի պատճառով էլ կիսատ է մնում նրա բարձրագույն ուսումը, սակայն կյանքի վայրիվերումները երբեք հուսախաբ չեն անում նրան: Մեկ տարի անց մեկնում է Հնդկաստան և  շուրջ մեկ տարի մասնակցում է Փունա քաղաքի պետական քոլեջի լեզվի դասընթացներին։

1980-86 թթ. Թեհրանում և առհասարակ իրանահայ համայնքում աշխատել է որպես ժողովրդական երգիչ եւ թողարկել է ազգային, հեղափոխական եւ ժողովրդական բովանդակությամբ 8 ձայներիզ։ 1986 թ. մեկնել է Հայաստան եւ սովորել է  պետական կոնսերվատորիայում։

1985 թ.-ին ամուսնացել է օր. Լիդուշ Իսայանի հետ եւ բախտավորվել երկու զավակներով՝ Շապինանդ եւ Սեբաստիա անուններով։ Հատկանշական է, որ վերջինս ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Զարեհյան դպրեվանքը, ձեռնադրվել է կուսակրն քահանա վերանվանվելով Վահրիճ Աբեղա եւ այժմ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ որպես վարդապետ եւ հոգևոր հովիվ ծառայում է Վենեսուելլայի հայոց թեմում։

 

 

Տեր Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանը որպես հայ ավանդապահ ընտանիքի հավատավոր զավակ, նախանձախնդրորեն հետամուտ է եղել իրանահայության հասարակական, հոգևոր խնդիրներին, իր օժանդակությունն է բերել իր ազգին եւ իր համայնքին։

1992 թ.-ին զգալով  հոգեւոր ծառայության կոչումը, ժամանակի թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Արտակ  Ս. Արք. Մանուկյանի տնօրինությամբ մեկնել է Անթիլիաս և հոգևոր ուսումն ավարտելուց հետո, 1995 թ.-ի հոկտեմբերի 14-ին, Սրբոց Թարգմանչաց տոնին Թեհրանի նույնանուն եկեղեցում ձեռնադրվել եւ օծվել է քահանա և մինչև վերջ որպես հոգևոր հովիվ ծառայել է Ս. Թարգմանչաց եկեղեցում:

Տեր Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյան

 

Ծառայության ընթացքում Տեր կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանը հավատարիմ մնալով իր իսկ կոչմանը ժողովրդին առաջնորդել է դեպի Քրիստոսի արքայություն և իր հայրական խորհուրդներով իրեն վստահված հոտին առաջնորդել է կյանքի ճշմարիտ ուղիներով: Նա միշտ եղել է իր ժողովրդի կողքին, զորակցել ու մխիթարել նրանց:

Կարեւորելով մատաղ սերնդի ու երիտասարդների հոգևոր ու ազգային դաստիարակությունը Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կիրակնօրյա դպրոցի ճամփով, նրանց ուսուցանել է հայ եկեղեցու վարդապետությունը և Տիրոջ սուրբ խոսքը, ինչի արդյունքում էլ դաստիարակվել են եկեղեցու տասնյակ սպասավորներ։

 

Իր ծառայության տարիներին Արժ. Տեր Կոմիտաս Ավագ Քահանա Ղարախանյանին է վստահվել շատ կարևոր ու կենսական նշանակությամբ պատասխանատվություններ, որոնց մի մասը ներկայացնում ենք ստորև:

1995-2000 թթ.-ին եղել է Հայոց ազգային «Նոր Անի» դպրոցի կրոնի ուսուցիչ:

1995 թ.-ից մինչեւ իր կյանքի ավարտը՝ եղել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տեսուչ։

1999 թ.-ից ստանձնել է ազգային առաջնորդարանի նոտարի գրասենյակի պատասխանատվությունը։

2001-թ.-ից անդամակցել է Պատգամավորական ժողովին եւ Կրոնական խորհրդին եւ զբաղեցրել է նույն խորհրդի առաջին եւ երկրորդ ատենադպիրի պաշտոնը եւ ապա վերջին երկու տարիներին, ստանձնել է Կրոնական խորհրդի ատենապետի պատասխանատվությունը։

2005-2009 թթ.-ից՝ երկու շրջան, եղել է Թ.Հ.Թ. Քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի ատենապետ։

2005 թ.-ի ապրիլի 27-ին, որպես իր արդյունաշատ գործունեության գնահատանք Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք Սարգսյանի տնօրինությամբ եւ Արամ Վեհափառի սրբատառ կոնդակով, ստացել է Լանջախաչ եւ ապագայում Ծաղկյա փիլոն կրելու իրավունք։ Ապա 2019 թ.-ին արժանացել է Ավագության տիտղոսին։

2018-2019 թթ.-ին եղել է հայոց ազգային «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի կրոնի ուսուցիչը:

Տեր կոմիստաս ավագ քահանա Ղարախանյանը իր մահկանացուն կնքեց 2021 թվականի մայիսի 5-ին։

 

Սեպուհ Արք. Սարգսյան, Տեր Կոմիտաս ավ. քահանա Ղարախանյան

 

Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը Տեր Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանի մասին ասում է.«Կոմիտաս քահանային ճանաչեցի, երբ իննսունական թվականների սկիզբը Կիլիկիո կաթողիկոսության քահանայից դասընթացներին հետևելու համար Լիբանան-Անթիլիաս էր եկել։ Ես Կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն էի: Օրական երևի մի քանի անգամ հանդիպում էր ինձ։ Իմ ուշադրությունը գրավեց աշակերտի իր մեղվաջան ընթացքը։ Դասարանից դուրս միշտ պրպտողի, որոնողի ընթացքի մեջ էր. երբեք չգոհացավ իրեն տրվածով, միշտ հետամուտ եղավ ավելիին եւ այդ ավելին նրան ատակ դարձրեց, որ ապագային լավ ու ժրաջան քահանա լինի։

Հետագային երբ այնպես տնօրինվեց, որ Թեհրանի թեմի առաջնորդությունը ստանձնեմ, Րաֆֆին արդեն Տ. Կոմիտաս էր դարձել, իրոք փոխակերպվել և եղել էր Ավետարանի մշակ ու եկեղեցու ու ժողովրդի սպասավոր։

Հանգուցյալ Տեր հայրը եղավ Աստծու խոսքի սերմնացանը. նախանձախնդիր ավետարանական ճշմարտության տարածման եւ ժողովրդականացման։ Որպես Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հոգևոր հովիվ հետամուտ եղավ իր ժողովրդի կրոնական դաստիարակության եւ Աստվածաշունչ մատյանի գիտելիքների փոխանցման. սրա համար կազմակերպեց կանանց լսարաններ, դպիրների, սարկավագների դասարաններ եւ ամենից կարևորը կիրակնօրյա դպրոցի աշխուժացման ուղղությամբ հետեւողական աշխատանք»։

Մեծ է Տեր կոմիտաս քահանայի ավանդը Թեհրանի հայ համայնքի կյանքում: Նա միշտ գերադասում էր և՛ ուրախության և՛ տխրության պահերին լինել ու մնալ իր ժողովրդի կողքին ու ամեն կերպ աջակցել նրան: Որպես հոգևոր հովիվ նա միշտ կանգնած էր հոգևոր պատերազմի պատնեշի վրա և առաջնորդում էր իր հովվությանը վստահված հոտին: Ինչպես Պողոս Առաքյալն է ասում.«Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն»:

Հարգելի ունկնդիրներ մեր այս հաղորդման հյուրն է Տեր Գրիգորիս քահանա Ներսիսյանը:Այժմ հրավիրում ենք Ձեզ ունկնդրել Տեր հորը: